Արդի հայ-ուկրաինական գրական ու թարգմանական կապերի մատրիցան

000

    Ուսումնասիրությունն իրականացվել է «Գրքի հարթակ» նախագծի շրջանակներում Next Page հիմնադրամի կողմից:

    Պատրաստեց` Անուշավան Պետրոսյանը

    Հայ-ուկրաինական առնչությունները շատ վաղեմի են ու դարերի պատմություն ունեն: 11-րդ դարում, երբ թուրք-սելջուկները բռնազավթեցին հայերի հնագույն մայրաքաղաք Անին, տասնյակ հազարավոր հայեր այդ տարիներին ստիպված բռնեցին բռնագաղթի ճանապարհը, շատերը Սև ծովով հայտնվեցին ներկայիս Ղրիմի թերակղզում ու գտան նոր ապաստարան Կաֆայում և Աքքերմանում: 400 տարի անց, երբ թուրքերը դարձյալ,իրենց հատու, զավթողական քաղաքականությամբ գրավեցին Կաֆա Բերդը (Ֆեոդոսիան), մեծաքանակ հայեր նորից ստիպված, բռնեցին գաղթի ճամփան ու հայտնվեցին Ուկրաինայի հյուսիս-արևմտյան տարածքի տարբեր քաղաքներում՝ Լվիվ, Կամյանեց-Պոդոլսկ, Կուտի, Յազլիվեց, Բրոդի, Լուցկ: Իսկ ոմանք էլ մեծ խմբերով ու տարբեր ճանապարհներով ձգտեցին դեպի հյուսիս-արևմտյան Եվրոպայի երկրներ՝ փնտրելով բարի բախտ ու լուսավոր ապագա` շարունակելով իրենց ստեղծագործ աշխատանքի բնականոն ընթացքը: Ուկրաինայի տարածքում և ցանկացած վայրում որտեղ էլ հայտնվել են հայերը՝ իրենց ետևից թողել են անջնջելի հետք, բարի ավանդույթներ, որ փոխանցվելով սերնդե-սերունդ, հասել են մինչև մեր օրերը:

    Արդեն 14-րդ դարում հայերի մասսայական արտագաղթի հետևանքով Ուկրաինայի տարածքում մասնավորապես ծավալվում են հայ-ուկրաինական գրական կապերը, որ հետագա դարերի ընթացքում բազմակողմանիորեն աճում և զարգանում են, քանի որ կյանքն ինքն էր թելադրում երկու ազգերի համար կյանքի ու գործունեության նմանատիպ պատմական պայմաններ՝ պայքարել օտար զավթիչների դեմ՝ պահպանելով սեփական ազգային ինքնուրույնությունը, լեզուն և մշակույթը:

    Չեմ ուզում անդրադառնալ վաղեմի, նախահեղափոխական, խորհրդային տարիների հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդման և զարգացման գործոնին, քանի որ այս ժամանակահատվածը՝ 1861-1971թ., արժանագույնս բարձր մակարդակով ուսումնասիրել է Սեդա Ամիրյանը իր «Հայ-ուկրաինական գրական կապեր» գիտական մենագրության մեջ:

    Իհարկե, հարկ է նշել, որ խորհրդային տարիներին եղբայրական երկու հանրապետությունների միջև բուռ կերպով ծավալվում և զարգանում են գրական կապերը, հրատարակվում են տարբեր անթոլոգիաներ, առանձին գրքերով լույս են տեսնում հայ և ուկրաինացի գրողների առանձին գրքերը` նվիրված գրական տարբեր դեկադաների: Նշենք, որ գրական կապերի ամրապնդման գործում իրենց մեծ ավանդն է ներդրել Պավլո Տիչինան, ով իրոք տիրապետել է հայերեն լեզվին և բազմիցս այցելել է Հայաստան տարբեր գիտաժողովների: 1939 թ. հենց Պավլո Տիչինայի ղեկավարությամբ աշխատեցին 25 ուկրաինացի բանաստեղծ-թարգմանիչներ և եռանդուն ջանքերով ժամանակին (էպոսի տոնակատարության հազարամյակին) ավարտեցին ու հրատարակեցին Ուկրաինայում «Սասունցի Դավիթ» էպոսը:

    Իսկ Պավլո Տիչինայի մեկնարկը հայ-ուկրաինական գրական կապերի ամրապնդման գործում շարունակում և զարգացնում են Մաքսիմ Ռիլսկին, Վիկտոր Կոչեվսկին, Լևոն Միրիջանյանը, Գևորգ Թաթոսյանը, Միրոն Նեստերչուկը:

    Խորհրդային տարիների 60-ական թվականներից հետո մի քանի գիտական նստաշրջաններ են տեղի  ունենում երկու հանրապետություններում՝ նվիրված հայ-ուկրաինական պատմական առնչություններին, ներկայացված զեկուցումները լույս են տեսնում առանձին հատորներով: Այս ոլորտում մեծ վաստակ ունեն այնպիսի անվանի պատմաբաններ, ինչպես Յա. Դաշկեվիչը, Վ. Հրաբովեցկին, Վ. Գրիգորյանը, Ղ. Այվազյանը:

    Ինչպես նշեցի վերևում, հայ-ուկրաինական փոխադարձ կապերի հետևողական ուսուցման հիմքը դրեց Սեդա Ամիրյանը: Երկու ժողովուրդների գրականությունների միջև կամուրջ ձգելու գործում որպես բարենպաստ պայման ծառայեց Կիևի և Երևանի համալսարանների միջև ուսանողների փոխանակությունը, որի արգասիքը շնորհալի ուկրաինագետների և հայագետների մի համաստեղության առաջացումն էր՝ Օլեկսանդր Բոժկոն, Լյուդմիլա Զադոռոժնա, Ռաիսա Ղարագյոզյան, Վասիլ Շկլյար, Մերի Պետրոսյան: Այս համաստեղության շնորհիվ ու ջանքերով 1971 թ Երևանում լույս է տեսնում «Գարուն»-ի հատուկ ուկրաինական համարը: Երկու տարի անց Կիևի «Դնիպրո» ամսագիրը անդրադառնում է Հայկական թեմային: Բոլոր այս ծրագրերի իրականացմանը սատարել են երկու հանրապետությունների Գրողների միություններ. վերը հիշատակած թարգմանիչները եղել են կամ Հայաստանի, կամ էլ Ուկրաինայի գրողների միության անդամներ:

    1991թ. Խորհրդային միության փլուզումից հետո` անկախության տարիներին, սկսվում է միջմշակութային վակուումային շրջան, դադարում են գործել բոլոր կապերն ու միջոցները, իսկ նախապես մտածված ու չիրականացած ծրագրերը հայնվում են տարբեր խմբագրությունների գրադարակներում ու աստիճանաբար մոռացության մատնվում:

    Բոլոր նախկին, իսկ այժմ արդեն անկախ հանրապետություններում ստեղծվում են ազգային փոքրամասնության մշակութային համայնքներ իրենց կանոնադրություններով, որոնք փորձում են կապ պահպանել հայրենիքի հետ: 1994թ. Կիևի հայկական համայնքին հաջողվում է լույս ընծայել երկլեզու՝ հայերեն և ուկրաիներեն «Արագած» թերթը (գլխավոր խմբագիր Ժենյա Ծերունյան): Թերթի էջերին հայտնվում են հայ-ուկրաինական գրականության թարգմանության նմուշներ՝ հիմնականում վերցված նախկին խորհրդային տարիներին հրատարակված անթոլոգիաներից, հոդվածներ և հայոց լեզվի շարունակական դասընթաց:
      Թարգմանչաց արվեստին առնչվել եմ 1997թվականից:

    Թարգմանել եմ ուկրաինացի ժամանակակից երիտասարդ գրողներին և տպագրել եմ հայկական գրական հանդեսներում և տարբեր թերթերում: Նախապատվությունը տվել եմ ու տալիս եմ միայն բնագրերին: Հիմնականում ֆինանսական դժվարությունների պատճառով հայերենից ուկրաիներեն և ուկրաիներենից հայերեն կատարված իմ թարգմանությունները երկար տարիներ լռության են մատնվել իմ անձնական գրադարանում: Եվ ոչ միայն իմ թարգմանությունները:

    Ուկրաինական հրատարակիչներին հետաքրքրում են Եվրոպացի և անգլերեն լեզվով գրված հանրածանոթ հեղինակների գործերը, Նոբելյան մրցանակակիրների ստեղծագործությունները, որտեղ անվան գործոնը մեծ դեր է խաղում թարգմանված գրքի վաճառքի հարցում: Բերեմ մի պարզ օրինակ՝ Լվիվի Կամենյար հրատարակչությունը 2005 թվականին պետպատվերով 1000 օրինակ հրատարակեց Մ. Նեստերչուկի Գրիգոր Նարեկացու աշխարհահռչակ «Մատեան Ողբերգութեան»-ը՝ նվիրված Հայաստանի Քրիստոնեության 1700 ամյակին: Մարքեթինգի առումով գիրքը հաջողություն չունեցավ: Արդյունքում, գրքի ողջ տպաքանակը բաժանվեց պետական և ԲՈՒՀ-ական գրադարաններին: Ի՞նչն է պատճառը այսպիսի անհաջողության: Հայկական համայնքների և մշակութային լուսավորչական ընկերությունների թե՞ ներկայիս դեսպանատների կուլտուրայի բաժինների պասիվությունը, որ չկարողացան պատշաճ ձևով ներկայացնել միջնադարյան հայ գրականության գլուխգործոցը: 2005 թվականին գիրքը արժեր 80 հրիվնա, իսկ այսօր այն արժի 20 հրիվնա:

    Իսկ Իհոր Կալինեցի կատարած Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն»-ի թարգմանությունը հրատարակվել է 2 անգամ 300-ական օրինակով, և այժմ այս գրքի տպաքանակը սպառվել է: Իհոր Կալինեցը միշտ մասնակցում է տարբեր շնորհահանդեսների և միշտ էլ ներկայացնում է իր ծրագրերը, որով և բավարարում է սպառողի պահանջը:

    Ներկայումս շատ թարգմանիչներ իրենք էլ հանդիսանում են և որպես հրատարակիչ և որպես առաքող և որպես շնորհահանդես կազմակերպող: Գրողների միությանը կից չկան գրախանութներ, որտեղ և պետք է վաճառվեն այդ գրքերը:

    Այս տարվա նոյեմբերի 5-8-ը Երևանում կայանալու է ԱՊՀ երկրների և Բալթիայի թարգմանիչների, գրողների ու հրատարակիչների 6-րդ ֆորումը: Հինգ անցած ֆորումների ժամանակ Հայաստան են հրավիրվել 50-ից ավել անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ են ունեցել գրականության գործընթացի հետ: Իմ կարծիքով այս հինգ տարվա ժամանակահատվածում շատ հնարավոր էր ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարությանը առնվազն 5 ծրագիր: Անցյալ տարվա ֆորումի ժամանակ ես և Լվովի պատվիրակության երկու անդամներ առաջարկեցինք մշակույթի նախարար Հ. Պողոսյանին հրատարակել Լվիվ քաղաքում Լ. Խեչոյանի «Խնկի ծառեր» վեպը և պատմվածքների ժողովածուն: Գիրքն այժմ գտնվում է տպարանում և հրատարակվելու է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության «Համատեղ հրատարակումներ» ծրագրի շրջանակներում՝ նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Բայց դարձյալ առկա է ֆինանսական ճգնաժամի վտանգը, որ տիրում է Ուկրաինայում: Հուսանք` ամեն ինչ բարվոք կավարտվի, և «Սրիբնե սլովո» հրատարակչությունը կգտնի հրատարակման համար անհրաժեշտ գումարը:

    Ներկայումս բացակա է գրաքննադատությունը և գրախոսությունը, որը շատ հեշտությամբ կարող է նպաստել գրագողության գործոնին: Անձամբ ինքս, երբ պատրաստում էի Ուկրաինական մինի անթոլոգիայի փոքրիկ հատորը հայերեն թագմանությամբ, հարկ համարեցի ուղարկել իմ թարգմանությունները Հայաստան՝ Գրողների միություն` գրախոսական ստանալու ակնկալիքով: Գրախոսականը գրեց Հրաչյա Բեյլերյանը, որն իր հերթին իմ թարգմանությամբ լույս տեսավ Լվիվի տարածքային գրողների միության «Ղողանջ» տպագիր հանեսի էջերում:

    Վերջերս՝ մայիս ամսին, Կիևում տեղի ունեցավ «Վսեսվիտ» գրական թարգմանական հանդեսի 2012-ի թիվ 1 համարի շնորհահանդեսը: Ուշացման պատճառը պայմանավորված է ամսագրի ֆինանսավորմամբ: Բայց տվյալ համարի ֆինանսավորումը ստանձնել էր Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, քանի որ այն տպագրվում է Հայ գրատպության 500-ամյակի առթիվ: Տողերիս հեղինակին (երկու հեղինակի թարգմանչին) անգամ շնորհահանդեսի հրավերք չուղարկեցին, չեմ հիշատակում նույնիսկ այն, որ թարգմանչին հասանելիք հեղինակային օրինակ չուղարկեցին: Խնդիր չէ, կարլի է գնել որևէ գրախանութում, բայց Լվիվ քաղաքի գրախանութներում չի վաճառվում «Վսեսվիտ» գրական հանդեսը: Ուրեմն որտեղի՞ց պետք է իմանա լվիվյան բանաստեղծն ու արձակագիրը, էլ չեմ ասում քաղաքացին՝ ինչպե՞ս է ընթանում գրական կյանքը երբեմնի եղբայրական Հայաստանում: Տվյալ համարի թարգմանիչների շարքում միայն չորս թարգմանիչներ են թարգմանել բնագրից Մ. Նեստերչուկը, Ռ. Ղարագյոզյանը, Օ. Բոժկոն և տողերիս հեղինակը իսկ մնացած թարգմանությունները կատարված են ռուսերենի տողացիներից:

