ԱՆԳՈՒՅՆ «ԴՈՄԻԿ»-Ի ՆՈՐ ԳՈՒՅՆԸ: ԱՐՏԹԵՐԱՊԻԱ՝ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՎ

0-0-00010
 1988 թվականից հետո բոլոր այն հատվածներում, որտեղ հայտնվեց աղետի ուրվականը, մարդիկ կորցրեցին տունը ու տնակը /դոմիկը/ դարձավ տուն, օջախ: Ժամանակավոր կացարանը դարձավ կյանքի ուղեկից՝ սերունդների հերթափոխին հետևող:

 Դոմիկների գոյությանը Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողները մեկ այլ դիտանկյունից են նայել: Նրանք իրականացրել են «Դոմիկ-Վերածնունդ» սոցիալ-կրթական արվեստային նախագիծը, որը փորձ է Շիրակի մարզի քաղաքների ու գյուղերի սոցիալ, կրթական, հոգեբանական ոլորտի խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել արվեստի լեզվով:

 Նախագծի ընթացքում կատարվել են տարբեր միջոցառումներ՝ փորձելով ազատել մարդկանց դոմիկ ճաղավանդակներից, նոր սերունդին մեկ այլ աշխարհ տեղափոխել, որտեղ կան երազանքներ: Օրինակ՝ արվեստ-վարժանքների միջոցով օգնել երեխաներին գունավորել իրենց դոմիկը: Գոբելենագործի հետ գործել իրենց փոքրիկ տունիկները՝ փորձելով գոնե տեսականորեն «փափկեցնել» դոմիկային տարիների հիշողություններն ու ներկան, որ կարողանան կառուցել ու գունավորված տեսնել ապագան։

 Երեխաներն իրենք նկարազարդել են իրենց դոմիկների պատերը, նոր գույնով երանգավորել: Անցկացվել են այլ միջոցառումներ ևս՝ համադրումներ, ցուցահանդեսներ քաղաքի տարբեր հատվածներում:

 «Մի կողմից՝ մեր ուսանողների նպատակն էր արտթերապիայի միջոցով ազատել դոմիկային ճգնաժամից, մյուս կողմից՝ դոմիկային իրականությունը բացառիկ և յուրօրինակ երևույթ է քաղաքի գիտակցության մեջ՝ Գյումրին աշխարհից մեկուսացնող: Գյումրիի մեկուսացումը և նրա եզակիության գիտակցումը պետք է դիտարկել որպես ինքնաճանաչման, ինքնատիրապետման և արդյունքում մենակ չմնալու և լիարժեք փոխհարաբերություններ զարգացնելու նախապայման: Պետք է մոռանալ հիշելու բևեռացումը, ոչ թե տրվել անկումային զգացողությանը »,- նշեց ծրագրի համադրող Գոհար Սմոյանը:

 Նախագծին աջակցել է «Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շնորհանդեսը նվիրված էր ՀԳՊԱ-ի 20-ամյակին: ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղը բեկումնային դեր ունեցավ և հանդիսացավ արտթերապիա քաղաքի կյանքում՝ փորձելով մշակութային ճիշտ ռազմավարության կիրառմամբ բուժել աղետի հասցրած վերքերը:


Անահիտ Հարությունյան

24852089 1643452219052864 5559765305140038140 n

13445354 1129791090418982 3467264787806726219 n

13445741 1129793000418791 9045214190595199336 n

24852525 1643452775719475 1946923141530533838 n

IMG 20171206 124826

12115873 979762628755163 832794873275054534 n

24862073 1643452505719502 4409527563479202855 n

IMG 20171206 124447