ԱՐՏ ՖԵՍՏ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

art-fest-2015
   «Արտ Ֆեստը» հավաքական դիմանկարն է մեր ժամանակներում ստեղծագործող երիտասարդների, որոնց գերակշիռ մասը սովորում է տարբեր մշակութային բուհերում: Սա գեղեցիկ և դռները միշտ բաց պահող նախաձեռնություն է, ինչն էլ հնարավորություն է տալիս նշմարելու վաղվա արտացոլանքը, որովհետև այս փառատոնում ասպարեզ են ստանում նրանք, ովքեր գեղարվեստական հայտ են ներկայացնում, և շնորհք ու աշխատասիրություն դրսևորելու դեպքում հենց իրենք էլ գնահատելու են… 20-րդ «Արտ Ֆեստի» մասնակիցներին:
    Այս ուղերձով էր «Արտ Ֆեստ» փառատոնի մասնակիցներին բարի երթ մաղթել փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
    «Արտ Ֆեստ 2015» երիտասարդական հանրապետական փառատոնն արդեն ամփոփել է իր արդյունքները: Մայիսի 11-ից հունիսի 11-ը՝ մեկ ամիս շարունակ, բաց փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեցան Հայաստանի և Սփյուռքի շատ երիտասարդներ: Փառատոնը կրում էր «Մեկ տանիքի ներքո» խորագիրը:
    Թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ… և այլն, և այլն: Այս տարի առաջին անգամ փառատոնում որպես արվեստի մի մաս ընդգրկվեց նաև դիզայնը: Միջավայրի և գրաֆիկական դիզայնը ներկայացնող տասը աշխատանքներ ներկայացվել էին հանձնախմբի դատին: Հանձնախմբի անդամ, ՀՀ դիզայներների միության նախագահ Աշոտ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրանցում կար մասնագիտական բարձր մակարդակ և համապատասխանում էին բոլոր այն պահանջներին, ինչ որ իր մեջ կրում է դիզայն արվեստը որպես նախագծային ոլորտ:
    «Մասնակիցները ներկայացել էին նախագծային աշխատանքներով: Ցանկալի կլինի մոտ ապագայում տեսնել դրանք որպես իրականացված կառույցներ, օբյեկտներ, բայց դա արդեն ֆինանսական ծախսերի հետ է կապված»,- նշեց նա:
    Հարցին, թե կային արդյոք բացթողումներ, Բաղդասարյանը պատասխանեց. «Մատուցման մեջ կային թերացումներ, բաց է նախագծային այն հատվածը, որտեղ պետք է լինեն գծագրեր, հասկանալի լինի մտքի ամբողջ իմաստը, որը պետք է թույլ տա կառուցել, պատրաստել նյութերի կիրառումը, գունային լուծումները»:
    Cultural.am-ը զրուցել է փառատոնի մրցանակակիրներից Անդրանիկ Հարությունյանի հետ: Հարցազրույցը շուտով:
Աննա Կարապետյան