«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՊՈԵԶԻԱ ԸՆԹԵՐՑՈՒՄ»

poezia-siraharneri-aygi
Մարտի 21-ին  աշխարհը նշում է Պոեզիայի միջազգային օրը: Այս առիթով, չնայած վատ եղանակին, Սիրահարների այգում՝ բաց երկնքի տակ հայ ժամանակակից բանաստեղծները հավաքվել էին՝ պոեզիայի ընթերցանության:

Իրենց և այլ պոետների ստեղծագործությունները ներկայացրեցին բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանը, Ռուզաննա Ոսկանյանը, Էդուարդ Հախվերդյանը, Լուսինե Եղյանը, Արփի Ոսկանյանը և այլոք:

Գրականագետ Հայկ Համբարձումյանի խոսքով, միջոցառումն ավելի արդյունավետ կլիներ, եթե ներկա լինեին մարդիկ, ովքեր  չեն ճանաչում ժամանակակից հայ գրողներին: «Բոլորս միմյանց ճանաչում ենք. մտերմիկ, ընկերական հավաք է ստացվել: Ամեն դեպքում, լավ առիթ է բաց երիկնքի տակ բանաստեղծություն կարդալու»,-ասաց նա: Վերջինս,  լսարանին ներկայացրեց իսրայելցի բանաստեղծ Ամիր Օրի ստեղծագործություններից մեկը:

Մինչ բեմից հնչում էին տարբեր ստեղծագործողների աշխատանքներ, մի խումբ գրողներ վրդովմունքով զրուցում և իրենց դժգոհությունն էին հայտնում այն մասին, որ հասարակությունը քիչ է հետաքրքրված ժամանակակից պոեզիայով ու շատերի համար «բանաստեղծը պարտադիր մահացած մեկն է»: 

Հակառակ դրան գրող Հուսիկ Արան լավատես է. «Թեպետ միջոցառումը բազմամարդ չէ, այնուամենայնիվ ժամանակակից գրողների նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է: Անկախության սերունդն ավելի շատ է ընթերցում պոեզիա: Երկրի վիճակի բարելավման դեպքում ընթերցասերները կշատանան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 21-ը Պոեզիայի միջազգային օր է  հռչակվել 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ գլխավոր կոնֆերանսում: Ըստ այդ որոշման. «Պոզիան կարող է պատասխան լինել ժամանակակից մարդու բոլոր սուր և խորը հոգևոր հարցերին, բայց դրա համար հարկավոր է որքան հնարավոր է շատ մարդկանց ուշադրությունը հրավիրել նրա վրա»:
 
Լառա Հակոբյան

Լուսանկարը՝ Ռազմիկ Գրիգորյանի