ՆՈՐ ԳՐՔԵՐ․ «ԵՐԿՆՔԻՑ ԵՐԵՔ ԽՆՁՈՐ ԸՆԿԱՎ»

1111abgaryan
Ռուսաստանաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի հայերեն թարգմանությունը արդեն հասանելի է հայ ընթերցողին։ Ռուսերենից այն թարգմանել է Նաիրա Խաչատրյանը։

Գիրքը լույս է տեսել «Օրակուլ» հրատարակչությունում՝ ռուս գեղարվեստական գրականության թարգմանություններին աջակցող Միխայիլ Պրոխորովի հիմնադրամի Transcript միջազգային նախագծի շրջանակներում:

Նարինե Աբգարյանն արժանացել էբազմաթիվ գրական մրցանակների: 2016 թվականին «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի համար նա արժանացել է համառուսաստանյան ամենամյա «Յասնայա Պոլյանա» («Ясная Поляна») մրցանակին: Գիրքը պատմում է բարձր լեռներում կորած մի փոքրիկ գյուղի, նրա տարեց բ նակիչների՝ լեռ-մարդկանց մասին:

«Նոր գրքեր» խորագրով նախագծի շրջանակներում Cultural.am-ը զրուցել է «Երկնքից երեք խնձոր ընկավ» գրքի թարգմանիչ Նաիրա Խաչատրյանի հետ։

- Նախքան թարգմանական գործընթացին անցնելը, որպես թարգմանիչ՝ ինչպիսի՞ նախապատրաստական աշխատանքներ եք կատարել։

- Պետք է ասեմ, որ առանձնապես նախապատրաստական աշխատանք չի տարվել, սակայն նախքան գործը սկսելը հեղինակից ստացել եմ միակ խորհուրդ-խնդրանքը, որի հիմնական իմաստը տեքստը «կատայալ գրական չսարքելն» էր: Այո՛, «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի լեզուն միտումնավոր պարզեցված է՝ պահպանելու այն երանգները, ջերմությունն ու մոգականությունը, որ բնորոշ են Նարինե Աբգարյանի տեքստերին, ուստի ես փորձել եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին: Իհարկե, երբեմն խմբագիրները, հետևելով հայերենի քերականության, գրականության և այլ կանոններին «հղկում» են տեքստը, բայցևայնպես աշխատել ենք պահպանել հեղինակի կողմից բնօրինակին տրված ձևն ու գույները, համն ու հոտը: Թերևս կարելի է նաև նախապատրաստական փուլ համարել ընթերցման ու վերընթերցման, հուզական ապրումների, վերլուծությունների և վերջապես՝ տեքստին «սիրահարվելու» շրջանները: Որպես թարգմանիչ ունեմ մի սկզբունք թարգմանվելիք տեքստի ընտրության համար. եթե ընթերցանության ընթացքում մտովի սկսում եմ թարգմանել առանձին արտահայտություններ, բարդ կամ չափազանց պարզ նախադասություններ, ուրեմն՝ տեքստն «իմն» է, նշանակում է՝ ես արդեն սկսել եմ աշխատել նրա հետ: Կարող եմ ասել, որ Ն.Աբգարյանի գրեթե բոլոր տեքստերը հոգեհարազատ են ինձ, և նրանց հետ աշխատելը մեծ հաճույք է:

- Ինչ՞ դժվարությունների եք բախվել վեպը թարգմանելիս և ի՞նչ մեթոդներով ու եղանակներով եք հաղթահարել դրանք։

- Թարգմանիչը նաև համահեղինակ է, և նա բախտավոր է, եթե ամեն տառ ու ստորակետ հասկանալի են, եթե ոչինչ չի ուզում փոխել տեքստում, եթե «կռիվ» չունի հեղինակի հետ: Իհարկե, փոխել ոչինչ չի կարելի և «կռվել» նույնպես. պետք է ընդունել ինչպես կա և հայ ընթերցողին տալ այն, ինչ ստացել է թարգմանիչը: Սակայն երբեմն ուզում ես գոնե գրականության մեջ կյանքի դաժանություններն ու սխալները ուղղած լինել: Նարինեն այդպես չի վարվում, նա ցույց է տալիս կյանքն իր ողջ գեղեցկությամբ ու տգեղությամբ, ողջ սիրով, խոնարհ հնազանդությամբ թե՛ բնության, թե՛ ճակատագրի քմահաճույքների հանդեպ, նրա համար չկան իրական ժամանակային սահմաններ, և որոշ իրադարձությունների անհավանական լինելը հետաքրքիր կամ էական են ընդամենը պատմաբաններին ու գրականագետներին, իսկ ընթերցողն անվերապահորեն հավատում է այս տեքստի հեղինակին ու հրապուրվում նրա պատմածով: Հենց սա էլ հանդիսանում է մոգական ռեալիզմի, որի վառ ներկայացուցիչն է Նարինե Աբգարյանը, հենքը: Հենց այս մոգականության ուժը չկորցնելն էլ թարգմանության բարդություններից մեկն է: Բացի այս, տեքսում կան և՛ բարբառային, և՛ հին՝ կիրառությունը կորցրած բառեր ու արտահայտություններ, հատուկ անուններ, որոնք կարիք ունեն պարզաբանման և ճիշտ ընկալման՝ առաջին հերթին իմ կողմից: Այս հարցում ինձ օգնել են բազմաթիվ բերդցի-երևանցիներ, ընկեր-կոլեգաներ, լեզվաբաններ և հենց ինքը հեղինակը:

- Ինչպիսի՞ լեզվական շերտերի եք հանդիպել «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպը թարգմանելիս։

-Ամենահետաքրքիրն այս առումով Նարինե Աբգարյանի համարձակությունն է, ով հմտորեն համատեղում է և՛ գրական հրաշալի ռուսերենը, և՛ պարզ խոսակցականը, և՛ անգամ բարբառային կամ խոսակցական հայերենը ռուսերեն տեքստում: Սա կարելի է համարել Նարինեի հնարանքը (фишка-ն), որը նա կիրառել է դեռ իր առաջին վեպում՝ «Մանյունյա»-ում, և այն ընդունվել է հալած յուղի պես, ավելին, այդ արտահայտություններից շատերը դարձել են ռուսների կողմից կիրառվող: Դրանցից են օրինակ «քթի մազ»-ը (волос в носу), «շուշաբանդ»-ը, որը հենց այս հնչողությամբ էլ կիրառվում է և այլն:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս վեպից, ինչպիսի՞արձագանքների եք սպասում:

- Ակնկալիքս մեկն է, որ հայ ընթերցողը գնի գիրքն ու կարդա, հուզվի, հերոսների հետ վերապրի, չդադարի մտածել հայի ներկայի ու ապագայի մասին, ավելի սիրի իր հողն ու հողի վրա ապրողին, փայփայի այն ու բարձր գնահատի սահմանամերձ տարածքներում ապրող և սահմանը պահող մարդուն. նրանցից յուրաքանչյուրը հերոս է՝ անկախ տարիքից: Իզուր չէ, որ «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակն արժանացել է Ռուսաստանի ամենահեղինակավոր գրական մրցանակին՝ «Յասնայա Պոլյանա»-ին։ Մեզ համար կարևոր է, որ հայոց պատմության 20-րդ դարի դրվագները գրական շատ գեղեցիկ ձև ստացած հայտնվել են ռուսների ուշադրության կենտրոնում, հիմա էլ հրատարակիչ Ռուբեն Իշխանյանի ջանքերով այն հասանելի է արդեն հայ ընթերցողին:

Արձագանքներ մասնագետներից դեռ չեմ ստացել, չկան և գրախոսականներ: Պետք է ասեմ, որ այս դաշտը մեզ մոտ դեռ շատ պասիվ է: Բայց կան բազմաթիվ շնորհակալական խոսքեր ընթերցողներից, հիացական կարծիքներ վիպակի մասին, ինչը հեղինակի, հրատարակչի, ինչպես նաև ինձ համար շատ թանկ են:

- Կա՞ արդյոք մի ստեղծագործություն, որը միշտ ցանկացել եք թարգմանել, բացի այն թարգմանություններից, որոնք արդեն արել եք, իհարկե։

- Այո՛, այդպիսի մի վեպ վերջերս է հայտնվել իմ գրասեղանին: Քանի որ ես հիմնականում թարգմանում եմ լատվերենից, և դա իմ՝ որպես թարգմանչի, առաջին լեզուն է, ապա ցանկությունս էլ կապված է այդ լեզվով գրված և գրվող գրական գործերի հետ: Շուտով լույս կտեսնի լատվիական ժողովրդական հրաշապատում հեքիաթների ժողովածուն իմ թարգմանությամբ, և հուսամ, որ իմ նախընտրած վեպը՝ Մարիս Բերզինշի «Կապարի համը» «ՄԵՆՔ: Լատվիա, 20-րդ դար» մատենաշարից հայ հրատարակիչներին ևս հետաքրքիր կթվա, և նրանք կգնեն գրքի հեղինակային իրավունքը՝ այն հայերենով հրատարակելու համար: Վեպը պատմում է Լատվիայի 1939-1941 թվականների միջև ընկած ժամանակահատվածի մասին, որի մասին մենք՝ հայերս, գրեթե ոչինչ չգիտենք: Հեղինակն այս վեպի պատմության մատուցման համար շատ հետաքրքիր ձև է գտել: Վեպն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, ինչը խոսում է նրա՝ բարձրաճաշակ և պատմության պահպանման համար գեղարվեստա-վավերագրական արժեք լինելու մասին:

Զրուցեց Անի Հակոբյանը