ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

Dana-Wolrath
 Ամերիկահայ  գրող Դանա Ուոլրաթը «Արտբրիջ» գրախանութ-սրճարանում հանդիպեց ընթերցողների հետ: Հեղինակը ներկայացրեց իր «Ինչպես ջուրը  քարին» (Like Water on Stone) գիրքը:
 Ուոլրաթը Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի ժառանգ է։ «Ինչպես ջուրը  քարին»  չափածո վեպում պատմվում է գրողի տատիկի 100 տարի առաջ կատարած ճամփորդության մասին։
   «Տատս մինչև իմ ծնվելն էր մահացել: Տասը տարեկանում մորս հարցրի՝ ինչպիսին էր տատիս կյանքը: Մայրս պատմեց ինձ ցեղասպանության մասին և թե ինչպես է ծնողների  սպանվելուց հետո փոքր քրոջ և եղբոր հետ փախել. գիշերը փախել են, իսկ ցերեկը թաքնվել: Փախուստը ոչ թե մի գյուղից մյուսն էր, այլ Բալուից  (գյուղ Դիարբեքիրում)  Հալեպ»,-պատմում է հեղինակը:
   Ուոլրաթը փորձել է գնալ նախնիների հետքերով, այցելել է Բալու, որտեղից նրա տատն էր. «Գիտեի, որ տատիս ընտանիքը ջրաղացպան է եղել: Բալու գնալու համար մի քիչ թուրքերեն սովորեցի, որ կարողանայի ինձ հուզող հարցերը տալ: Հենց հասա այնտեղ, անընդհատ նույն հարցն էի տալիս՝ այստեղ ջրաղաց կա՞: Ինձ ուղղություն ցույց տվեցին՝ ասելով, որ հատեմ կամուրջն ու գնամ գետի հոսանքի ուղղությամբ…. Հետևելով գետի հոսանքին՝ մտա անտառ, որտեղ էլ տեսա մի ջրաղաց: Հարևան տան թուրքերը հյուրասեր գտնվեցին և մեզ հրավիրեցին թեյելու: Որոշ ժամանակ զրուցելուց հետո ես հարցրի ջրաղացի մասին: Տանտիկինն անկեղծացավ՝ ասելով, որ վաթսուն տարի է այն պատկանում է իր ընտանիքին, բայց մինչ այդ եղել է հայերինը»:
 DSC05548Վեպի  երեք գլխավոր հերոսներից բացի՝  հեղինակը առանձնացնում է նաև չորրորդ հերոսին. «Այս մեկը խոսում է վեպի ողջ ընթացքում: Անիրական մի բան, մի կախարդանք է գալիս պատմության մեջ, փոքրիկների հետ ճամփորդություն է սկսում նաև  մի արծիվ, որը հետևում է նրանց: Կախարդանքի շնորհիվ է, որ ի վերջո չենք իմանում այդ արծիվն  իրական էր, թե մտացածին. միգուցե այն հերոսների նեսում էր»:
  Գրող Ալան Ուայթհորնը, ով Հայաստան է ժամանել Կանադայից, Դանա Ուոլրաթին բնորոշում է որպես գիտնական, բանաստեղծ և արտիստ. «Դանային հանդիպել եմ երկու տարի առաջ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ մենք հարազատ հոգիներ ենք: Երկուսս էլ հայկական արմատներ ունենք, ներկայացնում ենք Սփյուռքը: Տարիների ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչի՞ն ենք պատկանում մենք՝ նոր, թե՞  հին աշխարհի մշակույթին»:
  Դանա Ուոլրաթի  «Ինչպես ջուրը  քարին» (Like Water on Stone) գրքի հիման վրա արդեն նկարահանվել է կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որի հեղինակները ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներն են: Յոթ հոգուց բաղկացած թիմը մոտ մեկ տարի աշխատել է նախագիծն իրականություն դարձնելու համար:
«Անիմացիայում գրքի ամբողջական կոնցեպտը չենք ներառել: Հիմնվել ենք միայն մի քանի տեսարանների վրա, որովհետև ամբողջը հնարավոր չէր տեղավորել քսանչորս րոպեանոց անիմացիայի մեջ: Գիրքն, իհարկե, ընթերցել եմ, բայց կդժվարանամ կարծիք հայտնել. տպավորություններս  արդեն ներառված են անիմացիոն ֆիլմում»,-նշեց ԹՈՒՄՈ-ի  ուսանողուհի Լիլիթ Մինասյանը:
  DSC05561Նախագծի մասնակիցներից Գոհար Դրոշակիրյանն էլ հավելեց, որ աշխատել են ասելիքը տեղ հասցնել երաժշտության միջոցով և ոչ թե սարսափազդու կադրերի. «Փորձել ենք վախի ու սարսափի ճանապարհներով չգնալ, որովհետև դաժանություն ցույց տալը միշտ ավելի հեշտ տարբերակ է: Մեր նպատակը հերոսների ներքին ճանապարհը ցույց տալն էր: Կարծում եմ ՝ ազդեցիկ է ստացվել, քանի որ ողջ ֆիլմի ընթացքում հնչում է նաև հեղինակի ձայնը (պատմությունը կարդում է Դանա Ուոլրաթը)»:
 
 Դանա Ուոլրաթը գիտնական է, մարդաբանության վերաբերյալ առաջատար դասագրքերի համահեղինակ։ Նրա գրքերին ու գիտական թեզերին ծանոթ են նաև Ամերիկայում և Եվրոպայում։ Հեղինակի «Ինչպես ջուրը  քարին» (Like Water on Stone)  գիրքն արժանացել է «Համաշխարհային հանրության համար հռչակավոր գիրք», «Բենք Սթրիթ քոլեջի կրթության լավագույն գիրք» մրցանակներին։
 Ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթի հետ հանդիպումը կազմակերպվել էր «Գրական տապան. ապրիլ» միջազգային փառատոնի շրջանակներում: Այս փառատոնն (ապրիլի 20-29) անց է կացնում Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպութունը: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը: 
                                                                                                                                     Աննա Կարապետյան