Ցուցահանդեսը մեր օրերում

cucahandes-1
    Ցուցահանդես… վերջին ժամանակներս այս բառը կորցրել է իր արժեքը, փոխել է իր հիմնական ֆունկցիան, ընկալումներն ու մտապատկերները: Մեր օրերում հաճախ ցուցահանդես անվանում են այն իրադարձությանը, որը այդպիսին անվանվելով ու լինելով հանդերձ խարխլում է պարզապես ցուցահանդեսի գաղափարը: Այսպիսի ինտրիգային ու խեղաթյուրված երևույթների այսօր շատ կհանդիպենք: Հասարակության մեջ մի տարածված լոզունգ կա. ինչպիսին հասարակությունն է, այդպիսին էլ այդ հասարակության մեջ ծնված արվեստն է: Ու հաճախ մեր հանդիսանքի հասարակությունից ծնունդ է առնում աբսուրդի հասնող «այլասերված արվեստ»:
    Առաջին անգամ ցուցահանդեսներ անցկացվել են Ֆրանսիայի թանգարաններում: Սրանց նպատակը արվեստի ձեռքբերումները հանրությանը ցուցադրելն էր: Որպես ֆիքսված իրադարձություն ընդունված է համարել 1973թ. «Ecole des beaux arts» ցուցահանդեսը, որին հաջորդել են Դրեզդենի, Բեռլինի, Մյունխենի ցուցահանդեսները:
    Ի՞նչ ասոցիացիաներ են առաջացնում ցուցահանդեսները մեր օրերում, ինչո՞ւ են անցկացվում դրանք, ի՞նչ են տալիս հանրությանը, ունի՞ արդյոք հանրությունը դրանց կարիքը (խոսքը, իհարկե, գրագետ կամ ասելիք ունեցող  ցուցահանդեսների մասին չէ. դրանց կարիքը հասարակությունը միշտ ունի):  Հարցեր, որոնք առաջնային են մեր օրերում և պահանջում են խորքային պատասխաններ ու վերանայումներ:
    Նախ անդրադառնանք ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներին: Ցանկացած  գրագետ ցուցահանդես, ըստ իս, պետք է ունենա կոնցեպտ, որը բառային լեզվով կխոսի արվեստի գործերի փոխարեն (ներսից): Այլ  կերպ ասած` կոնցեպտն ուղակիորեն հղում է ցուցահանդեսին ներկայացված գործերին, այն ցուցահանդեսի ստեղծագործությունների մեջ է, բայց և դրանցից անկախ:  Կոնցեպտը պետք է լինի գրագետ, հակիրճ, հստակ ու դիպուկ և որ ամենակարևորն է, ցուցահանդեսից հետո ինչ-որ մեկի կողմից գրվող տեքստի հիմնական նարատիվից տարբերվող (վերջերս կոնցեպտները շատ երկար են ստացվում, վերլուծում են ցուցահանդեսին ներկայացված արվեստի գործերը, բավականին մեծ ծավալով են, հիշեցնում են պատմական ակնարկ` այս ամենով վանելով կարդացողին):
    Այսօր ցուցահանդեսը լրացնող, դրա բաղկացուցիչ մասը կազմող լակոնիկ տեքստը (կոնցեպտ) հաճախ կապում են հիմնականում ժամանակակից արվեստի ցուցահանդեսների հետ` առաջ բերելով այն հանգամանքը, որ նախորդ դարերում և ոչ մի արվեստի գործ, հետևաբար և ցուցահանդես չի ունեցել կոնցեպտ. իր ասելիքը ունենալով իր մեջ` այն դա թողել է դիտողի ընկալման հայեցողությանը: Մինչդեռ «հին սերնդի» (իհարկե բացառություններ լինում են) կողմից չնդունվող տեքստը ինչ-որ տեղ հայտարարություն է, որը ինֆորմացնում է հանրությանը, տալիս նրան ցուցահանդեսի գաղափարի ընդհունուր բնութագիրը: Կոնցեպտը պետք է ներկայացվի  ցուցահանդեսից մի քանի օր առաջ` հայտարարության կամ միջոցառման կարգով (եթե ներկայացվում է համացանցային տիրույթում): Միգուցե կոնցեպտն ընթերցելուց հետո մարդիկ չցանկանան ներկա գտնվել տվյալ ցուցահանդեսին:
    Հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ցուցահանդեսի խորագիրն ու կոնցեպտը ընտրվում-գրվում են միան նրա համար, որպեսզի մի քանի արվեստագետներ կարողանան համատեղ հանդես գալ: Երբեմն ցուցահանդեսում ներկայացված գործերը բոլորովին չեն համապատասխանում նախօրոք գրված կոնցեպտին: Դրանք, անկախ խորագրից ու գաղափարից, կարող են ցուցադրվել մեկ այլ ցուցահանդեսում: Արտերկրում չգիտեմ ինչպես է, բայց Հայաստանում լինում են այնպիսի ցուցահանդեսներ, որոք հանդիսատեսի «դատին են ներկայացնում» 4-5 տարի առաջ ստեղծված արվեստի գործեր: Մի քանի ամիս անց հանդիսատեսը գնում է մեկ  այլ ցուցահանդեսի և դարձյալ «դատում» արդեն տեսած ստեղծագործությունները: Ցանկալի կլիներ (և պարտադիր է), որ յուրաքանչյուր ցուցահանդեսի համար ստեղծվի նոր գործ` կոնցեպտին համապատասխան:
   Կոնցեպտին անդրադառնալիս չենք կարող չանդրադառնալ ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին: Վերջիններս միանշանակ պետք են հասարակությանը, սակայն պահանջում են փոքր-ինչ տարբեր, ինչու չէ նաև բարդ համադրողական մոտեցում: Ժամանակակից արվեստի դաշտը լայն է, մի ցուցահանդեսում կարող են ներկայացված լինել տարբեր արվեստի ձևեր (փերֆորմանս, հեփընինգ, վիդեո-արտ, ինստալացիա, կոնցեպտուալ արվեստի նմուշներ և այլն): Սրանցից յուրաքանչյուրը «արվեստ» է յուրովի, սակայն վերը նշված արվեստի ձևերը ներկայացնող ստեղծագործություններից քչերն են, որ հանդիսատեսին հասնում են առանց ուղղորդիչ տեքստի: Եթե արվեստի դաշտում  գտնվող մարդիկ կարող են ընկալել ցանկացած արվեստի գործ, ապա հասարակ քաղաքացին, որը միտումնավոր կամ պատահական հայտնվել է տվյալ վայրում, նույնիսկ մոտավոր գաղափար չի կազմում տվյալ արվեստի գործի վերաբերյալ (չնայած արվեստի դաշտի մարդիկ ևս կարող են չընկալել ժամանակակից արվեստի գործերը): Նրան հարկավոր է տեքստ, որը կմեկնի իրեն արվեստի գործի իմաստը: Այստեղից հետևություն` ժամանակակից արվեստի ցուցահանդեսը բացի ընդհանուր կոնցեպտից պետք է ունենա նաև յուրաքանչյուր արվեստի գործի կոնցեպտը: Սա դիտողին գործը հասկանալու հնարավորություն տալու գրեթե միակ ելքն է: Գրեթե, քանի որ ժամանակակից արվեստ անվան տակ նույնիսկ մերկ ցուցասրահ մտնելը ներկայացնում են իբրև արվեստի գործ:  Սա շատերը չեն ընդունում որպես արվեստ և երևի չեն էլ ընդունի: Նման գործերը դիտողից պահանջում են հայեցողական վերաբերմունք:
    Նախապատրաստական աշխատանքներին հաջորդում է ցուցահանդեսի բացումը: Սա, ցավոք, մեր օրերում դարձել է լավ կամ վատ ծանոթների հանդիպման վայր: Շատերը «ցուցահանդես գնում են» զուտ բացման արարողությանը ներկա գտնվելու համար:
    Ցուցահանդեսի կայացման գործում մեծ է էքսպոզիցիայի դերը, որտեղ էլ առաջ է գալիս ցուցահանդեսի համադրողի խնդիրը: Եթե նախկինում ցուցահանդեսներ կարող էին կազմակերպել եզակի մարդիկ կամ ավելի հաճախ, ցուցահանդեսները կազմակերպիչներ չէին էլ ունենում, դրանք կայանում էին մասնակից արվեստագետների խմբի շնորհիվ, ապա այժմ ցուցահանդես կազմակերպում են համադրողները, ովքեր հաճախ չունեն համապատասխան կրթություն, մասնագիտություն, ինչու չէ, նաև գեղագիտական ճաշակ: Հաճախ ցուցահանդեսի համադրողը ոչ թե համադրում է արվեստի գործերը միմյանց հետ, այլ պարզապես ամրացնում դրանք պատից` էքսպոզիցիան համարելով «լիարժեք» և «ավարտուն»: Երբեմն նույնիսկ համադրողը տեղյակ  չի էլ լինում իր իսկ կազմակերպած ցուցահանդեսի էքսպոզիցիայից. արվեստագետները ինքնուրույն են անում այն: Պարտադիր է, որ համադրողները լինեն ոչ թե ինքնակոչ, արվեստից հեռու մարդիկ, որոնց համար տվյալ ոլորտը զուտ գումար աշխատելու միջոց է կամ սեփական «Ես»-ի գովազդման տիրույթ, այլ լինեն գրագետ, ունենան համապատասխան մասնագիտական որակավորում: Համադրողի առաջնային խնդիրը մեր օրերում ցուցահանդեսը շահարկելի դարձնելն է: Պետք է մտածել այն մասին, թե արդյոք տվյալ ցուցահանդեսը կունենա շարունակական բնույթ. մեր օրերում սա ցուցահանդեսի գլխավոր խնդիրներից մեկն է:
      Հաճելի չէ այն հանգամանքը, որ շատ ցուցահանդեսներ կազմակերպվում են վաճառքի և ստացվող հասույթի համար: Նախկինում ցուցահանդեսի ֆունկցիան զուտ արեստագետի աշխատանքը ցուցադրելն էր, մինչդեռ այսօր արվեստը շատ հաճախ սեփական գոյությունը փրկելու միջոց է…
    Ցուցահանդեսից հետո թողարկվում են կատալոգներ, բուկլետներ, սակայն սրանք նույնիսկ թերի ցուցահանդեսը ներկայացնում են ըստ պատշաճի (քանի որ կատալոգը բխում է հնարավորություններից), մինչդեռ շատ լավ ցուցահանդեսներ ֆինանսական խնդիրների պատճառով բուկլետներ չեն ունենում, նույնիսկ իրենցից հետո փաստագրություն չեն թողնում: Սակայն վերը նշվածները լրատվամիջոցների, մամուլի և լուսաբանմանհետ մեկտեղ, որը կոորդինոատորի հիմնական ֆունկցիաներից է, կազմելու են տվյալ ցուցահանդեսի փաստագրությունը:
    Ցուցահանդեսն իր պատմության համար «պարտական է» վերջինիս: Ցուցահանդեսի ներկայացումը մեծ մասամբ կախված է նաև արվեստաբանից, ով անդրադառնում է ցուցահանդեսին, դրա գաղափարին, վերլուծում է այն փիլիսոփայական, ձևաբանական և այլ տեսանկյունից, նշում արվեստի գործերի թերություններն ու առավելությունները և վերջապես, քննադատում ցուցահանդեսը: Վերջինը օբյեկտիվ բնույթ է կրում, երբ արվեստաբանը ծանոթ չէ արվեստագետի հետ և կարող է անմիջականորեն քննադատել ցուցադրված աշխատանքները` ներկայացնելով թե՛ հանդիսատեսի ընդհանուր կարծիքը, թե՛ իր սուբյեկտիվ դիրքորոշումը:
    Ցուցահանդեսից հետո կազմակերպվում են քննարկումներ, տեղի է ունենում ցուցահանդեսի շնորհանդեսը, բայց թե ինչն են արդեն երկրորդ անգամ ներկայացնում, պարզ չէ…
    Եվ վերջապես, ինչ է ուզում տեսնել այցելուն ցուցասրահում… Արվեստ, դատարկ պատեր, ծանոթ դեմքեր, ուղղակի այլ միջավայր, դրսից կտրված տարածք, քիմք շոյող ֆուրշետ… «Այն, ինչ կարող ես պատկերացնել՝ իրական է»,- ասում է Պիկասսոն: Այո, այժմ դատարկ պատեր էլ են ցուցադրում:
    Մի շաբաթ առաջ, երբ ներկա էի հերթական ցուցահանդեսի բացմանը, մի քանիսից լսեցի ցուցահանդեսի այցելուին ոչ հարիր խոսքեր. շտապում էին օգտվել ֆուրշետի սեղանից… Կցանկանայի, որ ցուցահանդեսներ այցելեն միայն էսթետիկական ճաշակ զարգացնելու, հոգևոր հանգստություն ստանալու և ուղղակի արվեստ տեսնելու համար… Ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթը ասում է. «Բարձրագույն նպատակը, որին կարող է ծառայել արվեստը, այն է, որ մարդիկ ավելի խորը հասկանան կյանքը և ավելի սիրեն այն»: Այնպես ապրենք, որ ցանկացած ցուցահանդեսից հետո սկսենք ապրել նորովի, ցանկացած ցուցահանդես մեր պատկերացումներում ինչ-որ բան փոխի…

           Հ.Գ.
    Վերը նշված հանգամանքներն ու առաջ բերված դրույթները ցանկալի են յուրաքանչյուր ցուցահանդեսի կայացման համար, սակայն պարտադիր չեն, քանի որ ցանկացած ցուցադրություն ինքնատիպ է ու ներկայացվում է յուրովի:
Գոհար Նավասարդյան