«ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ». ՆՈՐ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

azatutyan_ughiner_by_artur_gevorgyan
    2014 թվականին Լեհաստանում բացվել էր «Ազատության ուղիներ. ամեն ինչ սկսվեց Լեհաստանում»խորագիրը կրող ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված էր Վարշավյան պակտի երկրների շարքում առաջին ազատ ժողովրդավարական ընտրությունների 25-ամյակին:
     «Ազատության ուղիներ» խորագրով ցուցահանդեսը այսօր հասանելի է նաև հայ արվեստասերին: Լեհաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում մայիսի 7-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսն անց է կացվում Եվրոպայի օրերի տոնակատարությունների շրջանակում:
     Ցուցահանդեսում ներկայացված է 16 լուսանկար լեհ լուսանկարիչ Քրիս Նիդենթհալի աշխատանքներից:
    Լոնդոնում ծնված լուսանկարիչը 1970-ական թվականներին բնակություն է հաստատել Լեհաստանում և դարձել երկրում տեղի ունեցող բոլոր կարևորագույն փոփոխությունների ականատեսը: Նիդենթհալը հավերժացրել է «Սոլիդարնոստ» ազգային անկախ արհմիության ծնունդը, ռազմական դրությունը և կոմունիստական վարչակարգի փլուզումը: Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արվել են 1980-89 թվականներին:
     Ցուցադրված աշխատանքների թվում է նաև լեհ լուսանկարչի հայտնի «Ապոկալիպսիսի ժամը» լուսանկարը: Նիդենթհալն այն հավերժացրել է Վարշավայում 1981 թվականի դեկտեմբերի 13-ին: Զրահապատ մեքենան կանգնած է «Մոսկվա» կինոթատրոնի առջև: Լուսանկարում երևում է նաև Ֆ. Կապոլիի «Ապոկալիպսիսի ժամը» ֆիլմի ցուցապաստառը (ֆիլմն այդ ժամանակահատվածում ցուցադրվում էր «Մոսկվա» կինոթատրոնում):
   Այս և մյուս լուսանկարներում ներկայացված են Լեհաստանում տեղի ունեցող փոփոխությունները, որոնց արդյունքում Լեհաստանն անդամակցեց ԵՄ-ին և Հյուսիսատլանտյան դաշինքին:
      ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին նշեց, որ շատ չեն այնպիսի նկարները, որոնք կարող են նման խոսուն կերպով ներկայացնել այդ ժամանակի Լեհաստանի  պատմությունը:
    «Որոշ հուզմունքով եմ նայում այս լուսանկարները, նայում եմ և հիշում ներկայացված դեպքերը որպես ականատես: Կարծում եմ՝ հայ ժողովուրդը, որն առանձնակի վերաբերմունք ունի ազատության նկատմամբ, կընկալի այս  ցուցահանդեսը»,- ասաց դեսպանը: 
        Քրիս Նիդենթհալի ցուցահանդեսին ներկա էին մեծ թվով երիտասարդներ:
    Ապագա լրագրող, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Արշալույս Բարսեղյանին ցուցահանդեսը շատ է դուր եկել. «Լուսանկարները մեկ ընդհանուր պատմություն էին ներկայացնում: Թեման գնալով զարգանում էր: Լուսանկարչին հաջողվել է ֆիքսել ճիշտ կադրեր ու ներկայացնել պատմություն»:
    Արշալույսը սիրում է լուսանկարել, բայց քանի որ չունի լուսանկարչական ապարատ լուսանկարում է հեռախոսով: «Փողոցով  քայլելիս ինչ հետաքրքիր կադր, որ տեսնում եմ, ֆիքսում եմ հեռախոսով: Մարդկանց եմ նկարում, հետաքրքիր կերպարներ ու շարժուձև, ինչպես նաև բնապատկերներ: Չեմ սիրում նկարածս լուսանկարները ցույց տալ»,- ասում է Արշալույս Բարսեղյանը:
    ԵՊՀ ուսանող Լուսինե Բաբաջանյանն արդեն հասցրել է լինել Լեհաստանում: Անցյալ տարի այցելել է այնտեղ ամառային դպրոցի շրջանակներում: Երկու տարի է, ինչ լեհերեն է սովորում: Լեհաստանում եղած ժամանակ Լուսինեն ծանոթացել է նաև երկրի մշակույթին ու պատմությանը: Ասում է՝ ներկայացված լուսանկարները բնորոշ են  տվյալ ժամանակահատվածի Լեհաստանի իրականությանը. «Թեմայից անտեղյակ մարդիկ էլ ըստ լուսանկարների կարող են պատկերացում կազմել: Եթե նույնիսկ լուսանկարների ներքևում բերված նկարագրական հատվածը չկարդան, կպատկերացնեն, թե ինչ է տեղի ունեցել: Հատկապես ուշագրավ է այն լուսանկարը, որտեղ լեհերը  տոնում են այդ ժամանակ արգելված  Սահմանադրության տոնը»:
    «Ազատության ուղիներ»խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում բաց կլինի մինչև մայիսի 18-ը:
    Լուսանկարները կարող եք դիտել այստեղ
Աննա Կարապետյան