Ամփոփելով տարին

msh-nax

2014թ.-ի մշակույթի ոլորտում կատարված աշխատանքներն ամփոփեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

2014թ.-ը երգչախմբային արվեստի տարի

Թատրոնի, կինոյի ընթացիկ ծրագրերի կողքին 2014 թվականի ձեռքբերումը երգչախմբային արվեստի զարգացումն էր: Դրան նպաստեց նաև այն հանգամանքը, որ Կոմիտասի 145-ամյակի տարին էր: Բազմաթիվ ծրագրեր, համերգներ եղան կոմիտասյան կատարումներով, տպագրվել են երեք կարևոր գրքեր Կոմիտասի կյանքի և ստեղծագործության մասին:

Այս պահին մշտական ցուցադրության կազմակերպման աշխատանքներ են ընթանում Կոմիտասի նորակառույց թանգարանում: Տարեսկզբին մենք ականատես կլինենք թանգարան-ինստիտուտի բացման արարողությանը:

Հոբելյաններ

Եղան մեկնաբանություններ, որ նախարարությունը չի անդրադառնում Պարույր Սևակի հոբելյանին: Հոբելյանները ինքնանպատակ չեն: Կարևոր էր, որ Սևակի հոբելյանը նշենք վերանորոգված տուն-թանգարանում: Մարզային այցերից մեկի ժամանակ եղել եմ թանգարանում, ծանոթացել աշխատանքներին: 2015թ.-ին Սևակի ծննդյան օրը մենք բոլորս կլինենք նոր թանգարանում, բացի այդ` պետպատվերով տպագրվել է գրողի պոեմների ժողովածուն:

Կարևոր համագործակցություններ

Այս տարի Հայաստանը անդամակցեց «Եվրիմաժ» եվրոպական կինոյի աջակցման հիմնադրամին: Համագործակցելու գործընթացը սկսվել էր դեռ 2007թ.-ին, բայց բազմաթիվ պահանջների չբավարարելու պատճառով չէր ստացվել: Այս տարի Հայաստանը անդամակցեց նաև «Մշակութային ուղիների եվրոպական խորհրդի» ծրագրին: Սրանք հարթակներ են, որոնք հնարավորություն են տալու մեր ծրագրերի համաֆինանսավորմանը տարբեր հիմնադրամների կողմից:

Մեծ համագործակցություն սկսվեց Ռուսաստանի թանգարանների հետ: Կայացավ թանգարանային ֆորում, որի շրջանակներում ստորագրվեց ինը երկկողմանի պայմանագիր Հայաստանի և Ռուսաստանի թանգարանների միջև:

Օրենսդրական բարեփոխումներ

Կային ժամանակներ, երբ ոչ ոք չէր փորձում խոսել մշակույթի ոլորտի օրենքների մասին, դրանց հերթը չէր էլ հասնում: Վերջին տարիներին բոլոր ուղղություններով մշակվում են օրենքներ, օրինակ` գրադարանների մասին օրենքը, որն ընդունվեց 2012թ.-ին և որի ընդունումից հետո 14 ենթաօրենսդրական կարգեր ընդունվեցին վերջինը` 2014թ.-ին:

Թանգարանային ոլորտը մինչ օրս չունի օրենք, ինչի պատճառով որոշակի խնդիրներ են ծագում այդ դաշտում: 2014թ.-ին թանգարանների մասին օրենք մշակվեց, որն անցավ լայն քննարկումների շրջան և արդեն ներկայացվել է կառավարություն:

Էլեկտրոնային շտեմարանների ստեղծում

Ստեղծվեցին մամուլի և հայ գրքի շտեմարաններ: Արդեն առցանց գործում է մշակութային հուշարձանների և պատմամշակութային հուշարձանների շտեմարանը: Կառավարությունն ընդունեց մշակութային արժեքների շտեմարանի ստեղծման որոշում:

Ձեռք է բերվել լրացուցիչ թվայնացնող տեխնիկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվայնացման ծավալները տարեցտարի շատանում են: Վերջին տարիներին թվայանացվել են պետական թանգարանների մշակութային արժեքները, բայց դրանով խնդիրը չլուծվեց, որովհետև մշակութային արժեքների մի զգալի հատված գտնվում է մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում:

 Վերականգնման աշխատանքներ

2014թ.-ի կարևոր ձեռքբերումներից էր ԱՄՆ դեսպանների դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակներում երկարաժամկետ համագործակցության փաստաթուղթ ստորագրվեց Դաշտադեմի ամրոցի ուսումնասիրման, վերականգնման և հանրահռչակման ուղղությամբ:

Վերականգնման ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ տարեցտարի ընդլայնվում է: Ծրագրում ներգրավված են նաև Վարագավանքը, Քոբայրավանքը, Կամարիսի սբ. Հովհաննես եկեղեցին, Մխ.Գոշի դամբարանը և այլ հուշարձաններ:

2014թ.-ին ավարտվեց Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Փայլուն աշխատանք, որն իրականացրին այս անգամ հայ մասնագետները: Այս տարիների ընթացքում 10 որմնանկարի համար ծախսվել է 224 մլն դրամ, որից 160 մլն-ը մասնավոր հատվածի ներդրումներն էին:

Ճանաչողական այցերի կազմակերպում

2014թ.-ին մշակվեց մի նոր ծրագիր: Ծրագիրն ուղղված է սահմանամերձ գոտում բնակվող երեխաների կրթական և գիտաճանաչողական զարգացմանը: 2500 երեխաներ հաջորդ տարի պետական ծրագրով կգան մայրաքաղաք Երևան: Երկու օրվա ընթացքում նրանց կներկայացվի համերգային ծրագիր, կկազմակերպվի այց թանգարաններ և թատրոն:

Ոչ մի նման նպատակային ծրագիր մինչ օրս չի եղել: Ծրագրի ժամկետները նախարարությունն ուզում է ընդլայնել, որովհետև շատ կարևոր է, որ մեր բոլոր երեխաները ճանաչեն իրենց երկրի մայրաքաղաքը:

Աննա Կարապետյան