Քար առ քար վերականգնեցին

DSCN4401
    Ճարտարապետությունը մարմնավորում է համայն պատմության անցյալը, ներկան ու ապագան, և ուստի, ինչ-որ իմաստով, ճարտարապետներն այդ պատմության կերտողներն են:
   Այդ կերտողներից մեկն է մեր օրերում ապրող և ստեղծագործող իրանահայ ճարտարապետ Վարուժան Առաքելյանը, որը մեծ ավանդ ունի ինչպես Իրանի, այնպես էլ հայ ճարտարվեստում:
    Վարուժան Առաքելյանը ծնվել է Թավրիզում: Ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանի ճարտարապետության բաժինը: Աշխատել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքաշինության բնագավառում, հեղինակ է 30-50 հազարանոց բնակչության համար նախագծված բազմաթիվ քաղաքների ու քաղաքային թաղամասերի: Վերջին կարևոր աշխատանքներից է Թավրիզից 30կմ հարավ-արևմուտք, Սահանդ լեռան ստորոտին կառուցվող նոր քաղաքի նախագիծը՝ 300 հազար բնակչի համար:
    1958-ից ճարտարապետը ներգրավված է Իրանի հայկական ժառանգության պահպանության գործում: 1960-ականներից սերտորեն համագործակցում է Իրանի հուշարձանների և ձեռարվեստի ժառանգության պահպանության պետական կազմակերպության հետ, որի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է Իրանում հայկական ժառանգության պահպանությանը:
    Ճարտարապետը մեծ ներդրում ունի Իրանի տարածքում գտնվող 3 հայկական եկեղեցական համլիրների ճանաչման ու վերականգնման գործում, որոնք, որպես բացառիկ, համընդգրկուն ժառանգություն գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ եկեղեցիներն են Ս. Թադե, Ս. Ստեփանոս վանքերը և Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցին:
    Այս երեք եկեղեցական համալիրներն էլ իրենց արժանի և ուրույն տեղն ունեն հայ ճարտարապետության մեջ: Այստեղ կառանձնացնենք և հանգամանորեն կանդրադառնանք Վ. Առաքելյանի վերջին և ավարտուն գործին՝ Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքներին:
    Սակայն մինչ այդ համառոտ ներկայացնենք Ծործորի վանքի մասին պատմությունից մեզ հասած տեղեկությունները:
    Ծործորի վանքային համալիրից (14-րդ դար) մեզ է հասել Ս. Աստվածածին եկեղեցին, որը գտնվում է Ակի կոչված ժայռոտ և  ձորի մուտքին, որտեղ իրար են միանում Թադեի ձորից անցնող վտակը, Չալդրանի (Շավարշան) դաշտի վտակն ու Արարատի Գոգհովիտի Ավաջուղից ակունք առած Կուսանաց գետակը և կազմում Զանգիբար գետը, որը գրեթե ծորալով՝ անցնում է Ակիի նեղլիկ ձորից ու միախառնվում Մակվի գետին (ճարտարապետը կարծում է, որ հենց ծորել բառից էլ առաջացել է Ծործոր անվանումը):
    Ծործորի վանքը առաջին անգամ հիշատակվում է 1314 թվականին, հետևաբար ենթադրվում է, որ այն կառուցվել է 1298 և 1314 թվականների միջև ընկած ժամանակամիջոցում և լինելով Արտազի թեմի հոգևոր իշխանության մշակութային կենտրոնը՝ ծաղկել է 14-րդ դարի առաջին կեսին:
    Այդ ժամանակաշրջանում Արտազի շրջանի բնակչությունը հարում է կաթոլիկության, և Զաքարիա Եպիսկոպոսը դառնում է հռոմեադավան հայության հոգևոր առաջնորդը:
    Զաքարիա Եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին (վերջինս հետագայում հայտնի դարձավ որպես Հովհաննես Ծործորեցի) միասնական ջանքերով բացում են բարձրագույն դպրոց և գիտամանկավարժական, թարգմանչական և քերականագիտական լայն աշխատանք ծավալում: Հովհաննես Երզնկացի-Ծործորեցին եղել է մատենագիր, քերականի մեկնիչ, թարգմանիչ, ուսուցչապետ և հասարակական գործիչ:
    Պատմական տեղեկությունների համաձայն Ծործորի վանքի գոյությունը սերտ կապ է ունեցել հայոց պատմության մեջ կաթոլիկության առաջացման, ապա երևան եկած ունիթորական (միարարական) շարժման և դավանաբանական բարդ խնդիրների հետ:
    Որպես կաթոլիկական կենտրոն՝ Ծործորը հարատևել է մինչև 17-րդ դարը: Բայց քանի որ ամբողջ շրջանը գտնվում էր հարատև պատերազմների թատերաբեմում, հատկապես Պարսկաստանի և Օսմանյան կայսրության երկարատև կռիվների ժամանակ, շրջանի հայությունը ցրվում է զանազան վայրեր, իսկ մնացած փոքրաթիվ հայությունը աստիճանաբար ձուլվում է տեղացի ազգաբնակչության հետ, և արդյունքում 1680-ական թվականներից Ծործորի Ս.Աստվածածին վանքը դադարում է գործել: Իսկ ռուս-պարսկական պատերազմի վերջում և Թուրքմենչայի դաշնագրից հետո, Արտազի շրջանի հայ ազգաբնակչության խոշորագույն մասը գաղթում է և Ծործորը մնում է լրիվ լքյալ վիճակում ու մոռացության տրվում մինչև 1987 թվականը:
    Ճարտարապետ Վարուժան Առաքելյանը հիշում է, որ 1987 թվականի սեպտեմբերի 17-ին ահազանգ է ստացվում, որ Ծործորի Ս.Աստվածածին եկեղեցին շրջափակված է և արդեն սկսվել են «Բարոն»-ի ջրամբարտակի շինարարական աշխատանքները, բուլդոզերները փորում են նրա հիմքերի մերձակայքը և շուտով ամբարտակ կառուցելու համար պիտի պայթեցնեն ժայռաբեկորները:
    Ահազանգից հետո Վ. Առաքելյանը դիմում է «Մշակութային Ժառանգություն» կազմակերպության գործադիր տնօրեն ճարտարապետ Շիրազիին, որի նախաձեռնությամբ էլ հրավիրվում է խորհրդակցական ժողով՝ Էներգետիկայի նախարարությունում: Շուրջ չորս ժամվա բանակցություններից հետո հնարավոր է լինում 25 օրով դադարեցնել ամբարտակի շինարարարական աշխատանքները՝ եկեղեցին այլ վայր տեղափոխելու համար: Նույն խորհրդակցության ժամանակ որոշվում է նաև եկեղեցու վերակառուցման նոր վայրը՝ 600 մետր իր բուն տեղից հեռու և 110 մետր բարձր մի տեղ՝ լեռնալանջին:
    Աշխատանքները իրականացվել են «Իրանի մշակութային, ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի» կազմակերպության աջակցությամբ: Վերականգնողական աշխատանքներին մասնակցել են ինչպես տեղի, այնպես էլ Հայաստանից հրավիրված մասնագետներ, որոնց միահամուռ ուժերով ավարտին են հասցվել աշխատանքները: Աշխատանքները տևել են ոչ ավել ոչ պակաս 13 տարի:
Dzor Dzor church    Վերականգնողական աշխատանքների ընթացքում կառույցը քար առ քար, շերտ առ շերտ քանդելով և մեկ առ մեկ չափագրելով, մաքրել և արձանագրել են մանրամասնությունները, նկարահանել ու խնամքով դասավորել են մերձակա հարթակում: Այնուհետև փնտրել և գտել են թափված ու հողերի մեջ անհետ կորած քարաբեկորները, որպեսզի հնարավորինս կառույցը լրացվի հենց իր իսկական քարերով, իսկ պակասները լրացնելով նոր տաշված քարերով՝ «փազլի» պես վերականգնելով կառույցը:
    Վերականգնողական աշխատանքները ավարտին հասցնելուց հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետյանը վերօծում է Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցին:
    Վարուժան Առաքելյանի աշխատանքն աննկատ չմնաց: Նա իր ծավալուն գործունեության առաջին գնահատանքը ստացավ 1993թ-ին՝ Տ. Գարեգին Բ Սարգսյանի կողմից, ապա Ծործորի Ս. Աստվածածին եկեղեցու տեղափոխման ու վերականգնման առիթով 2000 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի կողմից պարգևատրվեց «Կիլիկիո Ասպետ» շքանշանով:
    Եվ վերջերս «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի նախագահ Գ. Գյուրջյանի նախաձեռնությամբ Վարուժան Առաքելյանին շնորհվեց ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը: 2012թ.-ի սեպտեմբերի 6-ին Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ ճարտարապետ Վարուժան Առաքելյանին ՀՀ Մշակույթի նախարարության «Ոսկե Մեդալով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի նախագահ Գ. Գյուրջյանը, ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ա. Գրիգորյանը, իրանահայ ճարտարապետներ, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի անդամաներ, Վ. Առաքելյանի բարեկամներն ու ընկերները և տասնյակ հյուրեր:
                                                                                                        Անի Հայկազուն (արվեստաբան)
                                                                                                        Լուսնակարները՝ Ա. Հայկազունի