Բանահյուսությունը համացանցում

ani hovnanyan

    Հայտնի փաստ է, որ տեխնոլոգիական առաջընթացը, ժամանակաշրջանը մեծապես ազդում են մարդկային մտածելակերպի, աշխարհայացքի, հասարակական կացութաձևի  վրա: Այս ամենը իրենց արտահայտությունն են գտնում նաև բանահյուսության մեջ, և հասկանալի է, որ ժամանակի ընթացքում փոխվում են նաև բանահյուսության բնույթը և կենցաղավարման կերպը: Ժամանակակից իրականության մեջ բանահյուսությունը իր ավանդական տարածման՝ բանավոր փոխանցման ձևից բացի՝ կենցաղավարում է նաև համացանցում: Համացանցում տարածված են հատկապես կարճածավալ ժանրաձևերը, որը թերևս պայմանավորված է արդի բանահյուսության (խոսքը վերաբերում է հատկապես քաղաքային բանահյուսությանը) զարգացման հիմնական միտումներով: Համացանցում տարածված ժանրաձևերն են անեկդոտը, առակը, զրույցները, հայհոյանքը, առած-ասացվածքի որոշ նմուշներ: Դրանք կարելի է հանդիպել ինչպես ամենատարբեր կայքերում, սոցիալական ցանցերում, առանձին զրույցներում, այնպես էլ համակարգված՝ միայն տվյալ ժանրաձևը պարունակող կայքերում կամ էջերում: Որոշակիորեն տարբերվում են հայհոյանքները, որոնք հանդիպում են վիճաբանության վերածված մեկնաբանություններում և զրույցներում: Բայց դրանք էլ սովորաբար ջնջվում են կայքի պատասխանատուների կողմից: Վերջիվերջո, հայհոյանքը առավելապես բանավոր խոսքի տարր է և ունի բացասական հույզերը թոթափելու կամ մյուսներին նվաստացնելու գործառույթ: Հետաքրքիր է, որ համացանց և առօրյա կարող են մտնել նոր արտահայտություններ, որոնք ընկալվում են որպես հայհոյանք: Այդպիսին էր, օրինակ, Հայաստան-Իռլանդիա ֆուտբոլային խաղից հետո հայերի` հատկապես երիտասարդների շրջանում գործածվող «Այ Գոնսալես» արտահայտությունը, որի հիմքում կենցաղային՝ տվյալ դեպքում սպորտային իրադարձությունն է՝ ի տարբերություն ավանդական հայհոյանքների, որոնք սկզբնապես հնագույն ծեսի տարր են եղել[1]:

    Ընդհանրապես համացանցային բանահյուսությունը առավելապես կենցաղային է և արտացոլում է հատկապես տվյալ ժամանակաշրջանին բնորոշ իրադարձությունները, դեպքերը և հայտնի մարդկանց հետ կապված պատմությունները, թեև կարելի է ավանդական ինչ-ինչ մոտիվներ դեռևս նշմարել: Կենցաղային տարրերի և ավանդական որոշ մոտիվների համատեղում է նկատվում հատկապես անեկդոտներում, որոնք բանահյուսական ժանրերից ամենատարածվածն են համացանցում և հենց այստեղ հաճախ թեմատիկ բաժանում են ունենում՝ ապարանցիների, ղարաբաղցիների, զոքանչի և այլնի մասին: Նմանատիպ դասակարգումը, իհարկե, նպատակահարմար է՝ փնտրողական համակարգի առանձնահատկություններով պայմանավորված, սակայն, ըստ իս, անեկդոտների դասակարգման գիտական այլ մոտեցում ևս կարող է լինել: Թեև նկատելի է, որ ըստ թեմայի ևս կարելի է որոշակի առանձնահատկություններ հայտնաբերել: Օրինակ` գավառցիները ավանդաբար անեկդոտներում համարվում են շատ խմող՝ «Քյավառցու գերեզմաններում տապանաքարերին կարդում են.

