«ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԿԱՑԱՐԱՆ». ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇՎԵՅՑԱՐԱՑԻ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՍԻԼԱՍ ՀԱՅՑՄԱՆԸ

silas
 «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) օգոստոսի 12-ին՝ «Արվեստագետների կացարան» ծրագրի շրջանակներում 26–ամյա շվեյցարացի արվեստագետ Սիլաս Հայցմանն արվեստասերներին ներկայացրեց հայաստանյան իր այցելության նպատակները, ինչպես նաև՝ ստեղծագործական ուղին:

«Այն, ինչով ես զբաղվում եմ, կարելի է բնորոշել հետևյալ կերպ՝ արդյունաբերության, արվեստի և արհեստի խառնուրդ։ Այս ծրագրի շրջանակներում ես առաջին մասնակիցն եմ, որ փոխանակման ծրագրով եկել է Հայաստան։Նախկին Սովետական Միության երկիր գալու ցանկությունս կապված էր Կովկասյան տարածաշրջանը բացահայտելու հետ»,-Cultural.am-ին ասաց Սիլաս Հայցմանը՝ նշելով, որ դեռ ստեղծագործական փնտրտուքի մեջ է։

«Արվեստագետների կացարան» ծրագրին մոտ 50 հայտ է ներկայացվել։ Ծրագրի գերմանա–շվեյցարական կողմը որոշել է կրթաթոշակի հնարավորությունն ընձեռել 26-ամյա Սիլաս Հայցմանին։ «Մեզ համար շատ կարևոր է 6-ամսյա այս ծրագրի նախաձեռնումը։ Փոխադարձ այցելության համար մասնակիցներին ընտրելու մի քանի չափորոշիչներ կան։ Հիմնական սկզբունքներից է աշխատանքային փորձը, ստեղծագործություններում սեփական դիմագիծն ունենալը։ Սիլաս Հայցմանի դեպքում այս ամենն առկա է. նա Շվեյցարիայի Բազել քաղաքում երիտասարդ արվեստագետների շրջանում բավականին հայտնի է։ Կարծում եմ նրան ընտրելու հանգամանքը կապված է նաև նրա հետ, որ Սիլաս Հայցմանն արդեն երկու անգամ եղել է Վրաստանում և տարածաշրջանի վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունի»,- Cultural.am–ին պատմեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը։

Նշենք, որ «Արվեստագետների կացարան» ծրագիրն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության, «Քրիստոֆ Մերիան» հիմնադրամի (Բազել, Շվեյցարիա) և Ֆրայբուրգ քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ։ Հայաստանյան կողմից ծրագրի մեկնարկը տրվել է արվեստագետ Արման Վահանյանի Ֆրայբուրգ քաղաքում վեցամսյա կեցությամբ: Սիլաս Հայցմանի հայաստանյան կեցության ավարտին, նոյեմբերի 29-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կներկայացվի վեց ամիսների ընթացքում շվեցարացի արվեստագետի իրականացրած նախագծի ցուցադրությունը:

Ալինա Նահապետյան