ՔՐԻՍՏԻՆԵ ՇԵՐՈՅԱՆ. ՊԵՏՔ Է ՈԳԵՎՈՐԵԼ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԸ ՏԱՐԱԾՈՂՆԵՐԻՆ

qristine-sheroyan
Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի և լեհական «Խուրտովնիա» (Chórtownia) հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում անցկացվեց «Խաղաղություն մոլորակին» (In Terra Pax) միջմշակութային երգչախմբային նախագիծը։ Cultural.am-ի զրուցակիցն է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ, Երևանի Կ. Սարաջևի անվան երաժշտական դպրոցի և Տավուշի մանկապատանեկան երգչախմբի խմբավար Քրիստինե Շերոյանը:

In Terra Pax. միայն այսօր չէ, որ խաղաղության կարիք ունենք

Լեհաստան կատարած այցելություններից մեկի ժամանակ իմ և Յուստինա Դյումայի («Խուրտովնիա» (Chórtownia) հիմնադրամի նախագահ) զրույցների արդյունքում որոշեցինք նման մեծամասշտաբ նախագիծ իրականացնել։ Որպես հնագույն լեզու՝ ընտրեցինք լատիներեն անվանումը։ Սա համարում եմ նախագծի մեկնարկային փուլը։ Նպատակը երաժշտության միջոցով խաղաղություն սփռելն է ամբողջ աշխարհում։ «Խաղաղություն մոլորակին» (In Terra Pax) խորագրով համերգաշարի ընթացքում Մոլդովայից Հայաստան ժամանած «Ռապսոդիա» մանկապատանեկան երգչախմբի խմբավար և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան Իջևան քաղաքում անցկացրեց վարպետության դաս Տավուշի թեմի մանկական և երիտասարդական երգչախմբերի հետ: Մայիսի 1-ին Երևանում՝ Նարեկացի արվեստի միության դահլիճում մոլդովական և լեհական ժողովրդական երաժշտության բաց դաս անցկացրեց ասոցիացիայի կողմից իրականացվող «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնության շրջանակներում: Ամփոփիչ համերգը տեղի ունեցավ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում։ Մասնակցում էին «Խազեր» կամերային երգչախումբը, «Նարեկ» կամերային երգչախումբը և «Ավե Մարիա» երգչախումբը: Դարեր ի վեր մարդկությունը պայքարում է խաղաղության համար, որ մարդիկ խաղաղ ապրեն, չլինեն պատերազմներ, ինչպես նաև վեճեր հասարակ մարդկային հարաբերություններում։ Կարող եմ ասել, որ նախագիծը հաջողվեց։ Չգիտեմ՝ թռիչք կունենա, թե ոչ, բայց մենք օդանավը պատրաստել ենք, ինչն ավելի դժվար է, քան վերջինիս հետագա ընթացքն ապահովելը:

Երգչախմբերին հյուրընկալելու խնդիր ունենք

Երջանիկ եմ, որ շրջապատում կան մարդիկ, ովքեր մշտապես կողքիս են, պատրաստ օգնելու՝ անկախ ամեն ինչից։ Երգչախմբերին հյուրընկալելու խնդիր ունենք։ Խնդիրը նույնն է, երբ ուզում ենք տեղի երգչախմբերն ուղարկել միջազգային փառատոների կամ մրցույթների մասնակցելու։ Մեր երկրում ունենք շատ շնորհալի երգչախմբեր։ Ափսոս է, որ նրանք աշխարհին չներկայացված մնան։

Մշակույթով դեպի խաղաղություն

Առավելություն է, երբ համագործակցում ենք երգչախմբային արվեստի ավելի զարգացած երկրների հետ, բայց կարծում եմ՝ առավել կարևոր է նախագծում ընդգրկել այն երկրները, որտեղ խաղաղության հարցն առաջնային է, օրինակ՝ մեր օրերի Արցախը, Ուկրաինան, Սիրիան։ Ժամանակ է պետք, որ այդ երկրները մշակույթի միջոցով վերականգնեն իրենց խաղաղությունը։

«Կիրակնօրյա երգչախումբ». ապրիլյան կիրակիները բաց թողեցինք…

Մարտ ամսից սկսած Երևանի տարբեր մշակութային կենտրոններում իրականացնում ենք «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնությունը։ Գաղափարն է հավաքել տարբեր մասնագիտությունների տեր անձանց երգչախմբային արվեստի շուրջ, անցկացնել թեմաների քննարկումներ, սովորել բազմաձայն երգեցողություն։ Այնքան թեմաներ կան, որոնք հետաքրքիր են ոչ միայն խմբավարին կամ երգիչներին, այլև մարդկանց, ովքեր երաժշտության հետ կապ չունեն։ Նախաձեռնությունը հաջողություն ունեցավ։ Արձագանքները դրական են, ինչը մեզ ուրախացնում է։
Ապրիլյան կիրակիները բաց թողեցինք…
Հայ-մոլդովական ժողովրդական երաժշտության քննարկմամբ վերսկսեցինք հանդիպումները։ Մայիսը լավատեսորեն ենք սկսել:

Շիրակի և Գեղարքունիքի մարզային փառատոները կանցկացվեն երրորդ անգամ

tavush choir
2014 թվականին Շիրակի մարզում կազմակերպեցինք Հայ Հոգևոր երգի մարզային, իսկ Գեղարքունիքում՝ «Հայաստան, իմ աշխարհ» խորագրով փառատոները։ Երկու մարզային փառատոներն էլ մինչ օրս իրականացվում են։ Տեսնում ենք, որ Շիրակի մարզն ինքնուրույն, համախմբված նույն գաղափարն իրականացրեց, իր ուժերով կազմակերպեց փառատոնը։ Այս տարի Շիրակի և Գեղարքունիքի մարզային փառատոները կանցկացվեն երրորդ անգամ։ Ամեն անգամ նոր քաղաք ենք ընտրում, որ փառատոնը միևնույն տեղում կենտրոնացված չլինի։ Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան անդամներ ունի ոչ միայն ՀՀ մարզերում՝ Սյունիքում, Լոռիում, Արարատում, Արցախում, այլև ՀՀ սահմաններից դուրս։ Մենք ուրախանում ենք բոլորի հաջողություններով, հաճախ միջնորդում ենք, աջակցում, երաժշտական ծրագրերն ենք ուղարկում, կապ ենք հաստատում խմբավարների հետ։

Աշխատանք արվում է, բայց այդ մասին քիչ է ասվում

Մեր երկրում բոլոր երաժշտական դպրոցները ունեն երգչախումբ, երբեմն մի քանիսը՝ ըստ տարիքային խմբերի: Երաժշտական դպրոցների երգչախմբերից բացի կան նաև երիտասարդաական երգչախմբեր, որոնց մի մասը կցված է եկեղեցիներին։ Ինչպես գիտենք՝ մարզերում, հատկապես հեռավոր գյուղերում, մասնագետի կարիք կա։ Սեփական ուժերով ստեղծում են խմբեր, աշխատում են, բայց մարզեր այցելելիս տեսնում ենք, որ բացերը շատ են, կարիք ունեն հասարակ խորհրդի կամ ուղղորդման: Այս ամենի կողքին կան նաև շնորհալի խմբեր, խմբավարներ, որոնք գործում են շատ ակտիվ։ Բայց պետք է նշեմ, որ այս ամենի մասին քիչ է ասվում, լուսաբանվում։

Պետք է ոգևորել երգչախմբային արվեստը տարածողներին


In Terra Pax concertԿարծում եմ՝ Երևանում ավելի բարվոք պայմաններ են, որովհետև մայրաքաղաքը լի է երաժշտանոցներով, որոնցում մշակութային կյանքը եռում է: Կան երիտասարդ խմբեր, որոնք ունեն փորձատեղի, համազգեստի ձեռքբերման խնդիրներ: Չունենալով պետական հովանավորություն՝ խմբերն աշխատում են և համերգային գործունեություն ծավալում: Կարևորը ոչ թե ուղևորություն կամ համերգ ունենալու փաստն է, այլ այն, որ այդ երգչախմբերը պահպանեն մեր երաժշտական ժառանգությունը։ Պատկերացնում եք՝ գա մի օր և երգչախմբային արվեստն այլևս չլինի, չլինի որևէ խումբ կամ խմբավար։ Մեծ կորուստ կլինի մեր մշակույթի համար։ Ուստի՝ պետք է սատարել երգչախմբային արվեստի զարգացմանը: Պետք է աջակցել և հովանավորել երգչախմբային արվեստի գործիչներին: Խմբավարը տարիներ շարունակ անմնացորդ նվիրվում է իր մասնագիտությանն ու աշխատանքին, սակայն, անվերջ առնչվելով նույն խնդիրների, մի օր կարող է հիասթափվելու մտածել, որ ավելի հեշտ է ուրիշ գործով զբաղվել։

Հայաստանում երգչախմբային արվեստը զարգանում է

Ուսանողական տարիներին մասնակցում էի երգչախմբային փառատոների, մրցույթների կազմակերպչական աշխատանքներին։ Ընդամենը երեք տարի է, որ ստեղծվել է Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիան, բայց ակնհայտ է կատարած աշխատանքի արդյունքը: Երբ հետ եմ նայում, տեսնում եմ, թե ինչ մեծ քայլ է կատարվել։ Երգչախմբերն անընդհատ աշխատում են, զարգանում են, մեծանում է համերգների, արխիվային ձայնագրությունների քանակը։ Հիշում եմ՝ պետք էր լինում որոշ ստեղծագործություններ լսել՝ որպես դասապրոցեսի մաս, և մենք ձայնագրություններ չէինք կարողանում գտնել։ Ստիպված կարդում էինք այդ ստեղծագործությունների մասին։ Այսօր կան խմբեր, որոնք ձայնագրություններ են անում՝ հարստացնելով երգչախմբային արվեստի ձայնադարանը։

Ուզում եմ, որ նվիրումն արդարացվի

Տավուշն իմ կյանքում բացառիկ երևույթ դարձավ։ Ուրախ, ջերմ ու հյուրընկալ մարդիկ են տավուշցիները։ Այդպիսին են նաև մարզի մանուկները, պատանիներն ու երիտասարդները։ Նման խումբ ես դեռ չէի ունեցել, չնայած, որ աշխատել եմ շատ տարբեր երգչախմբերի հետ։ Հեշտ ենք շփվում և աշխատում։ Նրանց հետ աշխատանքն ինձ միայն ուրախություն և հաճույք է պատճառում։ Մանկապատանեկան երգչախմբի ստեղծումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնությունն էր։ Բագրատ Սրբազանը և մեր եկեղեցու սպասավորները ամեն կերպ օգնում ու աջակցում են ցանկացած հարցում։ Հետաքրքիր, մանկական երգեր ենք սովորում։ Չնայած հայ հոգևոր երաժշտությունը մանկապատանեկան խմբերի համար դժվար է, պահանջում է պատրաստվածություն, բայց խումբը, հաղթահարելով այդ դժվարությունը, երգում է։ Երեխաները մշտապես պատրաստվում են, պարապում։ Հիմա նաև լատիներեն երգել են սովորում։ Ուրախալի է իմանալ, որ սիրով և հաճույքով են գալիս դասերին: Ուզում եմ, որ հաջողեն, որ իրենց նվիրումն արդարացվի։

Զրուցեց Աննա Կարապետյանը