Թարգմանություններ հայերենից անգլերեն, որոնք կատարվել են Միացյալ Թագավորությունում 1990-2012 թթ.

uk-
    Զեկույցը պատրաստված է Խաչիկ Գրիգորյանի կողմից
    Next Page հիմնադրամի թարգմանական նախագիծ
 
    Ներածություն
   Ներկա զեկույցի նպատակն է ուրվագծել հայ գրականության թարգմանությունն ու ընդունելությունը Միացյալ թագավորությունում։ Այս հետազոտության մյուս կողմն է տեսնել ՄԹ-ում հայալեզու գրքերի թարգմանության և հրատարակման միտումները։ Մենք քննարկել ենք այն հայ հեղինակների գրքերը, ովքեր գրում են հայերեն։

    Հայ գրականության «Ոսկեդարը»
    Հայ գրականությունը սկսվում է Քրիստոսից հետո 5-րդ դարից, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայ գրերի գյուտից անմիջապես հետո։ Հայ հին գրականությունը մարդկության գրավոր մշակույթի ամենահետաքրքիր և եզակի ասպարեզներից մեկն է։
    Հայերեն լեզվով առաջին գրքերը Աստվածաշնչի թարգմանություններն էին ասորերենից և հունարենից, մեծ փիլիսոփաների և աստվածաբանների գրքերի թարգմանությունները, ինչպես նաև հայ հեղինակների ինքնուրույն գործերը։ Առաջին ինքնուրույն հայերեն գիրքը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն էր, գրված իր աշակերտ Կորյունի կողմից։ Դրան հետևեցին Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու պատմագրական աշխատությունները։ Դրանք բոլորը հարուստ նյութ են տալիս ոչ միայն Հայաստանի պատմության, այլև հարևան երկրների պատմական իրադարձությունների մասին։ Այս պատմագիրների մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հսկա կերպարը, որը, վերլուծելով տարբեր լեզուներով և տարբեր դարաշրջանների ավելի քան 70 աղբյուրներ, գրեց Հայաստանի լրիվ պատմությունը նախահայր Հայկից մինչև իր ժամանակները։ Բազմաթիվ գիտնականներ ուսումնասիրել են այս նշանավոր գիրքը և օգտագործել այն որպես անփոխարինելի աղբյուր պատմական իրադարձությունների մասին։ Օրինակ, Մովսես Խորենացին տալիս է բուլղարացիների մասին առաջին տեղեկությունը։ Նա որպես աղբյուր օգտագործել է հայկական ժոյովրդական երգերը, հայերի նախնիների և հերոսների մասին պատումները, որոնք կատարվում էին երգիչների կողմից երաժշտական գործիքների նվագակցությամբ։
    5-րդ դարի պատմագիր Եղիշեն գրել է հայերի ասպտամբության մասին պարսից թագավորների քաղաքականության դեմ, որն ուղղված էր հայերին քրիստոնեությունից կրկին հեթանոսության դարձնելուն։ Այս ապստամբությամբ Վարդան Մամիկոնյանը, ով ղեկավարում էր պայքարը, և իր հետևորդները դարձան հայերի ազատասեր և արդար պայքարի խորհրդանիշեր և Հայ եկեղեցու տոնելի սուրբեր։ Այս պատմությունը հսկայական դեր կատարեց որպես գաղափարների համար պայքարի չխամրող օրինակ Հայաստանի պատմության ողջ հետագա ընթացքում։
    5-րդ դարում գրված առաջին գրքերից մեկը (կամ հայոց այբուբենի բացակայության պատճառով 4-րդ դարում հունարեն գրված և 5-րդ դարում հայերենի թարգմանված) Ագաթանգեղոսի «Հայոց Պատմությունն» է, որը նվրրված է Հայաստանի դարձին առ քրիստոնեություն՝ Տրդատ թագավորի իշխանության ժամանակ և Գրիգոր Լուսավորչի անդուլ ջանքերով։
    Այս բոլոր պատմագրական գրքերը գրվել են 5-րդ դարում, որը կոչվեց հայ գրականության «ոսկեդար»։ Իսկ 5-րդ դարի կեսերին, 441-449 միջակայքում մեկ այլ կարևորագույն գիրք գրվեց Եզնիկ Կողբացու կողմից. նրա «Եղծ աղանդոց» գիրքը համարվում է հայ գրականության գոհարներից մեկը։
Այս գրական հուշարձանները արժանի են մանրամասն քննարկման, որովհետև մենք ցույց կտանք, որ սրանք այն գրքերի շարքում են, որոնք մշտական հետաքրքրություն են ներկայացնում օտարազգի թարգմանիչների և հրատարակիչների շրջանում տևական ժամանակաշրջանի ընթացքում։

        Հայ գրականության հետագա զարգացումը
    Հետագա դարերի ընթացքում հայ գրականությունը զարգացավ տարբեր ուղղություններով. աստվածաբանություն, պատմագրություն, փիլիսոփայություն, քերականություն, ճարտասանություն, մաթեմատիկա, բժշկություն և այլն։
    Բոլոր այդ աշխատությունները, ինչպես ինքնուրույնները, այնպես էլ թարգմանականները տալիս են հարուստ նյութ տարբեր ասպարեզների գիտնականների համար։

      Հայերենից կատարված թարգմանությունների պատմական ակնարկ
    Հայերենից առաջին թարգմանությունները կատարվել են միջնադարում, երբ Հայաստանը ակտիվ հարաբերություններ ուներ այլ քրիստոնյա և ոչ-քրիստոնյա պետությունների հետ։ Թարգմանություններ կատարվել են հունարենի՝ 8-րդ դարում, վրացերենի՝ 12-13-րդ դարերում և այլն։ Տպագրության գյուտից հետո առաջին թարգմանությունները հայերենից կատարվել են Մխիթարյան միաբանության անդամների կողմից, ովքեր տպագրել են հայ աստվածաբանների գործերը երկլեզվյան՝ հայերեն և լատիներեն հրատարակությամբ։
    Արժանահիշատակ է, որ առաջին Անգլերեն-հայերեն բառարանը կազմվել է 1821 թվականին լորդ Բայրոնի և Մխիթարյան միաբանության աբբա Հարություն Ավգերյանի համատեղ ջանքերով։ 1816 թվականին Բայրոնը այցելեց Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ ծանոթացավ հայկական մշակույթի հետ՝ Մխիթարյան միաբանության հոգևորականների աջակցությամբ։ Վարդապետ Հ. Ավգերյանի օգնությամբ նա սովորեց հայոց լեզուն, և հաճախեց լեզվի և պատմության վերաբերյալ բազմաթիվ սեմինարների։ Նա գրեց «Քերականութիւն անգղիական և հայերէն) 1817 թ.,  «Քերականութիւն հայերէն և անգղիերեն) 1819 թ., որում նա ընդգրկեց դասական և ժամանակակից հայերենից բազմաթիվ քաղվածքներ։ Ոգևորվելով հայոց լեզվով և նրա արդյունավետությամբ որպես խոսակցական լեզու, Բայրոնը իր հուշերում գրեց, որ «Աստված աշխարհի հետ խոսել է հայերեն լեզվով»։ Բայրոնը մասնակցել է Անգլերեն-Հայերեն բառարանի կազմմանը 1821թ. և գրել է նախաբան այդ գրքին, որտեղ բացատրել է հայերի հարաբերությունները թուրք փաշաների հետ և վերջինների ու պարսիկ սատրապների գործադրած ճնշումները, հայերի ազատագրական պայքարը։ Նրա կատարած  գլխավոր թարգմանություններն են Պողոս առաքյալի Կորնթացիներին գրված թուղթը, երկու գլուխ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» և Ներսես Լամբրոնացու ճառերը (Սողոմոն Սողոմոնյան «Բայրոն, Ջորջ Նոել Գորդոն», Հայկական Սովետական Հանրագիտարան)։ Նրան կարելի է վերագրել հայագիտության ծնունդը և նրա տարածումը։
Մխիթարյան միաբանությունում կատարվել են ոչ միայն հայ գրականության թարգմանություններ, այլև այլ գրականությունների թարգմանություններ, օրինակ, թուրքական առակների թարգմանություն անգլերենի, 1844թ.։
    Հայկական նյութերի թարգմանությունը տեղի էր ունենում ոչ միայն Վենետիկի հայկական միաբանությունում, այլև ուրիշ հայկական գաղութներում։ Հայերենից կատարված առաջին թարգմանություններից մեկը կատարվել է Մադրասում, Հնդկաստան։ Այդ գիրքն է «Հայ մարդասիրական ճեմարանի նոր կանոններն ու օրենքները», 1834թ.։
    Մեծ Բրիտանիայում հրատարակված հայերենից կատարված առաջին թարգմանություններից մեկը հետևյալ գիրքն է. «Հայաստան – Թագավորներ և իշխաններ  - ազգաբանություն, Լոնդոն 1834, Oriental translation fund, translated from the Armenian into Russian language by Lazar Kooznets; translated from the Russain into English, and compared with the original Armenian manuscript, by James Glen of Astrachan).
