«ԵՐԲ ՆԱՅՈՒՄ ԵՄ ՔՈ ԲԹԱՄԻՏ ԴԵՄՔԻՆ...»

Seyran_Grigoryan
     (Չարենցի անտիպ էպիգրամները բնագրագիտական
տեսանկյունից)
 
    Առանձնահատուկ ճակատագիր են ունեցել չարենցյան էպիգրամները՝ թե՛ ձեռագրերի պահպանման, թե՛ դրանց հետագա հրատարակության և հետազոտության առումներով: Անահիտ Չարենցի պատրաստած «Անտիպ և չհավաքված երկերում» (Ե., 1983) ժամանակաշրջանի պահանջների թելադրանքով տեղ չեն գտել այդ ժանրի տասնյակ գործեր, հատկապես նրանք, որոնցում երգիծական սուր բնորոշումներ են տրվում 20-30-ական թվականների պետական-քաղաքական հայտնի գործիչներին և գրողներին:
    Դարձյալ ժամանակի թելադրանքով չարենցյան էպիգրամների ամենից «վտանգավոր» մասը հանրությանը հայտնի դարձավ 1980-ական թթ. վերջին և 90-ական թվականներին: Գրաքննության մեղմացմամբ պայմանավորված այդ գործողության գլխավոր իրագործողը վերստին Դ. Գասպարյանն էր: Զարմանալի է, սակայն, որ սովորաբար ձեռքն ընկած ամեն ինչ որպես նորահայտ ու անտիպ հրապարակելով՝ նա ասպարեզ չի բերել իրապես անտիպ, անհայտ մի շարք էպիգրամներ: Մասնավորապես, նախապատրաստող հրապարակումներում  և «Նորահայտ էջեր» գրքում (Ե., 1996) տեղ չի տրվել Չարենցի ամենից սուր և տպավորիչ մի էպիգրամի, որ սկսվում է «Երկու ղեկավար մենք ունենք» տողով: Որքան մեզ հայտնի է, այն երբեք չի տպագրվել նաև հետագայում:
    Էպիգրամի ինքնագիրը պահվում է գրականության և արվեստի թանգարանում (Չարենցի ֆոնդ, թիվ 14): Բաղկացած է վեց տողից և թվագրված է «1935. IV. 10»:
    Էպիգրամը, որ վերաբերում է Խորհրդային Հայաստանի այդ օրերի երկու բարձրաստիճան պաշտոնյաների, մեջբերենք ամբողջությամբ.
 
                                             Երկու ղեկավար մենք ունենք,
                                             Երկուսն էլ– վանեցիներ...
                                             Երկուսի էլ կանայք–
                                             Իսրայելացիներ...
                                             Կարո՞ղ է վեհ մի բան
                                             Այս դաշինքը ծնել...
 
    Չարենցը ակնհայտորեն նկատի ունի Աղասի Խանջյանին և Լևոն Արիսյանին (ի դեպ, համապատասխան տետրում այս էպիգրամը դրված է Արիսյանի կնոջը վերաբերող ««Նրա» կնոջը» էպիգրամից անմիջապես հետո):
    Նկատի ունենալով Աղասի Խանջյան - Եղիշե Չարենց բազմաբարդ հարաբերությունների էական դերը Չարենցի անձնական և ստեղծագործական ճակատագրում, ինչպես նաև Լևոն Արիսյանի վճռորոշ մասնակցությունը «Գիրք ճանապարհի» ժողովածուի արգելման գործում (վերջինիս արտահայտությունն են նրան պսակազերծող մի ամբողջ շարք էպիգրամներ)՝ չարենցագիտությունը պետք է որ չանտեսեր իմաստային և գեղարվեստական առումներով բավական ինքնատիպ այս գրվածքը: Մանավանդ որ այն զետեղված է չարենցյան թերևս ամենահայտնի ձեռագիր հավաքածուի մեջ՝ «Բանաստեղծությունների տետրակ» հեղինակային անվանումով սևակազմ նշանավոր մատյանում, որից բազմաթիվ գործեր, այդ թվում էպիգրամներ են տպագրվել թե՛ «Անտիպ և չհավաքված երկերում», թե՛ «Նորահայտ էջերում»: Այսինքն՝ անծանոթ կամ անհայտ մնալու, չնկատվելու գործոնը գրեթե բացառված է:
    Զարմանալին այն է, որ չարենցագետը իսկապես էլ ծանոթ է «Երկու ղեկավար մենք ունենք» էպիգրամին և անգամ վկայակոչում է այն, միայն թե ոչ մամուլում, ապա և «Ողբերգական Չարենցը» գրքում լույս տեսած «Խոսքն իբրև զենք կամ էպիգրամների անվրեպ կրակահերթ» ուսումնասիրության մեջ (հմմտ Դ. Գասպարյան, Ողբերգական Չարենցը, Ե., «Նաիրի», 1990, էջ 166-186), այլ դրանից մի քանի տարի հետո լույս տեսած մեկ այլ աշխատանքում: Այդտեղ անտիպ էպիգրամը արդեն հիշատակվում և մեկնաբանվում է խիստ որոշակիորեն. «Չարենցի և Խանջյանի հարաբերությունների վատթարացման վկայությունն են «Մեր նոր ճորտերին» բանաստեղծությունը և «Երկու ղեկավար մենք ունենք» էպիգրամը... Իսկ «երկու ղեկավար» ասելով՝ Չարենցը նկատի ուներ Խանջյանին և Կենտկոմի ագիտպրոպ բաժնի վարիչ Լևոն Արիսյանին, որոնց երկուսի կանայք էլ, ինչպես գրում է Չարենցը, «իսրայելացիներ էին»: «Կարո՞ղ է վեհ մի բան Այս դաշինքը ծնել», երգիծաբար հարցնում է նա նշված էպիգրամում» (Դ. Գասպարյան, Փակ դռների գաղտնիքը, Ե., «Ապոլլոն», 1994, էջ 13-14): Փաստորեն այստեղ մեջբերվում է նաև էպիգրամի վերջնամասը, այլև հղում է տրվում ԳԱԹ համապատասխան ֆոնդին: Այսինքն՝ եթե ոչ ավելի շուտ,  1994-ին արդեն չարենցագետը ստուգապես ծանոթ է էպիգրամի գոյությանն ու բնագրին:
    Առավել տարօրինակն այն է սակայն, որ նա այն չի զետեղել անգամ երկու տարի հետո տպագրված «Նորահայտ էջեր» գրքում: Եթե պատճառը լիներ թյուրիմացությունը կամ անուշադրությունը, այն կարող էր տեղ գտնել, ասենք, 2012 թ. «Գիրք մնացորդաց»-ում, որ նույնպես տեղի չի ունեցել:
    Հավանական պատճառը պետք է փնտրել բովանդակային իրողությունների մեջ: Որքան էլ արտառոց թվա, հոգեբանորեն կաշկանդիչ դեր կարող էր խաղալ էպիգրամի չորս հերոսների ծագումնաբանության չարենցյան սարկաստիկ մեկնաբանությունը: Կանանց՝ հրեուհի լինելու փաստը՝ գոնե այնքանով, որ հրեուհի էր նաև «Նորահայտ էջերի» հրապարակման շրջանի հայաստանյան գլխավոր ղեկավարի կինը: Բայց ամենայն հավանականությամբ վճռորոշը եղել է Հայաստանի երկու գլխավոր ղեկավարների՝ վանեցի լինելու և դրա անհեռանկարային բնույթի մասին չարենցյան թափանցիկ ակնարկը: Այս անգամ զուգադիպությունը ավելի մերձավոր է, քանի որ ծագումով վանեցի է նաև ինքը՝ անտիպների մասնագետ չարենցագետը: Մտածելու բան է, որ «Փակ դռների գաղտնիքը» գրքի վերոբերյալ դիտարկման մեջ ոչ մի անդրադարձ կամ հիշատակում չկա էպիգրամի միայն մեկ տողի մասին՝ «Երկուսն էլ– վանեցիներ...»: Ավելորդ չէ համեմատության կարգով նկատել, որ Արիսյանի կնոջը ծաղրող ««Նրա» կնոջը» էպիգրամի առաջին տողը՝ «Դո՛ւստր Իսրայելի և կի՛ն վանեցու», «Ողբերգական Չարենցը» գրքում տպագրված է առանց «և կի՛ն վանեցու» արտահայտության (էջ 184): Ի դեպ, էպիգրամն այդտեղ մեջբերված է ամբողջությամբ (զեղչված միակ կիսատողը հասկանալիորեն վերականգնված է «Նորահայտ էջեր» գրքում):
    Եղիշե Չարենցն ունի նաև ուրիշ անտիպ էպիգրամներ: Այդպիսի մի քանի գործ առկա է դարձյալ ԳԱԹ Չարենցի ֆոնդում, այս անգամ արդեն գերազանցապես էպիգրամներ ամփոփող 28-րդ թղթածրարում: Բացի այն, որ այդտեղ կան արդեն տպագրված էպիգրամների տարբերակներ, սևագիր տողեր և նշումներ, պահպանվել են նաև մի քանի չջնջված և ընթեռնելի հատվածներ: Եվ քանի որ այս թղթապանակից այլ գործեր տպագրվել են, անտիպ մնացածների անտեսումը գերազանցապես կարելի է բացատրել անմշակ ու հատվածական բնույթով, մասամբ՝ նաև հիշատակվող անուններով: Մասնավորապես դժվարությամբ կարդացվում է Գուրգեն Մահարու անունը, իսկ չջնջված և դյուրընթեռնելի հատվածներում՝ նաև Ստեփան Զորյանի և Սիմոն Հակոբյանի անուն-ազգանունները: Այս անունները հետաքրքրական են գոնե այնքանով, որ հիշյալ դեմքերը հայտնի չեն որպես չարենցյան էպիգրամների հերոսներ:
    Ահա 1936 թ. գրված էպիգրամներից մեկը, որ կրում է գրական պայքարով և ժանրով պայմանավորված ակնհայտ չափազանցությունների դրոշմը.
 
                                             Եվ մի՛շտ գովե՛րգ արյան՝
                                             Մեր Նայիրին Զարյան...
                                             Եվ Ստեփա՛ն Զորյան,
                                             Եվ Հակոբյան Սիմոն–
                                             Երկու՝ վաղո՛ւց քամած՝
                                             Դաշնակցական լիմոն...
 
    Իրապես անհայտ մնացած նման գործերի կողքին 28-րդ թղթածրարում հավաքված են նաև արդեն տպագրված էպիգրամների բնագրային տարբերակներ: Շատ են հատկապես Վ. Նորենցին, Վ. Ալազանին և նրա կնոջը՝ Մարոյին հասցեագրված գործերի վարիացիաները: Օրինակ՝ «Նորահայտ էջեր» գրքում զետեղվել է հետևյալ էպիգրամը.
                                              
                                                Հելիկոնում հայկազյան
                                                Այսօր փորսող քնարով
                                                Պովետ է այրն Ալազան–
                                                Եվ դիցուհի է Մարոն: (158)

    Ահա և ակնհայտ տարբերություններ ունեցող անտիպ տարբերակը.
                                        
                                                Վայ քեզ, Պառնաս սրբազան,
                                                Ուր պոետ է քնարող
                                                Մի ողբացյալ Ալազան
                                                Եվ դիցուհի է Մարոն...
 
    Ի դեպ, դարձյալ «Հելիկոնում հայկազյան» սկզբնատողով, բայց բավական տարբեր շարունակությամբ մի տարբերակ էլ անտեսված է մնացել հենց «Սև տետրում», որտեղից հիմնականում վերցված են «Անտիպ և չհավաքված երկերի», ապա և «Նորահայտ էջերի» էպիգրամների բնագրերը:
    Ուշագրավ է, որ չտպագրելով իրապես անտիպ և անհայտ էպիգրամները (կամ տարբերակները), Դ. Գասպարյանը հաճախ որպես իր ձեռքով կատարված առաջին հրապարակում է ներկայացնում գործեր, որ տարիներ, անգամ տասնամյակներ ի վեր հայտնի են ընթերցողներին և չարենցագետներին: Այդպիսին է, օրինակ, «Վարք սրբոց (Հ. Գ. Ք.)» էպիգրամը (143): Գասպարյանի հրապարակումներից մոտ քսան տարի առաջ այդ բնագրի ութ տողերից առաջին վեցը արձակ շարադրանքով մեջբերել է գրականագետ Գարեգին Հովսեփյանը «Չարենցի պոեզիան» գրքում (Ե., 1969, էջ 408): Հայկ Գյուլիքևխյանին ծաղրող այս էպիգրամը 1970-ական թթ. հրապարակվել է ևս երկու անգամ: Դարձյալ առաջին վեց տողերը, բայց արդեն չափածո, ԳԱԹ Չարենցի ֆոնդը հղելով՝ իր հայտնի մենագրության երկրորդ հատորում մեջբերել է Սուրեն Աղաբաբյանը (Եղիշե Չարենց, գիրք 2, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1977, էջ 175): Նույնը երկու տարի անց «Եղիշե Չարենցը և հայ հին գրականությունը» հոդվածում մեջբերել է գրականագետ Մայիս Ավդալբեկյանը (Չարենցյան ընթերցումներ, գիրք 4, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1979, էջ 257), իսկ 80-ական թթ. կեսին՝ սփյուռքահայ պարբերականներից մեկը («Բագին», 1985, թիվ 2, էջ 41):
    Բացի այդ՝ Չարենցի արխիվի հիշյալ տեղում (ԳԱԹ, Չֆ, թիվ 28) պահվում է այս էպիգրամի մի տարբերակը՝ միայն «Հ. Գ. Ք.» վերնագրով: «Սև տետրի» ինքնագրի՝ «Նորահայտ էջեր» գրքում տպագրվածի համեմատ այդ տարբերակի վերջին տողն ունի բնագրային տարբերություն, որ նշված չէ գրքում.
 
                                       Նա տուրք է տալիս սրբոյն Օնանին:– (ՆԷ, 143)
                                      
                                       Նա տուրք է տալիս քեռի Օնանին: (ԳԱԹ, Չֆ, թիվ 28)
 
    Սակայն Չարենցի անտիպ էպիգրամների հրատարակության արդի փուլը հատկանշվում է հատկապես բնագրի սխալ վերծանումներով, բառերի և արտահայտությունների աղավաղումներով, որոնցով դարձյալ «փայլում է» «Նորահայտ էջեր» գիրքը:
    Երբեմն սխալ են վերծանված անգամ բնագրի ամենաերևացող մասերը՝ վերնագրերը: Այսպես՝ Արիսյանին վերաբերող ծավալուն էպիգրամի վերնագրում «հերոս» բառը առնված է չակերտների մեջ՝ ««Հերոս» Լևոնին»: «Նորահայտ էջերում» Չարենցի դրած չակերտները հանվել են՝ «Հերոս Լևոնին» (156), որի հետևանքով վերացել է բառին տրված հեգնական-ժխտական նշանակությունը:
    Էպիգրամը այդ և բառային ու կետադրական ուրիշ սխալներով փոխանցվել է 1997 թ. լույս տեսած «Ե. Չարենց, Ընտիր երկեր» հոբելյանական ժողովածուի մեջ (էջ 137):
     Գրքի հաջորդ՝ 157-րդ էջում տպագրվել է դարձյալ Լ. Արիսյանին հասցեագրված մի ուրիշ էպիգրամ, որի առաջին տող-վերնագիրն է «Նույնիսկ ահա՛, այս կրիային»: Առաջին բառը անհարիր է բնագրին, որովհետև իրականում Չարենցը գրել է ուրիշ բառ՝ «Նայեցեք»: Այսինքն՝ էպիգրամի ճիշտ վերնագիրն է «Նայեցեք ահա՛ այս կրիային» (զարմանալի է, բայց վերջինս ճիշտ է տպագրված «Ողբերգական Չարենցը» գրքում):
    Որպես ընդհանուր կարգի բնագրագիտական դիտողություն՝ նկատենք նաև հետևյալը: Չարենցի էպիգրամների՝ «Սև տետրում» պահպանված շարքը «Նորահայտ էջեր» գրքում ներկայացված է «Դիֆիրամբներ և էպիգրամներ» խորագրի ներքո: Քանի որ վերնագիրը հեղինակային բնագրի անփոփոխելի հիմնական բաղադրիչ է, ասենք, որ Չարենցը չունի «Դիֆիրամբներ և էպիգրամներ» վերնագիր: Վկայակոչված ինքնագրում շարքի ընդհանուր վերնագիրն է՝ «Էպիգրամներ և սատիրական բանաստեղծություններ»: Հարկ է ճշտել նաև, որ տպագրվածի համեմատ ինքնագրում տարբեր է նաև շարքը կազմող գործերի հաջորդականությունը, որը հեղինակի կամքն է և իբրև այդպիսին՝ պետք է ընկած լինի գալիք գիտական հրատարակությունների հիմքում:
    Իսկ բառային խեղաթյուրումները, որ քանակ են կազմում նաև բանատողերում, առավել տարօրինակ են, քանի որ 14-րդ թվահամարով պահվող «Սև տետրի» գործերը չարենցյան ձեռագրերի մեջ առանձնանում են իրենց հստակությամբ: Բառային, նաև ուղղագրական և կետադրական խախտումները առհասարակ զանցանք են բնագրագիտության մեջ, բայց դրանք կրկնակի վտանգավոր են անձնային, բարոյական, քաղաքական բնույթի սուր գործերում: Իսկ էպիգրամներն անտարակույս այդպիսին են:
    Աղավաղումներով են տպագրվել գրական հակառակորդների դեմ ուղղված չարենցյան էպիգրամները: Հարություն Մկրտչյանին «ձոնված» «Քսպեին» էպիգրամի առաջին՝ «Թեմա» տարբերակում կա այս տողը.
                                          
                                         Իբրև մեծ պատիվ՝ քեզ բնությունից տրված է լեզու– (ՆԷ, 145)
 
    Ինքնագրում մեր կողմից ընդգծված բառի փոխարեն առկա է «պարգև» բառը:
   Նույն էպիգրամի երկրորդ՝ «Վարիանտ I» տարբերակի «Լիզի՛ր, սիրելի՛ս, քանի փոքր ես դու՝ շաքար ու կոնֆետ» տողը ձեռագրում մեկ այլ բառով է.
 
                                           Լիզի՛ր, սիրելի՛ս, քանի փոքր ես դեռ, շաքար ու կանֆետ...
 
