«18-33. արդի հայ պոեզիա»

03.04.i
    «18-33. արդի հայ պոեզիա» անթոլոգիան ակնհայտ ապացույցն է այն բանի, որ գրական դաշտը, չնայած թերահավատների կարծիքներին, գոյություն ունի, աչքի է ընկնում հեղինակների, աշխարհզգացողության և ոճերի բազմազանությամբ: Պոեզիայի անթոլոգիան տրամաբանական շարունակությունն էր երեք տարի առաջ հրատարակված «18-33. արդի հայ արձակ» ժողովածուի: Սրանք Համազգային հայ կրթական և մշակութային միության հուսանք շարունակական մտահղացումն են:
    Անթոլոգիայի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 3-ին, «The club» ակումբում՝ պոետիկ, մտերմիկ մթնոլորտում: Ներկա էին ոչ միայն երիտասարդ հեղինակներ, որոնց ներկայությունը տրամաբանական էր կարծես թե, այլև գրական և գրաքննադատական երկար ճանապարհ անցած անձինք՝ Լևոն Անանյանը, Դավիթ Մուրադյանը, Ազատ Եղիազարյանը, Ազատ Գասպարյանը և այլք: «Երիտասարդական պոեզիայի բազմաթիվ անթոլոգիաներից, որոնք լույս են տեսել վերջին 7 տարիներին Հայաստանում, սա, թերևս, լավագույնն է: Տարիքային սահմանափակումն, իհարկե, իր գործն անում է (ոմանք դուրս մնացին), բայց կարծեմ` այս անթոլոգիան միտված է ավելի շատ ներկայացնելու պոեզիան ու բանաստեղծությունը, քան հեղինակին: Այս առումով նույնպես այս գիրքը շահեկանորեն տարբերվում է այլ անթոլոգիաներից»,-նշեց բանաստեղծ Էդուարդ Հարենցը:
    Ժողովածուն ներառում է Վահե Արսենի, Աշոտ Գաբրիելյանի, Տաթևիկ Խուրշուդյանի, Էդուարդ Հարենցի, Անահիտ Հայրապետյանի, Կարեն Անտաշյանի, Աննա Դավթյանի, Նարե Հովհաննիսյանի, Հասմիկ Սիմոնյանի, Մարիամ Կարապետյանի, Մանե Գրիգորյանի, Ռուզաննա Ոսկանյանի և Տաթև Չախչախյանի լավագույն բանաստեղծությունները: Ընտրությունը կատարել են գրքի խմբագիրները՝ Արքմենիկ Նիկողոսյանը և Լիլիթ Գալստյանը: