Այսօր տեղի ունեցավ «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի կազմակերպած «ԱՐՁԱԿ 2013» պատմվածքի մրցույթի մրցանակաբաշխությունը:
«Արձակ 2013» մրցույթին մասնակցել էր 102 պատմվածք, որից ընտրվել էր լավագույն 21-ը: Այս տարի առաջին մրցանակ չկար: Փոխարենը երեք լավագույն մրցանակի արժանացան (100-հազարական դրամ պարգեւավճարով) 3 պատմվածք` Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը», Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» և Համբարձում Համբարձումյանի «Համլետի հոր ուրվականը» պատմվածքները: Եվս երկու պատմվածք՝ Անրի Գրիգորյանի «Սիեստա»-ն և Մերրի Մկրտչյանի «Շպերունգ»-ը, լավագույնների շարքում էին, և նույնպես մրցանակների արժանացան:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով մրցույթի կարևոր թիրախը նոր անունների բացահայտումն է, իսկ մյուս կարևոր նպատակը՝ հայ գրականության նմուշների թարգմանությունը և դրանք դրսի հրատարակչություններին ներկայացնելը:
«Որպես կանոն` յուրաքանչյուր մրցույթի արդյունքում հայտնաբերում ենք նոր անուններ: Այս մրցույթին մասնակցել է 102 պատմվածք, որոնցից եզրափակիչ հասած 21-ն այսօր արժանացան մրցանակների»,- ասաց գրաքննադատը՝ ավելացնելով, որ «Արձակը» շարունակական բնույթ է կրելու, քանի որ այս մրցույթը կարողանում է մարդկանց ինտերնետից պոկել և ստիպում գիրք կարդալ, անգամ ստիպում է գրիչը վերցնել և գիրք գրել»:
Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը իր հերթին նկատեց, որ այսպիսի մրցույթներ անցկացնելը խթանում է հանրության մեջ պոեզիայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: «Ինչ վերաբերում է այս մրցույթին, ապա անուններ բացահայտելուց հետո սկսում ենք տվյալ հեղինակների հետ սերտ համագործակցել: Մենք փնտրում ենք նոր գրողներ և նոր գործընկերներ, որոնց ժողովածուները կկարողանանք տպագրել»:
Հիշեցնենք, որ սա « Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի արդեն երրորդ նախաձեռնությունն էր, որն այս տարի մի փոքր փոփոխությունների էր ենթարկվել: Այս անգամ մրցույթին ներկայացված պատմվածքները կայքում հայտնվել էին միայն վերնագրով և առանց հեղինակների անունների: Ինչն էլ նպաստել էր ժյուրիի կազմին անցկացնել ոչ թե հեղինակի, այլ հենց պատմվածքի մրցույթ: Այս տարվա ժյուրիի կազմում էին Դավիթ Գյուրջինյանը, Զավեն Բոյաջյանը, Նարինե Վարդանյանը, գրականագետներ՝ Գոհար Աքելյանը, Հայկ Համբարձումյանը, Հասմիկ Հակոբյանը և մանկագիր Նունե Թորոսյանը:
Օվսաննա Սիմոնյան