35 տարի անց «Գայանե» բալետի վերադարձը Մարիինյան թատրոնի բեմ

gayane balet

   ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Օպերայի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ ս/թ հուլիսի 22-ին և 23-ին Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ գիշերների աստղեր» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում թատրոնի բալետային խումբը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի նշանավոր Մարիինյան թատրոնում (ներկայացման լիբրետտոն և բեմադրությունը՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի, բեմանկարչությունը՝ Մինաս Ավետիսյանի, հագուստների ձևավորումը՝ Ռուբինա Հովհաննիսյանի):

   Դիրիժոր – Կարեն Դուրգարյան

   Նվագախումբը - Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ

   Մենապարողներ՝

   Գայանե – Աննա Կոստանյան, Սյուզաննա Փիրումյան
   Արմեն – Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան
   Գիքո – Նարեկ Մարտիրոսյան, Արմեն Գևորգյան
   Նունե – Մերի Հովհաննիսյան, Ժակլին Սարխոշյան
   Կարեն – Էդուարդ Սարգսյան 

   Հուլիսի 23-ի ներկայացումը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Մարիինյան թատրոնի կայքում:

   «Գայանե» բալետը, Վիլեն Գալստյանի բեմադրությամբ, Մարիինյան թատրոնի բեմում վերջին անգամ ներկայացվել էր 1979թ.-ին:

   Հյուրախաղերի իրականացման աշխատանքներում մեծ էր ՀՀ վաստակավոր արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մարիինյան թատրոնի հրավիրյալ դիրիժոր Կարեն Դուրգարյանի (ով նաև Մարիինյան թատրոնի ներկայացումների դիրիժորն էր), թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի և Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի  ջանքերը:

   Ավելի քան յոթ տասնամյակ «Գայանե» բալետն իր հաղթարշավն է շարունակում ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում, ինչի վառ վկայությունն է Մարիինյան թատրոնում  պետերբուրգյան խստապահանջ հանդիսատեսի և բալետային քննադատների բարձր գնահատականը հայկական բալետին: «Գայանե» բալետը ներկայացվել է մենակատարների երկու խմբով: Ներկայացումների ավարտին ռուս հեղինակավոր բալետային քննադատների կողմից առանձնահատուկ բարձր գնահատականի է արժանացել հայ արտիստների կատարողական վարպետությունը: Մեծապես արժևորվել է նաև «Գայանե»-ի բալետային ժամանակակից պահանջներին համահունչ մատուցումը:

     Ներկայացումների ավարտին Մարիինյան թատրոնի խստապահանջ հանդիսատեսն ավելի քան կես ժամ շարունակ ծափահարում էր հայ արտիստներին:

   Ներկայացոմների առիթով իր գոհունակությունն է հայտնել նաև թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, աշխարհահռչակ Վալերի Գերիևը: Վերջինս առաջարկել է, որպեսզի համագործակցությունը լինի շարունակական: