ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ, ՈՎ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԼՃԱՑՈՒՄԻՑ

Rafayel-Manukyan
    Դեռևս անհատական ցուցահանդես չունեցած, բայց ստեղծագործական էնտուզիազմով լեցուն 25–ամյա Ռաֆայել Մանուկյանի աշխատանքները արդեն իրենց տեղն են գտնում արտասահմանյան մասնավոր հավաքածուներում: Երիտասարդ քանդակագործն ասում է՝ ստեղծագործում է՝ անտեսելով այն հնարավոր դժվարությունները, որոնց հանդիպում է արվեստագետը Հայաստանում։  

- Ե՞րբ «հայտնվեցիր» արվեստի աշխարհում:

- Կյանքիս այն փուլում էի, երբ պետք է ընտրեի որևէ մասնագիտություն։ Մեր ընտանիքում արվեստի հանդեպ հետաքրքրությունը միշտ մեծ է եղել, քեռիս, օրինակ,ճիշտ է հանրաճանաչ նկարիչ չէր, բայց ընտրել էր գեղանկարչությունը։ Մորաքույրս էլ խորհուրդ տվեց փորձել ուժերս քանդակագործության մեջ՝ նկատելով արվեստի հանդեպ հետաքրքրությունս։ 12–13 տարեկանում ընդունվեցի Երևանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն (Պիոներ պալատ), այնուհետև՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Թերլեմեզյանում սովորելու վերջին տարիներին հասկացա, որ քանդակագործությունն արդեն ապրելակերպ է։ Այլ կերպ չէր կարող լինել։ Հետո ավարտեցի ԵԳՊԱ–ն (Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)։ Երբ արվեստի մեջ ես, պիտի ամբողջությամբ նվիրվես։ Իմ դեպքում արվեստի մեջ լինելը, քանդակագործությամբ զբաղվելը դարձավ հաց ուտելու և ջուր խմելու նման պահանջ, անհրաժեշտություն։  

Հստակ ճյուղ ընտրելու ճանապարհին։

Երկընտրանքի առաջ չեմ կանգնել և ի սկզբանե ընտրել եմ քանդակագործությունը։ Գիտեք բոլոր նկարիչները չէ, որ կարողանում են քանդակել, իսկ քանդակագործներ կարողանում են միաժամանակ և՛ նկարել, և՛ քանդակել։ Ահա հենց այդ ուղղությունն ընտրելու պատճառներից մեկը։

Դասականներին նմանվելու ձգտումը։

Անչափ սիրում եմ Երվանդ Քոչարին ու Ղուկաս Չուբարյանին։ Նրանից շատ բան ունեմ սովորելու։ Ղուկաս Չուբարյանն, օրինակ, ինձ համար հայկական քանդակագործության մեջ Ալեքսանդր Թամանյանն է, իսկ Մատենադարանի դիմաց կանգնեցված նրա հեղինակած Մխիթար Գոշի արձանը՝ Երևանում ամենասիրելի քանդակներից մեկը։ Առհասարակ Երևանում կառանձնացնեմ երեք քանդակ՝ Մատենադարանի դիմաց արդեն նշածս «Մխիթար Գոշի» արձանը, Արտաշես Հովսեփյանի հեղինակած «Ալեքսանդր Թամանյանի» հուշարձանը  և Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» արձանը։  

- Արվեստում լինելու կարևոր նախապայմանը տաղա՞նդն ես համարում, թե՞ որակյալ կրթությունը։

- Նախ նշեմ, որ ես ինձ տաղանդավոր չեմ համարում։ Կողքից գուցե հակառակը պնդեն ինձ ճանաչող մարդիկ, ովքեր ծանոթ են իմ աշխատանքներին։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա, այո, այն իսկապես կարևոր է։ Կարևոր է, որ դու հետո անընդհատ սովորես, ուսումնասիրես, փնտրես ու ի վերջո գտնես։ Բայց ինձ համար գաղտնիքն աշխատասիրությունն է։ Եթե արվեստին ամբողջությամբ չնվիրվես, չզգաս, միայն տաղանդով հարցը չես լուծի։   

13

                    «Կուլիսում» շարքից (Ռաֆայել Մանուկյանի անձնական արխիվից)

- Յուրաքանչյուր արվեստագետ ստեղծագործում է բոլորի կամ որոշակի լսարանի համար։ Ո՞ւմ համար ես ստեղծագործում դու։

- Առաջին հերթին ինքս ինձ համար։ Կարծում եմ` արվեստը զենք է, որի միջոցով կարող ես փոխանցել ցանկացած միտք։ Օրինակ, իմ «Լարախաղացներ» շարքն ունի հատուկ «մեսիջ»։ Փիղ, աբսուրդի ժանր։ Նա միակ կենդանին է, որը ցատկելու հնարավորություն չունի։ Փիղը լարի վրա կարող ենք ապակոդավորել հետևյալ կերպ՝ հզոր մարդը լարի վրա է, այսինքն՝ լարախաղաց է։ Սա, իհարկե, միայն Հայաստանում չէ, այլ գլոբալ խնդիր է, որն արտահայտում եմ փղերի միջոցով։
    Մեկ այլ շարք` «Կուլիսում»։ Այստեղ «գործող դեմքերը» բալետի պարուհիներն են։ Նպատակս արտիստներին բացահայտելն է։ Մենք նրանց տեսնում ենք բեմում, բայց հետաքրքիր են  նաև նրանց հույզերը կուլիսներում։


17

         «Լարախաղացներ» շարքից (Ռաֆայել Մանուկյանի անձնական արխիվից)

- Իսկ դու ինչպիսի՞ն ես «կուլիսում»։

- Ապրում եմ արվեստանոցում, ստեղծագործում՝ դարձյալ արվեստանոցում։ Քանդակելիս, որպես կանոն, երաժշտություն եմ լսում։ Ժանրը կախված է տրամադրությունից։ Հետո կարևոր է, թե ինչ գործ ես քանդակում։ Սիրում եմ աշխատել կավի հետ, ինչո՞ւ, քանի որ մարդը ստեղծվեց կավից։ Կավը դժվար է ենթարկվում, պետք է կռիվ տալ հետը։ Լավ է, որ այդ կռվում մենք շատ հաճախ հաշտվում ենք (ժպտում է)։

- Ի՞նչից  է վախենում երիտասարդ արվեստագետը:

- Վախենում եմ լճացումից։ Հենց այդ պատճառով էլ անընդհատ ստեղծագործում եմ։ Չեմ սիրում, երբ մի ուղղությամբ ես գնում և ամբողջ կյանքդ նվիրում միայն դրան։ Վախենում եմ կիսատ բաներ թողնելուց, բայց դրա վրա չեմ կենտրոնանում. տրվել եմ ժամանակի հոսքին:

- Ի՞նչ կփոխեիր Երևանում։

- Շատ բան։ Միանգամից չէ, որ քաղաք է կառուցվում։ Կարծում եմ փուլային պահ է, որը կանցնի։ Կգա մի ժամանակ, որ անճաշակությունները նորից դեն կնետվեն։ Քաղաքն իր դեմքը պետք է ունենա։ Մեր արժեքները պահելով պետք է փորձենք համադրել ժամանակակից միտումները։ Մենք Երևանում կարող ենք ունենալ ժամանակակից ճարտարապետական կառույցներ՝ վարդագույն տուֆով (ժպտում է)։  


- Հայաստանում որտե՞ղ կուզենայիր տեսնել  քո աշխատանքները:

- Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, միգուցե՝ Գաֆեսճէանում։

Զրուցեց Ալինա Նահապետյանը