  Ի դեպ, այս էպիգրամը նույն սխալներով է տպագրվել չարենցյան հետագա հրատարակություններում, մասնավորապես 1997 թվականի «Ընտիր երկերում» (էջ 133):
    «Էքսպրոմտ» («Նորահայտ էջեր», էջ 147) էպիգրամն ունի թվագրում՝ «1929», որը գրքում բացակայում է: Բացի այդ՝ ինքնագիրը ջնջված է և գրքում պետք է առնվեր ուղիղ փակագծերի մեջ՝ []:
    Նույն էջին տպագրված «(Հ. Պ.)» էպիգրամն ինքնագրում ունի վերնագիր՝ «Համառոտ բնութագիր»: «Սև տետրում» սրան հաջորդում է նույն վերնագրով մեկ այլ էպիգրամ, որը տպագրվել է ՆԷ-ի նախորդ՝ 146-րդ էջում և, ինչպես ցույց է տալիս գրքի «Բովանդակությունը», դիտվել իբրև էպիգրամների մի ամբողջ շարքի ընդհանուր վերնագիր: «Համառոտ բնութագիրը» որպես շարքի խորագիր է ներկայացված նաև ծանոթագրության մեջ («Այս շարքի հերոսները...»):
    Իրականում Չարենցը նման վերնագրով շարք չունի: Համանուն երկու էպիգրամների վերնագրերը գրված են նույնակերպ ձեռագրով՝ նույն էջի ներքևի մասում: «Համառոտ բնութագիր» առանձին վերնագրերով երկու էպիգրամները, չգիտես ինչու, տեղ են գտել նաև չհրատարակված գործեր ամփոփելու կոչված «Գիրք մնացորդաց» հատորում, բայց, բարեբախտաբար, ճիշտ վերնագրումով (118-119):
    Ջնջված է, բայց առանց անհրաժեշտ փակագծերի է տպագրվել նաև «Ուզում եմ հավատալ» («Նորահայտ էջեր», էջ 149) էպիգրամի ինքնագիրը: Տետրում դրան նախորդում է մեկ այլ, չջնջված տարբերակ, որի գոյության մասին գրքում չի հիշատակվում: Ընդ որում՝ չջնջված տարբերակը տպագրվածի համեմատ ունի բնագրային ակնհայտ տարբերություններ.
 
                                           Որ կարծես և՛ կա, և՛ չկա,–
                                           Որ ժողկոմ է Թաթոսը, Արսենը (ՆԷ, 149)
 
                                           Որը կա կարծես և չկա,
                                           Որ պրեմյեր է Թաթոսը, Արսենը (ԳԱԹ, Չֆ, թիվ 14)
    
    «Ուզում եմ հավատալ» էպիգրամի տարեթիվը ինքնագրում նշված է ոչ թե «1930», ինչպես գրքում է, այլ «930» ձևով:
    Թվագրմանն առնչվող սխալները նույնպես, երևում է, հաճախադեպ են: Այսպես՝ հեղինակային թվագրում ունեն, բայց «Նորահայտ էջեր» գրքում առանց թվագրման են տպագրվել «Եթե հասկանար գեթ ի՛նքը ՑեԿան» և «Որտեղի՞ց եկավ և ո՞նց ընկավ» էպիգրամները, որոնք ձեռագրում ունեն նույն թվագրումը՝ «1933. XI. 30»: Իսկ ահա վերը դիտարկված «Նայեցեք ահա՛ այս կրիային» էպիգրամի վերջում առկա է 1935-1936 հեղինակային թվագրումը, որը կազմողը անհասկանալիորեն վերցրել է սուրանկյուն փակագծերի մեջ՝ <1935-1936 >: Բացի այդ՝ Չարենցը էպիգրամից անմիջապես հետո դրել է գրության ժամանակը մատնանշող ծանոթագրություն և իր ստորագրությունը, որոնք բաց են թողնված գիտական հրատարակության մեջ. ՙ(Միութենական գրողների համագումարի նախօրեին) Ե. Չարենց»:
    Աղավաղումներն ու անփութությունները որոշ դեպքերում հանգեցնում են իմաստային զավեշտների: Այդ առումով «փայլում է» հատկապես սկզբնատառերով վերնագրված «Ա. Գ.» էպիգրամի հրապարակումը «Նորահայտ էջերում» (էջ 150):
     «Բանաստեղծությունների տետրակում» Չարենցը գրել է.
                                         
                                            Դու պիտի, ընկեր,
                                            Խուժան լինեիր,
                                            Կյանքը սակայն քեզ
                                            Շինեց ահա ի՞նչ: (ԳԱԹ, Չֆ, թիվ 14)
 