    Ցավալի է այն փաստը, որ 20 տարվա ընթացքում տարանջատված ու իրարից անտեղյակ մեծ Ուկրաինայում հրատարակվել է 8 անուն գիրք` թարգմանված հայերենից ուկրաիներեն, գուցե իմ դիտարկման դաշտից վրիպած լինեն 2-3 անուն գիրք, հետագայում կարելի ավելի ծավալուն ուսումնասիրել և հայտնաբերել աչքից վրիպած գրքերը: Հայագետ ու թարգմանիչ Լ. Զադորոժնան «Թարգմանության ազգաստեղծ առաքելությունը» հոդվածում մտահոգություն է հայտնում այն մասին, որ մենք հայնվել ենք անհամակարգված մատրիցայի առաջ, որ գրողների միությունների ուժից վեր է լուծել այս խնդիրը, որ միակ հույսը համապատասխան կրթոջախների թարգմանչաց ամբիոնների և ուսանողների վրա է մնում: Իսկ մեր թարգմանչաց բանակի մարտիկների թիվը գնալով նվազում է. ցավալի է այն փաստը, որ այս 20 տարվա ընթացքում կյանքից հեռացան այնպիսի գրական գործիչներ, որպիսիք են Ս. Ամիրյանը, Գ. Թաթոսյանը, Վ. Կոչևսկին, Յա. Դաշկեվիչը, նրանց արխիվներում, հավատացած եմ, դեռ կան շատ գործեր, որոնք արժանի են հրատարակվելու ու լուսաբանելու հայ-ուկրաինական գրական կապերի վաակումային տարածքի շերտերը:

    Ուկրաինայի ամենահին ու հայտնի հայկական համայնքներից մեկը սկիզբ է առել Լվիվ քաղաքում, որի հոգևոր և մշակութային կյանքը ստեղծված օրից կազմավորել է եկեղեցին: Լվիվի հայկական համայնքը ամենահինն է ու ամենախոշորը, որը հիմնավորվել է 11-12-րդ դարերում և այս գեղեցկատես հայ քրիստոնեական տաճարի շուրջ եղել է եկեղեցական հսկայական համալիր՝ մատուռներ, վանքեր, մենաստան, դպրատուն, դատարան (Լվիվի տարբեր ազգային համայնքների ներկայացուցիչներ նույնիսկ իրենց դատական գործերի վարման նախապատվությունը տվել են հայ համայնքի դատարանին) և անգամ տպարան: Եվ բոլորովին էլ պատահական չէ, որ Լվիվի տարբեր պետական և ազգային գրադարաններում միչև օրս պահպանվում են հին հայկական ձեռագրեր:

    Լվիվի Իվան Ֆրանկոյի ազգային համալսարանի գիտական գրադարանում պահպանվում են 11 հնատիպ ու հազվագյուտ ձեռագրեր, որոնք մինչև օրս ուսումնասիրված չեն պատշաճ ձևով: Հիմնականում եկեղեցական գրքեր են: Կա նաև 18-րդ դարի յուրօրինակ հայ-թուրքերեն մի բառարան, որի էջերում հանդիպում ենք հայ-լատիներեն, հայ-լեհերեն, հայ-սլավոներեն, հայ-ղփչաղերեն բառահոդվածներ: Բոլոր այս գրքերը հավանաբար հայ համայնքի գրադարանի հատորներ են: Որոշ հատորներ հասել են մեզ  շնորհիվ իշխան Չարտորիսկիի հավաքածուի և այժմ գործիմաց մասնագետների ուսումնասիրության կարիքն ունեն:

    Հարկ եմ համարում նշել, որ իմ թարգմանական գործունեության սկզբից մինչև օրս աշխատում եմ հայ-ուկրաիներեն և ուկրաինա-հայերեն բացատրական բառարանի վրա: Հուսով եմ` երբևիցե կավարտվեն ֆինանսական ճգնաժամերը, և նորից կծագեն բարի ու լուսավոր արևաշատ առավոտներ հայ-ուկրաինական գրական կապերի տարածքներում: