Առանց երաժշտության կյանքը կլիներ ոչ այնքան համոզիչ և ճշմարիտ…

DAMG
    Հայտնի է, որ երաժշտությունը կապում է մարդկանց և հենց այս համոզմամբ ու գաղափարով էլ ստեղծվեց Գերմանա-հայկական երաժշտական միությունը (DAMG): Այն նախաձեռնել է Անի Աղաբեկյանը (վերջինս ԳՀԵՄ-ի նախագահՆ է) 2011թ.-ի հոկտեմբերին: Միության նպատակն է ներկայացնել հայկական երաժշտությունը, հայ երաժիշտներին և կոմպոզիտորներին, աջակցել հայ և գերմանացի երաժիշտներին, ստեղծել նոր կապեր հայ և արտասահմանցի երաժիշտների միջև՝ կազմակերպելով ամենամյա համերգաշարեր, վարպետության դասընթացներ, տպագրելով հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: 
    2013թ.-ի մայիսի 3-ին Կամերային երաժշտության տանը կայացավ ԳՀԵՄ-ի կազմակերպած ջութակահարների վարպետության դասերի հանդիսավոր բացումը` Քոհ Գաբրիել Կամեդայի (ջութակ), Վալտեր Դելահունթի (դաշնամուր), Անի Աղաբեկյանի (ջութակ), Վաչե Հովեյանի (ալտ) և Լևոն Առաքելյանի (թավջութակ) մասնակցությամբ: Համերգի սկզբում Ա. Աղաբեկյանը նշեց, որ բացի հայ և գերմանացի երաժիշտների միջև կոնտակտների աջակցությունից Գերմանա-հայկական երաժշտական միության հիմանական նպատակներից է խթանել երկու երկրների երիտասարդ տաղանդներին: Այդ նպատակին հասնելու համար, ԳՀԵՄ-ը ծավալում է լայն գործունեություն՝ սկսած համերգներից և մշակութային փոխանակման ծրագրերից, վերջացրած տաղանդավոր երիատասարդ երաժիշտներին կրթաթոշակներ տրամադրելով: Նման գործունեություն իրականացնում է նաև Գերմանիայի Կարսրուհե քաղաքում անցկացվող ամենամյա Գերմանա-հայկական համերգաշարը:
    Ծրագրի առաջին բաժնում ընդգրկվել էին երեք ստեղծագործություն՝ Վելֆգանգ Ամադեուս Մոցարտ Սոնատ G-dur KV301, Կարեն Խաչատրյան Սոնատ in G op.1 և Յոհանես Բրամս Սոնատ d-moll Nօ.3 op.108: Թափանցիկություն, նրբություն, թեթևություն, որին հաջորդեց խորաթափանցիկ թավշյա թանձրությունը, այնուհետև եկավ փոխարինման ջերմառատ, վառ և  յուրահատուկ փայլատակում ունեցող տրամադրությունը: Համերգը եզրափակվեց Ռոբերտ Շումանի հանրահայտ դաշնամուրային Կվինտետով՝ op.44:
    Չորս օր անընդմեջ՝ մայիսի 4-ից 8-ը Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դահլիճում կանցկացվեն վարպետության դասընթացներ ջութակահարների համար պրոֆ. Քոհ Գաբրիել Կամեդայի ղեկավարությամբ: Այնուհետև մայիսի 9-ին, ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա եզրափակիչ համերգը դասընթացի մասնակիցների կատարմամբ:
    Համերգը յուրահատուկ էր. ստեղծագործություններում առկա բավականին բարդ տեխնիկական հագեցվածությունը և հոգևոր շերտերի գեղեցիկ և պրոֆեսիոնալ ցուցադրումը համոզիչ էր ունկնդրի համար: Այստեղ երաժշտությունը միջնորդ էր զգայական ու հոգևոր կյանքի միջև: Կարծես կյանքից մի քանի հատվածներ լինեին, որոնք պետք էր վերապրել, այնուհետև բեմ հանել: Կարծում եմ, կատարողներին հաջողվեց դա, որովհետև բեմում զգում էին միմյանց և  ամենից կարևորը մեծ հաճույքով էին կատարում:
  Էլեն Յոլչյան