ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՍԵՐԸ. ՆԻՆԱ ՄԱԿԱՐՈՎԱ

nina-makarova-2016
    Հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 10-ը Երևանում անց է կացվում Արամ Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոնը: Խաչատրյանական տոնն այս տարի մեկնարկեց համաշխարհային պրեմիերայով: Հայ ունկնդրին ներկայացվեց կոմպոզիտոր Դևիդ Դե Բուր Քենֆիլդի կոնցերտը սաքսոֆոնի և նվագախմբի համար:
    Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաները, կոմպոզիտորների և երաժշտական խմբերի հոբելյանները դեռ առջևում են: Երաժշտասերները մինչ փառատոնի ավարտը հնարավորություն կունենան ներկա գտնվելու 20 համերգի: Կներկայացվեն ինչպես սիմֆոնիկ, կամերային, այնպես էլ բալետային ստեղծագործություններ:
    Փառատոնի առիթով Կանադայից, Գերմանիայից, Իսպանիայից և այլ երկրներից Հայաստան ժամանած երաժիշտները հանդես կգան համերգային կատարումներով, կվարեն վարպետության դասեր:
    Խաչատրյանի անվան 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում անվանի կոմպոզիտորի տուն-թանգարանում հոկտեմբերի 21-ին կայացավ համերգ նվիրված ռուս կոմպոզիտոր Նինա Մակարովային:
    Մենակատարներ Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Լևոն Առաքելյանը (թավջութակ), Արաքս Պողոսյանն (ջութակ) ու Խաչատուր Անդրեասյանը (դաշնամուր) հնչեցրին Մակարովայի կամերային ստեղծագործություններից (Սոնատինա դաշնամուրի համար, Վոկալիզ և վերհուշ թավջութակի և դաշնամուրի համար, Մեղեդի և սկերցո ջութակի և դաշնամուրի համար):
    Երեկոյի ընթացքում ցուցադրվեց ռեժիսոր Արման Երիցյանի «Կյանքիս մեծագույն սերը» ֆիլմը:
    «Կյանքիս մեծագույն սերը» Արամ Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նինա Մակարովայի սիրո պատմությունն է: Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում ուսանելու տարիները մեծ ազդեցություն թողեցին Խաչատրյանի՝ ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական կյանքի վրա: Կոմպոզիտորը երկրորդ կուրսի ուսանող էր, երբ հանդիպեց Նինային:
    «Ցանկացա իմանալ նրա տխուր աչքերում թաքնված գաղտնիքը: Մինչև հիմա փնտրում եմ»,- հանդիպումից տարիներ անց պիտի խոստովաներ Խաչատրյանը: 
    Նինա Մակարովան կոմպոզիտորի մեծ սերն էր: Նրա մահից հետո Արամ Խաչատրյանը կամ հիվանդանոցում էր լինում, կամ էլ համերգների փորձերի, համերգներ, որոնք նվիրում էր սիրելիի հիշատակին:
Աննա Կարապետյան