«ԱՄԱՌԱՅԻՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ»․ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

amarayin-yntercanutyun-2016
 Ամռան ամիսներին ընթերցասեր մանուկներն ու պատանիները հնարավորություն ունեցան ընթերցելու շուրջ երեք տասնյակ գիրք «Ամառային ընթերցանություն» ծրագրի շրջանակում։
«Զանգակ» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրն այս տարի անցկացվեց երրորդ անգամ։ Ծրագրի համակարգող Մարիաննա Աճեմյանի խոսքով՝ տարեցտարի և երեխաների, և ծնողների, և դպրոցների հետաքրքրությունը մեծանում է։

Այս տարի «Ամառային ընթերցանություն» ծրագիրն ունեցել է շուրջ 400 մասնակից, որից 37-ը ճանաչվել են ակտիվ ընթերցողներ։ Այսօր ծրագրի ամփոփիչ միջոցառման ժամանակ հայտարարվեցին «Լավագույն ընթերցող» ճանաչված 26 երեխաների անունները։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես լավագույն մասնակիցների դպրոցական ընկերները վեց ամիս շարունակ հնարավորություն կունենան ընթերցել «Ամառային ընթերցանության» տնակ-գրապահարանի գրքերը․ գրատնակնեըը կհյուրընկալվեն դպրոցների գրադարաններում։

«Երեք տարի է, ինչ մասնակցում ենք այս միջոցառմանը։ Լավ ընթերցողների շնորհիվ տնակը հյուրընկալվում է մեր դպրոցում։ Չէի ասի, թե բոլորը, բայց ով ընթերցանության հանդեպ սեր ունի, կարդում է, իսկ հետո քննարկումներ ենք կազմակերպում։

Շատ լավ նախաձեռնություն է, ուղղակի պիտի տնակի գրքերի քանակն ավելանա, որ մասնակիցներն էլ շատանան։ Ամեն տարի երկու-երեք գիրք է ավելանում։ Նրանց համար, ովքեր արդեն կարդացել են, այդքան էլ հետաքրքիր չէ»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց թիվ 84 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Ղազարյանը։

«Ամառային ընթերցանության» գրատնակում այս ամառ կար 28 գիրք։ Ծրագրին այս տարի էին միացել Յոհաննա Սփիրիի «Հայդի», Մկրտիչ Արմենի «Գույնզգույն թագավորությունը», Աստրիդ Լինդգրենի «Լյոնեբերգացի Էմիլի նոր չարաճճիությունները» և «Կեցցե՜ Լյոնեբերգացի Էմիլը» գրքերը։

Ընթերցողները կարդացել են գրքերը, մասնակցել քննարկում-հանդիպումների, շնորհանդեսների, բեմականացումների և խաղ-վիկտորինաների։ Ծրագրի կայքում մասնակիցներից յուրաքանչյուրն ունի իր էջը, որտեղ կիսվում է այս կամ այն գրքի մասին տպավորություններով։ Կարդացած գրքերի քանակը, գրած կարծիքները, միջոցառումների ժամանակ ցուցաբերած ակտիվությունը, նախաձեռնողականությունը և այլ հանգամանքներ հաշվի են առնվում «Ակտիվ ընթերցող» և «Լավագույն ընթերցող» ճանաչվելու հարցում։

«Ծրագիրը ես եմ գտել։ Մայրիկիս խնդրեցի, որ միասին գանք, և գրանցվեմ։ Մեծ հաճույքով եմ կարդացել այստեղի գրքերը»,- մեզ հետ զրույցում նշեց «Լավագույն ընթերցողներից» Մանե Առաքելյանը։

Մանեն սովորում է «Վարդանանք» կրթահամալիրում։ «Ամառային ընթերցանություն» ծրագրին մասնակցում է առաջին անգամ։

«Գույնզգույն թագավորությունն» ինձ շատ դուր եկավ։ Նախ հայ էր գրել՝ Մկրտիչ Արմենը, երկրորդն էլ անունները տպավորիչ էին ՝ Մատնիչ, Սրիկա»,- ասում է նա։

Հաջորդ տարի ծրագրում ընդգրկված գրքերը մենակ չի կարդալու։ Մի քանի հանդիպումների գալուց հետո Մանեի փոքր եղբայրը ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին։

Լիլիթ Մինասյանն ու Անահիտ Մանուկյանը Արտեմ Միկոյանի անվան հ․166 դպրոցից են։ Այս տարի են միացել ծրագրին, ճանաչվել «Լավագույն ընթերցող»։ Եվ գրքերը, և հանդիպում-քննարկումները հետաքրքրել են երեխաներին։ Անահիտին գրավել է «Փոքրիկ արքայադուստրը», իսկ Լիլիթին «Հայդին»։

«Գրքերը տարբեր բաներ են սովորեցնում՝ լինել բարի, ընկերասեր և միշտ սովորել։ Հայդին ինձ սովորեցրեց, որ անկախ նրանից, թե որտեղ ես, պետք է սիրես բոլորին»,- նշում է Լիլիթը։

«Ամառային ընթերցանություն» ամենամյա մանկապատանեկան ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին։ Ծրագիրն իրականացվում է ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Աբովյան, Հրազդան, Արմավիր, Էջմիածին, Գյումրի, Ճամբարակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում։

Աննա Կարապետյան