Էքզիստենցիալիզմի դրսևորումները 60-70-ականների սերնդի պոեզիայում

Ruzanna Voskanyan
    Էքզիստենցիալիզմի դրսևորումները տարբեր շրջանների, մասնավորապես` 20-րդ դարից ցայսօր ստեղծված արվեստում փնտրելը կասկածի տեղիք չի տալիս: Լինելով գոյության փիլիսոփայություն, փիլիսոփայական և գեղարվեստական ուղղություն՝ էքզիստենցիալիզմը միևնույն ժամանակ ավելին է վերը թվարկածներից. այն հոգեվիճակ է, աշխարհը իռացիոնալ ընկալելու բանաձև, որ անմիջականորեն անցումային տրամադրությունների հետ է կապված: Պատմական ցանկացած անցումային շրջանի հաջորդում է անցածի և գալիքի վերարժևորումը, մասնավորապես՝ էքզիստենցիալ: Պատահական չէ, որ էքզիստենցիալիզմի զարգացման առաջին փուլը համընկնում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ ձևավորվելով պարտություն կրած Գերմանիայում (Մ. Հայդեգեր, Կ. Յասպերս, Մ. Բուբեր և այլք), երկրորդ փուլը ֆրանսիականն է` Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում նոր թափ առած (Ժ. Պ. Սարտր, Ա. Կամյու, Ժ. Անույ, Բ. Վիան և այլք): 20-րդ դարի 40-50-ական թվականներին էքզիստենցիալիզմը տարածվեց եվրոպական այլ երկրներում ևս, իսկ 60-ականներին արձագանք գտավ նաև ԱՄՆ-ում:
   «Երրորդ փուլ կարելի է համարել մեր օրերը, քանի որ երիտասարդությունը իր էթիկայի հիմքը քաղում է էքզիստենցիալիզմից»[1],- ռուս գրականության ներկայիս վիճակն այսպես է գնահատում Լիդիա Եֆրեմովան: Ուրեմն եթե էքզիստենցիալիզմի ակունքների մոտ կանգնած Դոստոևսկի ունեցած ժողովուրդն էլ դեռ մինչև վերջ չի յուրացրել, հաղթահարել գոյության փիլիսոփայությունը, պատահական չէ, որ հայ իրականության մեջ պարբերաբար ու շարունակաբար հոլովվում է այն: Դրա համար երկու պատճառ կա. նախ՝ Արևմտյան հոսանքները, ոչ ոք չի ժխտի, փոքր-ինչ ուշացած են հասնում մեզ, երկրորդ ավելի կարևոր պատճառն այն է, որ անունները, որոնք քննվելու են էքզիստենցիալիզմի լույսի տակ, անցումային շրջանի վերագնահատողներն են, «մատենագիրները»:
  Համաշխարհային պատերազմները ցնցեցին մտածող եվրոպացուն ոչ այնքան  մարդկային զոհերով (զոհերի անխուսափելիությունը հասկանալի էր), որքան զոհերի անիմաստությամբ: «Բայց գուցե պատերազմից առավել անհասկանալի և սարսափելի էր այն դյուրինությունը, որով մոռացվեց այն), անհոգ-ցինիկ կյանքը, որ ձևավորվեց բուրժուական և մանրբուրժուական միջավայրում 20-ական թվականներին: Արևմտյան հասարակությունը նման էր մի նյարդայինի, որն անում էր հնարավորին ամեն ինչ` վերապրած հոգեկան ցնցման գիտակցությունը ջնջելու, վանելու համար»[2]: Էքզիստենցիալիստների ուշադրության կենտրոնում հայտնվեց անհատը` ճգնաժամային, անելանելի կամ, ինչպես իրենք էին բնորոշում, «սահմանային» իրավիճակի մեջ նետված: Վեր հանվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք էին մեղքը և պարտականությունը, որոշումն ու ընտրությունը, ազատությունը` իբրև մարդու մեղսագիտակցության չափ, մահը` իբրև անհատի գոյության գիտակցության սահման, և այլն:
   Հոգեբանական նույն իրավիճակն էր ետստալինյան Խորհրդային միությունում: Վերջապես բարձրացվել էր քողը 30-40-ական թվականներին կատարված ոճրագործությունների վրայից, և առաջին հերթին երիտասարդությունն էր թերևս, որ խորին դառնությամբ հասկանում էր՝ ինչ է կատարվել, և ինչ են իրենցից յուրաքանչյուրը և իրենք բոլորը կորցրել: 20-րդ դարի 60-ական թվականներին ոչ միայն լռության էին մատնվել այդ «անհետ կորածները», այլև ազատության պատրանք էր ստեղծվել, և գրաքննությանը չգոհացնող գրքերը այդպես էլ լույս չէին տեսնում, ավելին՝ նրանց հեղինակները հայտնվում էին ազատախոհների «սև ցուցակում»: Անցյալում կատարված անարդարությունները, դրանք հեշտությամբ մոռանալը և ներկայում էլ ազատության անվան տակ ազատ շնչել չկարողանալը չգիտակցված կամ երիտասարդներին բնորոշ պոռթկման են հանգեցնում:
  Խորհրդային Հայաստանում երիտասարդական գրականությունը «օթևան» էր գտնում միմիայն մամուլում, մասնավորապես՝ «Գարուն»-ում՝ բուռն քննարկումների և զրույց-բանավեճերի առիթ տալով[3]: Այս տեսանկյունից Հովհաննես Գրիգորյանի, Հենրիկ Էդոյանի, Տանյա Հովհաննիսյանի, Սլավիկ Չիլոյանի, Արմեն Մարտիրոսյանի, Արտեմ Հարությունյանի և այլոց սերունդը[4] կարելի է անվանել «մերժվածների սերունդ», որոնք արևի տակ իրենց տեղը գտնելու համար էին պայքարում: Էքզիստենցիալիզմը, որի լույսի տակ են քննվել այս սերնդի ներկայացուցիչների ստեղծագործությունները, լոկ պատմական ժամանակաշրջանը հասկանալու, ունայնության ու վախի մթնոլորտի հաղթահարման ճիգերը տեսնելու, հոգևոր արժեքների անկման պատճառները քննելու միջոց է: Խնդիրը էքզիստենցիալիստական աշխարհայացքի հետ զուգահեռներ գտնելն է: Հովհ. Գրիգորյանի պես իր սերնդի նորարության ձգտումը բացատրենք արաբական ասացվածքով՝ «Մարդիկ ավելի շատ իրենց ժամանակին են նման, քան թե իրենց ծնողներին»[5]:
  Անշուշտ, էքզիստենցիալիզմը կուռ, ամբողջական աշխարհայացք չի դառնում վերը թվարկված գրողներից և ոչ մեկի մոտ: Բացառություն է այս տեսանկյունից Սլավիկ Չիլոյանը: Կարծում եմ՝ Չիլոյան-էքզիստենցիալիզմ զուգահեռները այս հոդվածով չեն սահմանափակվի:
   60-70-ականների սերնդի՝ էքզիստենցիալիզմին ծանոթ լինելը (լինելու մասին վկայում են նախ և առաջ նրանց հոդվածներն այս թեմայով, տե՛ս, օրինակ, Հ Էդոյանի «Դոստոևսկին և 20-րդ դարի գրականության որոշ երևույթներ» (Գարուն, 1972թ., թ.1), Հովհ. Գրիգորյանի «Գրողը և նրա ժամանակը» (1998թ., թ. 3) և այլն: Վերջիվերջո, եթե այս սերնդից թեկուզ որևէ մեկը իմանար Սարտրի կամ մեկ այլ էքզիստենցիալիստի անուն, կիմանային նաև մյուսները` սրճարաններում պարբերական հանդիպումների և արվեստի շուրջ զրույցների շնորհիվ: Այսպիսով, պատահական չէ, որ հենց այս սերունդն է ուսումնասիրվում էքզիստենցիալիզմի տեսանկյունից:
  60-70-ական թվականների գիտակից մարդը, ինչպես և դարասկզբին, դեռևս կանգնած էր հոգևոր արժեքների փլուզման, «ոչ միայն հացիվ, այլև բանիվ» աստվածաշնչյան բանաձևման մեջ «հացիվ»-ին նախապատվություն տալու գայթակղության առջև: Նյութականին նախապատվություն տալը գրականություն մտնում է ոչ թե կշտամբանքի շղարշով, այլ հեգնանքով, «հացիվ»-ի չափազանց պանծացմամբ: Իր մի  բանաստեղծությունում, որի բնաբանը «Ինչո՞ւ հոգ կընես, թե ինչ պիտի ուտեմ կամ ինչ պիտի հագնիմ…» տողն է Մատթեոսի ավետարանից, Սլավիկ Չիլոյանն ամեն ինչ հանգեցնում է «հացիվ»-ին` շեշտելով մարդկային ընչաքաղցության անսահմանությունը.

                           … բեր մեզ համար առնենք
                           ընտիր իտալական կոշիկներ,
                           նուրբ անգլիական մահուդից
                           զգեստ ու վերարկու,
                           «ֆիլիպս» սափրվելու մեքենա…[6]

     Մարդը, որ ոչ վաղ անցյալում հոգու և մարմնի հակադրամիասնություն էր, նույնացվում է այն ամենի հետ միայն, ինչ ուտում և խմում է.

                           - Միս չկա…
                           Մեռել է միսը, ձուն, կաթը, ծաղիկը:                                                  
                           Դե տարեք դատարկ դագաղները,
                           Ինչպե՞ս պիտի թաղեք այն, ինչ չկա այլևս,
                           չկա այն, ինչ պիտի դառնա մարդ,
                           ապա մեռել – նյութը չկա…
                                                  («Ազդարարում է մեկի ձայնը»[7])

    Աթեիստական էքզիստենցիալիզմի դրույթներից մեկը, թե մարդն է միակ տերն ու տնօրենը իր կյանքի ու ճակատագրի, ինքն է իր իսկ փրկիչն ու սատանան, արձագանք է գտնում նաև հայ իրականության մեջ: Ժ. Պ. Սարտրի համոզմամբ` մարդն այնպիսի էակ է, որի ծրագիրն է աստված դառնալը: Լինել մարդ նույնն է, թե ձգտել դառնալ աստված: Տապալումը վերջնական է, քանի որ «Աստված մեռել է», կամ հեռացել է, կամ առժամանակ գոնե մոռացել իրեն փնտրողներին` «Էլի, էլի, լա՞մա սաբաքթանի» («Իմ Աստված, իմ Աստված, ինչո՞ւ լքեցիր ինձ»):

                           30 տարի հաց եմ կերել,
                           այսինքն` իմ մարմինը.
                           30 տարի մարդ փրկեցի,
                           այսինքն` ինձ.
                           ինձ փրկելն էլ քիչ բան չէր:
                                                   («Սիրեցյալն Աստծո վաղամեռիկ է», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 39)


 
  Կամ էլ միգուցե մարդը մշտական վազքի, կենցաղային հոգսերի մեջ չի հասցնում գլուխը վեր բարձրացնել ու օրըստօրե հեռանում է Աստծուց, մոռանում նրա ներկայության մասին.

                            Աստղեր չկան այս կղզու երկնքում, թեև, միգուցե կան,
                            սակայն ծանր մտքերի տակ կքած մարդիկ
                            գետնից չեն կտրում հայացքը` ինչ-որ բան գտնելու հույսով –
                            երկնքում ոչինչ չգտան իրենց հետաքրքրող...  («Տարբերակներ»[8])

          Սակայն ի զորո՞ւ է մարդն ապրել առանց Աստծու ներկայությունը զգալու.

                            Կարո՞ղ ես շնչել անցած մի արև,
                            Կարո՞ղ ես ձեռք տալ ստվերի սրտին,
                            Երբ Տերը վաղուց է հեռացել:       («Երջանկության շեմին»[9])            

  Էքզիստենցիալիզմի առանցքային դրույթներից է մարդու բացարձակ ազատությունը: Մարդը դատապարտված է ազատ ընտրության: Ընտրությունից խուսափելն էլ ընտրություն է: Ընտրության ազատությունը դրսևորվում է ամենուր և ամեն պահի` կենցաղային հարցեր լուծելուց մինչև ճակատագրական որոշումներ կայացնելը: «Մենք ազատությունն ենք, որը ընտրում է, բայց մենք չենք կարող ընտրել` լինել արդյոք ազատ, թե ոչ: Մենք դատապարտված ենք լինել ազատ: «...» Մենք նետված ենք ազատության մեջ»[10]: Անսահման ազատության մեջ չշփոթվելու և սեփական էքզիստենցիայից շեղվելու վախն էլ մարդու մոտ, թեկուզև թաքուն, ցանկություն է առաջացնում լինել «վանդակված».

                             Թե ունենայի սեփական անապատ
                             կկանչեի աշխարհի բոլոր առյուծներին
                             և կասեի`
                             նայեք, ինչքան ավազ կա ինձ մոտ
                             և ինչքան ազատություն:
                                             ...
                               
                                      Եվ հետո, գիշերով, գաղտնի,
                             ամեն մեկս առանձին,
                             բանաստեղծություն կգրեինք
                             վանդակների մասին:                    (Թե ունենայի սեփական անապատ...»[11])

  Շոպենհաուրյան «աշխարհն` իբրև կամք» բանաձևումը տարրալուծվել է էքզիստենցիալիստական փիլիսոփայության մեջ: Աշխարհն այնպիսին է, ինչպիսին մարդն է այն տեսնում, ինչպիսին ցանկանում է տեսնել, ինչպիսին ընտրում է այն:

                            Զինվորական էր նա
                            և զինվորական էր աշխարհը,
                            գեղեցիկ էր նա ու զինվորական,
                            գեղեցիկ էր աշխարհը զորքի պես:       
                                           («Կապիկները շատակեր են, մարդիկ` շատախոս», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 56)

    Աշխարհն իբրև կամք և ցանկություն արտահայտելու իրավունքը կարող է հանգեցնել անհատական միֆակերտման, երբ իրական, անհատից դուրս գոյություն ունեցող պատկերը փոխարինվում է անհատի մեջ եղածով, նրա հորինածով` անկախ նրանից` այն համընկնում է առաջինի հետ, թե 180° տարբերվում է.

                             Եվ ձկնորսները հորինում էին, 
                             Որ իրենք շատ հարուստ են,
                             Քանի որ հանել են բոլոր երգերը:
                             Արևի տակ փայլում էին նրանց ատամները,
                             Եվ ձկնորսները հորինում էին,
                             Որ դրանք մարգարիտներ են:     («Ձկնորսները»[12])

                                               կամ

                             Լավ էլ նկարել էին.
                             մի աչքանի, երկու աչքանի, հազար աչքանի ձկներ,
                             և հետո ելնում էին
                             իրենց նկարած ձկներից հոտ քաշում:   («Հեքիաթ», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 59)

  Ստեղծագործության մեջ իրականության միֆական ընկալումը կարող է իրացվել համեմատության մակարդակում.

                             Ձմեռն այնպես վերջացավ, ինչպես վիշապն է սատկում
                             հեքիաթների ամենավերջում…          («Գարուն»[13])

    «Էքզիստենցիալիզմը հումանիզմ է» հոդվածում Ժ. Պ. Սարտրը պնդում է, որ խորհրդի կարիք ունեցողը ինչ-որ մեկից խորհուրդ հարցնելիս անգամ ինքն է որոշում կայացնում, քանի որ նրա՛ մոտ է գնում, ով կասի այն, ինչ ինքն է ցանկանում լսել: Մեզ շրջապատող ամեն ինչ, այսպիսով, սեփական ընտրության և ցանկության համադրություն է.

                                                …և մի՞թե չիմացաք
                              Որտեղից և ինչպես հայտնվեց թռչունը, ձին,
                              Մեծ նավը, մանուկ բանաստեղծը…
                                          Վաղուց գիտեիք, քանի որ դուք վաղուց սպասում էիք նրանց,
                              Եվ նրանք, իհարկե, ծնվեցին
                              Ձեր ցանկությամբ…                 («Հանկարծ մաքուր ու մենակ երկնքում…»[14])

    «Ընտրելով ինձ` ես կյանքի եմ կոչում համընդհանուրը»[15], ընտրություն կատարելով` մարդ ակամա կանխորոշում է նաև դիմացինի ընտրությունը.

                              Սակայն, - դո՛ւ,-
                              Կարոտագին ու առանձնապես –
                              Դու ինձ պիտի ընտրես…-
                              Հենց թևերդ թևերիս, աչքդ աչքիս, շուրթդ շրթիս,
                              Ցնծագին, մեկընդմիշտ, - առասպելական, -
                              Հենց դո՛ւ – հենց ի՛նձ, -
                              Դրանից էլ լավ բա՞ն…      («Թևերդ թևերիս, աչքդ աչքիս…», ՏՀ, ՀԾ, էջ 82)

  Ընտրության իրավունքը, որ այնպես շռայլորեն տրված է մարդուն, փոխկապակցված է պատասխանատվության զգացողության հետ. «Եթե ես մահվան և խայտառակության փոխարեն ընտրում եմ պատերազմը, ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես եթե ես ամբողջովին պատասխանատու լինեի այդ պատերազմի համար»[16],-գրում է Ժ. Պ. Սարտրը «Գոյություն և Ոչինչ» գրքում: Տանյա Հովհաննիսյանի` հարբեցողի պես կիրակի անող և պարտք ու պարտավորություն մի կողմ դրած հերոսուհին, այնուամենայնիվ, պատասխանատվություն է զգում մի կիրակի մորից զուրկ մնացած որդու առաջ.

