ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

anna-mailian
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարաբերական անդորրի օրերին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նախաձեռնեց «Նվիրում հայ զինվորին» խորագրով երեկոն, որը տեղի ունեցավ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» համերգների շարքի շրջանակներում ապրիլի 21-ին: 

Հաշվի առնելով, որ այս տարի լրանում է Առնո Բաբաջանյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ադամ Խուդոյանի, Ղազարոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակը, համերգային ծրագրում ընդգրկվել էին հայ կոմպոզիտորներին նվիրված ստեղծագործություններ:

«Դեռ երկու ամիս առաջ էր համերգը պլանավորվել և պետք է նվիրվեր կոմպոզիտորական հնգյակին, բայց, քանի որ տեղի ունեցան վերջին իրադարձությունները, մյուս արվեստագետներին միանալով` ես նույնպես որոշեցի աջակցել մեր զինվորներին, համերգից ստացված հասույթը փոխանցելով մեր վիրավոր զինվորներին»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը:

Ինչ վերաբերում է նախապես պլանավորված համերգային ծրագրի թեմատիկային, ապա այն ևս փոփոխության էր ենթարկվել:

«Ծրագիրը փոխվեց: Համերգի մի կեսի թեմատիկան զինվորական է՝ խրոխտ երգեր, քայլերգային ստեղծագործություններ: Առհասարակ կարող եմ ասել, որ ամբողջ ծրագիրը շատ արդիական է. սիրո կանչ, վերադարձի կոչ»,- ընդգծեց Աննա Մայիլյանը:

Նշենք, որ «Նվիրում հայ զինվորին» խորագրով համերգային ծրագրում ՀՀ վաստակավոր արտիստուհի Աննա Մայիլյանի հետ միասին հանդես եկան նաև Հասմիկ Վարդանյանը (թավջութակ) և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր)

Ալինա Նահապետյան