Որքան հեռանում ես, հիշողությունն ավելի է հավաքվում

fljyan levon
    Նախորդ ամիս Ստամբուլում բացվեց ժամանակակից կերպարվեստը ներկայացնող մի ցուցահանդես, որը ուներ նաև հայ ներկայացուցիչ՝ նկարիչ Լևոն Ֆլջյանը: Cultural.am-ի հետ զրուցյում արվեստագետը պատմեց ցուցահանդեսի և իր հետագա պլանների մասին: Զրույցը չշրջանցեց նաև առօրյա շատ հարցեր, որոնք նույնպես ընթերցողին գուցե հետաքրքրեն:

    - Քանի որ մեր զրույցի ինֆորմացիոն առիթը վերջերս Ստամբուլում տեղի ունեցած ցուցահանդեսն է, սկսենք այդտեղից: Ի՞նչ ցուցահանդես էր, ինչո՞վ այն առանձնացավ մինչ այս քո մասնակցած ցուցահանդեսներից:
    - Հետաքրքիրն այն էր, որ ուղղակի ինտերնետով կապվեցին. Ֆեյսբուքով գրեցին, որ նման ցուցահանդես է լինելու և առաջարկեցին մասնակցել: Կազմակերպիչները հավանել էին իմ վերջին շրջանի գործերը:
    Լավ նախաձեռնություն էր կերպարվեստի խնդիրների մասին: Կապված էր վերջին աուկցիոններից մեկում Ֆրենսիս Բեկոնի կտավի շատ թանկ վաճառվելու փաստի հետ ու նորից բարձրացնում էր այն հարցը՝ կերպարվեստը մահացել է, թէ ոչ, որ միշտ եղել է 20-րդ դարում և նորից ու նորից արծարծվել տարբեր կտավների ի հայտ գալով:
    Ցուցահանդեսին մասնակցում էր 10 արվեստագետ, որից երեքն էին այլ երկրներից: Ցուցահանդեսը հետաքրքիր անցավ. Աշխատանքներիս նորովի էին նայում, համեմատում էին: Ծանոթացա մասնակիցների հետ: Ծանոթացա` ինչ է կատարվում Թուրքիայում արվեստի դաշտում:

cuc-fljyan     - Արվեստասերներն Ստամբուլում իսկապե՞ս ակտիվ են:
    - Բավականին ակտիվ էին: Գիտես, այնտեղ կա արվեստի շուկա, որը դու տեսնում ես և, կարելի է ասել, զգում ես: Կան հետարքրքրվողներ, գնորդներ: Այսինքն, մարդիկ ուղղակի չեն գալիս նայում ու գնում: Նրանք հետաքրքրվում են արվեստով ու ցանկություն ունեն գնել: Բավականին ակտիվ են կոլեկցիոներները, ցուցասրահները, ինչի պակասը կա Հայաստանում: Մեզ մոտ սա դեռ չի ձևավորվել, փորձեր շատ են եղել, բայց դեռ կայուն հիմքերի վրա չէ:

    - Ի՞նչ արձագանքներ եղան քո աշխատանքներին, հետաքրքրվողներ կայի՞ն:
    - Կային իհարկե: Մի քանի հարցազրույցներ տվեցի, որոնցից մեկը ԱԿՕՍ շաբաթաթերթին: Լավ գնահատական կարող եմ տալ այս այցին ու ցուցահանդեսին: Այս ցուցահանդեսը Ստամբուլում մարտ-ապրիլ ամիսներինն բավականին հայտնի էր, նույնիսկ մի քանի ամսագրեր այն ամսվա ցուցահանդես էին ճանաչել այն:

    - Արձագանքների մասին խոսեցինք: Ստեղծագործելու ընթացքում, գործը ստեղծելիս արձաքանքի մասին մտածու՞մ ես, ի՞նչ տեղ ունի ինտերակտիվությունը քո ստեղծագործական կյանքում:
    - Երևի չեմ մտածում արձագանքի մասին: Դա նման է մտածողության առաջարկ անելուն: Դու չես մտածում` ինչպիսին կլինի արձագանքը, որ ըստ այդմ ստեղծագործես, դու անում ես այն, ինչով որ հետաքրքրվում ես: Եթե ի սկզբանե մտածես, որ «այ սա էսպես անեմ, էսպես կլինի արձագանքը», կստացվի, որ ինքնախաբեությամբ ես զբաղվում:

    - Բայց դա չի նշանակում, որ դիտողի կարծքը կարևոր չէ...
    - Չէ, իհարկե: Դիտողի կարծքիը շատ կարևոր է: Որովհետև սա երկխոսություն է: Որովհետև եթե չես ցուցադրելու գործը, այն ստեղծելու իմաստն է կորում:

fljyan-cuc-stambul    - Քանի որ իրականություն-վիրտուալ իրականություն հասկացությունները քո շարքերից մեկի հիմնական թեման են, ինչպե՞ս են հարաբերություններդ համացանցի հետ, որտե՞ղ է այն քեզ խանգարում ու որտեղ օգնում:
    - Ինտերնետը գործիք է որից պետք է օգտվես: Բայց դու ես որոշում քո ներգրավածության չափը: Եթե շատ ես խորանում վիրտուալ երևույթների մեջ, կորցնում ես կապը իրականության հետ: Սա իրականում չի տալիս այն, ինչ սովորական շփումը. չկա էմոցիոնալ դաշտը, այսինքն՝ կա, բայց սահմանափակ: Ինչ-որ բան պակասում է:
    Ինտերնետը ինչ-որ չափով ժամանակ ու տարածություն կրճատելու ձև է, բայց շատ մինուսներ կան, որ լրացնել չի լինի: Ես խոսում եմ իրական կյանք-վիրտուալ կյանք հարաբերության մասին, բայց ինչ-որ բան փոխելուն միտված ոչինչ չեմ անում, ես դա պարզապես ցույց եմ տալիս: Որովհետև մի բան փոխելու համար նաև գործել է պետք:

    - Վերջերս ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Ջոնսը մի դրամա ներկայացրեց, որտեղ անդադարձ կա վիրտուալի հետ զգայական հարաբերություններին և կուլմինացիան օպերացիոն համակարգի խափանումն էր, ու մարդը մնաց ընտրության առաջ` շարունակել ապրել առանց դրա, թե ոչ: Եթե գա այդ պահը, ի՞նչ ենք անելու:
    - Մարդն ինքն է իրեն կապաքների մեջ դնում: Եթե կախվածություն ես ձեռք բերել, դա իհարկե վատ է, բայց առանց դրա հաստատ կարելի է ապրել: Ի՞նչ կանենք, եթե մի օր չլինի հեռախոս: Ոչ մի բան, կապրենք այնպես, ինչպես մինչև հեռախոսի ստեղծվելն ենք ապրել: Կոմունիկացիայի ֆորման կփոխվի միայն, ուրիշ ոչինչ:

      - Իսկ քեզ հաջողվո՞ւմ է հավասարակշռությունը պահել:
    - Երբեմն այո, երբեմն` ոչ, որովհետև երբեմն ընկնում ես այդ ինֆորմացիոն հոսքի մեջ, հետո հասկանում ես, որ շատ ժամանակ ես կորցրել: Բայց դա էլ է պետք (ժպտում է):

stambul cuc-fljyan    - Վերադառնանք պիքսելներին:  Երբ առաջին անգամ ցուցահանդեսում տեսա այդ գործերը, միանգամից ծագեց հարցը, ինչի՞ց ծնվեց այն միտքը, որ գեղանկար կարելի է անել, որոնք բաղկացած են փոքրիկ քառակուսիներից:
    - Դա հետաքրքրությունների շրջանակից էր կախված: Պարզապես թվային արվեստով էի հետքարքրված և ընտրեցի «պիքսել» հասկացությունը, որ կա համաշխարհային փորձում: Ուղղակի ես ուրիշ բանի վրա շեշտը դրեցի, որոշեցի, որ թվային տեխնոլոգիայի աշխատանքի իմիտացիա չեմ անի և չեմ պատճենի այն, ինչ կա համակարգչում:  Եթե ուշադիր լինենք, իմ աշխատանքներում իդեալական արտատպված չէ սկզբնական նկարը: Սա մի շղթա է, որ իրական կյանքից է սկիզբ առնում, տեղափոխվում թվային աշխարհ և վերադառնում է իրական կյանք, հետո նորից թվայնացվում՝  լուսանկարվում է ավարտված աշխատանքը կամ տեքստ է գրվում իր մասին, ինչպես այս հանդիպման ինտերնետային տարբերակը: Ես տեսնում եմ, լուսանկարում եմ, մշակում եմ համարգչով, հետո դա պատկերում կտավին: Մի շղթա է պտտվում, որն ի վերջո գալիս կանգնում է իրականության վրա:

    - Կա՞ տարբերություն համակարգչի էկրանի լուսանկարի և կտավում պատկերվածի միջև:
    - Շատ տարբերություն կա. ամեն մի պիքսելը հստակ չեմ նկարում, վրձնի հետք կա, որը տեխնիկայի միջոցով հնարավոր է կորցնել և նույն տոնայնությունն ստանալու հնարավորություն ունեմ, որը չեմ անում: Ես կենդանի եմ դարձնում կտավը, ձեռքի հետքը մնում է: Ցանկացած բան, որտեղ կա ձեռքի աշխատանք, ավելի ջերմ է, դա թողնում եմ, չեմ փորձում իդեալական ստանալ համարագչի վրա պատկերվածը: Ինչո՞ւ. Ի՞նչ նպատակ ունի անել դա, եթե համակարգիչն անում է շատ ավելի լավ:

   - Պիքսելային վերջին շարքում կարծեմ անդրադարձ կար նաև ճարտարապետությանը…
    - Երրորդը, այո, հիշողությունների շարքն է, որտեղ ճարտարապետությաննն անդրադարձ կա: Այս ֆորմայի մեջ 3 ցուցահանդես եմ ունեցել, բայց երեքն էլ շատ տարբեր են: Եթե առջինում թեման իրականություն-վիրտուալ իրականութուն կապն էր, կոմունիկացիայի ու դիսկոմունիկացիայի հարցը, երկրորոդում ավելի շատ մշակույթների տարբերությանն էր` արևմուտք-արևելք հարաբերությունները: Երրորդը, ինչպես արդեն նշեցի, հիշողոթյուններ էին: Հիմանկանում հին Երևանի լուսանկարներ էին:  Հիշողությունը հավաքական հասկացություն  է, և այս ֆորմայում շատ հետաքրքիր տեղավորվող: Ինչքան հեռանում ես, հիշողությունն ավելի է հավաքվում: Մոտիկից այն չես տեսնում, պետք է հեռանաս, որ հավաքվի պատկերը:

    - Իսկ ի՞նչ լուսանկարներ էիր ընտրել: Դրանք գոյություն ունեցող շենքե՞ր են, թե՞…
    - Հիմնականում այն շենքներն ու փողոցներն էին, որ տրանսֆորմացիայի էին ենթարկվել: Մի քիչ ավելի ընդհանրացված էին պիքսելները, տետրիսների նման էին պատկերները, մոտենում էս քանդվում է շենքը, հեռանում ես,հավաքվում է, մի տեսակ նման էին այդ քառակուսիները այն քարերին, որ շենքերը քանդեուց համարակալում են:

    - Իսկ քեզ ո՞ր Երևանն է ավելի շատ դուր գալիս, հին, թե՞ նոր…
    - Հինը ավելի կոլորիտային է, նորը քաոտիկ է, ես հարմոնիա չեմ տեսնում: Քաղաքը պետք է կմախք ունենա, որ չկա: Եթե չլինի մարդու կմախքը, ոնց ուզում ես մկանները միացրու, չի աշխատի, ինձ համար համենայնդեպս ու կարծում եմ շատերի, նույնիսկ կառուցողների համար նոր Երևանը անհասկանալի է: Կառուցողները մոտիկից են նայում, բայց չեն հեռանում,  այդ շենքը գուցե այդտեղ սիրուն է, բայց ընդհանուրի մեջ չունի իր տեղը:

    - Մենք հեռանանք ու մի քիչ ետ գնանք: 2008-ին շարժում էիր հիմնադրել` Restart: Այն կա՞, ի՞նչով է զբաղվում:
    - Հիմա չկա, այն իր գործն արեց ու հիմա էլ չի գործում: Ինչքան որ պետք է գոյատևեր, գոյատևեց: Հիմա վերստեղծելու առիթ չեմ տեսնում: Ժամանակին անվանը համահունչ գործեր եղան: Ցուցահանդեսներ, հանդիպումներ: Կարծում եմ՝ նման շաժումները որոշակի ժամանակահատվածի համար են:

    - Լավ, իսկ ինչպե՞ս են հարաբերությունները ստեղծագործական միությունների հետ:
    - Անդամ չեմ, ոչ մի տեղ: Նույն մոտեցումն ունեմ, ինչ Restart-ի դեպքում. միությունը պետք է գոյություն ունենա այնքան, որքան դա պետք է: Ոչ թե միություն պետք է լինի, այլ ժամանակի ընթացքում գաղափարի շուրջ համախմբում, որն իր գործն անելուց հետո ավարտվի: Դրա համար էլ Restart-ը միություն չանվանեցինք կամ խումբ, այլ` շարժում:
    Սակայն վերապահում չունեմ միության անդամների հանդեպ. ուզում ես` դարձիր միության անդամ, ուզում ես` ոչ: Ես գիտեմ նաև, որ դա նոր հարաբերությունների հնարավորություն է: Ի վերջո, մտքերի, կարծիքներ փոխանակում է լինում, մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում այս կամ այն հարցի մասին:

    - Ի դեպ, դիրքորոշումների մասին: Սոցիալական, քաղաքական հարցերով հետաքրքրվո՞ւմ ես:
    - Եթե ես կարող եմ ինչ-որ բան անել, անում եմ, բայց միշտ արվեստագետի տեսանկյունից եմ նայում: Պետք է հստակ իմանաս` ինչու ես դուրս գալիս փողոց: Ամեն մարդ պետք է իր դերն իմանա փողոց դուրս գալուց առաջ:

    - Լավ, իսկ արվեստագետը պե՞տք է քաղաքականությամբ հետաքրքրվի:
    - Ամեն դեպքում ինֆորմացված պետք է լինի, պարտադիր չի, որ ընդդիմադիր լինես, բայց պետք է իմանաս` ինչ է կատարվում: Բայց լավ կլինի, որ ամեն մեկն իր գործն անի: Արվեստագետը կարող է ստեղծագործելով էլ հայտնել իր դիրքորոշումը:

    - Իսկ վերջում մի քանի բառով կպատմե՞ս առաջիկա ծրագրերի, ցուցահանդեսների մասին:
    - Ստեղծագործական կյանքը բնականոն ընթացքի մեջ է: Առաջիկայում Եղեռնին նվիրված ցուցահանդեսի պետք է մասնակցեմ Գերմանիայում: Լինում են, իհարկե, նաև պասիվ շրջաններ, բայց դա էլ է պետք, պարտադիր չէ ողջ տարին ամսագրերի շապիկներին կամ առաջին էջերին լինես (ծիծաղում է), այն, ինչ կա գոհացնում է: Կուզեի պարզապես, որ ընդհանուր դաշտը մի փոքր ավելի ակտիվ լիներ:
Զրուցեց Աստղիկ Հակոբյանը