    Հայերենից անգլերեն կատարված մեկ այլ թարգմանություն, որը կատարվել է ռուսերենի միջոցով, վերաբերում է հայկական պատարագին. «The Liturgy of the Armenian Church, translated from the Russian version of Archbishop Argoutinsky Dolgorouky, 1850. Contributor: Richard White BLACKMORE)։
    Այս շրջանում կրկին Մխիթարյան միաբանությունը շարունակում է հրատարակել թարգմանություններ անգլերենի։ Դրանցից է Armenian popular songs, translated into English by Leo Alishan, 1852։ Սա մի նոր միտումի սկիզբ կարելի է համարել, քանի որ մինչ այդ անգլենի կատարված թարգմանությունները հիմնականում պատմությանն ու ծիսակարգին էին վերաբերում։
    Այս դասում խիստ բացառիկ և յուրահատուկ է մի գիրք, որը հրատարակվել է Թուրքիայի հայաբնակ Զմյուռնիա քաղաքում. «Descent of her Majesty Victoria Queen of England from the Arsacid Kings of Armenia. Eng. and Arm., by S. VANANTETZI Mírzá, Smyrna, 1866»։ Այն յուրահատուկ է թե՛ իր հրատարակման վայրով, թե՛ իր բովանդակությամբ։ Զմյուռնիան ոչ մեծ քաղաք էր Թուրքիայում, բայց ուներ շատ զարգացած և աշխույժ հայկական մշակութային կյանք մի քանի օրաթերթերով, տպարաններով և դպրոցներով։
    1877թ. Հայաստանի մասին հրապարակումները դարձան ավելի հաճախ բոլոր գլխավոր եվրոպական լեզուներով, ինչը կապված էր Սան Ստեֆանոյում հայոց հարցի քննարկման հետ։ Այդ հրապարակումները ավելացրին հետաքրքրությունը հայկական թեմաների նկատմամբ։ Այնուամենայնիվ, դա չհանգեցրեց հայերենից կատարվող թարգմանությունների զգալի աճի, այլ պտտվում էին հիմնականում քաղաքականության շուրջ։ Դա այդպես էր նաև 1896 թ. և 1915թ. Թուրքիայում հայոց եղեռնի ժամանակ։
    Հայտնի են երկու թարգմանություններ, որոնք կատարվել են բրիտանացի աստվածաբան և արևելագետ Սողոմոն Սեզար Մալանի կողմից՝ The Life and Times of S. Gregory, the Illuminator, the Founder and Patron Saint of the Armenian Church, Lodon, 1868  և The Divine Liturgy of the Armenian Church of S. Gregory the Illuminator, London, 1870։ Ինչպես տեսնում ենք, պատմական և ծիսական գրականությունը կրկին եվրոպացի գիտնականների ուշադրության կենտրոնում է, և ոչ միայն եվրոպացի, այլև հեռավոր Կալկաթայում գտնվող գիտնականների. Melodies of the Holy Apostolic Church of Armenia. The Liturgy, as sung in ordinary, during Lent, and on Festivals. Written down in modern notation, and published by Amy Apcar. [The Liturgy, with a selection of Office hymns, etc. Translated by J. D. Melik- Beglar.] Arm. and Eng., 1897։
    19-րդ դարի վերջը հայոց լեզվի, պատմության, ծիսագիտության համակարգված ուսումնասիրության շրջան է, որը սկսել են եվրոպացի գիտնականները։ Այդպիսի աշխատություններից մեկը, որը նվիրված էր հայոց պատմության մասնավոր մի հարցի, արևելագետ Ֆրեդերիկ Կորնվոլիս Կոնիբերի գրած աշխատությունն էր. The Key of Truth. A manual of the Paulician Church of Armenia. [Containing the Sacramentary and explanations of the Paulician doctrine.] The Armenian text edited and translated with illustrative documents and introduction by F. C. Conybeare. Oxford : Clarendon Press, 1898.
Այս շրջանում թարգմանված անվանումներից մեկը (Through the Storm: pictures of life in Armenia ... by Avetis NAZARBEK Translated by Mrs. L. M. Elton. With a prefatory note by F. York Powell, London : J. Murray, 1899.) կենտրոնանում է Հայոց պատմության և Թուրքիայի քաղաքականության վրա՝ 1896 թ. ջարդերի խորապատկերի վրա։
    1902 և 1908թթ. կատարվել են անգլերեն երեք թարգմանություններ Լայպցիգում, որոնք անշուշտ, շրջանառվել են նաև Բրիտանիայում։ Դրանք վերաբերում էին Հայ եկեղեցու մեղեդիներին։
    Եկեղեցական թեման, որը գերակշող թեմաներից մեկն էր դեպի անգլերեն կատարված թարգմանությունների թվում, իր արտահայտումը գտավ ոչ միայն հին ձեռագրերի և պատարագների տեքստերի հարցում, այլև Հայ եկեղեցու մասին նոր գրված գրքի թարգմանության մեջ (Maghakia Ormanian, The church of Armenia / trans. G. Marcar Gregory, Mowbray and Co., London, 1912.)   Գիրքը նախապես գրվել էր 1911 թ. ֆրանսերենով, սակայն շուտով թարգմանվեց հայերեն, այնուհետև՝ անգլերեն։ Հեղինակը, Հռոմում գերազանց կրթություն ստացած, Հայ եկեղեցու արքեպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանը, այն գրել էր ժամանակակից լեզվով և ժամանակակից ընթերցողների համար։ Գիրքը մինչև այժմ հրատարակվել է մի քանի անգամ, վերջին անգամ 2011 թ. Անկյունաքար հրատարակչության կողմից։

      Ժամանակակից հայ գրականություն
    Ժամանակակից հայ գրականությունը սկսվում է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից։ Նրան հետևեցին Միքայել Նալբանդյանի, Պերճ Պռոշյանի, Մուրացանի, Նար Դոսի, Րաֆֆու և մյուսների գործերը։ Նշված գրողներից Րաֆու գործերը թարգմանվել են անգլերենի և հրատարակվել ՄԹ-ում վերջերս։
Բոլոր նշված գրողները ապրել են 19-րդ դարում։ Իսկ 20-րդ դարի սկիզբը նշանավորվեց հայ գրականության այլ հսկաների ի հայտ գալով, ինչպիսիք էին Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։
    Հայ գրականությունը սովետական շրջանում նույնպես ունեցավ փայլուն ներկայացուցիչներ, ինչպիսիք էին բանաստեղծներ Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանը, Համո Սահյանը, Պարույր Սևակը, գրողներ Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Ակսել Բակունցը և ուրիշներ։
    Հայրենասիրական թեման տիրապետող թեմաներից մեկն էր թե՛ գրողների և թե՛ բանաստեղծների շրջանում։ Դերենիկ Դեմիրճյանը գրեց պատմական վեպ ազատության համար հայերի պայքարի մասին 5-րդ դարում, և այս վեպը իր դերը խաղաց ֆաշիզմի դեմ պայքարում հայերին ոգևորելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
    Որոշ բանաստեղծներ և գրողներ զոհ դարձան ստալինյան ռեժիմին՝ իրենց առաջադիմական հայացքների համար 1930-ական թվականների ամբողջատիրական հետապնդման տարիներին։ Ուրիշներ ենթարկվեցին ճնշումների։ Սակայն չնայած դրան, հայ գրականությունը ունեցավ խոշոր անուններ այդ դժվար ժամանակաշրջանում և ընդհուպ մինչև սովետական ռեժիմի ավարտը։

      Անգլերեն թարգմանությունները սովետական ժամանակաշրջանում (1920-1991)
    Սովետական կարգերի հաստատումը Հայաստանում սկիզբ դրեց մշակութային կյանքում մի նոր ժամանակաշրջանի։ Եվ այն ունեցավ իր արտահայտումը հայկական մշակութային ժառանգությունը այլ լեզուներով թարգմանելու հարցում։
    Պետք է ընդգծել այս ժամանակաշրջանի առանձնահատկությունը։ Սովետական Միության ժողովրդների լեզուներից արվող թարգմանությունները այլ լեզուների կատարվում էին հիմնականում ռուսերենի միջոցով և հրատարակվում սովետական կենտրոնական հրատարակչություններում։ Սա պետության քաղաքականությունն էր և հայերենը բացառություն չէր այս կանոնից։ Սակայն սովետական կարգերի առաջին տարիներին նման թարգմանություններ չկային կամ շատ սակավ էին։ Հետագայում հայտնվեցին ձեռագրերի ալբոմներ, որոնք հրատարակվել էին անգլերենով մոսկովյան և լենինգրադյան հրատարակչություններում, որոնցում նաև ներդրված էին հայերեն տեքստերի թարգմանություններ։
Այս քաղաքականության շնորհիվ հայերենից կատարված շատ քիչ թարգմանություններ են թարգմանվել ՄԹ-ում։ Եվ դրանց մեծ մասը կրկին պատմական հուշարձաններ կամ գիտական աշխատություններ էին, որոնք պարունակում էին հայ պատմագիրների աշխատանքները։
    Այս շրջանի առանձնահատկություններից մեկը ԱՄՆ-ի աստիճանաբար աճող ներգրավումն է թարգմանական գործընթացի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվեցին հայագիտական ամբիոններ մի շարք ամերիկյան և բրիտանական համալսարաններում, որոնց աջակցում մասամբ կամ ամբողջությամբ հայ բարերարները, մասնավորապես Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամը։ ՄԹ-ում այդպիսի ամբիոն հիմնվել է Օքսֆորդի համալսարանում և Ռոբերտ Թոմսոնը հայագիտական ուսումնագիրությունների Գալուստ Գյուլբենկյանի անվան պրոֆեսոր էր այդ ամբիոնում։

         Հայ գրականությունը Ղարաբաղյան շարժումից և անկախացումից հետո 1988-
    Հայ ժողովրդի համար նոր շրջան սկսվեց 1988 թ. ղարաբաղյան շարժումով, Ղարաբաղի ազատագրման և ինքնորոշման շարժումով։ Արժանահիշատակ է այն, որ ղարաբաղյան շարժումը գլխավորող մտավորականների մեջ կային երկու գրողներ, նրանցից մեկը Վազգեն Սարգսյանն էր, իսկ մյուսը՝ Վանո Սիրադեղյանը։ Անկախության հռչակումից հետո այս երկու անձինք դարձան բարձր պետական պաշտոնյաներ։ Առաջինը դարձավ պաշտպանության նախարար, իսկ մյուսը՝ ներքին գործերի նախարար։ Հայկական նոր պետականության սկիզբը դժվարին էր. տնտեսական փլուզումը, որը ընդհանուր էր հետսովետական բոլոր պետությունների համար, վատթարացավ 1992-94թ. ղարաբաղյան պատերազմով։ 1994 թ. զինադադարից հետո, երկրի տնտեսական իրավիճակը սկսեց կարգավորվել։ Գրական կյանքը հնարավորություն ստացավ վերակենդանանալու։ Բայց հայտնվեց նոր մարտահրավեր։ Ողջ ազգը հայտնվեց նոր տնտեսական, քաղաքական և հոգեբանական իրավիճակում։ Այս կատարյալ հեղաշրջումը պետք էր գնահատել ու հասկանալ։ Սա մի մեծ մարտահրավեր էր, որին հանդիպեց հայ գրողների և գրականագետների նոր սերունդը։ Եվ բնականաբար Հայաստանի գրականության ասպարեզում հայտնվեցին նոր անուններ. Ռուբեն Հովսեփյան, Լևոն Խեչոյան, Հովհաննես Գրիգորյան, Արմեն Շեկոյան և այլն։

        Հայերենից կատարված թարգմանություններ ՄԹ-ի շուկայում
   Այս ուսումնասիրության մեջ մենք հաշվի չենք առնի բրիտանահայ կամ ամերիկահայ հեղինակներին, ովքեր գրում են հայկական նյութերի շուրջ։ Նրանք հիմնականում գիտնականներ են, ովքեր աշխատում են Հայոց պատմության ասպարեզում։ Նրանք իրենց աշխատանքները հրապարակում են բրիտանական հրատարակչություններում՝ Հայոց պատմության և ոչ-հայկական պատմության ընդհանուր հոլովույթում։ Մեկ ուրիշ ասպարեզ, ուր բրիտանահայ և ամերիկահայ հեղինակներ հրատարակում են իրենց աշխատանքները ուղղակի անգլերենով, համարվում է Հայոց Եղեռնի թեման. այս աշխատանքները ներառում են Եղեռնի վավերագրեր, ինչպես նաև վերապրածների հուշեր։
    Թեև մենք չենք ուսումնասիրում անգլերեն լեզվով գրող հայ հեղինակների գործերը, պետք է նշել սակայն, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կոմիտաս Ինստիտուտը, Թատրոն Պրեսը, Մաշտոց Պրեսը, որոնք հովանավորում են այսպիսի հրապատարումները, հովանավորում են նաև հայերենից կատարվող թարգմանությունները, և այս երկու տիպի հրապարակումները այս կազմակերպությունների գործունեության ոլորտի մեջ են մտնում։ Ավելին, այս կազմակերպությունները կատարում են թարգմանություններ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ ՄԹ-ում։
    Նախ, ամենաբեղմնավոր կազմակերպությունը սրանց մեջ Կոմիտաս Ինստիտուտն է, որը հիմնված է ԱՄՆ-ում։ Այն հովանավորում է հրատարակություններ ԱՄՆ-ում և ՄԹ-ում։ Կոմիտաս ինստիտուտը հիմնված է Արա Սարաֆյանի կողմից, որը կրթությամբ պատմաբան է։ ՄԹ-ում հրատակարությունները իրականացվում են Թատրոն Պրեսի կողմից։ 1991-2012 թթ. ընկած ժամանակամիջոցում հրատարակված 27 գրքերից 15-ը հրատարակվել են կա՛մ Կոմիտաս Ինստիտուտի, կա՛մ Թատրոն Պրեսի կողմից։
    Մեկ ուրիշ կազմակերպություն է Լոնդոնում հիմնված Մաշտոց Պրեսը՝ ի պատիվ հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի։ Սակայն, ըստ ամենայնի, նրա ակտիվության լավագույն շրջանը 20-րդ դարի յոթանասունական թվականներն էին, երբ այն հրատարակեց 6 անուն գիրք։ Մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում այն հրատարակել է մեկ գիրք 1994 թ.։
    Պետք է նշենք նաև Գարեգին Ա աստվածաբանական և հայագիտական հետազոտությունների կենտրոնը, որը հրատարակում է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի (1995-1999) աշխատությունները։ Մենք ունենք մեկ հրապարակում այս հրատարակչից։ Այն հրատարակված է մասնավոր հովանավորների տրամադրած աջակցությամբ։
grafik 1
Գծագրից երևում է, որ անգլերեն թարգմանությունների հրատարակումը աճ է ապրել ընդհուպ մինչև 2010 թվականը։ Գրքերի բացակայությունը 2011 և 2012 թվականներին պետք է վերագրել այդ գրքերի մասին տեղեկության բացակայությամբ։ Ամենայն հավանականությամբ դրանք դեռևս չեն ընդգրկվել մատենագիտական ցուցակներում և շտեմարաններում։
grafik 2
    Թարգմանությունների մեկ այլ առանձնահատկություն, որ կարելի է տեսնել առաջին հայացքից, ժանրերի բազմազանությունն է։ Այստեղ առկա են ավանդական ժանրերը, ինչպիսիք են պատմագրությունը, աստվածաբանությունը, որոնք հրատարակվել են հիմնականում գիտական հրատարակիչների միջոցով, ինչպիսիք են Օքսֆորդի համալսարանի և Լիվերպուլի համալսարանի հրատարակչությունները։ Կարելի է տեսնել նաև բրիտանական հրատարակչություններ, ինչպիսին է Clarendron Press-ը, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել զուտ գիտական տեքստերի նկատմամբ։ Բայց մենք կարող ենք տեսնել նաև ոչ-գիտական գրականության հրատարակման աճ, ինչպիսիք են գեղարվեստական գրականությունը, բանաստեղծությունը, հուշագրությունները և այլն։ Այնուամենայնիվ, պետք ընդգծել, որ ժամանակակից գրականություն ժանրում նշված 5 գրքանուններից միայն մեկն է գրված ներկայումս կենդանի գրողի կողմից։ Այս գրքերը հրատարակվում են հիմնականում սփյուռքի կողմից հովանավորվող կարզմակերպությունների և հրատարակչությունների կողմից։ Սակայն այն փաստը, որ դրանք հրատարակվում են ՄԹ-ում, մատչելի է դարձնում դրանք բրիտանական հասարակության համար և մեծացնում է հետաքրքրությունը հայկական գրականության և հայկական արվեստի նկատմամբ։
 grafik 4
      Հայերենից անգլերեն թարգմանված գրքերի կառուցվածքը
    Մեր մատենագրությունում առկա գրքերի քանակը մեզ թույլ է տալիս կատարել թարգմանված գրքերի ժանրերի նախնական վիճակագրական վերլուծություն։ Ցուցադրված սեգմենտավոր գծագրի վրա կարելի է տեսնել, որ թեև շատ ժանրեր են ներայացված, սակայն գերակշռում են երեքը. ժամանակակից  գեղարվեստական գրականություն, ցեղասպանության հուշեր և դասական գեղարվեստական գրականություն։ Չորրորդ ժանրը հումանիտար գիտություններն են, որոնք ավանդական են հայերենից անգլերեն թարգմանությունների համար սկսած 19-րդ դարից, քանի որ միջնադարյան հայ փիլիսոփաների, պատմագիրների, աստվածաբանների գործերի թարգմանությունները կատարվել են 19-րդ դարի սկզբից և շարունակվում են առ այսօր։
    Կարելի է տեսնել, որ վերջին տարիներին նկատվում է նոր, հետաքրքիր միտում ժամանակակից գեղարվեստական գրականության ուղղությամբ, ինչը անցյալում չկար։ Թեև այս հրատարակությունները հիմնականում իրականացրել են սփյուռքի կազմակերպությունները, ես կարծում եմ, որ դրանք իրականացվել են ոչ միայն քարոզչական նպատակներով, այլև հաշվի են առել ընթերցողների պահանջները։
    Այս հրատարակված գրքերի հնարավոր շուկան ուսումնասիրելիս պետք է հասկանալ, որ այս հրատակարությունները հասցեագրված են թե՛ սփյուռքի, թե՛ բնիկ բրիտանական ընթերցողին։

        Թարգմանական քաղաքականությունը և նրանց աջակցությունը
    Մինչև վերջերս հայերենից անգլերեն թարգմանություններին աջակցում էին կամ գիտական հաստատությունները, ինչպիսիք էին Օքսֆորդի կամ Լիվերպուլի համալսարանները կամ հասարակական կազմակերպությունները, ինչպիսիք են Կոմիտաս ինստիտուտը՝ Թատրոն Պրեսի համագործակցությամբ։
    Սակայն վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հնարավորություն ստեղծեց արտասահմանյան հրատարակչություններին՝ աջակցություն ստանալու թարգմանական և մասամբ հրատարակչական ծախսերի համար http://www.mincult.am։ Մրցույթի հայտարարությունը հայտնվում է նախարարության կայքում մայիսին։ Հայտարարությունը տպվում է նաև կենտրոնական հայկական օրաթերթ «Հայաստանի Հանրապետությունում» մայիսին։ Հրատարակությունները հովանավորվում են մրցութային կարգով, որը տեղի է ուենում տարին մեկ անգամ։ Դիմումները պետք է ներկայացնել մինչև օգոստոսի 1-ը, և վերջնական որոշումը կայացվում է հոկտեմբերի 1-ին։ Սովորաբար դրամաշնորհը հնարավորություն է տալիս հրատարակել գիրքը ոչ ուշ, քան հաջորդ տարվա դեկտեմբերը, այսինքն՝ 12 ամսվա ընթացքում։ Բոլոր մանրամասնությունները պետք է պարզել նախարարության հեռախոսահամարներով, որոնք կարելի է գտնել կայքի հետադարձ կապ բաժնում http://mincult.am/feedback.html։
 Մեկ ուրիշ հնարավորություն է Գյուլբենկյան Հիմնադրամին դիմելը. http://www.gulbenkian.pt/section24artId190langId2.html։ Այդ հիմնադրամի առաջնահերթություններից են.
    - Հայկական մշակույթի խոշոր գործերի թարգմանությունը (հիմնականում անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն լեզուներով), հատկապես նրանք, որոնք լուսաբանում են հայկական մշակույթը Օսմանյան կայսրությունում։
    - Շարունակել աջակցել մշակույթի խոշոր գործերի հրատարակմանն ու տարածմանը (Ձեռագրերի մեծ ցուցակների, հայ գրականության մեծ հուշարձանների) ինչպես Հայաստանում հիմնադրամի գործընկերների, այնպես էլ նաև Մերձավոր Արևելքի գործընկերների հետ միասին (Թոդիկի հավաքածուն)։
    ՄԹ-ում կան հրատարակչություններ, որոնք հետաքրքրված են հայկական թեմաներով, ինչպես Կուրզոն Պրեսը։ Հայկական նյութերը ընդգրկված են որպես ավելի լայն կովկասյան հետազոտությունների մի ճյուղ։ Հայ գիտնականների աշխատությունները պետք է որ ընտրելի լինեն նման հրատարակչություններով հրատարակվելու համար։
    Վերոհիշյալ Կոմիտաս Ինստիտուտը հովանավորում է Կոմիտաս Ինստիտուտի, Թատրոն Պրեսի, Ստերնդեյլ Պրեսի և Փարվանայի կողմից հրատարակվող գրքերը։

           Գրքի ցուցահանդեսներ
    Հայ հրատարակիչները պարբերաբար մասնակցում են տարբեր գրքի ցուցահանդեսների, միջազգային թե ներքին։ Թարգմանված գրքերը միշտ ցուցադրվում են նման ցուցահանդեսների ժամանակ։ Ամենաշատ մասնակցություն նկատվում է Ֆրանկֆուրտի, Լոնդոնի, Փարիզի, Վարշավայի, Սալոնիկի, Թեհրանի ցուցահանդեսներին։ Հայաստանի մշակույթի նախարարությունը Հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ միասին տրամադրում են տաղավարներ այդ ցուցահանդեսներում և կազմակերպում են հայկական գրքի ցուցադրություն այդ ցուցահանդեսներում։ Նման ցուցահանդեսների ժամանակ, հատկապես Ֆրանկֆուրտում, հատուկ միջոցառումներ են կազմակերպվում հայկական տաղավարի մոտ՝ այս երկու կազմակերպությունների համատեղ ջանքերով, ինչը գրավում է օտար հրատարակիչների, թարգմանիչների և գրական գործակալների ուշադրությունը հայ գրականության նկատմամբ։
    Ֆրանկֆուրտում այս միջոցառումները ընդհանրապես ունենում են տարբեր երկրների հրատարակիչներին հայկական տաղավար հրավիրելու ձև, որի ընթացքում ներկայացվում է հայկական տաղավարը՝ կազմակերպելով այն տվյալ տարվա որոշակի իրադարձության շուրջ։ 2010 թվականին այն նվիրված էր հայ տպագրության 500-ամյակին. 2001 թվականին այն նվիրված էր Հայաստանում քրիստնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին, և այլն։
    Շատ ճոխ ցուցադրություն էր կազմակերպված 2011 թվականի Ժնևի գրքի ցուցահանդեսին, Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությամբ։ Այն ուներ բազմաթիվ միջոցառումներ, որոնք ուղղված էին հայ մշակույթը և գրականությունը հրատարակչական աշխարհին ավելի ճանաչելի դարձնելուն։
    Վերջին նման միջոցառումը տեղի ունեցավ 2012 թվականի ապրիլին, Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք դառնալու բացման արարողության ժամանակ։

       Թարգմանիչներ
    Գիտական թարգմանությունները պահանջում են բարձր որակավորման գիտնականներ, որոնք երկու լեզվին էլ տիրապետում են կատարելապես, հատկապես գրաբարին։ Նման բեղմնավոր գիտնականներից մեկն էր Ռոբերտ Թոմսոնը Օքսֆորդի համալսարանից։ Ներկայումս նա անցել է թոշակի, սակայն նրա տեղը գրավել է պրոֆեսոր Լինդտը, որը նույնպես խոստումնալից մասնագետ է այս ասպարեզում։ Մեկ ուրիշ գործող գիտնական է Երուսաղեմի Եբրայական համալսարանից Մայքլ Սթոունը։
    Թարգմանիչների մեկ այլ խումբ հավաքված է Կոմիտաս Ինստիտուտի և Թատրոն Պրեսի շուրջ։ Դրանք են Հակոբ Հաչիկյանը, Դավիթ Խերդյանը, Դոնալդ Աբգարյանը, Արա Մելքոնյանը, Արա Սարաֆյանը, Նաիրի Հախվերդին, Արամ Օհանյանը։ Այս թարգմանիչներից Արամ Օհանյանը Հայաստանից է։ Այնուամենայնիվ, կան այլ փորձառու թարգմանիչներ Հայաստանից, ներառյալ այնպիսիք, որոնց մայրենի լեզուն անգլերենն է։ Նրանց մեջ պետք է նշել Թոմ Սամուելյանին, ով թարգմանել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», որը հրատարակվել է Հայաստանում։ Կարելի է նշել նաև Արտաշես Էմինին և Սամվել Մկրտչյանին։
    Հայերենից անգլերեն թարգմանությունները, որոնք հրատարակված են Հայաստանում, ունեն հստակ խորշ տեղական շուկայում։ Դրանք լավ պահանջարկ են վայելում սփյուռքից տարբեր նպատակներով ժամանած հայազգի մարդկանց շրջանում, ինչպես նաև անգլիախոս զբոսաշրջիկների շրջանում, ովքեր ցանկանում են իրենց հետ տանել հայ գրականության որոշ նմուշներ։
Հայաստանում երկու համալսարան ունեն թարգմանչական ֆակուլտետներ. Երևանի պետական համալսարանը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանը։ Նրանք ունեն անգլերեն թարգմանության ամբիոններ։
    1988-1998 թթ. գործում էր թարգմանական «Աստղիկ» հանդեսը, որտեղ հրատարակվում էին թարգմանություններ տարբեր լեզուներից հայերեն և հակառակը։ Այդ լեզուների թվում էր նաև անգլերենը։ Այդ ընթացքում հանդեսը ունեցավ 8 թողարկում, և այդ հրատարակությունները կազմակերպվում էին հիմնականում Երևանի պետական համալսարանի կողմից http://armunicat.am:8991/F/TF83677KAU9GRAXGPDIRXUP9SP1JMV3NG4CNMVYG8X TIVSP27B-08770?func=full-set- set&set_number=662996&set_entry=000004&format=999։։ Այս հրատարակությունները կարող են հետաքրքրել օտարերկրյա հրատարակիչներին՝ հայ գրականությունը և թարգմանությունների որակը գնահատելու համար։

        Հետևություններ և հանձնարարականներ
    Ինչպես տեսանք այս վերլուծության մեջ, հայերենից անգլերեն թարգմանությունները հարուստ պատմություն ունեն, շուրջ 200 տարվա՝ սկսած 1821 թվականին Ջորջ Բայրոնի թարգմանություններից։ Բրիտանացի ընթերցողը սկզբում տեղեկացավ աստվածաբանական և ծիսական գրականությանը, հետո՝ պատմական և գրական հուշարձաններին։ Այս գործընթացը ինչ-որ չափով ընդհատվեց սովետական իշխանության տարիներին 1920-1990 թթ.։ Հայաստանի անկախացումից հետո հայերենից անգլերեն կատարվող թարգմանությունները հիմնականում շարունակեցին նույն ավանդույթը՝ կարևոր շեղումով դեպի գեղարվեստական գրականությունը վերջին տարիներին։ Մենք կարծում ենք, որ սա խոստումնալից միտում է, և այն պետք է աջակցություն ստանա նրանց կողմից, ովքեր ցանկանում են հայ գրականությունը ներկայացնել ՄԹ-ի շուկայում։
    Մյուս կողմից, ավանդական ժանրերը, ինչպիսիք են Եղեռնի հիշողությունները և գիտական հետազոտությունները, մնում են որպես հետաքրքիր թեմաներ ՄԹ-ի շուկայի համար և պետք է հարստացվեն այն հայ գիտնականների հետազոտությունների թարգմանությամբ, ովքեր գործում են Հայաստանում։ Այս տեսանկյունից, Օքսֆորդի և Լիվերպուլի համալսարանները կարող են հեռանկարային լինել։ Նմանապես, Կուրզոն Պրեսը և Բենեթ ընդ Բլումը հետաքրքրություն են ցուցաբերում պատմական և վերլուծական հետազոտությունների նկատմամբ։
    Հարուստ հայ միջնադարյան գրականությունը դեռևս հիմնականում անհայտ է ՄԹ-ի ընթերցողների համար։ Այս ասպարեզում կա դժվարություն, քանի որ միջնադարյան հայ գրականությունը գրաբարով է գրված և քիչ թարգմանիչներ կան, որոնք բավականաչափ որակավորում ունեն այս ասպարեզում։ Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ խնամքով ընտրված գրքանունները բարեխիղճ թարգմանությամբ և խմբագրմամբ հանդերձ կարող են երկրորդ շնչառություն հաղորդել հայ- անգլերեն թարգմանությունների ավանդական ասպարեզին։
    Բրիտանական հրատարակչությունները պետք է օգտագործեն նաև Հայաստանում բնակվող թարգմանիչների ծառայությունները։ Թեև ներկայումս Հայաստանում գործող թարգմանիչների միություն կամ ասոցիացիա չկա, ինչը մեծ թերություն է, սակայն կան բավական փորձառու թարգմանիչներ, ներառյալ անգլիախոս թարգմանիչները, ինչպիսին է Թոմ Սամուելյանը։ Էական է թվում նաև այն, որ բրիտանական հրատարակչությունները կապեր հաստատեն հայկական համալսարանների թարգմանչական ֆակուլտետների հետ։
    Ես նշեցի միայն ՄԹ-ում կատարված հայերենից անգլերեն թարգմանությունների մասին։ Պետք է հասկանալ նաև, որ ԱՄՆ-ում անգլերենով հրատարակված թարգմանությունների ծավալը ավելի մեծ է։ Եթե հաշվի առնենք նաև Հայաստանի և հայ գրականության վերաբերյալ հետազոտությունների, վերլուծությունների մեծ քանակը, որոնք հրատարակվում են անգլերեն լեզվով և մատչելի են անգլիալեզու ընթերցողին, կարող ենք վստահ լինել, որ կա տեղեկացվածության և անգամ հետաքրքրության որոշակի մակարդակ, որը թույլ է տալիս, որ հայերենից կատարվող թարգմանությունները հաջողություն ունենան բրիտանական շուկայում։ Պետք է նշել նաև, որ առկա է հայկական կազմակերպությունների չօգտագործված կարողություն ՄԹ-ում, ինչպիսին է ՀՀԵԽ (Հայ Համայնքի և Եկեղեցու Խորհուրդ, անգլերեն ACCC) http://www.accc.org.uk/about/, կամ AGBU London (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն) թարգմանությունների ասպարեզում։ Հայկական Ինստիտուտը ՄԹ-ում գրանցված ոչ-կառավարական կազմակերպություն է, և գործում է հայկական մշակույթին և պատմությանը կենդանի կերպով հաղորդակից դարձնելուն՝  նորարարական ծարգրերի, կրթական միջոցների, սեմինարների, ակադեմիական միջոցառումների, ցուցադրությունների և կատարումների միջոցով։ Այն ունի նաև ինտերնետային գրախանութ և սովորական գրախանութ, որտեղ վաճառվում են ներկա հետազոտության մեջ նշված մի շարք գրքեր։ Այն ունի նաև սեփական հրատարակություններ։
  
    Հղումներ