Կայացավ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» ֆիլմի փակ ցուցադրությունը

Առնվազն տարօրինակ կլիներ, եթե Փարաջանովի 100-ամյակը չկարևորվեր փառատոնին, որի ընթացքում տարբեր տեսանկյուններից, տարբեր ձևաչափերով հայացք է նետվելու նրա արվեստին. հենց այս խոսքերով «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ազդարարեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կինոփառատոնի շրջանակում  ռեժիսորին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։

Ֆիլմի փակ դիտումը կայացավ Երևանի Կինոյի տանը։ Հյուրերը հենց դահլիճի մուտքից էին զգում փարաջանովյան շունչը, իսկ սրահում տեղադրված նուռը խորհրդանշում էր՝ երեկոն փարաջանովյան է։

Es vrejxndir klinem 8 

«Թվում է, թե  էլ ինչ պետք է խոսել մի ռեժիսորի շուրջ, որի մասին ասես ամեն ինչ ասված է, սակայն կինոն ապացուցում է, որ ժամանակն անվերջ խոսակցությունների նոր դիտանկյուններ է առաջ բերում և տարբեր արդիականացումներ տալիս այս կամ այն հարցերին, թեմային կամ նյութին։ Մենք հավատարիմ ենք փառատոնի՝ մշակույթների, քաղաքակրթությունների խաչմերուկ լինելու կարգախոսին։ Ինչպես Փարաջանովն էր տարբեր քաղաքակրթությունների մարմանվորումը, այնպես էլ այսօր նրան նվիրված ֆիլմում կտեսնենք մարդկանց, մտավորականների՝ իբրև հերոսներ, կերպարներ, որոնք հենց այդ տարբեր մշակույթների ներկայացուցիչներն են»,- իր խոսքում նշեց նա։

AVA FILMS-ի, ֆրանսիական LA HUIT-ի և Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ հայ-ֆրանսիական կինոնկարն ունի միջազգային թիմ։ Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող Փարաջանովի ընկերները ֆիլմում խոսում, հիշում էին նրան. Արտավազդ Փելեշյանին, Ատոմ Էգոյանին, Տարսեմ Սինգհին, Չուլպան Խամատովային, Լորա Գուերային, Էմիր Կուստուրիցային, Ժուել Շապրոնին, Ալի Խամրաևին, Լևոն Աբրահամյանին կրկին միավորել էր մեծն ռեժիսորը։

Es vrejxndir klinem 5

Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, հեղինակ Զառա Ջյանը իր խոսքը սկսեց խոնարհումով բոլոր նրանց, որոնք իրենց ներդրումն էին ունեցել ֆիլմում։ Շեշտեց՝ պատմությունը հիմնված է իրական իրադարձությունների վրա, բայց կինոնկարը դասական կենսագրական ֆիլմ չէ։ «Սա ֆիլմի հեղինակի ճանապարհն է, որ նա անցնում է՝ փորձելով գտնել լուծումներ ներկա իրադարձությունների վերաբերյալ, փորձում հասկանալ՝ ինչ ընտրություն անի։ Սերգեյ Փարաջանովը ցանկացած իրավիճակում շարունակում էր աշխատել։ Ստեղծագործում էր նաև բանտում»։

Ջյանի խոսքով՝ դժվարություններ եղել են, նույնիսկ պահ է եղել, որ ֆիլմի նկարահանումները դադարեցրել են, բայց այն շարունակվել է, քանի որ օրհնված նախագիծ է։  Փարաջանովը ռեժիսորին ոգեշնչել է իր օրինակով, երբ անգամ խորհրդային դժվար ժամանակներում չի կորցրել ստեղծագործելու, արարելու ունակությունը։

Es vrejxndir klinem 6

Վրաստանում ծնված հայի մասին ֆիլմում վերջինիս ընկերներն ու գործընկերները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին։ Այն նկարահանվել է Հայաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Լատվիայում։

Ֆիլմը սկսում է հենց մեծանուն ռեժիսորի խոսքերով՝ Հայաստանի, իր դեմ առաջադրված մեղադրանքի, Լեռնային Ղարաբաղի ու այլ թեմաների մասին Փարաջանովի հարցազրույցն է, հետո իր ընկերներն են խոսում։։

«Ես հայ եմ, որը ծնվել է Վրաստանում և հայտնվել եմ ռուսական բանտում ուկրաինական նացիանալիզմի պատճառով»,- այսպես էր իրեն բնութագրում Փարաջանովը, որի հայտնի խոսքերը նույնպես հնչում են ֆիլմում։

«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի կայացմանն աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, CNC, Cine+-ը:

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 89

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: