Քիչ բան է պետք երջանիկ լինելու համար

Tatev Kazaryan1

      Հարցազրույց դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ

    Շնորհալի դերասանուհի Տաթև Ղազարյանի անունն արդեն շատերին է հայտնի: Նա Սոս Սարգսյանի գլխավորությամբ գործող «Համազգային» թատրոնի դերասանուհի է, մասնակցում է տարբեր թատերական նախագծերի, նկարահանվում է կինոյում, մասնակցում հեռուստատեսային հաղորդումների:

    - Մի առիթով, երբ կարդացել էիր օպերային երգիչ Գևորգ Հակոբյանին նվիրված հոդվածը, զանգահարեցիր և ասացիր, թե շատ կուզենայիր ինքդ էլ այնքան վաստակ ունենալ, որ քեզ էլ նման ձևով ներկայացնելու առիթ լիներ:

    -Հաաա՜... Կարդացի և ուրախացա: Գևորգը տաղանդավոր երգիչ է: Այնքա՜ն ճիշտ էր գրված նրա մասին, որ բարի նախանձով լցվեցի: Լավ է, որ հատկապես երիտասարդ արվեստագետները գնահատվում են, գրվում է նրանց մասին: Մեր օրերում, որոշ լրատվամիջոցների ջանքերով, փոխվել են պատկերացումները, բարձր արվեստի ներկայացուցիչները քիչ են հիշվում, քիչ են հիշվում թատրոններում աշխատող դերասանները, որոնց ստեղծագործությունը ծնվում է բեմում, հանդիսատեսի ներկայությամբ:

    - Քո ճանապարհի ընտրության հարցում ծնողներդ դեր կատարե՞լ են:

    - Գուցե` անուղղակիորեն: Մայրական կողմից ես թատերական գերդաստանի ներկայացուցիչ եմ: Պապս նշանավոր դերասան, ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանն էր, որը շատ երկար տարիներ աշխատեց Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մայրս նույնպես իր ստեղծագործական կենսագրությունը կապել է այդ թատրոնի հետ` ավարտելով Զավեն Տատինցյանի արվեստանոցը: Քեռիս` ժողովրդական արտիստ Արմեն Սանթրոսյանը, քայլեց պապիկիս բացած ճանապարհով: Մյուս քեռիս` բեմադրիչ, վաղամեռիկ Անդրանիկ Գամջյանը ևս պապիկիս թատրոնում է սկսել իր կենսագրությունը: Դերասանուհի է քույրս` Շուշան Ղազարյանը: Մի խոսքով` ամբողջապես թատերական գերդաստան, ուստի ես էլ գնացի թատրոն, իհարկե, անպայմանորեն ունենալով որոշակի դերասանական շնորհներ: Մեր տանն այս հարցում խստապահանջ էին, եթե ես հեռու լինեի թատրոնից, ապա երբեք ինձ թույլ չէին տա իմ կյանքը կապել թատրոնի, դերասանական արվեստի հետ:

    - Դու ընտրել ես Սոս Սարգսյանի գլխավորած թատրոնը: Արդյո՞ք այստեղ դեր է կատարել այն, որ մեծագույն դերասանն է ղեկավարում թատրոնը:

    - Անպայման: Սոս Սարգսյանն ապրող լեգենդ է, մեր հզոր դերասանական արվեստի վերջին շառավիղներից մեկը: Նրանից սովորելու շատ բան ունենք: Նա կամրջում է երեկն ու այսօրը: Նաև նրա մարդկային մեծ հմայքն է բոլորիս համախմբում իր շուրջ: Նա մեր բոլորի պապիկն է, շատ հաճախ հենց պապիկ ենք ասում, որովհետև անսահման բարություն ու հոգատարություն կա նրա մեջ բոլորիս հանդեպ: Սոս Սարգսյանը ստեղծել է թատրոն-ընտանիք, բոլորիս ներարկել է իր բարությունն ու ազնվությունը: Բայց նաև ստեղծագործական նախասիրության խնդիր կա: «Համազգային» թատրոնի ոճը, նրա գեղարվեստական նկարագիրը հոգեհարազատ է ինձ: Սա հոգեբանական թատրոն է, որտեղ կարևորվում է անհատը, մարդը, որտեղ ավելի շատ հակված են դեպի ճշմարիտ թատրոնը:

    - Կարելի՞ է ասել, որ դու ժխտում ես «ռեժիսորական թատրոնը»:

    - Իհարկե, չեմ ժխտում, սիրում եմ հետաքրքիր և ինքնատիպ ռեժիսուրան, սակայն ինձ համար թատրոնն առաջին հերթին դերասանն է, դերասանի արվեստն է: Ես պահպանողական չեմ, բայց ինձ դուր է գալիս դերասանակենտրոն թատրոնը: «Համազգայինը» հենց այդպիսին է:

   - Քո խաղացանկը բազմազան է, խաղում ես ինչպես աղջիկների, այնպես էլ արդեն տարիք ունեցող կանանց դերեր: Ինչպես ասում են` հակված ես դեպի բնութագրականությունը: Հետաքրքի՞ր է հանդես գալ տարբեր տարիքներով:

    - Իմ դերասանական նկարագիրն այնպիսին է, որ ես չեմ կարող պարփակվել մի ժանրի կամ տարիքային մի սահմանի մեջ: Այո, սիրում եմ վառ արտահայտված բնութագրական դերերը: Դրանք օգնում են դիմել ամենատարբեր արտահայտչամիջոցների: «Երեք գրոշանոց օպերա»-ում խաղում եմ Անգլիայի թագուհի: Այս կերպարը չկա Բրեխտի պիեսում: Ռեժիսորի և իմ երևակայության արգասիքն է: Այնքա՜ն մեծ հաճույքով եմ խաղում: Բայց դրա կողքին էլ շատ եմ սիրում «Մի գավաթ բարության» իմ հերոսուհուն: Բազմազանությունն օգնում է ինձ շատ աշխատել, միշտ որոնել...

    - Դու շատ քիչ ես նկարահանվում սերիալներում: Քեզ հանդիսատեսը հիշեց «Աննա» սերիալից: Ինչու՞ ես քիչ նկարահանվում, արդյո՞ք քիչ են հրավիրում:

    - Ես միշտ ինձ համարում եմ թատրոնի զտարյուն դերասանուհի: Թատրոնն ինձ համար այլ է, այլ զգացողություններ են այստեղ, այլ կերպ ես ստեղծում դերը: Հրավերներ շատ եմ ունենում, սակայն ձգտում եմ քիչ նկարահանվել: Թատրոնի անկեղծությունն ու անմիջականությունն այլ են:

    - Գիտեմ, որ կյանքում էլ շատ անկեղծ ու անմիջական ես: Պարզ ու շիտակ: Այս հատկանիշները չե՞ն խանգարում քեզ:

    - Հասկացա հարցի էությունը: Չէ, չեն խանգարում: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ձևեր չեմ անում, չեմ կամենում ուրիշ մեկը լինել: Իմ բեմական հերոսուհիներն էլ ինձ նման են: Ես գնահատում եմ նրանց շիտակությունն ու անկեղծությունը:

    - Դեռ քո ընտանիքը չունես: Գուցե փնտրում ես ասպետի՞ն:

    - Ասպետների ժամանակները վաղուց են անցել: Թատրոնը կլանել է ինձ: Ազնիվ խոսք, անձնական կյանքի մասին մտածելու ժամանակ չի լինում: Ինձ թվում է, որ եթե ես իմ ընտանիքն ունենամ, թատրոնում շատ բան կկորցնեմ: Բայց, իհարկե, նաև պետք է ընտանիք ունենալ, ապրել անձնական երջանկությամբ: Քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Ես երջանկության հատուկ բանաձևեր չեմ հորինել, բայց մոտավոր «մոդելը» կա իմ պատկերացումներում:

    - Քո կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից կինը:

    - Պետք չէ հատուկ ձևեր ընդունել, ինչ-որ բանաձևեր ստեղծել: Ժամանակն ինքն է ամեն ինչ թելադրում և կարգավորում: Պետք է ժամանակի մեջ լինել: Հենց հեռացար ժամանակից` կդառնաս ժամանակավրեպ: Անշուշտ, պետք է ապրել այն իրականության մեջ, որը կա, որն իր հրամայականներն ունի:

    - Մի ավանդական հարց ուղղեմ քեզ, եթե դերասանուհի չդառնայիր...

   - Էլի դերասանուհի կդառնայի: Իմ մեջ է նստած թատրոնը: Ես մանկությունից ստեղծել եմ իմ թատրոնը, խաղացել նրա «բեմում»: Կյանքում խաղը չեմ սիրում, ձևացումը չեմ սիրում, բայց սիրում եմ երազանքը: Իսկ թատրոնը երազանքի հանգրվանն է: Այստեղ կարելի է երազել և երևակայել: Պատահական չէ, որ դերասանի արվեստի հիմքում երևակայությունն է: Եթե երևակայություն չունես, եթե չես երազում` չես կարող կերպար ստեղծել, ուրիշի կենսագրություն ներկայացնել: Բայց կյանքում չի կարելի խաղալ: Կյանքը երազանքի ու երևակայության ամբողջությունն է` հստակ արտահայտված վիճակներով:

   - Քեզ հետ շատ հաճելի է զրուցել, որովհետև խոսում ես լակոնիկ, բայց չափազանց իմաստավոր: Այսինքն այնպես, ինչպես խաղում ես: Ե՞րբ ես հրավիրելու քո նոր առաջնախաղին:

   - Շատ շուտով: Բոլորիդ հրավիրում եմ: Այն, ինչ չեմ ասում զրույցներում, ասում եմ իմ ստեղծած կերպարների միջոցով:

   - Դե, ուրեմն, մինչ նոր հանդիպում: 

Զրուցեց    թատերագետ    Լևոն   Մութաֆյանը