ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ՍԵՎ ԳԻՐՔ»

Arpi-Atabekyan1
    Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի «Սև գիրք»-ը ժամանակակից թուրք գրականության ամենակարդացվող վեպերից մեկն է: Այն թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, իսկ վերջերս «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով լույս է տեսել նաև հայերեն թարգմանությամբ:
    «Սև գիրք» վեպը մի փայլուն առեղծված է և ինքնության վերաբերյալ սադրիչ խորհրդածում: Շատ գրաքննադատների կարծիքով այն նվիրական պաշտամունքային վեպ է, որում Օրհան Փամուքը գտել է իր ինքնատիպ խոսքը: Միջազգային մի շարք պարբերականների հոդվածների համաձայն` «Սև գիրքը» օսմանյան հանրագիտարան է, որը զբոսաշրջիկներին բերում է Ստամբուլ: 
    «Նոր գրքեր» նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Սև գիրք» վեպի թարգմանիչ Արփի Աթաբեկյանի հետ:


- Ո՞րն էր 30 տարի իր ստեղծագործություններով  գրական աշխարհում լայն ճանաչման հասած Օրհան Փամուքի «Սև գիրք» վեպը հայերեն թարգմանելու առաջնային անհրաժեշտությունը:

- Ցանկացած գրքի ընտրություն կարծում եմ քիչ թե շատ սուբյեկտիվ է: Օրհան Փամուքն ունի գրքեր, որոնք շատերը սիրում են և գրքեր, որոնք մարդիկ պարզապես չեն կարողանում կարդալ: «Սև գիրքն» էլ շատերի կարծիքով դժվարընթեռնելի է, զարգացումները  դանդաղ են, լեզուն էլ՝ ծանր: Քննարկվեց երկու գրքի թարգմանության հնարավորություն՝ «Սև գիրքն» ու «Անմեղության թանգարանը»: Ես առաջարկեցի «Սև գիրքը», որովհետև ի տարբերություն «Անմեղության թանգարանի»՝ թե՛ կերպարները, թե՛ սյուժեն, թե՛ կառուցվածքը անհամեմատ հարուստ են: «Սև գիրքը» կրում է հանրագիտարանային բնույթ, հղումներն արևմտյան ու արևելյան գրողներին, փիլիսոփաներին, նկարիչներին, ասկետներին, մտածողներին բազմաթիվ են ու բացահայտ: Եթե «Իմ անունը կարմիր է» վեպի դեպքում գիրքը կրում է միջնադարյան նկարչության (արևմտյան ու արևելյան) հանրագիտարանի, «տեղեկատուի» բնույթ, ապա այս գրքի դեպքում գրողի հղումների ուղղությունները բազմազան են՝ սկսած տեղագրությունից մինչև արևմտյան գրականության դասականներ:

-  Ձեր կարծիքով Փամուքի այս  վեպը հայ ընթերցողի մոտ կունենա՞ այն հաջողությունը, ինչ նրա նախորդ վեպերը:

- Այս հարցին նորից սուբյեկտիվ կպատասխանեմ՝ մեծ հավանականությամբ այո՛: Կախված է նրանից, թե հայ ընթերցողը գրողի որ վեպերն է ընթերցել իրեն հասանելի լեզուներով: «Սև գիրքն» ինձ համար, իհարկե, յուրահատուկ է թե՛ կառուցվածքով, թե՛ բովանդակությամբ, թե՛ տրամադրությամբ, որով վարակում է կարդացողին:

-  Թարգմանության ընթացքում ինչ՞ դժվարություներ եք հանդիպել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք: 

- Օրհան Փամուքն ունի իր ոճը. կան գլուխներ, որոնք պատմում են սուֆիստների, օսմանյան շրջանի պալատականների, հեքիաթի հերոսների մասին, և  այդ գլուխներն ունեն ավելի հին բառապաշար, նախադասություններն էլ՝ բարդ կառուցվածք: Ընդհանուր առմամբ ոճական բարդ խնդիրների չեմ հանդիպել, բայց գրքի տրամադրությունը, մելանխոլիան, կորած սիրելիներին քաղաքում փնտրողի տկարությունը, հուսահատությունը, կորուստի գիտակցությունը, ողբը փոխանցվում է կարդացողին և ուղղակիորեն ներխուժում նրա կյանք: Երևի թե դա էր մեծագույն դժվարությունը. դժվար էր գրականությանը, տեքստին արգելել մտնել իմ կյանք:

- Նախքան թարգմանական ծանր և պատասխանատու աշխատանքին անցնելը, ինչպիսի՞ նախապատրաստական  և հետազոտական աշխատանքներ եք կատարել:

- Ընթերցել գիրքը մի քանի անգամ, նշել բարդ հատվածները, տեղանունները պարտադիր ուսումնասիրել:

- Ըստ Ձեզ` թարգմանաբանական տեսանկյունից ո՞րն է վեպի բացառիկությունը: 

- Վեպը բացառիկ է մեզնից յուրաքանչյուրի համար. ինձ համար բացառիկ է, սիրելի է, անգիր արած հատվածներ ունեմ նույնիսկ, որովհետև կար մեզ միավորող մելանխոլիա, կիսատության զգացողություն, սիմվոլիկա, որ գրողը  կիրառել է ամբողջ վեպի ընթացքում:

- Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:

- Եթե Օրհան Փամուքի գրքերի մասին է խոսքը, ապա երևի թե ոչ: Նրա նախավերջին գիրքը լավն էր, բայց շատ քննադատների կարծիքով կարծես Օրհան Փամուքը գրած չլիներ. այն «չստացված» վեպ է համարվում: Իսկ ընդհանրապես բոլոր գրքերի մասին եթե խոսենք, շատ դժվար է ասել: Կա հիանալի գրականություն, հիսունականների սերունդ անունով հայտնի գրողների ստեղծագործությունները, հզորագույն ֆեմինիստ գրողների գործերը, պոստմոդեռնիստ գրողների հսկայական վեպերը, և այս շարքը կարելի է անդադար շարունակել: Թուրքական գրականությունը անծայրածիր է, ու հիանալի ստեղծագործություններ կան թե՛ արձակ, թե՛ չափածո: Մի խոսքով գործը շատ է, մարդիկ՝ քիչ: Շատ քիչ են տաղանդավոր մարդիկ, բայց նրանք պոտենցիալ ունեն, և նրանց շնորհիվ հայ ընթերցողը կունենա թուրքական գրականությանը ծանոթանալու հնարավորություն:


                                                                                            Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի