Տաղանդը ողբերգականի ընկալումն է

tkirakosyan

    Հարցազրույց նկարիչ Տիգրան Կիրակոսյանի հետ

    Եթե դուք մի օր հայտնվեք Կ. Փողոցում, որտեղ մայթերից մեկի վրա շարված են արհեստականորեն ներկված ծաղիկներ, նույն ուղղությամբ հատեք երկու շենքերի միջև ընկած փողոցը, անցնեք սպիտակ դույլերով զարդարված ցայտաղբյուրի մոտով, որի կողքին մկան գույն ունեցող մեքենա է կանգնած, թեքվեք ձախ ու աչքերը վերև հառնեք բարձևրացող շենքերի ուղղությամբ… Անթափանց պատուհաններով սենյակում` երկու նկարների մեջտեղում, աթոռին նստած, շենքով մեկ տարածված ներկերի հոտի միջից խոսում է Տիգրանը:

       - Գիտեմ, որ նկարչությունից բացի նաև գրում ես:
   
hrajesht    - Ժանրը ինքս էլ չեմ հասկանում, փորձեցի պատմվածքներ գրել… դրանից առաջ իմ գրածները ավելի շատ աֆորիստիկ դատողություններ էին… Արամ Պաչյանին դուր եկան ընկերոջս գրած նամակներս, դրանից ոգևորվեցի ու սկսեցի գրել: Ինձ մեծ ուժ էր տալիս այն հանգամանքը, որ կողքիս ունեմ տաղանդավոր մարդ: Այդ ժամանակ ներկեր չունեի ու չէի նկարում, բայց երկու տարի հետո ինձ սկսեց թվալ, որ ես խաբել եմ ինձ, գրելով ընդամենը արդարացրել եմ իմ անիմաստ գոյությունը: Մարդիկ բոլորն էլ գալիս են ինչ-որ առաքելությամբ, նույնիսկ եթե Աստծուն չեն հավատում: Ինձ թվում է` ամեն մարդու առաքելությունն այն է, ինչ ինքն ամենից լավ է անում:


    - Քո կարծիքով քեզ մոտ որն է ավելի լավ ստացվում, ո՞րն է ավելի ավելի հոգեհարազատ:

IMG 6835
   - Գիտես, երբ ասում են, որ ավելի լավ նկարում եմ, քան գրում, ես դրանից ջղայնանում եմ, որովհետև գլխավոր խնդիրը քեզ արտահայտելն է, ու դու չես կարող անլուրջ մոտենալ դրան, չես կարող ասել, թե գրելիս ավելի քիչ ես քեզ արտահայտում, քան նկարելիս: Դու ստեղծում ես և ուզում ես, որ արածդ լուրջ ընդունեն, անկախ նրանից` տաղանդավոր է, թե ոչ:

    - Բայց մի՞թե հնարավոր է համատեղել նկարչությունն ու գրականությունը:

    - Չես կարող միաժամանակ աշխատեցնել երկու կիսագունդ: Շատ քիչ էի նկարում, երբ գրում էի… կարելի է ասել` դա ընթացք չէր, ընդամենը նկարչական ինչ-որ կայծկլտումներ էին:

     - Տաղանդի մասին: Ինչի՞ հետևանք է նրա ստեղծածը:

    - Պոլ Վալերին ասում էր, որ շատ աշխատանքի դեպքում կարող է քո գրածը էֆեկտներ ունենալ, բայց ես շատ գրողների գործերում ասելիք չեմ տեսնում…. Տաղանդը… Դա հենց ասելիքն է, իսկ ասելիքն առաջանում է ասեղի ծակոցից: Տաղանդը նյարդերի դյուրագրգիռ լինելու աստիճան է:
IMG 6844
Ինձ համար տաղանդավոր են այն մարդիկ, որոնց վրա հնարավորին չափ շատ բան է ազդում այս կյանքում, իսկ աշխատանքն էլ իր հերթին չի կարող չլինել, որովհետև դու կարող ես տաղանդ ունենալ, բայց չունենալ համարձակություն կամ ուղղակի հավես… Եթե մարդը փակում է իրեն արտաքին աշխարհի ողբերգությունների դեմ, դրանով զրկում է իրեն տաղանդից: Տաղանդը ողբերգականի ընկալումն է: Շատ առաջ ես մի միտք ունեցա, հետո դա նաև հայտնի կինոռեժիսորի հարցազրույցում լսեցի: «Ի՞նչ եք կարծում` արվե՞ստն է խորացնում մարդուն, թե՞ մարդն արվեստը»: Բայց հարցը ինքն իրեն պատասխանում էր. արվեստը չի խորացնում մարդուն, այն ուղղակի չափում է նրա խորությունը: Ողբերգականի ընկալումը կամ մենաշնորհ է կամ անեծք, ու քանի որ ոչ բոլորին է տրված, շատերի համար իսկապես անեծք է դառնում… Բայց մարդիկ համակերպվում են ու չեն ուզում փոխել աշխարհը…
IMG 6836    - Տիգրանն ուներ իր ձևն ու տարբերակը` իր աշխարհը փոխելու:

   - Փոքր ժամանակ ֆանտաստիկ գրականություն էի կարդում, հավատում էի լազերային ինչ-որ մեքենաներով մարդկանց փոխելուն, բայց հետո հասկանում ես, որ հասարակության համար ընդամենը փոքր բջիջ ես, հասկանում ես, որ հասարակությունը քեզ չի թողնի, որ իշխանություն ձեռք բերես… կամ գործնական քայլեր են պետք, կամ էլ երևի բախտ: Այս ամենից հետո դու որոշում ես քո խաղի կանոններն ունենալ ու խաղալ միայն դրանցով, իսկ այդպիսի ոլորտ միայն արվեստն է, որովհետև մնացած դեպքերում դու խաղում ես ուրիշների դաշտում:   

    - Ի՞նչ է սեփական ստեղծածն արվեստագետի համար:

    - Գիտես, շատ բարդ բան… Արվեստը փակ ու միաժամանակ բաց տարածք է և գործ ունի կատարելության հետ: Ստացված գործերը ինձ համար երջանիկ պատահականություններ են, որովհետև եթե գործը ստացվում է, դա օրինաչափ չէ իմ կարծքով: Անկախ նրանից` քո գործը ստացվել է, թե չէ, կարևորը հասկացվածությունն է:

 IMG 6839    - Հասկացվածությո՞ւնը, թե սերն է առաջնային քեզ համար:

    - Երևի դրանք փոխկապակցված են: Հասկանալը ջանք չէ՞: Հո մենք ամեն մարդո՞ւ չենք ուզում հասկանալ: Ջանք չէ՞ մտնել այն մարդու մեջ, ով քեզ դուր չի գալիս: Արդարացնում ես նրան, ում սիրում ես… Որքան էգոցենտրիկ ես, այնքան էլ ջանք է հարկավոր հասկանալու համար, մարդու համար թանկ է այն, ինչ չունի: Քեզ տալիս են իրենց մարմինը` հոգին ես ուզում ու հակառակը: Երբ որ ես ուզում եմ հասկացված լինել, գրում եմ կամ նկարում ու այդ պահերին բացահայտում եմ, որ ես ինքս էլ ինձ կարգին չեմ հասկանում... էլ որտեղի՞ց ակնկալեմ դա ուրիշներից:

      Հ.Գ.

    Նա, մի կողմ նայելով, ասաց.  «Չէ, ես չեմ տիրապետում երջանկությանը: Նիշցեն ասում է… հասկանում ես, կարեկցանքը թույլ չի տալիս, որ ամեն օր արթնանաս և ուզենաս, որ քեզ հասկանան...»:

Զրույցը վարեց Մերրի Մկրտչյանը   
Լուսանկարները` Արթուր Գևորգյանի