ԱՆԱԻՍ ՆԻՆԻ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԸ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ

Anais-Nin
    20-րդ դարի էրոտիկայի վարպետ Անաիս Նինի կորած համարվող ստեղծագործությունները չեք կարող գտնել, եթե փորձեք փնտրել Amazon-ում: The Guardian-ի փոխանցմամբ Անաիս Նինի էրոտիկ պատմվածքների նոր շարքը` «Auletris: Erotica»-ն, որը 1930 թվականին գրվել է մասնավոր հովանավորի համար, այլևս չի ցուցադրվելու որոնման համակարգում: Նշվում է, որ այն հնարավոր կլինի գտնել միայն հատուկ հղման միջոցով:
    Խմբագիր Փոլ Հերոնը, որի շնորհիվ հայտնաբերվել են Անաիս Նինի ձեռագրերը, ասում է. ««Auletris: Erotica» գիրքն ունի նույն հնարավոր հաջողությունը, որն ուներ նրա հայտնի համարձակ և տարբերվող «Վեներայի դելտան» էրոտիկ բնույթի պատմվածքների ժողովածուն»:
    ««Auletris: Erotica» գիրքը կոտրում է բոլոր տաբուները: Այնտեղ ներառնված են արյունապղծության, երեխաների հետ սեռական հարաբերությունների, բռնաբարությունների, սադոմազոխիզմի մասին պատումներ և նկարագրություններ,- գրում է խմբագիրը Անաիս Նինի պաշտոնական բլոգում,- կերպարները քմահաճ են, իսկ թեմաները զգալի չափով հիմնված են Անաիս Նինի սեփական փորձի վրա, որոնք արձանագրված են նրա օրագրերում»:
    Գրքի շապիկը ֆրանսիական փոստային բացիկներից վերցրած նկար է, որը հայտնաբերվել է Նինի ունեցվածքի միջից:
    Ալետրիս գրքի պատմվածքները հայտնաբերել է Հերոնը Նինի գրական գործակալի թղթերում, ով մահացել է 2002 թվականին: Ըստ ամենայնի` պատմվածքները գրվել են բացառապես անանուն հովանավորի համար 1930 թվականին, իսկ 1950-ին` հրատարակվել: Այս տարվա հոկտեմբերին այն վերահրատարակվեց Sky Blue Press ամերիկյան հրատարակչության կողմից:
    Auletris- Անտիկ Հունաստանում պոռնիկ, որը ֆլեյտա է նվագել այցելուներին զվարճացնելու համար: