Այսօր մեկնարկելու է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը

mrcuyt

   Այսօր` մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը: Մրցույթի հանդիսավոր բացումը կայանալու է Արամ Խաչատրյան համերգասրահում, որի ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007 թվականից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը Ֆրանսիայից: 

   Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից:

   Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի ուղղված կլինի տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի առաջին փուլը տեղի կունենա հունիսի 7-9-ը, երկրորդ փուլը՝ հունիսի 10-11-ը, երրորդ փուլը՝ հունիսի 13-ին: Հունիսի 14-ին կկայանա գալա համերգն ու պարգևատրման արարողությունը։

   Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «թավջութակ» մասնագիտության համար սահմանել է հետևյալ մրցանակները.

◆ 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ,

◆ 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ,

◆ 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար և դափնեկրի դիպլոմ։

   Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգևատրվեն դիպլոմով և 2000 ԱՄՆ դոլար գումարով:

   Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում և անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: