Անրի Վերնոյին նվիրված օրերի մեկնարկը տրված է

mayrik
    Երևանի պետական կամերային թատրոնում կայացավ Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) «Մայրիկ» գրքի շնորհանդեսը, որով էլ տրվեց Երևանում Անրի Վերնոյին նվիրված օրերի մեկնարկը: Գիրքը հայերենով լույս էր տեսել դեռ 1988 թվականին Սոֆիկ Ավագյանի թարգմնությամբ (ֆրանսերենից): «Մայրիկը» վերահրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
    Ֆրանսիական կինոյի լեգենդի մի մասը. այսպես է Վերնոյին բնորոշել Ժակ Շիրակը: Վերնոյը նկարահանել է քառասուներկու ֆիլմ, վեց ֆիլմերի սցենարի հեղինակ է: Ֆիլմերից մի քանիսում  հանդես է եկել նաև որպես դերասան և պրոդյուսեր:
vernoyi orer  «Վերնոյը ֆրանսիական կինոարվեստի հրաշագործներից է: «Մայրիկից» հետո ռեժիսորը ոչ մի ֆիլմ չստեղծեց՝ թողնելով մեզ այդ տպավորիչ պատմության հիշողությունների մեջ»,- ասում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի՝ կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Աննա Երզնկյանը;
    Ռեժիսորն ինքը ֆիլմը համարել է իր հոգու պարտքը: Հոգու պարտքը հուզել է շատերին, առաջացրել մեծ հետաքրքրություն: Այս մասին է վկայում այն հանգամանքը, որ «Մայրիկը» ԱՄՆ-ում լույս տեսավ շուրջ 200.000 օրինակով, իսկ Երևանում գրքի 300.000 օրինակ սպառվել է  ընդամենը տասը օրում:
mayrik shnorhandes    Ապրիլի 2-5-ը՝ Անրի Վերնոյին նվիրված  օրերի շրջանակներում, Հայաստանում կլինեն ռեժիսորի ընտանիքի անդամները: Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը, արդեն Երևանում է: Ընտանիքի մյուս անդամները, այդ թվում` ռեժիսորի դուստրն ու թոռները, հայրենիք կժամանեն մինչև ապրիլի 4-ը, երբ  Անրի Վերնոյի անունով կկոչվի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից փողոցը: Կբացվի նաև ռեժիսորի հուշաքարը: Ինստիտուտում  էլ  կբացվի Վերնոյի անվան կինոսրահ: Կինոյի ոլորտի ապագա մասնագետները հնարավորություն կունենան հանդիպելու և իրենց հուզող հարցերն ուղղելու Վերնոյի ընտանիքի անդամներին:
    Ռեժիսորին նվիրված օրերի շրջանակում նախատեսված է անցկացնել նաև հուշ-երեկո, ինչպես նաև ռեժիսորի մի քանի ֆիլմերի ցուցադրություն Երևանի պետական համազգային թատրոնում: Անրի Վերնոյի օրերը Երևանում կազմակերպել է ՀՀ Մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Աննա Կարապետյան