     Այս դեպքում արդեն փոքր զանցանք է թվում այն, որ տետրում ջնջված բնագիրը գրքում տեղ է գտել առանց ուղղանկյուն փակագծերի, իսկ «1931» հեղինակային հստակ թվագրումը առնված է սուրանկյուն ավելորդ փակագծերի մեջ: Բանն այն է, որ հենց բնագիրը տպագրված է ահավոր սխալներով, որոնք կամայական վերծանման հետևանք են: Երրորդ տողում մեր ընդգծած «սակայն» բառը դարձել է «առանց», իսկ վերջին տողի առաջին բառը չարենցագետն ընկալել է որպես անպարկեշտ արտահայտություն և կրճատել: Այնինչ այդ բառը ինքնագրում միանշանակ ձևով ունի «դարձրեց» իմաստը և ոչ թե ցույց է տալիս սեռական գործողություն, այն էլ՝ ուղղված առաջին դեմքին: Էպիգրամի վերջին՝ Չարենցի գրած «ի՞նչ» բառը տպագրվել է որպես անձնական դերանուն՝ «ինձ»: Արդյունքում չարենցյան խորիմաստ էպիգրամը Դ. Գասպարյանի ձեռքով վերածվել է այսպիսի զավեշտի.
 
                                            Դու պիտի, ընկեր,
                                            Խուժան լինեիր,
                                            Կյանքը առանց քեզ
                                            Շ <...> եց ահա ինձ:
 
    Բնագրագիտական նման «գլուխգործոցի» հետ կարող է մրցել թերևս միայն Նաիրի Զարյանին հասցեագրված և նրա անուն-ազգանվան սկզբնատառերով վերնագրված «Ն. Զ.» էպիգրամը: «Նորահայտ էջեր» գրքի էպիգրամային բաժնի հենց առաջին՝ 141-րդ էջում այն տպագրված է այսպես.
 
                                          Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին
                                          Եվ կարդում հետո երգերս գրած–
                                          Ինձ պարզ է դառնում, թե ինչո՞ւ նրանք
                                          Գրավել են... քի՛չ:–
 
    Եթե այս գեղարվեստական հղացումը վերածենք սովորական լեզվի ու հավատանք տպագրված բնագրին, կստացվի հետևյալ արտառոց պատկերը: Երբ Չարենցը նայում է Նաիրի Զարյանի բթամիտ դեմքին, հետո կարդում իր՝ Չարենցի երգերը, հասկանում է, թե ինչու նրանք՝ Չարենցի երգերը, քիչ են գրավում: Անհեթեթությունը կատարյալ կլիներ, եթե օգնության չհասներ ճշմարտությունը:
    Խնդրո առարկա «Ն. Զ.» էպիգրամը մի տեսակ փորձաքար է կամ հանգույց, որտեղ ի մի են հավաքվում չարենցյան անտիպ էպիգրամներին (և առհասարակ անտիպներին) շարունակաբար պատուհասող բնագրագիտական աղետները:
    Նախ վերհիշենք, որ «Ն. Զ.» վերնագրված երկու էպիգրամներով է բացվում «Նորահայտ էջեր» գրքի համապատասխան՝ «Դիֆիրամբներ և էպիգրամներ» բաժինը: Վերջինիս վերաբերող ծանոթագրությունների հենց սկզբում Դ. Գասպարյանը գրում է. «Ինքնագրերը պահվում են ԳԱԹ, Չֆ, թիվ 14, այսպես կոչված «Սև տետրում»:
    Առաջին անգամ հրապարակել է Դ. Գասպարյանը» (454):
    Հղում է արվում «Երեկոյան Երևան» թերթի 1988 թ. մի համարին և «Ողբերգական Չարենցը» գրքին, որոնց մեջ տեղ է գտել  «Խոսքն իբրև զենք կամ էպիգրամների անվրեպ կրակահերթ» հրապարակումը: Բայց, ինչպես տասնյակ այլ դեպքերում, Գասպարյանը չարաչար սխալվում է:
    «Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին» սկզբնատողով «Ն. Զ.» էպիգրամը առաջին անգամ տպագրվել է հեռավոր 1969 թվականին, հայտնի գրագետ Պողոս Սնապյանի հեղինակած համանուն բանասիրական «նշմարի» մեջ: Այդ ժամանակ հայրենիքում լույս էր տեսել «նորոգ հանգուցյալ» Նաիրի Զարյանի «Զրույց մեռած բանաստեղծի հետ» բանաստեղծությունը: Հակաճառության ոգով շարադրված անդրադարձում «Բագին» հանդեսի մեկնաբանը մերժում է ինքնարդարացման զարյանական ճիգը՝ հավելելով հետևյալը. «Վստահելի չէ նույնպես Զարյանի մեջ «ոսկի» տեսնելու Չարենցին վերագրված բուխ տրամադրությունը: Զարյանի պարագային երկընտրանքի առջև չէ գտնված Չարենց, լավը վատեն անջատելու բնավ փորձ չէ ըրած, առհասարակ քիչ բան գտած է անոր մեջ և այդ «քիչը» արտահայտած է քիչ բառերով, հետևյալ քառյակին մեջ.
 
