Սա ամենադժվար դասն է, քանի որ այն չեն ուսուցանում

sergey khachatryan

    Իհարկե երաժիշտը կարող է գտնել Բախ, Բեթհովեն կամ Բրամս նվագելու ճանապարհը, բայց արդյո՞ք գտել է նա իր ձայնը: Սերգեյ Խաչատրյանի դեպքում պատասխանը միանշանակ մեծ այո է: Սա ամենադժվար դասն է, քանի որ այն չեն ուսուցանում: Տաղանդավոր ջութակահարների փայլուն խմբից երիտասարդ հային չի առանձնացնում միայն 1740թ.-ին Ջ. Գվարներիի ստեղծած «Իզայի» ջութակի հարուստ ձայնը, այլ այն, թե նա որքան յուրատիպ և հզոր է ստեղծում այն:

    Այս նյութի մեջ փորձել եմ ընդհանրացնել տաղանդավոր ջութակահարի՝ տարբեր տարիներին  հնչեցրածած մտքերը: 

Հայրենիք: Ոչ մի առիթ ու հրավեր բաց չեմ թողնում Հայաստանում լինելու համար: Այսինքն ինչո՞ւ եմ ասում այս ամենը, այդպես էլ պետք է լինի, երկիրս այլ կերպ է ձգում: Աշխարհին հայտնի է, որ արվեստիս անձնագրում «ազգությունը» հարցման դիմաց գրված է՝ հայ: Երբ Հայաստանում եմ նվագում մի մթնոլորտ է ստեղծվում, որը չկա ոչ մի տեղ և ամեն անգամ զգում եմ իմ արմատների շունչը՝ հողը ամուր է ոտքերիս տակ: Մշտապես երազել եմ, ինչպես շատ արվեստագետներ գալ հայրենիք, ապրել ու ստեղծագործել իմ հայրենի հողում: Այդ օրը գալու է, չկասկածեք: Դեռ շատ բան ունեմ սովորելու և այն ինչ կսովորեմ, սիրով կփոխանցեմ դրանց կարիքը ունեցող երիտասարդ երաժիշտներին: Հպարտ եմ, որ հայ եմ ու ամեն ջանք, եռանդ կնվիրեմ հայ երաժիշտներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Ես կարող եմ ասել, որ մեծ հաճույք է սեփական ժողովրդի հետ անցկացնելը։ Երբ դու նվագում ես քո ազգի համար, դա լրիվ ուրիշ զգացմունք է։ Ես ամբողջ աշխարհում համերգներ եմ ունենում, բայց անհամեմատելի է, երբ դու Երևանում ես նվագում:

Բարդույթ: Մենք տեսնում ենք բազմաթիվ երիտասարդ ջութակահարների, որոնք բարդույթավորվում են բեմի, ծնողների և ուսուցիչների ճնշումից, բայց դա ինձ հետ չի կատարվել, ես հաճախում էի սովորական դպրոց և ապրում էի նորմալ երեխայի կյանքով: Այն մթնոլորտը, որն այսօր տիրում է Հայաստանում երաժշտի համար, դեռ, ցավոք սրտի, անհարմար է։ Պարզ օրինակ եմ ասում, բայց ասենք, երբ շտապ պետք է լինում ինքնաթիռով թռչել, դա Երևանում անհնար է։ Եվ այդպիսի շատ ու շատ դժվարություններ:

Վիճակ: Արտիստների մեծամասնությունը բեմ դուրս գալուց մտածում են, որ դա իրենց «աշխատանքն» է, բայց ես վախենում եմ այդ բառից: Ամեն անգամ բեմ դուրս գալիս աշխատում եմ լինել արտասովոր վիճակում, որպեսզի ստեղծեմ արտասովոր մթնոլորտ:

Նա: Ջութակն իմ երեխան է:

Երազանք: Երազանքս է միշտ ունենալ համերգներ, ունկնդիր, որ հաճույքով և հետաքրքրությունով լսեն ինձ։ Կարծում եմ, դա է ամեն երաժշտի նպատակը։ Եվ եթե շարունակվեն այն հաջողությունները, որոնց հասել եմ, կցանկանամ միշտ ասելիք ունենալ արվեստի մեջ:

    Սերգեյի ելույթներից հետո միջազգային մամուլը հեղեղվում է իր կատարումների մասին անդրադարձներով: Երբ ընթերցում ես նրա հարցազրույցները, մի բան ակնհայտ է, որ գրեթե բոլորը մի գաղտնիք են փնտրում Սերգեյի կատարումներում և դա, կարծում եմ, բացատրվում է ոչ միայն նրա անքննարկելի տաղանդով, այլև հայկական ծագմամբ: Այս պարզ, հասարակ և միևնույն ժամանակ չափազանց զգայուն ու խորը տղան ակամա մեր դեսպանն է ողջ աշխարհում:

Էլեն Յոլչյան