ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԸ «ՌՈԲԻՆԶՈՆԻ» ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐ ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Aram-Pachyan1
  Արձակագիր Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն թարգմանվել է ուկրաիներեն։ Այն թարգմանել է Անուշավան Մեսրոպյանը։ Սեպտեմբերին գիրքն արդեն շնորհանդեսով կներկայացվի Կիև և Լվով քաղաքներում։
    «Այս թարգմանությունը ուկրաինացի ընթերցողի հետ երկխոսության մեջ մտնելու առիթ է։ Մինչ այս, գործերս ամբողջական գրքով չէին թարգմանվել։ Անգլերեն թարգմանվել էին պատմվածքներս, նաև «Ցտեսություն ծիտ»-ը, որի հրատարակման համար տարվում են բանակցություններ․ փորձում ենք գտնել համապատասխան հրատարակչություն, որը պատրաստ կլինի նման գիրք տպելու»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Արամ Պաչյանը։
    Վերջին շրջանում արձակագիրը ստեղծագործելու նոր տարածություն է գտել։ Արդեն ձեզ պատմել ենք Pachyan Fragments-ի և ֆրագմենտալ արձակի մասին։ Պաչյանի խոսքով ֆրագմենտները մեր գիտակցության իրական պատկերն են, ինչու՞ չվերարտադրել դրանք։
    «Բառեր, նախադասություններ, ֆուտուրիստական դրվագներ․ փորձել եմ հայկական ֆուտուրիզմի հետ փոխհարաբերության մեջ մտնել, երկխոսության գնալ Գրիգոր Պըլտյանի առաջին շրջանի գործերի հետ»,- նշեց նա։
    Ֆրագմենտալ արձակի միջոցով արձակագիրը փորձել է ուրիշ արձակ ստանալ, ինչպես ինքն է ասում՝ «իմ ստեղծած սիստեմի դեմ եմ գրել»։
    «Այն ինչ զգում եմ օրվա մեջ, ինչ ապրում ու մտածում եմ, փորձել եմ նոր գրքի վերածել։ Ֆրագմենտները, կարելի է ասել, ինքնագրվում են, ինչ-որ առումով նաև իմ դեմ, իմ էսթետիկական նախասիրությունների դեմ։ Չէի ուզում անել մի բան, ինչ նախորդ երեք գրքերում արդեն ամփոփել էի կամ թեկուզ դրանց մոտիկ մի բան։ Սա արկած էր։ Ինձ միշտ հմայում են նոր ճանապարհները արձակի մեջ»,- անկեղծանում է հեղինակը։
     Պաչյանը իր ֆրագմենտալ արձակը անձնական է համարում, գիրք, որն ինքն իր համար է գրել և գրում․ «Գուցե օրագրի պես, բայց օրագիրը անձնական մտորումների ֆորմա ունի, իսկ այստեղ կան փոքրիկ սյուժեներ, որոնք մոտ են էսսեին, պատմվածքին, ակնարկին։ Ինձ համար գիրքը դեռ հրապարակման ենթակա չէ»։
Աննա Կարապետյան