«ԱՂՈԹՔ ՎՐՁԻՆՆԵՐԻ ՈՒ ՆԵՐԿԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ»

Roza-Martirosyan
    «Սրբանկարչությունը յուրահատուկ աղոթք է, աղոթք  վրձինների ու ներկերի միջոցով։ Փորձում ես կտավին փոխանցել այն սերը, հոգու լույսը, ջերմությունը, որ կա քո ներսում։ Երբ գիտես, որ հետագայում մարդիկ այդ նկարին նայելիս պիտի աղոթք անեն, շատ լուսավոր ու պայծառ զգացողություն է»,-նշում է իրավաբան Ռոզա Մարտիրոսյանը։
    Ռոզային հանդիպեցինք Արարատյան Հայրապետական թեմի ուսումնական կենտրոնի ցուցահանդեսի ժամանակ։ Արդեն մեկ տարի է, ինչ նա հաճախում է կենտրոնի սրբանկարչության դպրոց։
    «Մանկուց սիրել եմ նկարել։ Ինձ համար նկարչությունը հոգու արտահայտման միջոց է։ Անցյալ տարվա ցուցահանդեսի ժամանակ իմացա, որ նման խմբակ է գործում։ Միանգամից գալու ցանկություն հայտնեցի»,-պատմում է Ռոզան։
    Ցուցահանդեսին ներկայացված էին Ռոզա Մարտիրոսյանի յոթ նկարները և մեկ խաչվառ, որը նվիրելու են Խաչիկ գյուղի եկեղեցուն։
   1859 Սրբապատկերի, մանրանկարի, բատիկայի ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի 25 սաների 110 աշխատանքները փայտի, կտավի և մետաքսի վրա։ Կենտրոնի սրբանկարչության դպրոց հաճախում են բոլոր ցանկացողները անկախ նկարչական հմտություններից ու տարիքից։
    Դպրոցի տարեցը 76–ամյա Հարություն Զաքարյանն է։ Դասավանդել է Պոլիտեխնիկում, զբաղվել գիտահետազոտական աշխատանքով։ Նկարչությամբ սկսել է հետաքրքրվել արծաթագործությամբ զբաղվելու տարիներին։
    «Սրբանկարչությունը մեր ժողովրդի փիլիսոփայությունն է։ Այնտեղ դրված են խորը իմաստներ, սիմվոլներ»,-ասում է նա։
    1212Նկարչության մեջ առաջին քայլերն է անում նաև  Հեղինե Ենոքյանը։ Մասնագիտությամբ թատերագետ է։ Ուզում է կրթությունը շարունակել որպես նկարչուհի։ Սրբանկարչությունը Հեղինեին դժվար է տրվում։ Ասում է՝ մեկ տարում հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել․«Կան պրոֆեսիոնալ նկարիչներ, ովքեր գալիս են սրբանկարչություն սովորելու։ Խորհուրդներ եմ հարցնում նրանցից»։
    Հեղինեի գործերից ներկայացված էին «Տիրամայրն» ու «Նարեկացին»։
    «Շատ եմ ուզում «Ավետումը» պատկերել, բայց դեռ պատրաստ չեմ»,-անկեղծանում է նա։
    1954Խմբի կրտսերներից է 11–ամյա Հարություն Ասատրյանը։ Սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սրբանկարչության դպրոց է հաճախում արդեն չորս ամիս։
    «Այն, ինչ մենք ենք անում, տարբերվում է սովորական նկարչությունից. սուրբ նկարչություն է»,-նշում է նա ։
    Հարությունն առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսի։ Ուզում է նկարիչ կամ ճարտարապետ դառնալ։
Աննա Կարապետյան