«Ամառային ընթերցանություն». հանդիպում գրքի շուրջ

amarayin yntercanutyun1
   Ամառվա երեք ամիսները մեր մանուկներն ու պատանիները կանցկացնեն գրքի հետ: «Ամառային ընթերցանություն» ծրագիրը նախաձեռնել է «Զանգակ» հրատարակչությունը: Ծրագրի մասնակիցը դառնալու համար շատ բան հարկավոր չէ. 8-18 տարեկա՞ն եք, սիրո՞ւմ եք կարդալ՝ այլ բան հարկավոր չէ: Գնում եք ծրագրի ցանկից մեկ գիրք, ստանում Ձեր անունով քարտ և դառնում ծրագրի ընթերցող: Գրքի ընթերցանությունն  ավարտելուց հետո Ձեր քարտով մոտենում եք ծրագրի 26 կետերից ցանկացածին  ու փոխանակում գիրքը  մեկ ուրիշ գրքով: Ամառային ընթերցանությունն իրականացվում է Երևանում, Ստեփանակերտում և մարզային քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Արտաշատ, Արմավիր, Ջերմուկ,  Հրազդան և  Գորիս:
   Ծրագրում արդեն ներառված է  15 գիրք, այդ թվում Շեքսպիրի «Մակբեթ», «Փոթորիկ», «Ռոմեո և Ջուլիետ», «Ամռան գիշերվա երազը» ստեղծագործությունների վերապատումները՝  հատուկ երեխաների համար. «Թվում է` Շեքսպիր կարդալը դժվար է, բայց պատմությունները փոքր տարիքի ընթերցողին են հարմարեցված. նրանց պատմությունն է գրավում, ոչ թե լեզվաոճական առանձնահատկությունները»,-ասում է «Զանգակ»-ի ծրագրերի ղեկավար Սոնա Մնացականյանը:
   10484741 761114307273733 1676333853 nԳրքերի ցանկում կա նաև դասական մատենաշար, որում ընդգրկված են «Հայդի», «Փոքրիկ տիկիններ», «Գանձերի կղզին» և «Օզի  կախարդը» երկերը: Ռոդարիի՝ վերջերս թարգմանված «Չիպոլինոյի արկածները» և «Ջելսոմինոյի արկածները» նույնպես համալրել են ամառային ընթերցանության ցանկը:
   Շուտով այդ  ցանկի մեջ կընդգրկվի ևս  4 գիրք` «Ալիսը հրաշքների աշխարհում», «Ալիսը հայելու աշխարհում» և հայ երկու հեղինակների ստեղծագործություններ` Նաիրա Եդիգարյանի «Իմ տատիկ Թամթիմարիան» և  Սամսոն Ստեփանյանի «Ֆերդինանտ անունով թռչող վիշապը»:
   Մինչև օգոստոսի 31-ը ծրագրի 26 կետերում տեղի կունենան նաև  հանդիպում-քննարկումներ մասնակից ընթերցողների հետ: Այսօր «Բուկինիստ» գրախանութում կայացավ ծրագրի մասնակիցների առաջին գրական հանդիպումը: Եկել էին նաև փոքրիկներ, ովքեր նոր էին պատրաստվում միանալ  ամառային ընթերցանությանը: Երեխաները նախ ծանոթացան, հետո սկսեցին պատմել իրենց կարդացած գրքերի մասին, իսկ վերջում միասին քվեարկեցին իրենց ելույթների օգտին:
   Ամենաակտիվը 8-ամյա Արեգն էր: Արեգը սովորում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: amarayin yntercanutyunԾրագրին նոր է միացել. «Երեկ մայրիկս ասաց, որ նման բան կա, ուզեցի գալ»:
   Արեգը գիրք կարդալ շատ է սիրում: Արդեն կարդացել է «Չիպոլինոյի արկածները», «Հայդին», «Գանձերի կղզին», «Երկարագուլպա Պեպին», «Ջելսոմինոյի արկածներն» էլ մայրիկն է ընթերցել իր համար. «Սիրում եմ կարդալ չարաճճի երեխաների մասին գրքեր, հատկապես` «Ռոբին Հուդը»»:
  «Զանգակ» հրատարակչության  ծրագրերի ղեկավար Սոնա Մնացականյանի կարծիքով՝ գրական հանդիպումները նպատակ ունեն  գրքի միջոցով և գրքի շուրջ զարգացնել ծանոթություններ ձեռք բերելու մշակույթը: Սոնա Մնացականյանի համար երեխաների հետ աշխատելը հետաքրքիր է. «Նրանք երբեմն այնպիսի բաներ են նկատում, որ ես չեմ նկատել կարդալիս: Օրինակ` «Չիպոլինոյի արկածները» կարդալիս հասկանում էի, որ մի տեսակ չեմ հասնում Ռոդարիի երևակայությանը, իսկ երեխաները  կարողանում են  կարդալ առանց վերլուծելու` տեղ տալով երևակայությանը»:
   Սոնա Մնացականյանը նշում է` մտադիր են ծրագիրը ամենամյա դարձնել և ամեն ամառ անցկացնել ընթերցանություն: Իսկ երբ հարստանա «Զանգակ»-ի` տարիքային մեծ խմբի համար նախատեսված գրքերի քանակը, միգուցե մտածեն նաև նույն ծրագիրը մեծերի համար կազմակերպելու մասին:
   Ամառային ընթերցանության երկրորդ գրական հանդիպումը կկայանա հունիսի 21-ին «Արտ-բրիջ» գրախանութում:
                                           
                                                                                                   Աննա Կարապետյան