«Հայաստանի պատմության թանգարանն անցյալ տարի ունեցել է ավելի քան 150 հազար այցելու». Դավիթ Պողոսյան

«2025 թվականին Հայաստանի պատմության թանգարանի 960-ից ավելի նյութ է ամրակայվել և վերականգնվել: Այդ շարքին է պատկանում նաև թանգարանի մուտքի դիմաց գտնվող Գագիկ 1-ին արքայի արձանի վերարտադրությունը: Ժամանակին բնօրինակը կորսվել է, բայց վերարտադրությունը ժամանակի ընթացքում դարձել է թանգարանի խորհրդանշական նմուշներից մեկը: Այս տարի մենք այն հատուկ ամրակայեցինք, որովհետև գտնվում էր շատ վատ վիճակում»,- ՀՊԹ-ում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց թանգարանի տնօրենի ժ/պ Դավիթ Պողոսյանը: Միջոցառմանը նա ամփոփեց 2025 թվականի ընթացքում թանգարանի կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները,  ինչպես նաև  խոսեց  ընթացիկ տարում սպասվող նշանակալի միջոցառումների մասին:

PAtmutyan tangaran asulis 2

Անցած տարվա գլխավոր իրադարձություններից մեկը Դավիթ Պողոսյանը համարում է միջազգային նախագծերը, որոնց շրջանակում թանգարանը հնարավորություն ունեցավ իր հավաքածուները իր տարածքում համադրել աշխարհում շատ հայտնի թանգարաններից բերված հավաքածուների հետ: Դրանցից էին օրինակ՝ «Հին աշխարհի զուգահեռներում» Հայաստան-Նիդերլանդներ ցուցահանդեսը: Առաջին անգամ Չինաստանից 50-ից ավելի նեֆրիտե հնագիտական նմուշներ, ինչպես նաև «Սրբազան երկխոսություն»  ցուցադրության շրջանակում Լուվրի թանգարանից 16 առարկա հյուրընկալվեցին և համադրվեցին Հայաստանի պատմության թանգարանում»,- մանրամասնեց նա: 

PAtmutyan tangaran asulis 3

2025 թվականը թանգարանի համար բացառիկ էր նրանով, որ 3 միջազգային ցուցահանդես միաժամանակ էր ընթանում:

Տարին տպավորիչ է եղել նաև թանգարանի այցելուների թվով. «Ավելի քան 150 հազար այցելու և սա այն պարագայում, երբ թանգարանի ոչ բոլոր ցուցասրահներ են այժմ հասանելի: Սա աննախադեպ ցուցանիշ է անկախության տարիների մեր վիճակագրության առումով: Այսպիսի ցուցանիշը գրանցվել է 1980-ական թթ-ին»,- համեմատական անցակցրեց Դավիթ Պողոսյանը: Նա հույս հայտնեց, որ այս տարի այցելուների թիվը կավելանա և տարեցտարի էլ ավելի կաճի: «Իհարկե սա մեզ համար մեծ թիվ է, բայց բավարար չէ, որովհետև մեր նպատակներից է՝ տարվա կտրվածքով, դեմոգրաֆիական պատկերի համեմատությամբ, ժողովրդի  առնվազն 10 տոկոսը գա պատմության թանգարան և լինի այս պատերից ներս:

PAtmutyan tangaran asulis 4

Անցյալ տարի թանգարանը հրատարակել կամ նախապատրաստել է հրատարակման 10 գիտական աշխատանք: Հրատարակվել է «Դրամը Հայաստանում» պատկերագիրքը, որովհետև սա այն պատկերագրքերից է, որտեղ մատչելի կերպով ամփոփվում է թանգարանի դրամագիտական հավաքածուն:

Գործարկվել են նոր ձևաչափով գրքույկներ («20 գլուխգործոց քարի դարյան Հայաստանից») պատմական տարբեր ժամանակաշրջաններից, որոնք նախատեսվում է շարունակական դարձնել: «Սա նաև զբոսաշրջիկներին թույլ կտա կարևոր նմուշներից մի ընտրանի ունենալ, որը կտանեն իրենց հետ մեր երկրից և այն կդառնա կրթական մատչելի տարբերակ»:

Իրականացվել է ավելի քան 20 ցուցահանդես (ավելի քան 10 ցուցահադես մասնաճյուղերում): Տարվա վերջում նորարարական նախագիծ էր «Հյուսվող հիշողություններ» ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր թանգարան-ընտանիք համագործակցությամբ:

PAtmutyan tangaran asulis 5

Բացի այս, ըստ Դավիթ Պողոսյանի, նախորդ տարում թանգարանում անցկացվել են 100-ից ավելի տարաբնույթ միջոցառումներ, բանախոսություններ, գրքերի շնորհանդեսներ, համերգներ, կրթական ծրագրեր:

Այս տարի նախատեսվում է ցուցահանդեսներ Բեռլինի «թանգարանային կղզու», Օմանի ազգային թանգարանի, Ճապոնիայի զարգացման հիմնադրամի և այլ գործընկերների հետ Հայաստանում:  

Կշարունակվի մշտական ցուցադրությունների վերաբացումը:

Մեծածավալ ցուցահանդես է նախատեսվում Ակրոպոլիսի թանգարանում, որը նոր կոնցեպտ է բացելու Եվրոպայում: «Առաջին անգամ մինչքրիստոնեական շրջանի 150-ից ավելի առարկաներ հատուկ կերպով կներկայացվեն Ակրոպոլիսի թանգարանում»,- պարզաբանեց թանգարանի տնօրենը:

Իսկ փետրվարին թանգարանում սպասվում է հետաքրքիր բանախոսությունների շարք՝ Լուվրի թանգարանից հրավիրված մասնագետների մասնակցությամբ:

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 161

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: