«Արտավազդ-շիդար»-ը սպասում է բեմադրության

129
     Տիկնիկային թատրոնում կայացավ «13 պիես» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ամփոփում է «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության լավագույն պիեսները: «13 պիես» -ը լույս է տեսել Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ: Դեռ մեկ տարի առաջ միությունը հայ թատերագրության զարգացման ընթացքը խթանելու, հայ բեմին նոր մտքով, հայացքով ու ասելիքով թատերագրություն փոխանցելու նպատակով հայտարարել էր «Լևոն Շանթ» մրցանակաբաշխությունը: Հայաստանից, Արցախից և Սփյուռքի վեց համայնքներից ստացված 51 աշխատանքներից մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված ժյուրին (Լիլիթ Գալստյան, Ռուբեն Բաբայան, Ռուբեն Հովսեփյան, Արքմենիկ Նիկողոսյան, Սոնա Մելոյան, Շաղիկ Մկրտչյան ) ընտրել է լավագույն 13–ը, որոնք էլ տպագրվել են գրքում: Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը փաստեց, որ նույնիսկ պետականության բացակայության ժամանակներում հայ թատրոնը ինստիտուցիոնալ դեր է խաղացել. այսօր էլ թատրոնը շարունակում է մնալ անկեղծության և մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը, ինչ անելու և ուր գնալու բանաձևը. «Մրցանակաբաշխությունը թատրոնի անցած ճանապարհի հոգևոր-բարոյական քարտեզի հետագիծը վերընթերցելու միջոց էր: Իրականում պիեսների դատավորը ժյուրին չէ, այլ ժամանակը, հայ ընթերցողն ու հայ բեմը: Այս երեքն են որոշելու պիեսների վավերականությունը մեր մշակութային ժառանգության մեջ»: Ժյուրիի անդամ, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրամատուրգիայի մեջ միայն թեմայի ճիշտ ընտրությունը բավական չէ, որ գործը ստանա գեղարվեստական արժեք. «Մենք խնդիր ունենք ոչ միայն մեր ասելիքն ասելու, այլև  այդ ասելիքը տեղ հասցնելու հանդիսատեսին, ով ընկալում է գործը ոչ միայն ներքին բովանդակությամբ, այլև արտաքին տեսքով, տվյալ ժամանակին համապատասխան ձևի ընտրությամբ»: Ռուբեն Բաբայանը նշեց, որ պիեսների մասին ժյուրիի անդամները տարբեր կարծիքներ են ունեցել, բայց լավագույն պիեսը ընտրվել է միաձայն: Մրցանակաբաշխության լավագույն պիես ճանաչվեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար» թատերգությունը: Բեմադրիչ Ռուբեն Բաբայանը նշեց, որ Խանջյանը տարբեր մեկնաբանությունների և տարբեր բեմական լուծումների հնարավորություն է տալիս: Նրա թատերգությունը համապատասխան է լավ պիեսի համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին. «Խանջյանի թատերգությունը խորն է, ունի մի քանի շերտ, ինչի շնորհիվ կարելի է տարբեր ձևերով բեմադրել: Նա կարողացել է վարպետորեն կառուցել բեմական փորձություններ, զարգացնել տեսարաններ` միաժամանակ փոփոխելով պիեսի տեմպն ու ռիթմը»: «Ցանկացել եմ պատմական, առասպելական նյութը դարձնել այսօրվա համար հետաքրքիր, որ այնտեղից հնարավոր լինի պեղել արձագանքներ մեր ժամանակի հետ առնչելու, մեր ժամանակի մեջ օգուտ քաղելու համար,- Cultural.am-ին պատմեց դրամատուրգ Գուրգեն Խանջյանը և ավելացրեց,- ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է, որ Շեքսպիրի գործերը չեն կորցնում իրենց արդիականությունը, ուրեմն մի բան կա, մի կորիզ կա, որը կարող է նորոգվել ամեն ժամանակի մեջ, հետևաբար ամեն ժամանակի մեջ կան բաներ, որոնք գալիս են ժամանակի մեջ մնալու: Մնայունը որսալու ցանկությունն էլ ինձ մղել է գրելու»: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Շնորհավորելով կազմակերպիչներին, մրցանակակակիրներին և թատերգությունների ապագա բեմադրիչ-ռեժիսորներին` մշակույթի նախարարը փաստեց, որ նմանատիպ մրցույթները ոչ թե խոսքով, այլ գործով են կապ ստեղծում գրականության և թատրոնի միջև և հավելեց, որ բոլորովին էլ պատահական չէ, որ հենց թատրոնի միջազգային օրվա նախաշեմին է տեղի ունենում գրքի շնորհանդեսը. «Գրականություն-թատրոն կապը պահելը շատ կարևոր է: Գրողը նախաստեղծողն է թատրոնի, չենք կարող չհիշել, որ «Գլոբուս» թատրոնի ստեղծման առիթը Շեքսպիրի գրականությունն էր, մեզանում էլ Պետրոս Ադամյանի թատրոնը ստեղծվեց, քանի որ կար Սունդուկյանը: Այսօր ստեղծվում է այն, ինչ վաղը պիտի նպաստի մեր թատրոնի զարգացմանը»:
   Տեղեկացնենք, որ Համազգային հայ կրթական և մշակութային միության խոստման համաձայն` Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար» թատերգությունը մոտակա մեկ տարվա ընթացքում կբեմադրվի մեր թատրոններից մեկում:
                                                                                                              Աննա Կարապետյան