Անի Ասատրյան: Գիրք

Ani Asatryan
    Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին լույս է տեսել Անի Ասատրյանի գիրքը: Հեղինակի խոսքերով՝ ինքը նոր բան ասելու մտադրություն չունի, այս գիրքը վերջից սկիզբ անցումը վավերացնելու փորձ է: Խզման փորձ՝ վերջի և սկզբի արանքում, վերջի հետ հաշտության, վերջը ըմբռնելու ու հաղթահարելու հույս. «Հենց սկզբնակետ գտնելու անհնարինությունն էր պատճառը, որ գիրքս արել եմ՝ ինչպես կանեի վերջին գիրքս: Վերջերի անընդհատ կրկնության անհաղթահարելիության պատճառով է, որ փորձել եմ պատկերի վերածել կրկնվող վերջը: Ինձ համար խնդիր էր նոր բան սկսելը, որովհետև ամեն ինչ ընթացքի մեջ է ու գնում է դեպի ավարտը: Երբեք չեմ կարողացել որսալ որևէ բանի սկիզբը. առհասարակ՝ կարծում եմ, որ անհնար է սկիզբ պատկերելը կամ որևէ բան սկսելը,  մինչդեռ ամեն ինչի ավարտն է, որ  դանդաղ ծանրանում է ու հնարավորություն չի թողնում իր հետ հաշվի չնստելու:  Երևի ցանկացած նոր բանի սկիզբն ամենախորը անցյալում է, ու ներկայում միայն շարունակություն է ու ավարտ»:
    Գիրքն ընդգրկում է բացառապես նոր գործեր՝ վերջին ութ ամիսներին արված աշխատանքները,  որոնք նախկինում որևէ տեղ չեն ցուցադրվել. «Գրքում ներառված աշխատանքներիս մեջ, ի տարբերություն նախկինում հրապարակված գրելու փորձերիս, խնդիր եմ դրել հաղթահարել անձնականության կապանքները, ստեղծել կապերից, հղումներից, անուններից, զգացմունքներից, փորձառությունից մաքրված պատկեր ու թողնել միայն վերջը: Միակ բանը, որ կարելի է գտնել գրքում, հենց մենք ենք՝ որպես անընդհատ կրկնվող վերջերի պատկեր. որպես ընկերության վերջից, սիրելու վերջից, պատի անանցանելիության վերջից, հույս ունենալու վերջից, որպես հարաբերության, խոսելու, երկխոսելու անհնարինության արդյունքում, ծնողների, արմատների, չափանիշերի, խմբագիրների մահվան արդյունքում կառուցված անձինք: Այլ բառերով՝ վերջի արդյունք:
    Խնդիրս բացարձակ կրկնողության պատկերի անընդհատ վերստեղծմանը հասնելն էր. դա միակ բանն է, որ շուրջս տեսնում եմ: Պետք էր հասնել նրան, որ գրքի յուրաքանչյուր հաջորդ տող, յուրաքանչյուր հաջորդ բառ, նախադասություն լիներ նախորդի կատարյալ կրկնությունը: Այն ինչին հասել եմ արդյունքում՝ շարքում տեղ գտած յուրաքանչյուր տող նույնությամբ կրկնում է մյուսին, ու բոլորը մեկ ամբողջության մեջ նույն բանի կրկնություններ են»:
    Հեղինակի խոսքերով՝ գիրքը խզման փորձ է՝ խզում անցյալից, ինքն իրենից, ազդեցություններից. «Սա ավելի շատ վերջի հետ հարաբերվելու փորձ է, վերջի էությունն ըմբռնելու փորձ՝ այն անցնել կամ ընդունել կարողանալու հույսով: Մի տեղ էի հասել, երբ բացարձակ կորցրել էի պատկերս: Դեմքիս ուրվագիծը ոչ մի կապ չուներ ինքնությանս հետ. այն անցյալի տարբեր հարաբերություններից մնացած հետքերի ամբողջություն էր: Ինչ-որ կարևոր բան ավարտվել էր, ու ես անընդհատ կրկնում էի ինձ: Հնի՝ ավանդույթի տարածությունը  ճահճի նման ներքաշում էր ինձ, իսկ այն «նորը», որ կա շուրջս, օտար էր: Միակ կարիքը, որ ինքս ինձ համար կարողացա ձևակերպել, խզման անհրաժեշտությունն էր: Ինչ-որ տեղ հասնելու միակ ճանապարհը, որ հիմա գտել եմ, խզումն է: Խզումը անցյալից, խզում ինքս ինձնից, խզում միջավայրից. Անվերջ ու անընդհատ կրկնվող խզում»:
    Գրքի ներկայացումը տեղի կունենա մարտի երկրորդ կեսին: Այժմ գրքի մաս կազմող տեսանյութերի և ձայնային ուղեկցության  մոնտաժման վերջին աշխատանքներն են արվում: 
                                                                                                                                                         ն. ս.