Երբ քո տեսածը իրականություն ես դարձնում

big_5e01ecdfe1c6289d2ad2e6df25766f1d

Հարցազրույց Սերժ Ավետիքյանի հետ     

Սերժ Ավետիքյանը (ծնվել է 1955թ. դեկտեմբերի 1-ին Երևանում) ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր է: 2002-ին երևանյան «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» անվանակարգում նրա «Հիասքանչ մի առավոտ» ֆիլմն արժանացել է ժյուրիի հատուկ դիպլոմին: 2006-ին նույն կինոփառատոնի նույն անվանակարգում նրա «Վերադառնալիս» ֆիլմն արժանացել է կինոքննադատների և լրագրողների հայկական ասոցացիայի մրցանակին: 2010-ի մայիսի 24-ին Կաննի կինոփառաոնում լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ: անիմացիոն ֆիլմն արժանացել է Ոսկե արմավենու ճյուղի: Մրցանակը հանձնել են Ատոմ էգոյանը և Միշել Լեգրանը:      

 - Պարոն Ավետիքյան, ինչպե՞ս եղավ, որ թատրոնից մուտք գործեցիք կինո:      

- Պետք է ասեմ, որ երբ երիտասարդ էի, միայն թատրոնում էի: Ավարտել եմ Դրամատիկ արվեստների կոնսերվատորիան և անմիջապես անցել բեմադրությունների՝ ստեղծելով իմ թատերախումբը: Ավինյոնի թատրոնում գործ էի բեմադրում, դերասաններիցս մեկը հիվանդացել էր և պետք է փոխարինեի նրան: Այդ երեկո բեմադրությունս նայելու էին եկել կինոյով զբաղվող մարդիկ, երեկոյից հետո մոտեցան և հարցրին, թե չե՞մ ուզում կինոյում նկարահանվել… Շատ արագ ստացվեց. ֆոտոներ ուզեցին ինձանից, երեք ամիս հետո զանգեցին և հանդիպեցի ռեժիսորի հետ: Ի դեպ, դա առաջին ֆիլմն էր միասեռականների թեմայով, սակայն շատ հոգեբանական ֆիլմ էր` մի տղայի մասին էր, որն ապրում էր անտառում: Այս ֆիլմը ներկայացնում է երկու մենակությունների սեր: 1979 թիվն էր. այդ ֆիլմը շատ հայտնի դարձավ: Հետո խաղացի մի դեր  (արդեն 1981թվին), որը պատմում էր մահապատժի ենթարկված տղայի մասին, քանի որ Ֆրանսիայումայդ ժամանակ արդեն արգելեցին մահապատիժը: Իրար հաջորդող այս ֆիլմերը ինձ միանգամից խլեցին թատրոնից և տարան կինո: Այնուհետև առաջարկեցին շատ դերեր, որոնք ես հաճախ մերժում էի, քանի որ երիտասարդ էի, դեռ տաս տարի էր, ինչ Ֆրանսիայում էի, և ինձ համար կարևոր էր` ինչպես եմ ձուլվելու Ֆրանսիայի կյանքին, ոճին: Բայց ես չձուլվեցի: Դիմադրում էի ձուլվելուն, չէի ուզում դառնալ ֆրանսիացի դերասան: Նույնիսկ առաջարկեցին անունս փոխել: Ոչ մի դեպքում չհամաձայնեցի ազգանունս փոխել, սակայն անունս` Սահակ, դժվար էին արտասանում, այդպիսով դարձա Սերժ:  

    Ամենակարևորն այն է, որ ես երբեք թատրոնը չլքեցի: Ես ինձ դարպասից դուրս չզգացի, կարողացա պահել հավասարակշռությունը թատրոնի և կինոյի միջև:  

 - Պատմեք ձեր կինոընկերության մասին: 

- Արդեն 4 տարի է, ինչ գոյություն չունի այդ ընկերությունը, սակայն ասեմ, որ իմ առաջին 6-7 ֆիլմերը ես եմ արտադրել, բայց այսօր հասկանում եմ, որ եթե դա արած չլինեի, երբեք ռեժիսոր չէի դառնա, որովհետև ես մշակեցի իմ մոտեցումը, թե որն է կինոռեժիսուրան: Ես ավելի շատ պոեզիայով եմ հրապուրված, քան՝ արձակով, ավելի շատ թատրոնով, քան կինոյով, իսկ իմ ֆիլմերը այդ ամբողջի խառնուրդն են, որը կարողացա մշակել, համարձակ ձևով ներկայացնել: Կինոն թելադրում է ճիշտ տարածություն քո և սյուժեյի միջև: Ես գեղանկարչություն շատ եմ սիրում, փորձեցի տեսնել, թե կկարողանա՞մ ստեղծել նոր տեխնիկա գեղանկարչության շարժման մեջ. Հուսով եմ` ստացվեց… Ինձ համար ամենակարևոր բանը թե՛ թատրոնում, թե՛ կինոյում, թե՛ կյանքում ոչ թե ազատ լինելն է, այլ ազատ փնտրումների մեջ լինելը: 

- Ձեր մեջ կա՞ր պայքար Սերժ Ավետիքյան ռեժիսորի ու դերասանի միջև: 

- Դա պայքար կամ մրցույթ չէր, այլ լրացուցիչ պրոցես, քանի որ ես սիրում եմ մի բանից մյուսին անցնելը: Ինձ հաճախ հարցնում են, թե որտեղից այդքան էներգիա… Ես նախ ասեմ, որ չեմ սիրում հանգստանալ, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ չեմ հոգնում: Ինձ համար հանգստանալ նշանակում է շարունակել փնտրել, անցնել մի ոճից մյուս ոճին: Ես միշտ գտել եմ թատրոն կինոյում և կինո՝ թատրոնում, գտել եմ գեղանկարչություն կինոյում, երաժշտություն ամենուր: 

- Ի՞նչ նախագծեր ունեք ապագայի համար: 

- Շատ են՝ տաս, քսան… Հիմա օպերա եմ բեմադրում՝ Տիգրանյանի «Անուշը»: Շատ եմ ուզում, որ բնական, որքան հնարավոր է բնությանը մոտ, հասկանալի պատմություն լինի: Հենց թումանյանական Անուշը ինձ համար շատ ընդունելի է: Որպես գաղտնիք ասեմ, որ Տիգրանյանին ժամանակին թույլ չեն տվել օգտագործել հայկական գործիքներ, իսկ ես երեք հայկական գործիք եմ ավելացնելու: Կմասնակցեն 15 երաժիշտ, 6-7 վոկալիստ, 4 պարող: Բավական կամերային գործ է լինելու: Անուշ-Սարո-Մոսի հարաբերություններում շատ հետաքրքիր է Մոսիի կերպարը: Այդ նա է հուշում տրադիցիայի հարցը. Մոսիի կերպարը շատ բարդ է: 

- Ինչպե՞ս եք վերաբերում մրցանակներին: 

- Ես դեմ եմ մրցմանը արվեստում: Կարելի է սիրել կամ չսիրել: Փառատոնի համակարգ, բայց՝ ոչ ավելին: Ամեն ինչ կախված է տվյալ ժամանակից, ներկա մարդկանցից, տեղից: Իհարկե «Ոսկե արմավենին» ցնցող բան է, որը հնարավորություն է տալիս ավելի պատասխանատու լինել քո գործում: Ես մեդալներից եմ վախենում, ավելի շատ սիրում եմ հանդիսատեսի մրցանակը, երբ քեզ ասում են մի բան, որի մասին չէիր մտածել: 

- Իսկ երազանքներ ունե՞ք: 

-Երազված գործեր ունեմ, այսինքն`երազված են եղել, հետո նոր են նկարահանվել: Կարծում եմ, որ ուտոպիան և երազայինը միշտ սնում են ստեղծագործողին: …Եվ քո տեսածը իրականություն ես դարձնում... 

Զրույցը վարեց Անիկա Հարությունյանը