ՏԻԿՆԻԿՆԵՐՍ ԹԻՖԼԻՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ ԵՆ

Armen-Hovhannisyan
      Cultural.am-ի զրուցակիցն է տիկնիկագործ, նկարիչ Արմեն Հովհաննիսյանը: 

      Թատերական ստուդիայից մինչև թատերական ինստիտուտ
    Վրաստանում բնակվում եմ շատ վաղուց: Նախնիներս 18-րդ դարից եկել են այստեղ, բնակվել Մառնեուլի շրջանի Շահումյան ավանում: Հին բնակավայր է, որտեղ 12-րդ դարի հայկական մատուռներ կան:
    Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ եմ: Դպրոց գնացել եմ մեզ մոտ` Շահումյան ավանում: Սովորել եմ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում:
   Ուզում էի ինձ փորձել նաև թատերական ասպարեզում: Թիֆլիսի Պետրոս Ադամյանի անվան թատերական ստուդիան հայ թատրոնի համար նոր կադրեր պատրաստելու մրցույթ էր հայտարարել: Դիմեցի, անցա բոլոր քննություններն ու ընդունվեցի: Ստուդիայում իմ բեմական խոսքի ուսուցիչն է եղել Ֆելիքս Շեկոյանը՝ հայոց բեմի հենասյուներից մեկը: Մոտ ութ ամիս այնտեղ սովորելուց հետո ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ:

tiknikner             Տիկնիկներս Թիֆլիսի հայկական կերպարներ են
    Արդեն մի քանի ամիս է, ինչ զբաղվում եմ տիկնիկագործությամբ: Մի օր ուղղակի գնացի խանութ, գնեցի կավ, բերեցի տուն ու սկսեցի պատրաստել տիկնիկներ: Իմ տիկնիկները Թիֆլիսի հայկական կերպարներ են, որովհետև վրացի կինտո չի եղել, եղել են հայ կինտոներ: Սկզբում պատրաստում էի ինքս ինձ համար, իսկ հետո այնքան հավաքվեց, որ արդես սկսեցի համագործակցել Թիֆլիսի մի քանի ցուցասրահների հետ  ու մասնակցել տարբեր ցուցահանդեսների:
    Պատվերներս մեծամասամբ Թիֆլիսից են: Պատրաստում եմ վրացական տիկնիկներ տեղի զբոսաշրջիկների համար: Ֆրանսիայից, Իտալիայից եկածները ավելի են հետաքրքրված իմ տիկնիկներով:
    Վրացական տիկնիկներում հիմնականում հայտնի նկարիչ Նիկո Փիրոսմանին և վրացական ազգային ֆիլմի հերոսուհի Սոֆիկոն են: Ֆիլմը այսպես կոչված տանը մնացած օրիորդի պատմություն է, ով իր բոխչան թևը գցած ման է գալիս. սպասել է իր սիրածին և չի ամուսնացել:
    Հայկական տիկնիկներ էլ ունեմ: Տարազային առումով դրանք պատրաստելն ավելի բարդ է, քանի որ պետք են գալիս գորգային կտորներ: Թիֆլիսում նման կտորներ չեմ հանդիպել, պետք է ձեռք բերել երևանյան խանութներից: Անձնական նախաձեռնությամբ պատրաստել եմ ոչ տարազային մի քանի տիկնիկ՝ Փարաջանով, Քաջ Նազար, Համբոն ու Գիքորը, բայց դրանք վաճառքի համար չեն: Եթե լինեն պատվերներ, կկրկնօրինակեմ:
    Հիմա պատրաստում եմ Շեքսպիրին, Գալյա Նովենցին և Մհեր Մկրտչյանին, պատրաստվում եմ անհատական ցուցահանդեսի:

tiknik 2         Վերցնում էի մատիտն ու տան պատերին նկարում
    Նկարում եմ շատ վաղուց: Մայրս պատմում է, որ վերցնում էի մատիտն ու տան պատերին նկարում: Մինչև վերջերս այդ նկարները կային:
    Հիմնականում գեղանկարներ եմ անում: Վերածննդի դարաշրջանի նկարիչները ինձ շատ են ոգևորում, և իմ նկարներում առկա է նրանց շունչը: Սիրում եմ նկարել նաև դիցաբանական կերպարներ:
    Այլազգիներից Պիկասոն, Ռուբենսը, հայերից՝ Սարյանը, Փարաջանովը, Սուրենյանցը, Հովնաթանյանները իմ սիրելի նկարիչներն են:
    Ունեցել եմ նաև նկարների ցուցահանդեսներ: Մի տարի բնակվել եմ Ուկրաինայի Խարկով քաղաքում, որտեղ համագործակցում էի հայ համայնքի հետ: Երբ Կիևում տեղի ունեցավ Փարաջանովի անվան մրցույթ, խարկովյան համայնքի անունից ուղարկվել էր  իմ նկարը, որը Հովհաննես Թումանյանի «Անուշը» պոեմի մոտիվներով էր: Պատկերել էի Անուշի և Սարոյի գաղտնի հանդիպումը աղբյուրի մոտ, որի համար «Գրան պրիի» արժանացա:

Զրուցեց Աննա Կարապետյանը