ՀԲԸՄ «Սայաթ-Նովա» միջազգային մրցույթի հաղթողները

agbu artists
    Օրերս հայտնի դարձան ՀԲԸՄ-ն «Սայաթ-Նովա» միջազգային կոմպոզիտորական մրցույթի մրցանակակիրները:  Առաջին մրցանակին է արժանացել Հովիկ Սարդարյանը (21 տարեկան, Հայաստան), երկրորդ մրցանակը ստացել է Ֆան Գորդոն Դիք-լուն  (26 տարեկան, Հոնկոնգ) և երրորդ մրցանակը` Ռիչարդ Մելքոնյանը (24 տարեկան, Մեծ  Բրիտանիա):
    Հովիկ Սարդարյանն արժանացել է ևս երկու մրցանակի` ՀԲԸՄ Կարնեգի Հոլ և  Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մրցանակներին: 
    Նրա «Գողգոթայի ծաղիկներ» ստեղծագործության  պրեմիերան տեղի կունենա մայիսին կայանալիք գալա-համերգի ժամանակ: Այն կկատարվի նաև 2015թ.-ի դեկտեմբերին Carnegie Hall-ում ՀԲԸՄ արվեստագետների ամենամյա համերգի ժամանակ: Նա նաև պատվեր կստանա գրելու 10 րոպե տևողությամբ ստեղծագործություն, որը կկատարի Հայաստանի ազգային նվագախումբը 2016-17 համերգաշրջանում:
    Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական  մրցույթը ստեղծվել է հայկական երաժշտական ավանդույթները ավելի լայն լսարանի ներկայացնելու համար: Այս տարի, ի հիշատակ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի, մրցույթի նախապայմանն էր ստեղծագործություններ ներկայացնել հայ մեծ բանաստեղծ, Մեծ Եղեռնի զոհ Դանիել Վարուժանի բանաստեղծական տեքստերով:
   Մրցույթին հայտեր են ներկայացվել տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բրազիլիայից և 14 աjլ երկրներից: Կոմպոզիտորների 60%ը  չի ունեցել հայկական ծագում:
    Ժյուրիի կազմում են եղել կոմպոզիտորներ Պոլ Մեֆանոն (Ֆրանսիա), Միշել Պետրոսյանը (Ֆրանսիա), Յակով Յակուլովը (ԱՄՆ), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը (Ավստրիա)  և դաշնակահար Ջենի Չային (Չինաստան):  Ժյուրիի խորհրդատու է եղել բանաստեղծ Լոլա Կունդակջյանը, իսկ կոմպոզիտոր և մրցույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Արսենյանը եղել է ՀԲԸՄ Կարնեգի Հոլ մրցանակի խորհրդատու:
    Երեք մրցանակակիրների ստեղծագործությունները` գրված դուդուկի, թավջութակի, դաշնամուրի և մեցցո-սոպրանոյի համար, կներկայացվեն 2015թ.-ի մայիսի 11-ին Նյու Յորքում` մրցույթի գալա-հարգի և մրցանակաբշխության ժամանակ: 
   Սկզբնաղբյուր` ՀԲԸՄ պաշտոնական կայք