ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԵՐԵՆԻՑ ԻՍՊԱՆԵՐԵՆ

SpainMap
    Արարատ Ղուկասյան 

    «Արարատ» Հայկական Միության նախագահ
    «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր

      ՆԱԽԱԲԱՆ  

    Հետազոտությունը, որը ներկայացվում է ընթերցողի դատին, կատարվել է հայաքիչ մի երկրում, որտեղ թերևս (կամ դեռևս) բավականաչափ ծանոթ չեն հայկական մշակույթին և առավել ևս՝ հայ գրականությանը: Սա գուցե մեր՝ հայերիս թերացումն է, սակայն պետք է խոստովանել, որ վերջին ժամանակներս հայկական մշակույթը հավուր պատշաճի ներկայացվում է տեղաբնակ հասարակությանը, և մոտ ապագայում այն իր ուրույն տեղը կունենա օտարալեզու մշակույթների խճանկարում:
    Աշխարհում ավելի քան 600 միլիոն մարդ խոսում է Սերվանտեսի լեզվով: Որպես մայրենի լեզու օգտագործող մարդկանց քանակով այն երկրորդն է աշխարհում՝ չինարենից հետո:  Իսպաներենը կամ կաստեյանոն ՄԱԿ-ի 6 առանցքային լեզուներից մեկն է և պետական լեզու է համարվում 24 երկրում: Վերջին 10 տարիների ընթացքում գրքարտադրությունն Իսպանիայում, ընդ-հանուր առմամբ, փոփոխական վայրիվերումների է ենթարկվել: Այսպես, օրինակ՝ 2006 թ. տպագրվել է 87.440, իսկ 2010 թ.՝ 114.459 անուն գիրք: Իսկ նախորդ տարվա համեմատ գրատպությունն ավելացել է 117%-ով: Սա խոսում է այն մասին, որ ֆինանսական ճգնաժամն այնքան էլ նշանակալի ներգործություն չի ունեցել գրքարտադրության վրա:  Գրքերը մեծամասամբ տպագրվում են Իսպանիայի դոմինանտ լեզվով՝ կաստեյանոյով (70%), թեև տպագրվել են գրքեր նաև կատալաներենով (15%), վալենսիանոյով (10%) և մյուս դիալեկտներով (5%): Յուրաքանչյուր անուն գրքի միջին տպաքանակը հասնում է մոտ 2.500-ի:
    2010 թ. դրությամբ Իսպանիայում գոյություն ունի 3473 հրատարակչատուն, որոնցից միայն 540-ն են հասարակական:
    Իսպանիայում ամեն տարի տպագրվող գրքերի մոտ 30%-ը թարգմանություններ են: Դրանց մեծ մասը, մոտ 60%-ը, թարգմանվում է անգլերենից, 40%-ը՝ մնացած լեզուներից: 
    Այս տվյալներն արձանագրել է Վիճակագրության Ազգային Ինստիտուտը: Կարծում եմ, արդեն հասկանալի է, թե հայերենից թարգմանված գրքերը տոկոսային ի՛նչ ցուցանիշ են արձանագրում Իսպանիայում: 

    Հայերենից իսպաներեն թարգմանված գրականություն
    Հայերենից իսպաներեն կատարած թարգմանչական գործը հարուստ ավանդույթներ չունի, չնայած որ երկու ժողովուրդների պատմական անհիշելի անցյալն իրականում պիտի որ հակառակն ապացուցեր: Ինչևէ, այս բացը թերևս գալիս է նրանից, որ Իսպանիայում հայկական գաղթօջախը խոր արմատներ չունի և չի էլ ունեցել: Դեռևս 15-16-րդ դդ. իսպանական Կադիս քաղաքում հաստատվել էին հայ առևտրականներ, ովքեր յուրօրինակ մի հայկական համայնք էին ստեղծել՝ շնորհիվ այն նվիրատվությունների, որոնք նրանք արել էին Սանտա Մարիա եկեղեցուն: Հենց նույն եկեղեցում ստեղծվում է «Հիսուս Նազովրեցի» հայկական եղբայրությունը, որը մեծ դեր է ունենում քաղաքի սոցիալ-մշակութային և կրոնական կյանքում: Այդուհանդերձ, հայկական գաղթօջախ և, հետևաբար, հայկական համայնք, որպես այդպիսին, այնուամենայնիվ, Իսպանիայում չի ստեղծվում ընդհուպ մինչև XX դարի վերջերը և XXI դարի սկզբները: Անշուշտ, հայերենից իսպաներեն թարգմանված աշխատանքները մեծագույն դեր են խաղում (և կարող են առավելագույնս խաղալ, եթե հիմք դրված ավանդույթը շարունակվի) ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև իսպանական շրջանակներում, որտեղ  քիչ են իրազեկ հայ գրականությանը: Այլ է պատկերն իսպանախոս այլ երկրներում, ասենք՝ Արգենտինայում կամ Ուրուգվայում, ուր համեմատաբար ավելի շատ գործեր են թարգմանվել հայերենից: Սա, իհարկե, խոսում է Լատինական Ամերիկայի երկրներում հայկական հզոր և բազմամյա համայնքների մասին:

           ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ  ՇՈՒԿԱՆ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
 ՀԱՅԵՐԵՆԻՑ ԻՍՊԱՆԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ 
      Իսպանիայում բնակվող հայ մտավորականների, այսպես ասած՝ «որսը», սկսվեց 2008 թվականից, երբ իմ իսկ խմբագրությամբ հիմնադրվեց երկրում առաջին և ցայսօր միակ հայատառ թերթը՝ «Հայրենիք» շաբաթաթերթը, որի էջերից մեկն անվանվում է «Հայերն Իսպանիայում»: Այս էջում զետեղվում են իսպանահայությանը և իսպանաբնակ հայ մտավորականությանը վերաբերող նյութեր: 
    Արա Սիմոնյանի գործունեությունը առանձնակի տեղ է գրավում մեր պարբերականում, որի «Գրական էջում» տպագրվում են նաև հայ բանաստեղծի ստեղծագործությունները: 
    Արա Սիմոնյան «Հուսո կանթեղ» /Ara Simonyan “Lucerna de esperenza” / բանաստեղծությունների ժողովածուն Հայաստանում լույս է տեսել 1993 թ.: Տպագրվել է 2003 թ. Մերիդայի Artes Gráficas Boysu s.l. հրատարակչատանը: 
    Ստեղծագործությունները թարգմանել են՝ գրող, բանաստեղծ, երգահան, Մերիդայի Երգչախմբի դիրիժոր Մանուել Դոմինգես Մերինոն և ուսուցչուհի, բանաստեղծուհի, Մերիդայի Բանաստեղծների և Մադրիդի «Պրոմեթևս» միությունների անդամ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Անա Կաստիյո Մորենոն:  
    Արա Սիմոնյանը ծնվել է 1953 թ. Վանաձորում: Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: Այնուհետև սովորել է Թատրոնի դպրոցում, իսկ 1975 թ. ավարտել Մանկավարժական ինստիտուտը՝ գրականագետի և լրագրողի մասնագիտությամբ: Նույն թվականին նշանակվել է «Կայծ» թերթի Մշակույթի և Գրական բաժնի ղեկավար: 1991-1995 թթ. ընթացքում հիմնել և խմբագրել է «Առավոտ լուսո» թերթը: Գրել է բանաստեղծություններ, պիեսներ, պատմվածքներ և 100-ից ավելի հոդվածներ: 2000 թ. ի վեր բնակվում է Իսպանիայի Մերիդա քաղաքում: Անդամ է Հայաստանի և Մերիդայի Գրողների միությունների:
     “Lucerna de esperanza” գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2010 թ. Միսլատայի (Վալենսիա) Մշակույթի Կենտրոնում՝ «Արարատ» Հայկական Միության նախաձեռնությամբ: Ուրախությամբ պետք է արձանագրել, որ նման շնորհանդեսներն իրապես օգնում են հայկական մշակույթի, ընդհանրապես, և հայ գրականության, մասնավորապես, ծանուցմանն ու զարգացմանը իսպանական շրջանակներում: Արա Սիմոնյանի բանաստեղծությունների ժողովածուն մի հիանալի հնարավորություն էր՝ ներկայացնելու հայ բանաստեղծությունը: Հատկանշական է, որ իսպանական գրականության մեջ բանաստեղծության ժանրում այնքան էլ ուշադրություն չի դարձվում ռիթմին և հանգավորմանը: Ի տարբերություն հայ բանաստեղծությանը, իսպանական բանաստեղծության ցանկացած տող մեծատառով չի սկսվում, եթե նախորդ տողում վերջակետ չի դրված: Այս առումով Արա Սիմոնյանի ստեղծագործության թարգմանությունը մեծ դժվարություններ չի հարուցում:
 
    Տարբեր են նաև թեմաները. եթե հայ բանաստեղծության մեջ հեղինակը կարող է երգել բնություն, գարուն, ամառ, աշուն, ձմեռ, հայրենիք, սեր, կարոտ, թախիծ և այլն, ապա իսպանական բանաստեղծության մեջ տարվա եղանակներից միայն ցայտուն կերպով է արտահայտվում ամառը, իսկ բնության մեջ՝ ծովը, ծովափն ու արևը: Բնակլիմայական այս պայմաններից է ծնվում նաև սերը, որը գրեթե սահմաններ չի ճանաչում և մերկ է ներկայանում ընթերցողին:  

    Հայ բանաստեղծությունն իսպաներեն թարգմանելու հանճարեղ գործ է կատարել 1915 թ. Արևմտյան Հայաստանում ծնված և ցեղասպանությունից մազապուրծ արգենտինահայ Ստեփան Քալեջյանը, ով թարգմանել է 21 հայ դասական բանաստեղծների հանրաճանաչ գործերը: Նրա “Las montañas doloridas” աշխատությունը լույս է տեսել Բուենոս Այրեսում 2003 թ.: 
    Հայ բանաստեղծության իսպաներեն թարգմանված հիանալի օրինակ է նաև Ասյա Եղիազարյանի «Մտորումներ» բանաստեղծությունների ժողովածուն, որը թարգմանվել և տպագրվել է Հայաստանում, թեև ժողովածուի շատ ստեղ-ծագործություններ գրվել են Իսպանիայում: Գիրքը երկլեզու է: 
 
    Հայ արձակ ստեղծագործության թարգմանության ոլորտում հիանալի ու աննախադեպ աշխատանք է կատարել մեր հայրենակից Անի Խաչատրյանը, ով իսպաներեն է թարգմանել Նար-Դոսի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Թումանյանի և Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործությունները: «Հայ գրականության տեսություն» («Antología de la literatura armenia») վերտառությամբ այս գիրքը սկսվում է հայ ժողովրդի պատմության և գրականության կարևորագույն դեպքերի ու դեմքերի ակնարկով, որին հաջորդում են գրողների ստեղծագործությունները.
Նար-Դոս «Ես և նա» - Nar-Dos “Yo y él”
Ավետիք իսահակյան «Փողի համը» - Avetik Isahakyan “El sabor del dinero”
Ավետիք Իսահակյան «Այդ ոչինչը ես եմ» - Avetik Isahakyan “Ese nada soy yo”
Հովհաննես Թումանյան «Գիքորը» - Hovhannes Tumanyan “Guiqor”
Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը» - Derenik Demirchyan “La persona que sobraba”
   Ստեղծագործություններին հաջորդում են հեղինակների հակիրճ կենսագրականները:
  Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, ապա ժամանակն է, որպեսզի հայ պատմաբաններն ավելի համարձակ գործեն: Իմ կարծիքով, ժամանակն է արդեն համարձակորեն նշել, որ Հայաստանը ոչ թե քաղաքակրթության օրրաններից մեկն է եղել (միայն 6000 տարվա պատմությամբ), այլև մարդկային քաղաքակրթության առաջին օրրանն է (եթե աշխարհի ամենահին կոշիկը, շրջազգեստն ու գինու պահեստներն արդեն իսկ 6000 տարեկան են, ապա ևս քանի՞ տարի էր հարկավոր տեղաբնակներին նման արվեստի նմուշներ մեզ նվիրելու համար): Մնում է միայն նորացնել մեր պատմագրու-թյունը, որպեսզի թարգմանիչներն էլ մեր պատմությանը վերաբերող ճիշտ փաստեր հրամցնեն համաշխարհային պատմագիտությանը: Խոսքս մասնավորապես ուղղված է նաև Անի Խաչատրյանին, ով, պարզ է՝ պատմության մասնագետ չէ և թարգմանել է այն, ինչ գոյություն ունի:
    Մինչ Անի Խաչատրյանի գրքի շնորհանդեսը, Միսլատայի Մշակույթի Կենտրոնում ներկայացվել էր նույն Carena հրատարակչատանը տպագրված Մարկ Մորտեի «Արարատի զավակները» («Los hijos del Ararat») գիրքը, որն Իսպանիայում տպագրված Հայոց Ցեղասպանության վերաբերյալ առաջին վեպն է: Հենց նույն բարեկամների շնորհիվ է հնարավոր դառնում իրագործել այն բոլոր գաղափարները, որոնք նպաստում են հայ գրականության ներկայացմանը օտար երկրում: Մարկ Մորտեի հետ ծանոթությունն, իր հերթին, հնարավոր դարձավ նույն հրատարակչատան խմբագիր, գրող Խոսե Մեմբրիվեի միջոցով:
    Հայոց պատմության իսպաներեն թարգմանված ամենացայտուն օրինակը Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» աշխատությունն է՝ թարգմանությամբ Ռուբեն Արծրունու: “HISTORIA DEL PUEBLO ARMENIO”-ն իսպաներենով երբևէ հրատարակված ամենաընդհանրական գիրքն է հայերի հարուստ և բազմադարյա պատմության վերաբերյալ: Ուրախությամբ պետք է նշել, որ այս գրքում արդեն նկատելի են այն համարձակ կարծիքները, որոնց մասին վերոհիշյալ հիշատակվել էր և որոնք պարզապես անհրաժեշտություն են պատմությունը ճիշտ ներկայացնելու, իրադարձություններն իրենց անուններով կոչելու և, ըստ այդմ, հասարակությանը իրազեկ պահելու այն խնդիրների մասին, որոնք առկա են պատմագիտության մեջ:
    Գրքի հեղինակ Աշոտ Արծրունին (Արծրունի Դուլյան) ծնվել է 1902 թվականին Քանաքեռում: Սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: 15 տարեկանում ընտրվել է Հայաստանի Ուսանողների միության, իսկ մեկ տարի անց՝ Անդրկովկասի Ուսանողների Ֆեդերացիայի նախագահ: Եղել է XX դարի հայ մտավորականության առաջին սերնդի ցայտուն ներկայացուցիչներից մեկը:
    1917 թ. ընդգրկվել է ՀՅԴ շարքերը, մասնակցել Բաշ-Ապարանի ճակատամարտին: 1921 թ. հոր՝ Քանաքեռի գյուղապետ Գևորգ Դուլյանի հետ միասին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: 1924 թ. մեկնում է Փարիզ և հաստատվում այնտեղ Արտաշես Սիրույան կեղծանվամբ: Ֆրանսիայում գտնվելու տարիներին ակտիվորեն մասնակցում է Հայկական Հարցի լուսաբանման աշխատանքներին, տպագրվում Փարիզի «Յառաջ» և Բոստոնի «Հայրենիք» թերթերում: Այնուհետև հաստատվում է Բուենոս Այրեսում, որտեղ խմբագրում է «Արմենիա» օրաթերթը, ապա հիմնում Հարավային Ամերիկայի հայկական համայնքների լրագիրը: 1965 թ., 20-ամյա երկարատև ուսումնասիրությունից հետո, հրատարակում է «Հայ ժողովրդի պատմություն» աշխատությունը: Մահացել է 1979 թվականին Բուենոս Այրեսում:
    2010 թ., Սեդա Ղազարյանի հեղինակությամբ, լույս տեսավ Իսպանիայում առաջին հայերեն-իսպաներեն բառարանը, որը պարունակում է 70.000 բառ: Այս հաստափոր բառարանի կազմմանը հեղինակի հետ մասնակցել են նաև նրա ընտանիքի անդամները՝ ամուսինը՝ Հակոբ Բեբեքյանը և երկու զավակները՝ Կարեն և Քրիստինե Բեբեքյանները:

       Թարգմանություններ այլ լեզուներից
    Հայկական իրականությանն ու ավանդույթներին վերաբերող գրքեր են թարգմանվել նաև այլ լեզուներից: Այդ աշխատությունները մեծամասամբ ազգությամբ հայ հեղինակների գրչին են պատկանում: Նմանատիպ հիանալի թարգմանություն է Անրի Վերնոյի «Մայրիկ» ստեղծագործությունը, որը ֆրանսերենից իսպաներեն է թարգմանել Նելլի Բելուզին: Գիրքը տպագրվել է 1987թ.:
    2003 թ. Նորա Գուտմանի գերմաներենից իսպաներեն թարգմանությամբ լույս է տեսնում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Իսկ ահա 2005 թ. Անա Իսաբել Կոնեխոն ֆրանսերենից թարգմանում է Ռենե Սյուլաշջյանի «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները» ժողովածուն, որը կարծես թե հայկական մշակույթի այլընտրանքային մի դրսևորում էր, ցեղասպանության թեման շրջանցող կարևորագույն փաստաթուղթ:
  Իսպաներեն են թարգմանվել նաև հայկականությամբ շնչող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները «Մարդկային կատակերգություն» (2004 թ., թարգմանիչ՝ Խավիեր Կալվո), «Իմ անունն է Արամ» (2005 թ., թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Յորետ), «Ուեսլի Ջեքսոնի արկածները» (2006 թ., թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Յորետ):
   Վերոհիշյալ թարգմանություններից բացի, Իսպանիայում հրատարակվել են նաև գրքեր, որոնց բովանդակությունը Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական իրականության մասին է: Բնական է, որ իսպանացի հեղինակների թարգմանություններն այս կամ այն կերպ պայմանավորված են հայերի և Հայաստանի հետ շփումներով, որոնք առանցքային դեր են խաղացել այդ ստեղծագործությունների լույս աշխարհ գալու ճանապարհին: Այս հարաբերություններն ինչ-որ չափով նաև թարգմանական դեր են խաղում, քանզի հայ-իսպանական մշակութային, սոցիալական և քաղաքական հարաբերությունները հնարավոր են միայն «թարգմանիչների» ու միջնորդների միջոցով:
    Այսպես ահա, Մարկ Մորտեն «Արարատի զավակները» վեպը գրելու համար, ճանապարհորդել է Հայաստան, երկար ժամանակ բնակվել Ստամբուլում, մեկնել ԱՄՆ՝ ցեղասպանություն վերապրած հայուհու հետ հանդիպելու համար: Բարսելոնում հեղինակը սերտ հարաբերությունների մեջ է հայերի և, մասնավորապես, թարգմանչուհի Անի Խաչատրյանի հետ: «Արարատի զավակները» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Միսլատայի Մշակույթի կենտրոնում՝ «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ:
    Իսպանական շրջանակներում մեծ հետաքրքրություն առաջացրեց Խոսե Անտոնիո Գուռիարանի «Հայեր. մոռացված ցեղասպանություն» (2009) աշխատությունը, որը ծնունդ առավ իր իսկ հեղինակությամբ լույս տեսած «Ռումբը» (1982) գրքի հիման վրա: Հիշեցնենք, որ Գուռիարանը վիրավորվել էր «Ասալայի» կողմից Մադրիդում տեղակայված ռումբից, որն էլ առիթ է հանդիսացել վերոհիշյալ ստեղծագործության հրատարակմանը: Գուռիարանն իր ստեղծագործության մեջ խստորեն դատապարտում է մերժողականության քաղաքականությունը և հորդորում իսպանական կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Գիրքն արդեն թարգմանվել է ռուսերեն:
    Նմանատիպ ստեղծագործություն է Գոնսալո Հերնանդես Գուարչի «Հայկական տոհմածառ» (2002) գիրքը, որը վերջերս թարգմանվել է հայերեն:
    Ցավոք պետք է նշել, որ իսպանական շրջանակներում հնարավոր է, որ ձևավորվի այն կարծիքը, թե ցեղասպանությունը մշակույթ ստեղծելու թեմա է հանդիսանում մեր՝ հայերիս մոտ: Այս վտանգավոր տեսակետը կարող է հանգեցնել նրան, որ իսպանացի մտավորականները հայկական իրականությունը պատկերող ցանկացած արվեստի գործ «համեմեն» ցեղասպանության երանգով: Ավելի հակիրճ ձևավորելով միտքս՝ կստացվի այնպես, որ հայ ասելով՝ իսպանացին անմիջապես կմտաբերի ցեղասպանության փաստը:
    Մյուս կողմից, իսպանական դասագրքերում և գրեթե ոչ մի հանրագիտարանում չի հիշատակվում Հայոց Ցեղասպանության մասին: Նաև պետք է նշել, որ Սապատերոյի նախորդ թուրքամետ իշխանությունը, որը «Քաղաքակրթությունների Դաշինք» էր ստեղծել հենց Թուրքիայի անմիջական առաջնորդությամբ, արդեն մերժել էր Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունումը:
    Իսպանական դասագրքերը չեն հիշատակում նաև Հայաստանի` առաջին Քրիստոնեական երկիր լինելու փաստը: Այս և նման այլ հակասությունները վկայում են թույլ տեղեկատվական դաշտի, որոշ դեպքում նաև՝ ապատեղեկատվության մասին: Իսկ թույլ տեղեկատվական դաշտը պայմանավորված է թարգմանական ասպարեզի (այս դեպքում՝ հայերենից իսպաներեն) ցածր մակարդակով: Որպեսզի հայկական բազմադարյա ու հարուստ մշակույթը հավուր պատշաճի ներկայանա իսպանական շրջանակներում, առաջին հերթին անհրաժեշտ է թարգմանել մեր գրականության հնագույն, միջնադարի և ոսկեդարի գրական ահռելի ժառանգությունը:
    Հայաստանը բացահայտելու հանճարեղ փորձ է կատարել գրող, լրագրող Խոսե Մարիա Կալը, ով հեղինակել է «Հայաստան. հպարտություն և կիրք» զբոսաշրջության ձեռնարկը: Այս ընդհանրացնող աննախադեպ աշխատանքն իր էջերում ընդգրկում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ Արցախի պատմությունը, տեսարժան վայրերը, պատմամշակութային հուշարձանները, հասարակական վայրերը, խոհանոցը, մի խոսքով այն ամենը, ինչ ասել է Հայաստան և հայ ժողովուրդ: Հարկ է նշել, որ մինչ օրս Իսպանիայի գրադարաններում և գրախանութներում կարելի էր գտնել գրեթե բոլոր երկրների զբոսաշրջության ձեռնարկներ, բացի Հայաստանից: Ահա այս բացը լրացրեց Խոսե Մարիա Կալը: Իսկ դրանում նրան օգնել են «թարգմանիչները»՝ նրա հայ ընկերները և առաջին հերթին՝ հայուհի կինը: հեղինակն անձամբ մի քանի անգամ եղել է Հայաստանում, հավաքագրել անհրաժեշտ փաստաթղթեր, եղել երկրի գրեթե ամեն մի անկյունում, լուսանկարել անհրաժեշտ տեսարաններն ու հուշարձանները, ծանոթացել հայկական խոհանոցին ու հայ մարդու կենցաղին: Գիրքը տպագրվել է 2011 թ.: «Արարատ» միության նախաձեռնությամբ գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել սույն թվականի մայիսին՝ Հայ Գրատպության 500-ամյակի առիթով (թեև գիրքը հայատառ չէ, բայց նրա էջերում ամեն ինչ շնչում է հայերենով):

        ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  Եթե հաշվի չառնենք հայազգի հեղինակների (Անրի Վերնոյ, Վիլյամ Սարոյան) ստեղծագործությունների այլ լեզուներից իսպաներեն թարգմանությունները, ապա հայերենից միջնորդ լեզվով իսպաներեն թարգմանված միակ աշխատությունը Ռենե Սյուլաշջյանի «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները» (Reine Cioulachtjian “Cuentos y leyendas de Arenia” – Anaya – 2005) ժողովածուն է: Այն ֆրանսերենից իսպաներեն է թարգմանել կենսաբան, բանաստեղծուհի, թարգմանչուհի, բազմաթիվ ստեղծագործությունների և թարգմանությունների հեղինակ Անա Իսաբել Կոնեխոն:
    Անա Իսաբել Կոնեխոն ծնվել է 1970 թ. Տառասայում (Բարսելոնա): Ուսանել է Լեոնի համալսարանի Կենսաբանական ֆակուլտետում: Այնուհետև ուսումը շարունակել է Շոտլանդիայում և Ֆրանսիայում:
 
    ՀԱՅԵՐԵՆԻՑ  ԻՍՊԱՆԵՐԵՆի  ԹԱՐԳՄԱՆԻՉՆԵՐ     
tarmanich-1    Մանուել Դոմինգես Մերինո – Ծնվել է 1924 թ. հուլիսի 21-ին Նոգալեսում (Բադա-խոս), մահացել՝ 2008 թ. ապրիլի 14-ին Մերիդայում (Բադախոս), 83 տարեկան հասակում: Հինգ զավակների հայրը եղել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ, երգահան, սիրիժոր, բազմաթիվ հնա-գույն գրությունների վերականգնող: Նա վերականգնել է Սանտա Էուլալիայի օրհներգը, որը ներկայացվել է 2004 թ., ինչպես նաև բազմաթիվ շարա-կաններ: Պարգևատրվել է Մերիդա քաղաքի Ոսկե շքանշանով: Նրա անունով է կոշվում իր ծննդավայր Նոգալեսի Մշակույթի Տունը: Մանուել Դոմինգես Մերինոն եղել է Մերիդայի գրողների Միության անդամ, որտեղ էլ ճանաչել է մեր հայրենակից Արա Սիմոնյանին: Հենց այդ ծանոթությունն էլ առիթ է հանդիսացել վերջինիս գրքի թարգմանմանը: Թարգմանությունը կատարվել է բարեգործական հիմունքներով: Շնորհանդեսներից ստացված ողջ հասույթը տրամադրվել է գրքի հեղինակին:

targmanich-2    Անա Կաստիյո Մորենո – Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է. Oliva de la Frontera de Poesía (1996), Մեծահասակների Միության XI մրցույթի I մրցանակակիր (1996), “José de Espronceda” բանաստեղծության VI մրցույթի II մրցանակակիր (1998), “Cilanco” բանաստեղծական մրցույթի I մրցանակակիր (1999), “Emilio Murcia” գրական մրցույթի III մրցանակակիր (1999):
    “Gallos Quiebran Albores” և “Prometeo” միությունների անդամ է: Ներկայումս բնակվում և ստեղծագործում է Մերիդայում: Աշխատում է տեղի միջնակարգ դպրոցում, որպես Լեզվի ուսուցչուհի:  
 
targmanich-3    Անի Խաչատրյան- ծնվել է 1986 թ. Գյումրիում: Նախնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: Դպրոցին զուգահեռ հաճախել է երաժշտական դպրոց, ուսանել դաշնամուր և սոլֆեջո: 14 տարեկանից բնակվում է: Այժմ ուսանում է Բարսելոնայի Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետում, միաժամանակ աշխատում է օտարերկրացիների հարցերով գրասենյակում: Անի Խաչատրյանը «Հայաստանի բարեկամներ» միության անդամ է և համագործակցում է «Արարատ» Միության հետ: Նրա աշխատությունը լավագույն միջոց է հայ գրականությանը, հայկական իրականությանն ու ավանդույթներին ծանոթանալու համար: Թարգմանությունը կատարվել է բարեգործական հիմունքներով: Իսկ տպագրության բոլոր ծախսերը հոգալու համար, իրականացվել են մի քանի շնորհանդեսներ Վալենսիայում և Բարսելոնայում:

targmanich-4    Ռուբեն Արծրունին (Ռուբեն Սիրույան) Աշոտ Արծրունու որդին է: Ծնվել է 1931 թ. Փարիզում: 1938 թ. ի վեր բնակվում է Բուենոս Այրեսում: Շուրջ չորս տասնամյակ աշխատել է բանկային համակարգի միջազգա-յին առևտրի մասնաբաժնում: 1947 թ. սկսում է զբաղվել քաղաքականությամբ՝ ընդ-գրկվելով Հայ Երիտասարդների Միության շարքերը: 1956 թ.-ից ՀՅԴ անդամ է: Լրագրողական աշխատանքն սկսել է 1950-ականներին: Եղել է «Կամք» ամսագրի և «Երիտասարդության ձայնը» ռադիոալիքի տնօրեն: 1970 թ. եղել է «Արմենիա» թերթի իսպաներեն բաժնի խմբագիր, իսկ 1993-2005 թթ.՝ տնօրեն: Իսպաներեն է թարգմանել մեծ թվով հոդվածներ ու աշխատություններ ֆրանսերենից, հայերենից, անգլերենից, իտալերենից և պորտուգալերենից: Ներկայումս բնակվում է Բուենոս Այրեսում և հաճախ տպագրվում մամուլում:
 
targmanich-5    Սեդա Ղազարյանը ծնվել է 1955 թ. Երևանում: Նախնական կրթությունն ստացել է տեղի թիվ 65 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Մշակույթի ֆակուլտետի Մատենագիտության և Գրադարանավարության բաժնում: Ուսումն ավարտելուց հետո աշխատել է Հայաստանի տարբեր դպրոցներում, որպես ուսուցչուհի և գրա-դարանավարուհի: 2000 թ. ի վեր Բեբեքյան-Ղազարյանների ընտանիքը հաստատվում է Իսպանիայի Վալենսիա քաղաքում: 2007 թվականից Սեդա Ղազարյանը «Արարատ» Հայկական Միության անդամ է և Մայրենի լեզու է դասավանդում միության ստեղծած և նրա հովանավորության տակ գտնվող կիրակնօրյա հայկական դպրոցում:

     ՄԻՋՆՈՐԴՆԵՐ
    Հայերենից իսպաներեն թարգմանական գործում, անշուշտ, մեծ դեր են կատարում միջնորդները: Շատ դեպքերում հենց իրենք, միջնորդները, հանդես են գալիս որպես թարգմանիչներ:
    Արա Սիմոնյանի «Հուսո կանթեղ» բանաստեղծությունների ժողովածուի թարգմանության գործում միջնորդներ են հանդես եկել հենց թարգմանիչները՝ Մանուել Դոմինգես Մերինոն և Անա Կաստիյո Մորենոն, ովքեր հայազգի բանաստեղծին առաջարկել էին մասնակցել Էքստրեմադուրայի Գրողների Գրական Ստեղծագործությունների մրցույթին: Մասնակցելով մրցույթին՝ հեղինակը դրամական պարգևի փոխարեն նախընտրում է գրքի տպագրումը, որն էլ հենց հիմք է հանդիսանում «Lucerna de esperanza» ժողովածուի լույս աշխարհ գալուն: Գիրքը լույս է տեսել 2003 թ., և մինչև 2010 թ. անճանաչ էր իսպանահայությանը, քանզի Էքստրեմադուրայում հայերի թիվը շատ քիչ է, իսկ այլ համայնքներում, ինչպես ասենք Վալենսիայում, հայ բանաստեղծի Իսպանիայում բնակության մասին հայտնի դարձավ 2008 թ.՝ շնորհիվ համայնքում տպագրվող Իսպանիայի առաջին և ցայսօր միակ հայատառ թերթի՝ «Հայրենիք» շաբաթաթերթի, որի «Հայերն Իսպանիայում» և «Գրական էջ» մասնաբաժիններում հաճախակի տպագրվում է մեր հայրենակցի գրական գործունեության մասին:
    Անի Խաչատրյանի «Հայ գրականության տեսություն» աշխատության լույս տես-նելու դեպքում մեծ դեր են խաղացել իսպանացի գրողներ Խոսե Մեմբրիվեն և Մարկ Մորտեն, որոնց գրքերը նույնպես տպագրվել են նույն հրատարակչատանը՝ Ediciones Carena: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 27-ին Միսլատայի Մշակույթի կենտրոնում՝ «Արարատ» Հայկական միության նախաձեռնությամբ, այնուհետև Բարսելոնայում՝ տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ:
    Ռուբեն Արծրունին թարգմանել և արդիականացրել է հոր՝ Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» («Historia del Pueblo Armenio») աննախադեպ աշխատությունը, որն առաջին անգամ հրատարակվել է 1965 թ. Բուենոս Այրեսում՝ Հայոց Ցեղասպանության 50-ամյակի առթիվ: Գիրքը վերահրատարակվել է 1971 և 1978 թթ.: Գրքի արդիականացումը վերջին ժամանակների կարևորագույն նախաձեռնություններից մեկն է և ինքնին մեծ հետաքրքրություն է առաջացնում այն առումով, որ բացի հայ ժողովրդին վերաբերող կարևորագույն անցքերից, ներառում է նաև միջազգային իրադարձություններ:
    Ամեն անգամ, երբ ձեքս եմ առնում այս գիրքը, այնպիսի տպավորություն է ստեղծվում ինձ մոտ, որ, ասես, այս գործի համար որպես միջնորդ հանդես է եկել ողջ հայ ժողովուրդը, որպեսզի 600 միլիոնանոց ընթերցարանի դատին հանձնվի աշխարհի ամենահնագույն քաղաքակրթություններից մեկի ճշգրիտ պատմությունը:  
    Սեդա Ղազարյանի հեղինակած հայերեն-իսպաներեն բառարանի հրատարակման դեպքում ևս միջնորդը ողջ իսպանահայությունն է և, իհարկե, հեղինակի հարազատները՝ ամուսինը և երկու զավակները: Հայերեն-իսպաներեն բառարանի շնորհանդեսը տեղի ունեցավ Մանիսեսում և Միսլատայում: Շնորհանդեսին ներկա էին Վալենսիայի մարզպետարանի և Միսլատայի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք:

        ԳՆԱՀԱՏՈՒՄ  ԵՎ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    Այսպիսով, երբ խոսում ենք Իսպանիայում թարգմանված գրականության մասին, նկատի ունենք հետևյալ ստեղծագործությունները.

Իսպանիայում հայերենից իսպաներեն թարգմանված գրականություն
Ara Simonyan “Lucerna de esperanza” – Artes Gráficas Boysu s.l. – Mérida – 2003 (թարգմանիչներ՝ Մանուել Դոմինգես Մերինո և Անա Կաստիյո Մորենո) – poesía
Արա Սիմոնյան «Հուսո կանթեղ» - հրատարակչություն՝ Artes Gráficas Boysu s.l. – Մերիդա – 2003 թ. - բանաստեղծություն
Ani Khachatryan “Antología de la literatura armenia” – Ediciones Carena, 2010 (թարգմանիչ՝ Անի Խաչատրյան) – anotaciones históricas, novelas, relatos, biografías, antología
Անի Խաչատրյան «Հայ գրականության տեսություն» - հրատարակչություն՝ Ediciones Carena – Բարսելոնա – 2010 թ. – պատմական ակնարկ, վեպեր, պատմվածքներ, կենսագրություններ
Ashot Artzruni “Historia del Pueblo Armenio” – Ediciones SIRAR – 2010 (թարգմանիչ՝ Ռուբեն Արծրունի) – historia
Աշոտ Արծրունի «Հայ ժողովրդի պատմություն» - հրատարակչություն՝ Ediciones SIRAR – 2010 թ. – հումանիտար-պատմական
Seda Ghazaryan “Diccionario armenio-español” – Art Gráficas Soler sl - 2010
Սեդա Ղազարյան «Հայերեն-իսպաներեն բառարան» - գիտահանրամ.

Հայ և օտար գրողների` հայ իրականությանը վերաբերող գործեր՝ թարգմանված միջնորդ լեզվից իսպաներեն. 
Անրի Վերնոյ «Մայրիկ»
Henri Verneuil “Mi madre” – Ediciones Internacionales SA – 1987 (ֆրանսերենից իսպաներեն, թարգմանիչ՝ Նելլի Բելուզի)

Ֆրանս Վերֆել «Մուսա լեռան քառասուն օրը»
Franz Werfel “Los cuarenta días de Musa Dagh”  - Editorial Losada, S.A. – 2003 (գերմաներենից իսպաներեն, թարգմանիչ՝ Նորա Գուտմանն)

Ռենե Սյուլաշջյան «Հայաստանի հեքիաթներն ու առասպելները»   
Reine Cioulachtjian “Cuentos y leyendas de Armenia” – Editorial Anaya – 2005 (ֆրանսերենից իսպաներեն, թարգմանիչ՝ Անա Իսաբել Կոնեխո)

Վիլյամ Սարոյան «Մարդկային կատակերգություն»
William Saroyan “La comedia humana” – Editorial Acantilado – Barcelona – 2004 (անգլերենից իսպաներեն, թարգմանիչ՝ Խավիեր Կալվո) – գեղարվեստական, պատմվածք

Վիլյամ Սարոյան «Իմ անունն է Արամ»
William Saroyan “Me llamo Aram” – Editorial Acantilado – Barcelona – 2005 (անգլերենից իսպաներեն, թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Յորետ) – գեղարվեստական, պատմվածք

Վիլյամ Սարոյան «Ուեսլի Ջեքսոնի արկածները»
William Saroyan “Las aventuras de Wesley Jackson” - Acantilado – Barcelona 2006 (անգլերենից իսպաներեն, թարգմանիչ՝ Ջորդի Մարտին Յորետ) – գեղարվեստական, պատմվածք

Հայերենից իսպաներեն թարգմանված գործեր Հայաստանում 
Ասյա Եղիազարյան «Մտորումներ» - ԱՄԱՐԱՍ – 2008 – բանաստեղծ.
Asya Yeghiazaryan “Reflexiones” -  AMARAS – 2008 - poesía 

Գործեր,  որոնք հայերենից իսպաներեն են թարգմանվել իսպանախոս այլ երկրում.
Րաֆֆի «Կայծեր»
Raffi “Chispas” – Palabra Gráfica y Editora S. A. – Buenos Aires, Argentina – 1998 (թարգմանիչ՝ Բերգ Աջեմյան, 2 հատորով)

Լացող լեռներ (հայ բանաստեղծների ստեղծագործությունների ժողովածու)
“Las montañas doloridas” – ARTES GRÁFICAS CANDIL, Buenos Aires, Argentina – 2003 (թարգմանիչ՝ Ստեփան Քալեջյան)

Իսպանացի հեղինակների ստեղծագործություններ  հայերի և Հայաստանի մասին
Խոսե Անտոնիո Գուռիարան «Ռումբը»
José Antonio Gurriarán “La bomba” – Editorial Planeta – 1982 - վեպ

Գոնսալո Հերնանդես Գուարչ «Հայկական տոհմածառ» – Ediciones del Bronce – 2002
Gonzalo Hernandez Guarch “El árbol armenio” - պատմավեպ

Խոսե Անտոնիո Գուռիարան «Հայեր. Մոռացված ցեղասպանություն»
José Antonio Gurriarán “Armenios: genocidio olvidado” – Espasa Calpe –2009

Մարկ Մորտե «Արարատի զավակները»
Mark Morte “Los hijos del Ararat” – Ediciones Carena – 2008 - վեպ

Խոսե Մարիա Կալ «Հայաստան. հպարտություն և կիրք: Զբոսաշրջու-թյան տեսական ձեռնարկ»
José María Cal “Armenia: orgullo y pasión. Guía visual de viajes” – RC EDICIONES – 2011 – հասարակական գիտություններ

Անտոնիո Պասկուալ Գարսիա «Երկու ծովերի միջև»
Antonio Pascual García “Entre dos mares” – Editorial Circulo Rojo – 2012 - պատմավեպ
 

    Հաշվի առնելով այն գրական հարուստ ժառանգությունը, որը հայ ժողովուրդը կարող է հասանելի դարձնել համաշխարհային իսպանախոս հասարակությանը, Սերվանտեսի հայրենիքում թարգմանված ու հրատարակված վերոհիշյալ ստեղծագործությունները խիստ անբավարար են: Այս ոլորտում առաջին հերթին պետք է հենվել տեղում բնակվող հայ մտավորականության վրա, որը քաջ գիտակցում է, թե որտե՛ղ է թերանում հայ գրականությունը իսպանական շրջանակներում պատշաճ ներկայացնելու գործը: Ըստ այդմ, հնարավոր կլինի ավելի շատ քանակով և որակով ստեղծագործություններ թարգմանել և ներկայացնել իսպանախոս մշակութային շրջանակներին և գրաշուկային:
Տպագրության որակ.- Որակով տպագրությունը գլխավորապես կախված է հրատարակչատնից: Այն կարևորագույն դեր է խաղում գրքերի իրացման գործում, որն էլ իր հերթին համապատասխան ճանաչում է ձեռք բերում ընթերցողների շրջանում:
Ձևավորում.- Գրքերի իրացման գործում մեծ նշանակություն ունի նաև ձևավորումը: Բացի ճաշակով ձևավորված կազմից, գիրքը պետք է  պարունակի նաև բազմաթիվ գունավոր և որակով լուսանկարներ ու քարտեզներ, կարող է  ունենալ կապիչներով գեղեցիկ տուփ, որը նրան հուշանվերային նմուշի տեսք  կհաղորդի:
Ուղղագրություն.- Բացառությամբ Աշոտ Արծրունու մեծածավալ աշխատության՝ վերը հիշատակված գրքերը կարդալիս նկատվում է թարգմանական երկարատև աշխատանքը և հրատարակչական շտապողականությունը: Ուղղագրական սխալները թվում են անխուսափելի, սակայն շտապողականությունը կրկնապատկում է դրանց քանակը, որում մեղքի իր բաժինն ունի նաև հրատարակչատունը:
Ոճ.- Երբ խոսում ենք հայերենից իսպաներեն թարգմանական գործերի մասին, պետք է նկատի ունենալ մեկ կարևոր հանգամանք. հայերենն ավելի հարուստ և ճկուն լեզու է, քան իսպաներենը, որում անգամ շեշտը կարող է ամբողջովին փոխել բառի իմաստը: Քերականության առումով նույնպես տեքստերի ծավալը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, քանի որ խոնարհման և հոլովվման ժամանակ, իսպաներենում վերջածանցները գրվում են առանձին: Այդ իսկ պատճառով առավել դժվար է թարգմանել բանաստեղծությունը, քան արձակ ստեղծագործությունը: Առաջինի դեպքում գրեթե ամբողջովին կորում է հանգավորումը:
    Նաև պետք է արձանագրել, որ  հայոց լեզվի ճկունությունը թույլ է տալիս նոր բառեր «հորինել»  միտքը և հանգավորումը հարմարացնելու համար: Իսկ ահա իսպաներենում դա գրեթե անհնար է:
    Այսպիսով, հայերենից իսպաներեն թարգմանական գործի կոնտեքստում Իսպանիան համարվում է սկսնակ երկիր, որտեղ, հայ գրականության ծանուցմանը զարկ տալու համար, դեռ պետք է լուրջ աշխատանքներ տարվեն: Իսկ առաջին քայլը պետք է լինի հայ դասականների ստեղծագործությունների թարգմանությունը:
    Երկիր մոլորակի վրա բնակվող մարդիկ խոսում են 6912 լեզվով: Այս Բաբելոնյան աշտարակում իսպաներենը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Սա մի փաստարկ է, որն առավելագույնս պետք է ոգևորի մեր գրողներին ու թարգմանիչներին, որպեսզի հայ գրական արվեստը հաստատուն քայլերով մուտք գործի իսպանական գրական շուկա: Անձամբ ես աշխարհի լեզուների շարքում կավելացնեի ևս մեկը՝ թարգմանական լեզուն, որով հնարավոր են դառնում ազգերի, երկրների, մշակույթների և հենց նույն լեզուների փոխհարաբերություններն ու փոխանակումը, որն էլ իր հերթին ծնում է այդքան բաղձալի համակեցությունը: