«ԱՐՏ ՖԵՍՏՆ» ԱՐԴԵՆ ՕՆԼԱՅՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ Է

art-fest-online
Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» փառատոնի կայքի շնորհանդեսը։ Այստեղ կարող եք ծանոթանալ «Արտ Ֆեստի» պատմությանը, աշխատակազմին, մասնագիտական հանձնախմբին, մասնակցության կանոնակարգին, ինչպես նաև լրացնել մասնակցության հայտերը։

Այս տարվանից փառատոնը միջազգային է։ «Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային բաց փառատոնը կանցկացվի մայիսի 20-27-ը։ Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները։ Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը։

«Մի վախեցեք գնալ ձեր նպատակների և երազանքների հետևից։ Տապալումից, անհաջողությունից մի վախեցեք։ Փառատոնը հնարավորություն է տալիս, որ ձեզ համեմատեք ուրիշների հետ, տեսնեք, թե ուրիշները ինչպիսի հետաքրքիր ու տաղանդավոր աշխատանքներ են անում, որ դուք մենակ չեք այս աշխարհում, որ միայն դուք չէ, որ այդքան շնորհալի եք և միայն  դուք չէ, որ այդքան մենակ եք»,-կայքի շնորհանդեսին ներկա ուսանողներին ասաց մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան Լալա Մնացականյանը։

«Արտ Ֆեստի» գեղարվեստական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանն է։

«Շատ ուրախ եմ նմանատիպ երիտասարդական փառատոնի գոյության համար։ Մի քիչ տխուր եմ, որ երիտասարդ չեմ, բայց ուզում եմ ձեզ հետ երիտասարդանալ։ Ինձ փառատոնի ազատությունն է հետաքրքրում։ Մենք խնդիր չունենք տարանջատելու այս դերասանին մյուսից, խնդիր ունենք բացահայտելու, բացահայտվելու հնարավորություն տալու։ Հավատացնում եմ՝ երբ մենք էինք երիտասարդ, նման ազատություններ քիչ ունեինք։ Զգուշորեն վերաբերվեք այդ ազատությանը։ Ազատությունը այն չէ, թե՝ ինչ ուզեք,  անեք։ Այն է, թե ինչ իրավունք չունեք անելու։ Հուսամ՝ նոր, հետաքրքիր անուններ կտեսնենք։»,-նշեց նա։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և Ուսանողական թատրոնը՝ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, 2013թ.-ից ի վեր կազմակերպում են ամենամյա «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնը` մեկ տանիքի ներքո խորագրով: Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնը համախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:

Փառատոնը մրցութային  է, որին մասնակցում են 16-30 տարեկան անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։ Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագոծումը, նոր անունների և տարվա  ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

2013թ.-ին առաջին անգամ կազմակերպված «Արտ Ֆեստ»երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց ավելի քան 130 երիտասարդ։ Փառատոնը հասարակական հնչեղությամբ և ոլորտի մասնագետների բարձր գնահատականով հաստատեց իր գոյության իրավունքը և ամենամյա լինելու անհրաժեշտությունը: 2014 թ.-ին մասնակիցների թիվը հատեց 200-ը։ 2015թ. «Արտ Ֆեստ» երիտասարդական բաց փառատոնին մասնակցեց շուրջ 350 ստեծագործող երիտասարդ։

Cultural.am-ը զրուցել է փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանի հետ։ Հարցազրույցը տե՛ս այստեղ։

Աննա Կարապետյան