Ես իրականում չգիտեմ, թե ով եմ. ես ինձ կողքից չեմ տեսնում

norayr_sargsyan
    Ինչպես արդեն գիտեք, cultural.am-ը հարցազրույցների շարք է ներկայացնում Ծաղկաձորում կայացած Արվեստի եռօրյա ակադեմիայի ամփոփիչ համերգին հաղթած ստեղծագորոծողների հետ: Այս անգամ զրուցել ենք արձակագիր Նորայր Սարգսյանի հետ: Նրա «Անեծք» պատմվածքը երեկոյին ներկայացված գրական ստեղծագործություններից լավագույնը ճանաչվեց հանդիսատեսի կողմից:

Ստեղծագործողները մասնակցում են մրցույթների, որ ինչ-որ ընդհանուր եզրերով մրցեն, որ գրողները տեսնեն իրենց ստեղծագործության տեղը մյուսների մեջ, որ ինչ-որ չափով ավելի գնահատելի դարձնեն այդ գործերը: Շատ մարդիկ հնարավոր է` կարդան հաղթած գործը, դա ինչ-որ չափանիշ է շատերի մոտ:
Կրթությունն ինձ համար այնքան էլ կարևոր չէ: Չնայած այդ հարցում բախտս բերել է, որովհետև մայրս ինձ ստիպել է սովորել, դրա համար երևի ինչ-որ բազային գիտելիքներ ունեմ շատ ոլորտներից:
Ես փող չունեմ, ու երբեք չեմ ունեցել, անգամ երբ ինձ թվացել է, որ ունեմ, այն շատ արագ սպառվել է կամ կորել:
Բոլորն ինձ համարում են եսասեր և ճիշտ էլ անում են:
Ես երբեք չեմ խոսում ինֆորմացիա հաղորդելու համար կամ համարյա երբեք. խոսքս միշտ ուրիշ իմաստ ունի:
Իմ ժամանակի մեծ մասը ես ոչինչ չեմ անում: Ինձ դուր է գալիս անգործությունը, ես չեմ նեղվում դրանից:
Մուսան հորինված բան է: Երբ նախկինում գրողին ստիպում էին մի բան գրել, նա ասում էր մուսա չունեմ, հիմա այդ բառը օգտագործվում է «հավես» բառի փոխարեն:
Մի օր Քրիստը ավելի ռեալ կլինի, քան ես: Ես վախենում եմ այդ օրվանից:
Ինձ միշտ ասում են շատ հիմար բաներ, ու ես փորձում եմ հիմնականում չլսել: Ընդհանրապես շփումն ինձ համար խաղ է, եթե մարդը դուրս գալիս է, երկար եմ շփվում, եթե ոչ, աշխատում եմ չշփվել: Իսկ ես իրականում չգիտեմ, թե ով եմ, մտքերը խառնում են ինձ, ես դրանցով շատ եմ տարվում ու իրականում, ես ինձ կողքից չեմ տեսնում, բոլորին կարող եմ ինչ-որ չափով հասկանալ, բացի ինձնից: Գրելն էլ երևի ինչ-որ փորձ է ինձ հասկանալու:
Ես դժվարանում եմ ինչ-որ բան գտնել, հանուն ինչի կարելի կլիներ ապրել, իրոք դժվարանում եմ:
Ինձ դուր չի գալիս անտարբերությունը, դա սպանում է, դա քեզ դարձնում է անզոր, անկարող մի բան:
Ընթերցողը պետք է շատ կարդա, քիչ խոսի ու մեկնաբանություն անի:
Լավ ֆիլմը կարող է փոխել մարդու կյանքը:
Բուկովսկին պետք է միլիոնավոր մարդկանց, և շատերն ուղղակի չգիտեն նրա մասին, բայց եթե իմանան, նրանց կյանքը կփոխվի: Բուկովսկին մեծ երևույթ է, որը պոեզիան դարձրեց այն, ինչի համար իրականում ստեղծվել էր, հանեց բոլոր սիրուն ու չպետքական դետալները ու մենք ունեցանք մի մեքենա, որը մեզ կարող է բերել գրականություն:
Ծխախոտը, օղին փախչելու համար են, բայց դրանք երբեք քեզ չեն օգնում, դրանք այլընտրանքի նման մի բան են, մամային ջղայնացնելու տղայական ձև, որ հետո դառնում են կյանքի անբաժանելի մասը ու կործանում քեզ: Բայց ամեն մեկն ունի իր ընտրությունը, ես կախվածություն ունեմ սիգարետից, և չնայած գիտակցում եմ արածիս հիմարությունը, չեմ էլ փորձում պայքարել դրա դեմ, երևի կամքի ուժ չունեմ:
Վերջին ժամանակները դատարկություն կա մեջս, մի տեսակ ոչնչից հաճույք չեմ ստանում, փորձում եմ հին ձևերով ստանալ հաճույքը, բայց ոչինչ էլ դուրս չի գալիս, մեծանում եմ երևի, չգիտեմ:
Համացանցը անհրաժեշտություն է: Համացանցով հեղափոխություններ են անում մարդիկ, պոռնոգրաֆիկ ֆիլմեր են նայում, իրար են գտնում, ավելի ձևականացնում առանց այն էլ ձևական բաները:
Իմ հասակակիցները փորձում են ապրել: Շատ սխալներ են անում, ես էլ եմ անում, նորմալ է:
Ես գրեթե համոզված եմ, որ գրականությունը ապագա ունի Հայաստանում:
Ամեն ինչի վերջում պետք է ծխես մի գլանակ շատ թունդ սիգարետ, երկար մտածես ու հեռանաս առանց երկար բարակ խոսելու:
Նորայր Սարգսյանի «բացահայտումները»
գրի առավ Աստղիկ Հակոբյանը