Reflection/Արտացոլում

karen bardeghyan
    Կարեն Բարսեղյանի արվեստում արտացոլվում է մեր միջավայրը: Մեր իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կարելի է տեսնել նրա աշխատանքների մեջ և հակառակը` նրա արվեստի միջոցով կազմել մեր իրականության պատկերը:
    Օգտագործելով արտացոլումը որպես միջոց` նկարիչը վերատադրում է մեզ շրջապատող միջավայրը:
    Reflection/Արտացոլում նախագծի մեջ ներկայացված աշխատանքները միավորում են «վերաարտացոլում» հասկացողությունը: Ինչո՞ւ վերաարտացոլում և ոչ արտացոլում:  Սա է այն հարցը, որի շուրջ արված են բոլոր աշխատանքերը:
    Արտացոլումը/կրկնօրինակումը ինքնին ասոցացվում է ռեալիստական արվեստի հետ: Տվյալ պարագայում վերաարտացոլումն առնչվում է պոստմոդեռնիստական գաղափարախոսության հետ:
    Իրականությունն, արտացոլվելով և ինքնըստինքյան դեֆորմացվելով, ավտոմեքենաների փայլատակ մակերեսի վրա ֆիքսվում է լուսանկարի միջոցով և հետագայում վերարտադրվում է հեղինակի աշխատանքների մեջ:
01.05.13 Karen Barseghyan    Տեղի է ունենում «իրականություն-արտացոլում/դեֆորմացիա-ֆիքսում/լուսանկար-վերարտադրում» գործընթացը, որը մեծ կարևորություն ունի Կարենի աշխատանքներում: Այդ գործընթացի միջոցով ցույց են տրվում մեր իրականության քաղաքական, սոցիալական և կենցաղային խնդիրները: Արդյունքը, որ ստանում է հեղինակը իր աշխատանքներում, բնորոշ է մեր իրականությանը: Փայլուն/արտացոլող մակերեսների վրա արտացոլվում է մեր ոչ փայլուն իրականությունը: Սա նման է նաև մեր երկրի քաղաքական իրավիճակին. իշխող համակարգը կարծես չի նկատում մեր իրականությունը և արտացոլում/դեֆորմացնում է այն՝ ցուցադրելով փայլուն և  մակերեսային ձևով:
    Կարեն Բարսեղյանն անում է ճիշտ հակառակը. նա փայլատակ մակերեսի վրա է ցույց տալիս արտացոլված/դեֆորմացված իրականությանը և շեշտադրում անում սոցիալական ու քաղաքական խնդիրների վրա՝ հանդես գալով նաև որպես ակտիվ քաղաքացի-արվեստագետ:
    Կարեն Բարսեղյանի աշխատանքներում բացակայում է մարդը, ով այս ամենի մասնակիցն է, ստեղծողն ու մեղավորը: Այս բացակայությունն ինքնին ստիպում է զուգահեռ անցկացնել  70-ականների ամերիկյան ֆոտոռեալիստ արվեստագետների աշխատանքների հետ, որտեղ նույնպես քաղաքային տեսարաններում բացակայում էին մարդիկ:
    Ֆոտոռեալիստների մոտ մարդու բացակայությունը բացատրվում էր ինդուստրիալ իրականության սպառողական հասարակություն հասկացությամբ: Այսինքն՝ կարիք չկար մարդուն պատկերել «սպառողական դրախտ» միջավայրում, քանի որ նա հանդես էր գալիս դիտորդի/սպառողի դերում:
    Կարեն Բարսեղյանի աշխատանքներում մարդու բացակայությունը կարելի է դիտարկել  որպես հայկական պոստինդուստրիալ իրականության (ինդուստրիայի բացակայություն) մեջ հասարակական անհավասարության գործոն, որտեղ սոցիալապես անապահով մարդը փորձում է նայել մեր ոչ փայլուն իրականությանը փայլատակ ավտոմեքենաների արտացոլող/դեֆորմացնող մակերեսից:  
    Ցուցահանդեսի մասին մանրամասները շուտով՝ ցուցահանդեսի բացումից հետո, որը տեղի կունենա մայիսի 1-ին՝ 18:00, Գյումրիի Berlin Art Hotel-ում:
Լևոն Ֆլջյան