ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ANSEF ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՆՁՆՎԵՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ANSEF-research-grant
    «Հայաստանին պետք է ուժեղ ինտելեկտուալ համայնք, որը կօգնի երկրին բարելավելու իր տնտեսությունը, կխրախուսի մարդկանց լինելու ավելի գործուն և կնպաստի հասարակության ավելի բարեկեցիկ կյանքին: Մենք պետք է համախմբվենք և ձգտենք դրան»:
Երվանդ Թերզյան
Գիտության և կրթության հայկական
ազգային հիմնադրամի (ANSEF) նախագահ

    Հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ ստացան ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ/ANSEF) կողմից՝ գիտական հետազոտություններ իրականացնելու համար։ Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը: Դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:
    Այս տարի դրամաշնորհային մրցույթին ներկայացվել է 244 գիտական հայտ։ ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 32-ը (107 գիտնական)։ Գիտական խմբերի ղեկավարներից 18-ը մինչև 35 տարեկան երիտասարդներ են:  Երիտասարդ գիտնականներն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում ստացան իրենց հավաստագրերը։
ansef 2016  Կենսաբանության, քիմիայի, աստղագիտության և այլ ոլորտների հետ միասին այս տարի առաջին անգամ դրամաշնորհ հատկացվեց նաև գրականության ոլորտուկ կատարվող ուսումնասիրության համար։ Գրականության գիտահետազոտական խմբում աշխատելու են գրականագետ Հասմիկ Խեչիկյանը և արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը։ Հետազոտական խմբի թեման է «Մոդեռնիզմը 20-րդ դարի հայ գրականության մեջ»։ Խումբն ուսումնասիրելու է մոդեռնիստական դրսևորումները ամբողջ 20-րդ դարի հայ գրականության մեջ, շեշտը դրվելու է դարասկզբի և 1960-ականներից հետո ստեղծված գրականության վրա։
    «Մինչև 1920-ական թվականները բավականին ակտիվ մոդեռնիզմի դրսևորումներ ենք ունեցել, նույնիսկ մոդեռնիստական գլուխգործոցներ կան, որոնք խորհրդային գրականագիտության կողմից մոդեռնիստական են հորջորջվել և մոռացության մատնվել։ Օրինակ՝ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպը, որը մեկ անգամ է հրատարակվել և ոչ մի վերահրատարակություն չի ունեցել։ Մկրտիչ Արմենին կարելի է մոդեռնիզմի ներկայացուցիչ համարել։ 1990-ականներին, երբ համաշխարհային գրականության մեջ արդեն պոստմոդեռնիստական միտումներն էին տիրապետող, հայ գրականությունը նոր էր սկսում մոդեռնիզմը «մարսել»։ Պատահական չէ, որ այդ ժամանակ մեր գրական մամուլում  նորից սկսեցին տպագրել մոդեռնիզմի հանգանակները»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց արձակագիր Հրաչյա Սարիբեկյանը։
  Հր. Սարիբեկյանի խոսքով՝ թեման ուսումնասիրված չէ․ «Կան մասնավոր ուսումնասիրություններ, առանձին հոդվածներ։ Մեր խնդիրն է համակարգել այդ ամենը, փորձել ստեղծել ժամանակաշրջանի ամբողջական պատկերը»։
ansef grant    Քրիստինե Դանիելյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը երրորդ անգամ  է արժանանում ԳԿՀԱՀ դրամաշնորհի։ Առաջին դրամաշնորհը ստացել են 2010 թվականին։
  «Հայաստանում աշխատանքը վերսկսելու համար դրամաշնորհը մեծ օգնություն էր։ Երկար տարիներ արտերկրում աշխատելուց հետո դժվար էր հարմարվել տեղի պայմաններին։ Ստացանք դրամաշնորհը և մեծ ջանքերով ՀՀ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում լաբորատորիա ստեղծեցինք, որը գործում է մինչ օրս»,- պատմում է Քրիստինե Դանիելյանը։
   Գիտնականն աշխատել է Գերմանիայում, այնուհետև Մայամիի և Փենսիլվանիայի համալսարաններում։ Այժմ դասավանդում է Երևանի պետական համալսարանում՝ փորձելով ստացած գիտելիքները փոխանցել հայ ուսանողներին։
    Ք. Դանիելյանի ղեկավարած խմբի ուսումնասիրության առարկան պրոլիֆերացիան է (բորբոքման ավարտուն փուլը, որն ուղղված է վնասված հյուսվածքի վերականգնմանը)։
   «Փորձում ենք գտնել այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի խթանել վերականգնողական պրոցեսները ինսուլտից հետո»,- նշում է նա։
        Հետազոտությունն իրականացնելու համար խմբերն ունեն մեկ տարի ժամանակ։
    ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտա Փիլիպոսյանի խոսքով՝ տարիների ընթացքում մրցույթը երիտասարդացել է «Ութ տարի առաջ այսքան երիտասարդ գիտնականներ չկային։ Տարիների ընթացքում տղամարդ գիտնականների հետ սկսեցին մրցակցել նաև կանայք»։
     Մ. Փիլիպոսյանը մրցույթը լավ դպրոց է համարում, ճանապարհ դեպի մեծ գիտություն։
    ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների մրցույթն  իրականացվում է 2001 թվականից։ Անցած 16 տարիների ընթացքում ԳԿՀԱՀ հետազոտական խորհրդին ներկայացվել են մոտ 2000 դիմում-առաջարկներ։ Դրամաշնորհներ են ստացել 404 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված են եղել 1545 գիտնականներ։ Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 20 հազար դոլար։
Աննա Կարապետյան