                             Տուն դառնամ, տեսնեմ – սովահար չես եղել,
                                                  գունատ երեսդ կարմիր է, կլոր,
                              տուն դառնամ, տեսնեմ – առույգ ես, ժպտերես, ժիր,
                              երեխաների խմբի մեջ ես, -
                              քեզ չեն նայում իբրև լքվածի ու որբի…
                                                        …

                              Օ՜, ես պահել եմ խոսքը երախտիքի,
                              որ շուտով պիտի ասեմ:                («Երկտող մանկիկիս», ՏՀ, ԲՀ, էջ 108)

   Էքզիստենցիալիստների համոզմամբ` յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս որոշակի առաքելությամբ, որը պիտի ի կատար ածի` չենթարկվելով խանգարող պատմական հանգամանքներին: Է. Սոլովյովի տիպիկ բնութագրմամբ` «Էքզիստենցիան ճակատագիր-կոչում է, որին մարդը առանց առարկելու, արիաբար ենթարկվում է: Իսկ պատմությունը ճակատագիր-իրադրություն է, որին նա անտրտունջ, արիաբար դիմանում է»[17]:

                              Կիսաճանապարհին,
                              Երբ քամին կօրորի մեջքդ,
                              Ու դու լացակումած կհավատաս,
                              Թե մեջքդ բարակ է եղեգան պես,
                              Հիշիր սկիզբը-երբ սկսեցիր ճանապարհդ,
                              Երբ քեզ ճամփա գցեցին մայրդ, քույրդ, հարևանդ
                                                                    ու անծանոթը,
                              Եվ հիշիր, որ նրանք դեռ կանգնած կմնան այնտեղ,
                              Մինչև դու հասնես ուզածդ տեղը
                              Ու բերես խնձորը անմահական:           («Կիսաճանապարհին», ՏՀ, ՀԾ, էջ 7)

            Մարդը և նրա անցած կամ անցնելիք ճանապարհը նույնականացվում են.

                              Իմ ճանապարհը, որ չի երևում,
                              Ինձ ընկալում է ավելին, քան դու:          («Արևին»[18])

     Անհատը դատապարտված է մենակության, քանի որ մեկ այլ գոյությունը հակասում է մեր գոյությանը: «Գոյություն ունենալ նշանակում է սրտխառնուք զգալ այլ գոյությունների ներկայությունից», - ասում է Սարտրը[19]: Այն հարցին, թե որքանով կարող է վստահել իր ընկերներին, նա պատասխանում է. «Այնքանով, որքանով ես նրանց անձնապես գիտեմ. հույս դնել խմբակցության միասնության և կամքի վրա նույնն է, թե հուսալ, որ տրամվայը կգա ժամանակին, իսկ վագոնը ռելսերից չի շեղվի: Բայց ես չեմ կարող հույս դնել այն մարդկանց վրա, ում չգիտեմ` հիմնվելով միայն մարդկային բարության կամ ընդհանուր շահագրգռվածության վրա, քանի որ իրականությունն այն է, որ մարդն ազատ է, իսկ մարդկային բնությունը, որին կարող էի ապավինել, գոյություն չունի»[20]:

                              Մենակ եմ,
                              ինչպես մոլորակ,
                              ոչ,
                              ավելին`
                              մի աստղ...
                                     ...
                              Ես – մենակ,
                              Դու – մենակ,
                              Նա – մենակ...   
              («Սա կատակը չէ այն, որ շատ անգամ ձեզ խոստացել եմ», ՍՉ, ՄՄԵԵ, էջ106-107, 108)

    Ամենասարսափելին թերևս մենակ լինելու գիտակցումն է, մենակ՝ շնչավոր ու անշունչ ամեն ինչի կողքին.

                               …մե՛ն-մենա՛կ՝
                               միջատների ժխորով
                               լցված աշխարհում,
                               մե՛ն-մենակ՝
                               վաղուց ավարտված
                               արարչագործության
                               թափոնների կիպ-կողքին:           («Դեյր-Զոր»[21])

   Մարդը, որ իր մեջ է ամփոփել աշխարհը` պատկերացնելով այն իր պատկերով, այն արարողին թաքցրել, նույնացրել է իր հետ ու գիտակցում է, որ ոչինչ չունի ինքն իրենից բացի, առավել խորն  է զգում միայնության դատապարտվածությունը.

                               ...Մենակ էի ես.
                               ես կուլ տվեցի մի ողջ անապատ,
                               ես կուլ տվեցի այդ Մենակյացին,
                               ու հիմա, հիմա 
                               բառի փոխարեն
                               լսվում են միայն ճիչեր ավազի:   («Մենակ էի ես»[22])

   Ինչպես ազատության, այնպես էլ միայնության դատապարտված մարդը աստվածների քմահաճույք-քարը իր իսկ ընտրությամբ վեր բարձրացնող Սիզիփոսի պես համակերպ­­­­­­վում է ճակատագրին: Նա միակ էակն է, որ ծնվելու պահից գիտի իր վերջավոր լինելը.

              Երեկ էլ իմացա, որ կան մարդիկ, որոնք հենց սկզբից գիտեն սկիզբն ու վերջը: 
                                                                                                           Դավիթ Հովհաննես[23]


      Ընթացքի և ավարտի, սկզբի և վերջի գաղափարները միահյուսված են իրար:

                        Ճախրող թռչունների թևերի տակ պահված
                        Սարդոստայններ կան.
                        Նրանք գործվել են
                        Իրար մոտեցնելու
                        Թռիչքի և մահվան գաղափարը:
                                   («Ճախրող թռչունների թևերի տակ պահված...», ԱՄ, Բ, էջ 43)

   Եթե մենք ի զորու ենք ընտրել, ծրագրել ինքներս մեզ, ապա չենք ընտրում ծնվել, թե ոչ: Չծնվելը թերևս ամենաճիշտ լուծումն է, սակայն ամեն մեկի բախտը չի բերում: «Աբսուրդային է, որ մենք ծնվել ենք, աբսուրդային է, որ մահանալու ենք»[24]:

                        Իմ կյանք, իմ դատավճիռ,
                        ինձ տրված շարժում
                        տարածության վրա,
                        քաղաքի շենքերի մեջ,
                        ձեռքերի մեջ, օդի,
                        հույսի և անհուսության
                        տարիքների տակ...                        («Իմ կյանք, իմ դատավճիռ», ՀԷ, Ա, էջ 24)
 
                                    կամ

                        ...մեր կյանքը որպես թեթև մատնություն
                        անզգուշորեն բերել է քամին:
                                        («Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն», ԱԱ, Ե, էջ 11)

 Կյանքը տագնապների շղթա է: Էքզիստենցիալիստներն առանձնացնում են կենցաղային և գոյաբանական վախեր: Կենցաղային վախը (Furcht) կյանքը կամ կենսական ինչ-ինչ բարիքներ կորցնելու տագնապն է: Գոյաբանական վախը (Angst) տագնապն է չգտնել այնպիսի առաքելություն, որի համար մարդն ինքը պատրաստ կլինի զոհել իր կյանքն ու կենսական բարիքները:

                        ...Տագնապը թեթև խփեց քո ուսին,
                                               դու շուռ եկար ու այդպես մնացիր
                                               քարացած կանգնած...    («Եվ ի՞նչ իմաստ ունի...», ՀԳ, Գ, էջ 10I

 
   Չնայած նրան, որ մարդկային կեցությունը լոկ «սպասումի տխուր կայարան» է (ԱՄ), որի «նպատակն այսօր միայն մեռնողներին է հայտնի» (ՀԳ), և որ «մարդը չի մեռնում, սպանվում է» (ՍՉ) ժամանակի թեթև ձեռքով, նա համառորեն դիմանում է իրեն բաժին ընկած «ավելորդությանը».

                        Կյանքը ծխախոտ է,
                        մարդը` թունդ ծխող.
                        միայն նրանից հեռանալիս է
                        երևում նրա ավելորդությունը:
                                            ...

                        ...իսկ այս աշխարհում
                        ամենաքաղցր բանը
                        թույնն է,
                        երբ այն տրվում է
                        մանր դոզաներով:           
                                         («Կյանքը ծխախոտ է», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 41)

   Էքզիստենցիալիզմի կենտրոնական հասկացություններից են մեղքը, մեղքի անխուսափելիությունը: Ըստ Հայդեգերի` մարդը մեղսավոր է ի սկզբանե, դա նրա գոյության նախապայմանն է: Մեղքի մեջ է թաթախված մարդկային գոյության յուրաքանչյուր օրը` սկզբից մինչև վերջ.

                        …Եվ կյանքը, որ նման է վազքի
                        աստվածաշնչյան պատվիրանների հաղթահարումով,
                        և քո ամեն մի ցատկը հերթական
                        խոչընդոտ-պատվիրանի վրայով
                        պիտի նույն վազքով հետապնդի քեզ,
                        մինչև քո վերջին ցատկը
                        այն փոսի մեջ,
                        ուր ավարտվում է սովորաբար
                        քո տառապանքների ուղին,
                        և հիշողություններից բզկտված
                        հանդարտվելու ես վերջնականապես –
                        մի պատառ հացը ատամներիդ մեջ ամուր սեղմած:

                                            («Վազք պատվիրանների հաղթահարումով», ՀԳ, ԵՉ, էջ 9)

  Ցանկացած մեղսագործության հաջորդում է խղճի մենախոսությունը: Էքզիստենցիալիստական փիլիսոփայության համաձայն` խիղճը հոգ է տանում, որ մարդն իրացնի իր գոյությունը իր էքզիստենցիային համապատասխան: Խիղճը մեղքի քավության միջոց չէ, այլ «հոգատարության կանչ»: Հայդեգերը գրում է. «Այդ կանչի ճիշտ ընկալումը հավասարազոր է գոյություն ունենալու սեփական ունակությունը հասկանալուն, այսինքն` ինքն իրեն մեղսավոր լինելու ունակության մեջ նետելուն»[25]: Եվ երբ մարդ լսում է խղճի կանչը (կանչ, որ վերադարձնում է մեզ մեր իրական, անհատական կեցության գիտակցությանը), մենք դառնում ենք անդառնալիորեն մեղսավոր. մեղսավոր այնքանով, որքանով ձախողվել ենք մեր իրական կեցությունը իրացնելու հարցում: Խղճի ձայնին ականջալուր լինելը և ճանապարհից շեղվելու գիտակցումը, անշուշտ, չեն ապահովագրում մեզ հետագա մեղքերից:

                        …և դուրս կգանք ժողովից
                        կգնանք բոլորս մի տուն
                        կնայենք իրար
                        կամաչենք
                        որ ժամանակը
                        սեղմել էինք մեր ատամների տակ
                        իսկ թե թափված են նրանք
                        լոկ սուլոց կհանենք
                        կգնանք
                        կհավաքվենք մերկ
                        մի ցնցուղի տակ
                        լավ կլողանանք
                        ու մաքրված
                        կնստենք ժողովի                («Այս ժողովից հետո», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 37)

  60-70-ական թվականների սերնդի պոեզիային բնորոշ է մեղսագործության և դատարկախոսության զուգահեռումը: Լռությունը մաքրվելու բանալին է: Պատահական չէ, որ Սլավիկ Չիլոյանը իր բանաստեղծություններից մեկի համար բնաբան է վերցրել Ժողովողից. «Շատ բառերի մեջ շատ ունայնություն կա» արտահայտությունը:

                        Այսպես նստել իրար դեմ
                        և այսպես երկար լռել:       (ՀԳ, Գ, էջ 18)

  Կատարյալ լռության և անշարժության այս պատկերին հաջորդում է մեղքերից ազատված լինելու հաստատումը.

                        Չունենալ ոչ մի հիշողություն,
                        Կարծես հենց նոր ենք ծնվել:

   «Էքզիստենցիալիզմը, կոնկրետ Ժան Պոլ Սարտրը «Համլետի» բարձրագույն կետը համարում է Համլետի վերջին արտահայտությունը՝ «մնացածը՝ լռություն»: «…Սարտրի կարծիքով Շեքսպիրը այս արտահայտությամբ հանգում է էքզիստենցիային (գոյության գաղտնիքին), որը կարող է հայտնվել միայն ակնարկի մեջ…»[26]: Գոյության գաղտնիքը բացահայտելու ցանկություն կա նաև Էդոյանի մոտ.

                        Լռել, ինչպես մի խոտ, մի թուփ կամ ավազ,
                        լռել ինչպես նավաբեկյալ կամ ինչպես
                        արևելյան քամու խորքում մի երազ…   («Սոնետների պսակ», ՀԷ, Ա, էջ 9)

  Բառերի ունայնությունը, մարդկային հոգու դատարկությունը, հոգևոր արժեքների կորուստը հանգեցնում են օտարման: Մարդը ձգտում է ֆիզիկապես կամ հոգեպես հեռանալ կամ իրենից հեռացնել աշխարհը:

                          Արտաքսեք, մարդիկ,
                          ինձ երկրագնդից,
                          արտաքսեք:             («Չէ, ես չեմ կարող», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 98)

                                    կամ

                          Դիտիր ծառերի շարքը,
                          շավիղները բոլոր,
                          քաղաքը – տների անհարթ տանիքներով,
                          իրերը – դանդաղ քեզնից առանձնացող,
                          օտարումը սենյակի անկյուններում:    («Դիտիր ծառերի շարքը», ՀԷ, Ա, էջ 21)

  Ս. Չիլոյանի ժամագործը, ով ամեն օր միայն իր իսկ ժամացույցն էր վերանորոգում, այն դնելով ցուցափեղկի ետևում ու գրելով «Այս ժամացույցը չի վաճառվում», բացառում է մարդկանց հետ հաղորդակցվելու որևէ պատրվակ` փակվելով, օտարանալով իր կրպակ-աշխարհում: (տե՛ս ՍՉ, ՄՄԵԵ, էջ 83-84):
  Ֆիզիկական օտարման մեկ այլ աստիճան է կերպարանափոխությունը, երբ անհատին շրջապատող մարդիկ նրան այլևս չեն ճանաչում նոր կերպարանքով: Նոր մարմին-հանդերձանքը անծանոթ է նաև հենց իրեն` կերպարանափոխվողին.

                            ես չգիտեմ թե ինչ դեմք է ինձ վրա
                            այսպես
                            օտարորեն
                            կախվել                     («Ես այդ չեմ», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 69)

 
 Սրան կարող է հաջորդել ինքնաբացահայտման, ինքնաճանաչման կամ ուրիշների կողմից բացահայտման գործընթացը.

                        Ահա, երկրում մեկն ինձ ճանաչեց, և ես մերկացա…
                                                                   «Ինձ ճանաչողը», ԱԱ, Ե, էջ 126

     Մարդը մոդեռնիստական գրականության մեջ, մասնավորապես` էքզիստենցիալիստական, զրկվում է իր անունից ինքնությունից: Պոեզիայում սա դրսևորվում է անվան կորստի կամ անվան անկարևորության թեմատիկայի իրացմամբ: Հերոսը, իր անունը մոռանալով, ևս մեկ մակարդակ հեռանում է ինքն իրենից.

                        Ես հիշում եմ,
                        հիշում եմ մի դեմք ապակու դեմ կանգնած,
                        հիշում եմ երկու ձեռքեր գրպանների մեջ,
                        հիշում եմ մի փողոց, երկար, երկար,
                        և հետո հիշում եմ,
                        իմ անունն եմ հիշում,
                        որը հագել եմ չմրսելու համար:   (ՀԷ, Ա, էջ 23)

    Անունն անկարևոր մանրուք է, որն իբրև զգեստ կրում են չմրսելու, գեղեցկության համար, և որը ոչինչ չի ասում մարդու մասին: Հատուկ անունները գրականության մեջ փոխարինվում են ընդհանրական իմաստ արտահայտող բառերով` հասարակ գոյականներով, ինչպես օրինակ` գեր, ճաղատ (հատկանիշը փոխարինում է անվանը), կամ անունը գրվում է փոքրատառ, ինչը անվան հասարակ դառնալու, անհատի ինքնության կորստի մասին է խոսում:

                        Հասարակ են կոչվում այն անունները
                        որոնք դառնում են
                        հող,
                        օրինակ. մեր հարևան ղարսեցի մաուզերիստ
                        արտաշը, որը մինչև մեռնելն էլ ասում էր.
                        «Սկորո բուդետ վանյա»…            («Ասք անվան մասին», ՍՉ, ՄՄԵԵ, էջ 21-22)

   Շրջանառվող հաջորդ թեման կյանքն իբրև զգացողությունների, իրադարձությունների կրկնություն դիտարկելն է: 1843թ. լույս տեսած «Կրկնություն» գրքի առաջին իսկ էջում Կիերկեգորը պնդում է, որ երկում արծարծված կրկնության թեման կարևոր դեր է խաղալու նոր փիլիսոփայության մեջ: «Հույները սովորեցնում էին, որ ցանկացած բացահայտում վերհուշ է, իսկ նոր փիլիսոփայությունը կսովորեցնի, որ ամբողջ կյանքը կրկնություն է»[27], - գրում է Կիերկեգորը:

                        Իմ աչքերը կհանդիպեն շենքերին,
                        կխուսափեմ գիտակցության ցանցերից,
                        բայց անցյալը պիտի գտնի նորից ինձ
                        և մոտեցնի իմ սեփական պատկերին:   («Սոնետների պսակ», ՀԷ, Ա, էջ 3)
 
       Կրկնության օղակներից մեկի բացակայությունը մասնակի մահ է ենթադրում.

                        ...ու երևի ես այլևս թութակ չտեսնեմ,
                        իսկ դա շատ տխուր բան է,
                        դա մի քիչ մեռնել է նշանակում:             (ՍՉ, ՄՄԵԵ, էջ 50)

   Ուշագրավն այն է, որ կրկնությունը տեղի է ունենում մարդու կամքից անկախ: Նա ամեն անգամ նորից մտածում ու որոշում է կայացնում և ոչ թե հիշում, թե ինչպես էր վարվել նախորդ անգամ: Հիշենք Սիզիփոսի առասպելը: Ամեն անգամ քարը բարձրացնելիս նա ա՛յդ պահին է այդպես որոշում: Այսպիսով, կյանքը մոռացված հնի կրկնությունն է.

                        … ու ահա նորից սիրեցինք
                         առաջին անգամ…                          («Վալս», ՏՀ, ՀԾ, էջ 20)

  Էքզիստենցիալիստական փիլիսոփայության մեջ էական դեր է խաղում «ոչինչ»-ը: Այն իրականության, գոյաբանության ուսումնասիրման կենտրոնական հարցերից է ինչպես Հայդեգերի, այնպես էլ Սարտրի մոտ: Հայդեգերի մոտ ոչինչը կեցությանը համարժեք գոյաբանական իրողություն է, իսկ Սարտրի մոտ կեցության լոկ մի պահ է, բայց այնպիսի մի պահ, որն անխուսափելիորոն ի հայտ է գալիս կեցության ցանկացած դրսևորման դեպքում, անքակտելի է նրանից: Քանի որ էքզիստենցիալիստները առաջին պլան են մղում ոչ թե իրականությունը, այլ իրականության վերապրումը, ընկալումը, ապա մարդու զգացած դատարկությունը` ոչինչը, դառնում է իրապես գոյություն ունեցող: «Հայդեգերի «ոչինչ»-ը,- գրում է Է.Սոլովյովը,- մահացած հոր դիմանկարի պես մի բան է, որ Համլետը ցույց է տալիս Գերտրուդային` Կլավդիոսի ոչնչությունը ակնհայտ դարձնելու համար»[28]:  «Մի քանի ճշմարտություն» բանաստեղծության մեջ Հովհ. Գրիգորյանը «մահացած հոր» այդպիսի մի քանի դիմանկար է ցույց տալիս` չկա երջանկություն, խաղաղություն, արդարություն: Եվ, ի վերջո, մարդն ինքն էլ դառնում է այդ չգոյության մարմնացումը.

                        …ես ոչինչ եմ` փոքրատառով,
                        սովորական մի ոչինչ, որ ոչ հպարտ է հնչում և ոչ էլ
                        որևէ մի այլ տոնայնությամբ…    («Մի քանի ճշմարտություն», ՀԳ, ՀՄԵ, էջ 18)

   Էքզիստենցիալիստները, ինչպես նաև այս հոդվածի շարժառիթ հանդիսացած 60-70-ական թվականների սերունդը, չէին կարող շրջանցել հավերժական թեմաներից մեկը` սերը: Սերը, ըստ էքզիստենցիալիստների, ապաստարան է, որտեղ անհատը թաքնվում է միապաղաղ կյանքից ու կենցաղից: Կնոջ հանդեպ սերը, ըստ Կիերկեգորի, իդեալականի աղբյուրն է տղամարդու կյանքում: Սիրո միֆը, որ յուրաքանչյուրն իր համար նորից ու նորովի է հորինում, տարբեր ժամանակներում նույն սպասման ելևէջներն ունի.

                        Քո գալուն, իմ սեր, սպասում են ծարավ
                        իմ երակներում լողացող հույսի ճառագայթները,
                        ինչպես սունկը` իր անձրևին…  («Քո գալուն, իմ սեր…»[29])

                                                           կամ

                        Իմ սերը պիտի գա
                                            Տաք օրվա տեղակ,
                        Իմ սերը պիտի գա
                                            Իբրև հեռուներից եկող գնացք,
                        Որին դու հար սպասում ես…                  (ՏՀ, ՀԾ, էջ 16)
 
  Սակայն սերն էլ, ինչպես մարդու հետ կապված ամեն ինչ, վերջավոր է ու բախվելով կենցաղի անհողդողդ պատերին` օրըստօրե տեղի է տալիս` դառնալով ոչինչ.

                        Նրան տվել էի սերս անդավաճան,
                        պարզվեց, որ դա, ավա՜ղ, մի հնչյուն  է դատարկ ու սնամեջ,
                        ջահելության փքուն խաղալիք է սերը…                     
                                  («Այդ կինը ծնվել էր…», ԱՄ, ԱՊ, էջ 5)

    Ամփոփելով պետք է նշել, որ անգամ էքզիստենցիալիզմը, որը շատերը նույնացնում են մոդեռնիզմի հետ` դրանում տեսնելով մոդեռնիստական բոլոր ուղղությունների ցայտուն հատկանիշների խտացումը, չի կարող ամբողջովին ու բոլոր կողմերից ներկայացնել ոչ միայն մի ամբողջ գրական սերնդի, այլև մի գրողի ժառանգության բազմազանությունը: Այս հոդվածը գրելիս ևս մեկ անգամ համոզվեցի, որ հոգեկան, զգայական, տրամաբանական ներսուզումները հնարավոր չէ ընդգրկել որևէ –իզմ-ի մեջ, կարելի է լոկ նոր դիտակետից կրկին սիրահարվել տասն անգամ կարդացած ստեղծագործու­­­­­­թյանը:

                                                                                                                     Ռուզաննա Ոսկանյան            

[1] Ефремова Л. М. Экзистенциализм в литературе и искусстве. // Филологические науки. Вопросы теории и практики, N 2 (4), 2009, с. 117.
[2] Соловьев Э. Ю. Экзистенциализм. // Вопросы философии, N 12, 1966, с. 77.
[3] Տե՛ս Մելոյան Ֆ., Երիտասարդական պոեզիայի հարցեր (Գրական թերթ, 1969թ., 16 մայիսի), Կոստանյան Ալ., Ինքնադրսևորման տառապանքը (Սովետական գրականություն, 1969թ., թ. 7), Գրիգորյան Հովհ., Թե ինչպես «անհետացավ» բանաստեղծությունը (Գրական թերթ, 1970թ.,  6 նոյեմբերի), Էդոյան Հ., Բառի որոնումը (Սովետական գրականություն, 1971թ., թ. 1), Հանուն առողջ և հզոր բանաստեղծության (բանավեճի ամփոփում – Սովետական գրականություն, 1971թ., թ. 2), Գրիգորյան Հովհ., Զրույցներ քննադատի հետ … վարագույրի ետևից (Գրական թերթ, 1984թ., 14 սեպտեմբերի) և այլն:
[4] Ընտրվել են այն հեղինակները և այն ստեղծագործությունները, որոնք էքզիստենցիալիստական տեսանկյունից քննության առիթ են տալիս:
[5] Գրիգորյան Հովհ., Բաց դռների օր Մհերի քարայրում, Եր., «Գրական հայրենիք», 2008թ., էջ 25:
[6] Չիլոյան Ս., Մենք մարդ են ք եղել, Ե., 1992թ., էջ 82: Այսուհետ` ՍՉ, ՄՄԵԵ:
[7] Հովհաննիսյան Տ., Բաց հրապարակ, Եր., 1990թ., էջ 26: Այսուհետ` ՏՀ, ԲՀ:
[8] Գրիգորյան Հովհ., Երբեք չմեռնես, Եր., 2010, էջ 13: Այսուհետ` ՀԳ, ԵՉ:
[9] Հարությունյան Ա., Շեմ, Եր. «Սովետական գրող», 1984թ., էջ 116: Այսուհետ՝ ԱՀ, Շ:
[10] Сартр Ж. П. Бытие и Ничто. М., 2000, с. 493.
[11] Գրիգորյան Հովհ., Գիշերահավասար, Եր., 2005թ., էջ 14: Այսուհետ` ՀԳ, Գ:
[12] Մարտիրոսյան Ա., Բանաստեղծություններ, Եր., 1973թ., էջ 16: Այսուհետ` ԱՄ, Բ:
[13] Գրիգորյան Հովհ., Հրեշտակներ մանկության երկնքից, Եր., 1992թ., էջ 12: Այսուհետ` ՀԳ, ՀՄԵ:
[14] Հովհանննսիյան Տ., Հրաբուխի ծաղիկ, Եր, 1986թ., էջ 22: Այսուհետ` ՏՀ, ՀԾ:
[15] Сартр ж. П. Экзистенциализм – это гуманизм. / Пер. С фр. А. А. Санина // Сумерки богов. М., 1989, с 337.
[16] Сартр Ж. П. Бытие и Ничто. М.: Республика, 2000, с 558.
[17] Соловьев Э. Ю. Экзистенциализм. // Вопросы философии, N 12, 1966, с. 84.
[18] Ավդալյան Ա., Նավասարդ, Եր., 1980, էջ 32: Այսուհետ` ԱԱ, Ն:
[19] Ефремова Л. М. Экзистенциализм в литературе и искусстве. // Филологические науки. Вопросы теории и практики, N 2 (4), 2009, с. 119.
[20] Сартр ж. П. Экзистенциализм – это гуманизм. / Пер. С фр. А. А. Санина // Сумерки богов. М., 1989, с 337.
[21] Հարությունյան Ա., Ներկայության խոսքեր, Եր., «Սովետական գրականություն», 1988թ., էջ 6: Այսուհետ՝ ԱՀ, ՆԽ:
[22] Ավդալյան Ա., Երկրատես, Եր., 1988թ., էջ 72: Այսուհետ` ԱԱ, Ե:
[23] Գրական թերթ, Եր., 1969թ., 16 մայիսի:
[24] Сартр Ж. П. Бытие и Ничто. М.: Республика, 2000, с 551.
[25] Хайдеггер М. Бытие и время. М., 2006, с. 312.
[26] Էդոյան Հ., Գեղարվեստական կառուցվածքի մի քանի հարցեր // Սովետական գրականություն, Եր., 1978թ., էջ 140:
[27]Мареев С.Н. Мареева Е.В. Арсланов В.Г. Философия ХХ века. М.: «Академический проект», 2001. // http://www.gumer.info/bogoslov_Buks/Philos/Mareev/_02.php
[28]Соловьев Э. Ю. Экзистенциализм. // Вопросы философии, N 12, 1966, с. 83.
[29] Մարտիրոսյան Ա., Արգելված պտուղը, Եր., 2005թ., էջ 3: Այսուհետ՝ ԱՄ, ԱՊ:

                                                  ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Գեղարվեստական և տեսական գրականություն
1. Ավդալյան Ա., Երկրատես, Եր., 1988թ.:
2. Ավդալյան Ա., Նավասարդ, Եր., 1980թ.:
3. Գրիգորյան Հովհ., Բաց դռների օր Մհերի քարայրում, Եր., «Գրական հայրենիք», 2008թ.:
4. Գրիգորյան Հովհ., Գիշերահավասար, Եր., «ՀԳՄ հրատ.», 2005թ.:
5. Գրիգորյան Հովհ., Երբեք չմեռնես, Եր., «ՀԳՄ հրատ.», 2010թ.:
6. Գրիգորյան Հովհ., Հրեշտակներ մանկության երկնքից, Եր., «Զվարթնոց», 1992թ.:
7. Հարությունյան Ա., Շեմ, Եր. «Սովետական գրող», 1984թ.:
8. Հարությունյան Ա., Ներկայության խոսքեր, Եր., «Սովետական գրականություն», 1988թ:
9. Հովհաննիսյան Տ., Բաց հրապարակ, Եր., 1990թ.:
10. Հովհանննսիյան Տ., Հրաբուխի ծաղիկ, Եր, 1986թ.:
11. Մարտիրոսյան Ա., Արգելված պտուղը, Եր., 2005թ.:
12. Մարտիրոսյան Ա., Բանաստեղծություններ, Եր., 1973թ., էջ 16:
13. Չիլոյան Ս., Մենք մարդ են ք եղել, Ե., 1992թ., էջ 82:
14. Большая советская энциклопедия. Т. 29. М., “Совестская энциклопедия”, 1978.
15. Сартр ж. П. Экзистенциализм – это гуманизм. / Пер. С фр. А. А. Санина // Сумерки богов. М., 1989.
16. Сартр Ж. П. Бытие и Ничто. М.: Республика, 2000.
17. Хайдеггер М. Бытие и время. М., 2006.

       Թերթեր, ամսագրեր
18. Գրական թերթ, 1969թ., 16 մայիսի
19. Գրական թերթ, 1970թ.,  6 նոյեմբերի
20. Գրական թերթ, 1984թ., 14 սեպտեմբերի
21. Սովետական գրականություն, 1969թ., թ. 7
22. Սովետական գրականություն, 1971թ., թ. 1
23. Սովետական գրականություն, 1971թ., թ. 2
24. Սովետական գրականություն, Եր., 1978թ.
25. Вопросы философии, N 12, 1966.
26. Вопросы философии, N 1, 1967.
27. Филологические науки. Вопросы теории и практики, N 2 (4), 2009 

 Էլեկտրոնային կայքեր
11. Мареев С.Н. Мареева Е.В. Арсланов В.Г. Философия ХХ века. М.: «Академический проект», 2001. // http://www.gumer.info/bogoslov_Buks/Philos/Mareev/_02.php