Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան ամփոփում է արդյունքները

2014 academy
   Cultural.am-ը («Մշակութային հասարակություն» ՀԿ) ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ օգոստոսի 22-25-ը Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը անցկացրեց Արվեստի 2-րդ ամառային ակադեմիան պատանի և երիտասարդ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների և թարգմանիչների համար: 4 օր տևած միջոցառման ընթացքում 20 ստեղծագործողներ հնարավորություն ստացան մասնակցել վարպետության դասերին, որոնք վարում էին Արամ Պաչյանը (գրականություն), Արթուր Ավանեսովը, Արամ Հովհաննիսյանը (կոմպոզիցիա), Կարեն Բարսեղյանը, Հրաչ Վարդանյանը (կերպարվեստ), Զավեն Բոյաջյանը և Անահիտ Ավետիսյանը (թարգմանություն): Նախապես մրցութային կարգով ընտրված մասնակիցներին դասախոսները տվել էին հանձնարարություններ, որոնք մշակվեցին և վերջնական տեսքի բերեվեցին ակադեմիայի 4 օրերի ընթացքում:
akademia 2014-music   Բացի ամենօրյա վարպետության դասերից, որոնք անցկացվում էին առանձին սեկցիաներով, ակադեմիայի մասնակիցները հնարավորություն ստացան լսել նաև 2 դասախոսություն: Առաջին օրվա դասախոսությունը վարեց կոմպոզիտոր, երաժշտագետ, դաշնակահար Արթուր Ավանեսովը, ով խոսեց դասական և ժամանակակից երաժշտական կոմպոզիցիայի մեթեդների մասին: Երկրորդ օրը դասախոսություն անցկացրեցին նկարիչներ Հրաչ Վարդանյանն ու Կարեն Բարսեղյանը և ճարտարապետ Ավետիք Վարդանյանը: Նրանք խոսեցին միջավայրի ձևավորման  և այն մասին, թե ինչ դեր ունի կերպարվեստն այդ գործում:
   Բոլոր օրերն ամփոփվում էին մասնակիցների և դասախոսների տարբեր ստեղծագործությունների ներկայացմամբ, որոնք (նաև դասախոսությունները) ուղեկցվում էին բուռն քննարկումներով:
academy-2014-grak   Երկրորդ օրվա երեկոն նշանավորվեց ևս մեկ իրադարձությամբ, որը մասնակիցներից շատերի համար նորություն էր և հետաքրքիր փորձառություն. դասախոսները ուսանողների մասնակցությամբ կազմակերպեցին փերֆորմանս: Այն սկսեց երիտասարդ գրող Արամ Պաչյանը իր նոր` դեռ չհրատարակված վեպից հատվածներ ընթերցելով, այնուհետև նրան միացան մյուս մասնակիցները` երիտասարդ կատարողներ տարբեր գործիքներով, թարգմանիչները` հատուկ փերֆորմանսի համար առանձնացված տեքստերով: Մի խոսքով` դահլիճում որևէ մեկն անգործ չէր, և բոլորն ունեին իրենց հատուկ դերը փերֆորմանսում: Ամբողջ գործընթացն ուղեկցվեց նկարիչների հետաքրքիր էքսպերիմենտով. նրանք երաժշտության ուղեկցությամբ պատկերներ էին ստանում ջրի վրա: Այս օրվա փերֆորմանսը ոգևորեց երաժիշտներին, և նրանք վերջին գիշերն անքուն անցկացնելով ներկայացրեցին ևս մեկ էքսպերիմենտ` անտառից դահլիճ բերելով ձայն ու պատկեր: Մասնակիցները հետաքրքիր համադրությամբ ներկայացրել էին ծաղկաձորյան անտառի  լուսաբացը: Ու հենց այս ներկայացմամբ էլ ավարտվեց ակադեմիան` հաջորդ տարի կրկին հանդիպելու հույսով:
academy-2014 kerparvest   Ակադեմիայի ընթացքում բոլոր մասնակիցները մշակեցին ավարտուն տեսքի բերեցին իրենց աշխատանքները: Վարպետության դասերի մասնակիցների` գրականություն` Լուսինե Եղյան, Արամ Մամիկոնյան, Մերի Շառոյան, Մարիամ Եղիազարյան, Մուշեղ Հովսեփյան, կոմպոզիցիա` Գևորգ Բադալյան, Մերի Դոլմազյան, Ալվինա Կարապետյան, Ալի Վալայե, Սերգեյ Ումրոյան, նկարչություն: Մհեր Չատինյան, Լիլիթ Թադևոսյան, Նազելի Նահապետյան, Նախշուն Պետրոսյան, գործերը կներկայացվեն Ակադեմիայի ամփոփիչ երեկոյի ընթացքում, որը տեղի կունենա օգոստոսի 29-ին` ժամը 19:30, Նարեկացի արվեստի միությունում: Երեկոյի մուտքն ազատ է: