Անմոռանալի Բիթլզը կհնչի Հայաստանում

118
  Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգաշարով հանդես կգա իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչիի հետ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը: «Անմոռանալի Բիթլզ». ահա համերգի խորագիրը:Համերգաշարի ընթացքում կհնչեն երկու պոպուրիներ`Բիթլզի երգերի մշակումները, և դասական ջազային երաժշտության նմուշներ:
 Առաջին անգամ Հայաստանում կհնչեն հանրահայտ լիվերպուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների (A Hard Day's Night, Get Back, Yesterday, Hey Jude, Eleanor Rigby,Yellow Submarine, Help, Michelle, Let it Be, Lady Madonna) մշակումները կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Մշակումները կատարել է իտալացի կոմպոզիտոր Գրանատան. «Գրանատան շատ մեծ վարպետ է: Եթե Բիթլզը այս ստեղծագործությունները գրած չլիներ, միգուցե այս կոմպոզիտորը կարողանար զրոյից հնարել: Այնպիսի աշխատանք է տարված, որ բոլորս անմիջապես ճանաչում ենք Բիթլզի գործը, բայց և կան ռիթմային փոփոխություններ, հարմոնիկ հարստացումներ,-ասում է դիրիժորը»:
   Վահան Մարտիրոսյանը առանձնացնում է երաժշտությունը ոչ թե ըստ ժանրերի, այլ ըստ կատարման որակի. «Կա լավ երաժշտություն և կա վատ երաժշտություն, պոպուլյար երաժշտության մեջ էլ կա լավ և վատ»: Ինչ վերաբերում է Բիթլզին, ապա Վահան Մարտիրոսյանը նշում է, որ նրանք առաջինն էին որպես երևույթ, խումբ, որ պարզապես գրում էին գեղեցիկ, հանճարեղ երաժշտություն առանց որևէ մեկին դուր գալու մասին մտածելու. «Ես ծնվել, մեծացել եմ նրանց երգերի տակ. ինձ համար դա պոպուլյարի դասականն է, անմոռանալի խումբ, որ դեռ հարյուր տարի կհնչի»:
    Երկրորդ պոպուրին «Կեսգիշերին»-ն է: Այստեղ ընդգրկվել են Մոնքի, Էլինգթոնի, Գերշվինի, Էվանսի, Բերնսթայնի, Իտուրալդեի, Ջիրոտոյի, Մոլինելիի և Պիացոլայի հանրահայտ ստեղծագործությունները:
Բոլոր չորս համերգները կկայանան միևնույն համերգային ծրագրով Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում (ապրիլի 26), Կամերային երաժշտության տանը (ապրիլի 30), Մեցցո ակումբում (ապրիլի 27) և Ստեփանակերտում (ապրիլի 28): Համերգների ընթացքում որպես մենակատար հանդես կգա իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին, իսկ որպես դիրիժոր` Վահան Մարտիրոսյանը:          
  Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին իտալացի սաքսոֆոնահարը հանդես կգա նաև որպես դիրիժոր:
                                                                                                                        Աննա Կարապետյան