ՆՈՐ ԳՐՔԵՐ. «ՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ»

Ruzanna-Mirzoyan
    2015 թ. սկզբներին գրված ֆրանսիացի հայտնի գրող Միշել Ուելբեքի «Հնազանդություն» հակաուտոպիական վեպը նվիրված է Ֆրանսիայի իսլամացման խնդրին։ Միշել Ուելբեքը հայտնի է իսլամի հանդեպ իր խիստ քննադատությամբ։ Ֆրանսիայի մի շարք իսլամական կազմակերպություններ գրողին մեղադրել են մուսուլմանների հանդեպ ատելություն տարածելու մեջ,նույնիսկ դիմել են դատարան, սակայն Ուելբեքը արդարացվել է:
    Հեղինակն իր վեպի ժանրը բնորոշել է որպես «քաղաքական ֆանտաստիկա»։ Վեպի լույս տեսնելուց հետո այն միանգամից հայտնվեց Amazon առցանց-խանութի ֆրանսիական բաժնի բեսթսելլեր շարքի առաջին հորիզոնականներում: Ուելբեքը The Paris Review-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է. «Չէի ասի, որ գիրքը սադրանք է: Եթե ի սկզբանե ես որոշ երևույթներ սկզբունքորեն սխալ եմ համարում, ապա դրանք մարդկանց նյարդերի հետ խաղալու համար են: Ես կենտրոնանում են էվոլյուցիայի վրա, որն իմ կարծիքով իրատեսական է»:
    «Նոր գրքեր» նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Հնազանդություն» վեպի թարգմանիչ Ռուզան Միրզոյանի հետ:

- Ֆրանսիայի իսլամացման խնդրի մասին պատմող «Հնազանդություն» վեպն ի՞նչ դեր ունի ֆրանսիական գրականության մեջ: Ո՞րն է դրա առանձնահատկությունը:


- Վեպը ֆրանսիացի գրաքննադատների կողմից որակվում է որպես մարգարեական։ Իհարկե, այդ մարգարեությունը՝ Ֆրանսիայի իսլամացումը և 2022 թվականի նախագահական ընտրություններում մուսուլման նախագահի ընտրությունը, Ուելբեքի վարկածն է, բայց հասկանալի է, որ այս վեպը ահազանգ է, սթափվելու կոչ, քանի որ Արևմտյան Եվրոպայի երկրների իսլամացումն արդեն սկսվել է և ընթանում է առանց նկատելի խոչնընդոտի հասարակության բոլոր շերտերի կողմից։ Ուելբեքի հայացքը միշտ դեպի ապագան է ուղղված, նրան կարելի է նույնիսկ պայծառատես համարել։ Անհավատալի է, բայց «Հնազանդություն» վեպը լույս է տեսել Charlie Hebdo ողբերգական սպանդի օրը։ Ի դեպ, Net կայքում շրջանառվել է «Հնազանդությունից» մի կեղծ հատված, ուր ներկայացրել են, որ վեպը կանխագուշակում է իսլամիստական ուժերի հարձակում ինչ-որ խմբագրության վրա։ Ստեղծագործության մասին կարծիքները տարբեր են, իրարամերժ։ Էմանուել Վալսը վեպի լույս տեսնելուց անմիջապես հետո հայտարարեց, որ Ուելբեքը Ֆրանսիան չէ։

- Յուրաքանչյուր գիրք իր թարգմանական բարդություններն ունի, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել այս վեպը թարգմանելիս և ինչպիսի՞ լուծումներ եք գտել դրանց համար:


- Կարծում եմ շատ թարգմանիչներ ցանկություն կունենային Ուելբեք թարգմանելու։ Ես բացառություն չեմ, և երբ Անտարես հրատարակչությունն ինձ առաջարկեց թարգմանել նրա մեծ աղմուկ հանած «Հնազանդություն» վեպը, ես մեծ սիրով համաձայնեցի։ Իհարկե, դժվար և պատասխանատու աշխատանք է Ուելբեք թարգմանելը, քանի որ նա ներկայիս ֆրանսիական գրականության ամենաընթերցված, ամենատաղանդավոր ու ինքնատիպ գրողներից մեկն է։ Ազատություն տալ կրքերին, զգացմունքներին, ներկայացնել բանավեճեր, մատը դնել վերքի վրա, ստեղծելով հերոսակոմիկական ոճ՝ վերամբարձ ոճի և գռեհիկ իրականության նկարագրության հակադրություն ու նմանը չունեցող վիպական գեղագիտություն։ Չմոռանանք հեգնական ոճի մասին։ Գրվածքում մշտապես առկա է ոճային տարբեր ռեգիստրներին անցումը, որի ընթացքում նրան հաջողվում է տարօրինակ, անհեթեթ ցուցադրականություն ստեղծել՝ երբեք չվարանելով դիմել գռեհիկ խոսվածքին։

- Ովքե՞ր են
«Հնազադնություն» վեպի հայ ընթերցողները:

- Նրանք, ովքեր սիրում են փիլիսոփա, ռեալիստ, երկիմաստ, երջանկություն փնտրող, բայց չգտնող, միայնակ Ուելբեքին։

- Ի՞նչ Ձեզ տվեց այս վեպի թարգմանությունը:


- Ավելի խորությամբ ճանաչեցի նրան։ Մեծ թարգմանական փորձառություն էր ինձ համար։

- Կա՞ արդյոք այնպիսի մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե:


- Պատրաստվում եմ թարգմանել Ժորժ Սանդի
«Կոնսուելո»-ն։
 
               Հարցազրույցը` Անի Հակոբյանի