    «Խմուկ, մեռուկ:
    Խմուկ, մեռուկ ...
    Մի հատն էլ. «3 օր չխմուկ, դարդից մեռուկ» (Դար ակումբ):

    Վանեցիները և արտաշատցիները անեկդոտների ժլատ հերոսներն են (ժլատության գիծը բնորոշ է բոլոր ժողովուրդների անեկդոտներին,օրինակ Ուկրաինայում այդ գիծը կրում են գաբրովցիները), իսկ ապարանցիները, ըստ անեկդոտների, փոքր-ինչ անխելք են ու անընդհատ հայտնվում են զավեշտալի իրադրություններում`

    «Ապարանցու կնիկը տունը մենակ ա լինում, ուզում ա գնա խանութ. գրություն ա գրում «Գնացել եմ խանութ»: Թողում ա տունը, գնում ա: Մարդը գալիս ա տուն, տենում ա կնգա գրածը, տակը գրում ա «Հետդ պապիրոզ կբերես» (copy past):

    Կամ

    «Ապարանցին էշին գրկած գնում է, ասում են էդ ինչի չես նստում ինքը տանի քեզ, ասում է ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում» ( copy past):

    Հետաքրքիր է, որ էշը ապարանցիների մասին անեկդոտներում հաճախադեպ է և կարծես հիմարության և անխելքության սիմվոլը լինի: Առհասարակ կենդանական սիմվոլները, որ ավանդական բանահյուսության մեջ հնագույն ծագում ունեն և կապված են տոտեմիստական հավատալիքների հետ[2], արդի` հատկապես համացանցային բանահյուսության մեջ հազվադեպ են կիրառվում: Թեպետ դրանք անմիջականորեն փոխանցվել են  հեքիաթներին, իսկ հեքիաթային  որոշ խորհրդանիշներ դեռևս հանդիպում են ժամանակակից բանարվեստում՝ ի մասնավորի անեկդոտներում: Հեքիաթներից փոխանցված ամենահայտնի կերպարը՝ հրաշապատում հեքիաթների գլխավոր հերոս դևը, կորցնելով իր նախնական իմաստը, անեկդոտներում ձեռք է բերել փորձություններ ենթարկողի գործառույթ, իսկ փորձվողները սովորաբար հայը, թուրքը և վրացին են՝

    «Ուրեմն, հային թուրքին ու վրացուն դևը բռնում ա, ասում ա.
    - Գնում եմ անտառ գամ, ետ գամ ու տենամ, որ մեկնումեկը  ձու  ածած  չըլնի, կուտեմ դրան: Էս թուրքն ու վրացին գնում են, ձու են գողանում, դնում տակները, էս հային ասում են.
    - Արա, գնա դու էլ ձու գողացի, արի.
    - Պետք չի. ես գիտեմ՝ ինչ կանեմ.
    Էս դևը գալիս ա, թուրքին բարձացնում, տենում ա՝ ձու կա: Նույն էլ վրացուն ա անում: Էս հային բարձրացնում ա, տենում ա ձու չկա: Ասում ա.
    - Դու խի՞ չես ձու ածել.
    - Բա էսքան հավի մեջ մի հատ աքլոր չըլներ» (http://am.forum.26l.com):

    Որոշ անեկդոտներում դևին փոխարինում է սատանան՝որպես փորձողի և չար ուժի միևնույն գործառույթն իրականացնող կերպար՝ «Սատանեն բռնումա հային, թուրքին, վրացուն ու ասում.

    - Եթե նենց բան անեք որ ձեր երկրի մարդիկ լացեն, ձեզ չեմ ուտի:
    Էս թուրքը տապոռ ա քցում իրանց երկրի վրա, սատանեն գնում ա, տեսնում՝ լացում են մարդիկ,. ասում ա՝ էս ինչ ա եղել:
    Ասում են. 

     - Աստված երկնքից տապոռ քցեց, էս մեր շենքը փլվեց:
    Էս վրացին մի մեծ քարի կտոր ա քցում, էլի սաղ լացում են. սատանեն հարցնում ա՝ խի՞ եք լացում: Ասում են.
    - Աստված երկնաքար քցեց շենքերը փլվեցին:
    Էս հայը ռումբ ա քցում, սատանեն գնում ա տեսնում՝ սաղ ծիծաղում են, ասում ա՝ էս ինչ ա եղել , մեկը, ծիծաղը զսպելով, ասում ա.
    - էս Վալոդ պապը զուգարանում ընենց տռեց, կողքի շենքը փլվեց»:

    Հեքիաթային մյուս կերպարը ոսկե ձկնիկն է,որ առկա է անեկդոտներում: Այն այստեղ ևս պահպանել է ցանկություններ իրագործողի իր գործառույթը՝

   «Քյավառցին ոսկե ձկնիկ ա բռնում, էս ոսկե ձկնիկն ասում ա՝ մի ցանկություն ասա: Քյավառցին ասում ա.
    - Սաղ Սևանը արաղ սարքի:
    Ոսկե ձկնիկը սարքում ա, էս քյավառցին ընգերոջը գնում ա ,պատմում ա, էտ ընկերը ասում ա.
    - Դեբիլ ես, գոնե ասեիր՝ սպիրտ սարքեր. ջրով կբացեինք»:

    Հետաքրքրականն այն է, որ վերոհիշյալ անեկդոտը ու համացանցում հանդիպող շատ ուրիշ անեկդոտներ, ինչպես Վարդանիկի և ընկեր Մարգոյի մասին պատմվողները, արդեն քիչ են պատմվում, սակայն համացանցում գրի առնվելով՝ դրանք պահպանվում են: Այսպիսով, համացանցը,ասես ձեռք է բերում բանասացի և բանահավաքի գործառույթները միաժամանակ: Իրար հետ միևնույն տանը կամ բակում նստած մարդկանց խմբին, որ նախկինում նստել և լսել են որևէ  հմուտ պատմողի (սովորաբար նա ընտանիքի կամ տվյալ տարածքի ավագներից է եղել), փոխարինում է միմյանցից խիստ տարբեր ու հեռու մարդկանց միավորող համացանցը, որտեղ որևէ կայքում կամ էջում սկսում են գրառել իրենց հայտնի անեկդոտները, առած-ասացվածքները.

    «Մարդ կա` մարդ ա, մարդ էլ կա` զարդ ա:
    Մեկ կա` հազար արժե, հազար կա` մեկ չարժե ( http://www.am-kayq.com):
    Աշխատողը անոթի չի մնա:
    Մարդու քաշածը իր խելքից է ( http://forum.armedu.am)»:

    Վերոնշյալ ասացվածքները ավանդական են և վաղուց գրի են առնվել բանագետների կողմից[3]: Հանդիպում են նաև առած-ասացվածքների նոր հումորային տարբերակներ,որոնք փոփոխել են երիտասարդները.

    «Հենց նստում ես աշխատելու, ինչ-որ մեկը անպայման քնից հանում է:
     Եթե ձեր գլխին պտուղ է ընգել, արագ փախեք այդ տեղից` ծառը պտուղից հետու չի ընկնում:
     Եթե թքում են քո մեջքին, ուրեմն դու առջևում ես:
     Առողջ քունը ոչ միայն երկարացնում է կյանքը, այլ նաև կրճատում է աշխատանքային օրը:
      Կինը համարյա անօգնական է, քանի դեռ չի չորացել եղունքների լաքը:
     Երեխաների իմաստություն` եթե մայրիկը ծիծաղում է հայրիկի կատակների վրա , ուրեմն տանը հյուրեր կան (copy past)»:

    Կամ առավել տարածվածը՝

    «Ճաշակին ընկեր չկա,մանավանդ անճաշակին (facebook)»:

   Վերջին օրինակը,ինչպես վերում բերված դևի և ոսկե ձկնիկների կիրառության օրինակները փաստում են,որ ավանդական շատ մոտիվներ այլափոխվում են, ինչպես ժողովրդական մտածողությունն ու աշխարհայացքը: 

    Համացանցում տեղադրվող նյութերի մեջ մեր ուսումնասիրության ընթացքում զարմանալիորեն հայտնաբերեցինք նաև քնարական հնագույն ժանրաձևերից մեկի՝ խաղիկի տարբերակ, որի՝ թուրքերի հանդեպ ատելությամբ լեցուն բովանդակությունը հասկանալի պատճառներով այս օրերին խիստ արդիական է՝

                           Մասիս սարը բարձր է,
                           Սիրած յարս քաղցր է,
                           Կանգնեմ սարի գագաթին՝
                           Թքեմ թուրքի ճակատին (facebook):

    «Բանահավաք և բանասաց» համացանցի ցանկում կան նաև առավել ավանդական ժանրաձևեր՝ առակներ, զրույցներ: Սակայն այստեղ էլ  չենք կարող բացառել տեքստը տեղադրողի կողմից այն մշակելու հնարավորությունը,հնարավոր է անգամ, որ դրանք որևէ գրքից են մեջբերված: Եվ աղբյուրների բացակայության պարագային դժվար է նույնիսկ հաստատելը՝դրանք բանահյուսական գործեր են,թե գրական:Այնուհանդերձ,ավանդական մոտիվները, բանաձևերը, կերպարները այս ժանրում առավել տեսանելի են:Օրինակ,իմաստունի կերպարը,որ բազմիցս հանդիպում է  հայկական հեքիաթներում, առկա է  նաև ժամանակակից առակներում.

                                                            «Առակ սիրո մասին
    Մի երիտասարդ շատ անհաջողակ էր Սիրո հարցում: Նրան միշտ պատահում էին աղջիկներ, որոնք այն չէին: Մեկին նա տգեղ էր համարում, մյուսին՝ անմիտ, երրորդին՝ դժկամ: Կատարելության որոնումներից հոգնելով՝ երիտասարդը որոշում է խորհուրդ հարցնել Իմաստունից:
    Ուշադիր լսելով երիտասարդին՝ ալեհեր ծերունին պատասխանում է.
    - Հասկանում եմ քեզ. քո դժբախտությունը իսկապես մեծ է: Ասա՛ ինձ, ինչպե՞ս ես դու վերաբերվում քո մայրիկին:
    Երիտասադը շատ է զարմանում.
    - Ի՞նչ կապ ունի իմ մայրիկը: Դե չգիտեմ, նա ինձ մոտ շատ հաճախ բարկություն է առաջացնում իր հիմար հարցերով, հոգնեցնող հոգատարությամբ, բողոքներով և խնդրանքներով: Չեմ կարող ասել, թե սիրում եմ նրան:
    Իմաստունը լռում է, գլուխը կախում, հետո շարունակում զրույցը.
    - Ինչևէ, ես հիմա կբացահայտեմ քեզ համար Սիրո կարևորագույն գաղտնիքը: Երջանկությունը գոյություն ունի. այն թաքնված է քո թանկագին Սրտում: Սիրո հարցում քո բախտավորության սերմը դրել է մի շատ կարևոր մարդ քո կյանքում` մայրդ: Ինչպես դու վերաբերվում ես նրան, այնպես էլ կվերաբերվես աշխարհի բոլոր կանանց: Քանի որ մայրը քո առաջին սերն է. նա իր հոգատար գիրկն է առել քեզ: Դա կնոջ ամենաառաջին կերպարն է քեզ համար, նախատիպը: Եթե սիրես և հարգես մայրիկիդ, ապա կսովորես սիրել և հարգել բոլոր կանանց: Այդժամ մի օր դու կտեսնես, որ քո հավանած աղջիկը կպատասխանի քեզ քնքուշ հայացքով, մեղմ ժպիտով և բարի խոսքերով: Ծնողների հանդեպ մեր վերաբերմունքը մեր երջանկության գրավականն է:
    Երիտասարդը հարգալից խոնարհվում է և հեռանում: Սակայն իմաստունը ևս մեկ վերջին խորհուրդ է տալիս նրան:
   - Փնտրիր այնպիսի՛ աղջկա, որը սիրում և հարգում է իր հայրիկին (http://youandworld.am/):
    Ծնողների նկատմամբ հարգանքը և սերը հայկական մտածողության ամենաբնորոշ գծերն են, և պատահական չէ, որ նմանատիպ բարոյախոսությունը դեռևս կենսունակ է: Առհասարակ առակները որոշակի բարոյախրատական արժեք ունեն,միտված են մարդկանց առավել բարի, կամեցող և առաքինի  դաստիարակելուն: Առակները սիրո, ընկերների, հավատարմության, դատողության, կյանքում ճիշտ որոշումներ կայացնելու, բարի և անաչառ մնալու մասին են, և ըստ իս, չեն կորցնի իրենց արդիականությունը նաև հետագայում: Գուցե փոխվեն որոշակի մոտիվներ, անուններ, սակայն բովանդակային հիմնական ասելիքը կպահպանվի»:

      Ամփոփելով մեր դիտարկումները` փաստենք, որ համացանցում գրառված բանահյուսական գործերի՝ անեկդոտների, զրույցների, առակների և մյուս գործերի քննությամբ կարելի է ուրվագծել արդի բանահյուսության ընդհանուր համապատկերը: Իհարկե, այս ոլորտը ուսումնասիրության կարիք ունի, իսկ սույն հոդվածը միայն միտում ունի ուշադրությունը բևեռելու համացանցային բանահյուսությանը, որն ընդգծվում է իր՝ հակադիր գաղափարաբանությամբ, բազմաձև ու բազմաբովանդակ գործերով, որոնք մեր ժամանակի, մեր կենցաղի, կյանքում տեղի ունեցող իրադարձությունների ու դեպքերի և, ինչու չէ, նաև  մեր մտածելակերպի արտացոլումն են:



[1] Հ. Պիկիչյան, Զրույցներ հայ մշակույթի մասին, Երևան, «Նորավանք», ԳԿՀ,2008, էջ 30:
[2] Տե՛ս Ս. Հարությունյան, Բանագիտական ակնարկներ, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010, էջ 162: 
[3]  Տե՛ս  Ա. Ղանալանյան, Առածանի, Երևան, 1960թ.:

                                                                                                                                            Անի Հովնանյան