                                                                Ն. Զ.
 
                                          Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին
                                          Եվ կարդում հետո երգերդ գրած–
                                          Ինձ պարզ են դառնում, թե ինչո՞ւ նրանք
                                          Գրավիչ  են... քի՛չ:» («Բագին», Բեյրութ, 1969, թիվ 9, էջ 76-77)
 
    Երկրորդ անգամ, արդեն «Անտիպ և չհավաքված երկերին»  նվիրված նշմարների և հարցադրումների շրջանակում, էպիգրամը տպագրվել է նույն ամսագրում (ՙԲագին», Բեյրութ, 1985, թիվ 2, էջ 42):
    Դժվար չէ նկատել, որ երկրորդ և չորրորդ տողերի ընդգծված բառերը էապես տարբեր են «Նորահայտ էջերի» կարծեցյալ գիտական բնագրից: Ապշելու բան է, բայց «Բագինի» զույգ հրապարակումները, որ արվել են, ի դեպ, Հայաստանից գնացած մի զբոսաշրջիկի նոթատետրի հիման վրա, անհամեմատ մոտ են ինքնագրին, քան ինքնագրի հիման վրա պատրաստված «գիտական» տեքստը: Միայն թե, ի տարբերություն ինքնագրի, դրանցում 2-4 տողերը սկսվում են մեծատառերով, իսկ երրորդում առկա է օժանդակ բայի թվի տարբերություն («ինձ պարզ է դառնում» նախադասությունը տպագրված է «Ինձ պարզ են դառնում» ձևով): Ամենակարևորն այն է, որ ընդամենը մեկ հոդի և մեկ ածանցի ճիշտ վերարտադրությամբ վերոհիշյալ չարենցյան գաղափարը ընկալվում է խիստ բնական ձևով. նայելով Զարյանի բթամիտ դեմքին և հետո կարդալով ոչ թե իր, այլ նրա գործերը («երգերդ»), Չարենցը հասկանում է, թե ինչու նրանք՝ Զարյանի երգերը քիչ «գրավիչ» են: Այսինքն՝ վերանում է նաև «գիտական» հրատարակության «Գրավել են» արտահայտության հարուցած շփոթը:
    Նկատի ունենալով էպիգրամի ժանրի խարդավալից-ինտրիգային բնույթը, Եղիշե Չարենց-Նաիրի Զարյան հարաբերությունների բազմաբարդ շերտերը և բնագրագիտության տարրական պահանջները՝ այսուհետև թե՛ գիտական, թե՛ հանրամատչելի հրատարակություններում խնդրահարույց էպիգրամը պետք է տպագրել այնպես, ինչպես այն գրել է հեղինակը.
 
                                                                    Ն. Զ.
 
                                                Երբ նայում եմ քո բթամիտ դեմքին
                                                և կարդում հետո երգերդ գրած–
                                                ինձ պարզ է դառնում, թե ինչո՞ւ նրանք
                                                գրավիչ  են... քի՛չ:–                                                               
                                             
ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